Ու գիրն իմ օրվա հենց դրա՝ կրթահամալիրի դպրոցների պատշգամբներից իմ պատումն է… Որքան էլ, շնորհակալ եմ, վերնագիրը փոխառել եմ Նառա Նիկողոսյանից, ու այս հայացքի այսպիսի պատկերման համար շնորհակալ եմ կայքին Արևելյան դպրոց-պարտեզի… անհավատալի է, բայց այսպիսի պատշգամբներ, որտեղից ամեն Աստծու առավոտ սկսվում-շարունակվում-անընդհատ է դառնում միշտ նոր մեր դպրոցը, ստեղծեցինք հաշված շաբաթների ընթացքում. հաշվեմ Դավիթ Բլեյանի նման, երկուսը՝ Արևմտյան դպրոց-պարտեզում, հայացքով դեպի արևմուտք ու արևելք, երկուսը՝ Հյուսիսային դպրոցում, հայացքով դեպի արևելք ու արևմուտք, մեկական՝ Արևելյան դպրոցում, Քոլեջում՝ դեպի հարավ բացվող, ստացվեց վեց պատշգամբ նոր, որ այնքան պակասում էին… Շամիրամի հետ դեպի հարավ նայող պատշգամբի նախագիծ ունենք. առանց սրա ի՜նչ հարավային դպրոց… Սրանք բոլորը դիտարաններ են՝ նոյեմբեր-աշունը՝ իր բոլոր դրսևորումների մեջ բաց չթողնելու, Նունե Խաչիկօղլյանի նման։ Իմ Շուշիկի սենյակն էլ այդպիսին է… որտեղից, ահա, գիշերվա ժամը 3-ին սկսվում է օրը, իմ գիրը, իմ պատումը… Անընդհատ անձրևում է… շշմելու է… Ես անձրևն ավելի ու ավելի շատ եմ սիրում։

Թթուդրիկ Հարավային դպրոցում:
Ընկեր Գոհար և 5 տարեկաններ:

Իմ էլեկտրոնային փոստն էլ այդպիսի մի պատշգամբ է, որից երևում է, որով ձևավորվում իմ աշխատանքային օրը… Արևմտյան դպրոց-պարտեզի Պետրոսյան Լուսինեի դասարանի ծնողներն անվանական նամակով դիմել են ինձ… Կարդացե՛ք իմ բլոգում, մանկավարժություն է…

Յարգելի Տիար Աշոտ Բլեյան,
Նախ կ՚ուզեմ շնորհակալութիւն յայտնել ձեզ եւ ուսուցչական կազմին, որ այսպիսի ուսումնական արդիական ծրագրեր կը կիրարէք ձեր դպրոցէն ներս։
Սոյն նամակով կ՚ուզեմ ձեր ուշադրութեան յանձնել հետեւեալ մտահոգութիւնը երկրորդ դասարանի տեղափոխութեան հետ կ՚ապուած, որոնք լայն, ընդարձակ, լուսաւոր ու հանգիստ դասարանէ տեղափոխուեցան նեղ, ճնշիչ դասարան մը։
Իմ կարծիքով այս տեղափոխութիւնը յարմար չէր այս տարիքի երեխաներուն, որովհետեւ եռանդուն եւ աշխոյժ են եւ իրենց «էներգիան» սպարելու եւ ազատ շարժելու տարածութիւն կ՚ուզեն։ Առաւել եւս իրենց թիւը նկատի առնենք, որ համեմատաբար շատ է։
Իմ խնդրանքս է այս հարցին յարմար լուծում գտնուի եւ ընդարձակ տեղ տրամադրուի երկրորդ դասարանի աշակերտներուն։
Նաիրի Դումանյան և էլի 15 ծնող

Որքան էլ որ «նեղ, ճնշիչ» ձևակերպումն անսովոր է 54 քառակուսի մետրանոց լուսավոր սենյակը նկարագրելու համար, բայց համեմատ նախորդ ուսումնական տարվա 144 քառակուսի մետրանոց տարածքի հետ, երևի… Դպրոցի ղեկավար, միշտ հմայիչ Զառա Առաքելյանն իմ խնդրանքով մեկնաբանել է նամակը…

Ուսումնական տարվա սկզբից ծնողները մի փոքր նեղսրտեցին փոքր դասարան տեղափոխվելու համար, այդ մասին խոսել եմ նրանց հետ, դասվարն էլ է խոսել. այլ տարածք չունենք, որ կարող էինք որպես այլընտրանք առաջարկել: Դասարանն օգտվում է և՛ ընթերցասրահից, և՛ երգի, և՛ տեխնոլոգիայի սրահներից, և՛ մարզասրահից: Իրենց դասարանում պադոններ են տեղավորել բարձիկներով, գեղեցիկ անկյուն է ստացվել, իրենց անհրաժեշտ պարագաներն էլ՝ գուաշներ, թղթեր, այլ, տեղավորել են դարակներում: Հարմար միջավայր է ստացվել, գիտեմ, որ դասվարն էլ, երկարացված օրվա ծրագրի կազմակերպիչն էլ արդեն գոհ են: Պարզապես ծնողների աչքը նախորդ տարվանից սովոր է եղել մեծ տարածքին… Հարգելի Նաիրիի հետ խոսել եմ, ներկայացրել եմ, որ բոլոր դասարանները չենք կարողանում մեծ սրահներում տեղավորել, բայց բոլորը, նաև իրենք, միևնույնն է, օգտվում են մեծ սրահներից:

Ճիշտ են և՛ ծնողները՝ իրենց առաջարկով, և՛ Զառան՝ բացատրությամբ… Կա դրա լուծումը՝ որպես մեր հեղինակած մանկավարժության զարգացում, դրա տարրերը կան Զառայի արձագանքում… Վիեննայում Շուշան Բլեյանի թելադրանքով և Մխիթարյան միաբանության հայր Գաբրիելի սիրալիր ընկերակցությամբ Դավիթ Բլեյանի ու Արմինե մայրիկի՝ հենց Դպրոց-պարտեզի մենթոր ուսուցչուհի Արմինե Աբրահամյանի հետ մի քանի անմոռաց ժամ անցկացրինք քաղաքային գրադարանում… Արմինեի արձագանքը, ահա

Վիեննայի կենտրոնական գրադարան:
Ֆոտոշարքը` Արմինե Աբրահամյանի բլոգից:

Իսկական դպրոց, երբ ջնջված են սահմանները՝ միջանցքի (օժանդակ տարածքի) գրապահոցի և ընթերցարանի, ամբողջովին ներառական, անհատական ու խմբային աշխատանքի հարմարեցված-մատչելի մի միջավայր լուսավոր, երբ ընթերցողն է կենտրոնում: Գիրքը որևէ ձևով՝ թարմ-գունեղ-գրավիչ, թղթային թե էլեկտրոնային տեսքով, մեծ ու փոքր, նույնքան գրավիչ մոնիտորներով… Ընդունիր քեզ հարմար դիրք՝ դեպի քաղաք նայող տեսարաններով, ու ընկղմվիր իմացության աշխարհը՝ ազատ տեղաշարժվելով երեքհարկանի ընդարձակ հարմարավետ տարածքներով… Իսկ գրադարանի աշխատողներն իրոք աննկատ սպասարկում են, օգնում… Տեսնեիք՝ Դավիթ Բլեյանը որքա՜ն որպես մեր տան իր սենյակ, իր 2-4 տարեկանների խմբասենյակ ընդունեց Վիեննայի գրադարանը. ուժով դուրս հանեցինք նրան, խոստումներով, ձու-ձու կակայով։ Նոյեմբերի 14-ին մեկնարկող «Սեբաստացիների օրերը» այսպիսի լուծումներին ընթացք տալու խթան է-շրջան-միջոց… Մի՛ հետաձգեք, չկա հետո, կա հիմա… Ահա ինչու ես իմ երևանյան օրն սկսեցի երկու նամակով ԿԳ նախարարին, որ հրապարակում եմ՝ քչախոս լինելու համար (1, 2):

Մեր կրտսեր ընկերների համար գործում ենք բասկետբոլի ցանց:
Ֆոտոշարքը՝ Զառա Ոսկանյանի:

Դեպրեսիան նման է … սևազգեստ տիկնոջ։ Եթե նա եկել է, ոչ թե վանիր, այլ որպես հյուրի հրավիրիր սեղանի մոտ, լսիր, թե ինչ է ասելու։ Ձեր համաձայնություն-անհամաձայնությունը Կարլ Յունգին հայտնեք։ Այս դեպրեսիան, որ հասավ ինձ այս անգամ սեպտեմբերին, Երևանում, հաղթարարելի չէր, և ուժ էլ չկար նրան լսելու։ Ահա ինչու՝ ես նրան հրավիրեցի ուխտի Երուսաղեմ, հետս տարա Շուշիկի մոտ՝ Վիեննա, լսեցի նրան Վլտավայի նշանավոր կամուրջներից… Որտե՞ղ մոռացա նրան՝ հին-նոր Դունայ-Դանուբ-Դունաու գետերի, նրա ջրանցքների անհամար կամուրջներից որի՛ տակ, Վիեննայի ո՛ր պուրակում, տրամվայում… Շուշանի պայծառ-պահապան հայացքի՞ց չորացավ-նահանջեց-չքվեց… Հոր-ծնողի «սիքստի» անց տարիքի վարձքը սա չէ՞՝ հիացումը հասուն-ինքնուրույն-իրեն վահան դարձած իր երեխա-մարդով, նրա հետ իր ընկերությամբ… Ես այսպիսի հիացման շրջան ապրեցի Պրահայում, կեցցեք, Կարինե մայրիկ, Լիլիթ ու Տաթև քույրիկներ-աղջիկներ, ընկերներ, այսպիսի պարգևի համար…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 828

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շարունակվող ավետիսների կիրակի…

Աստղիկ Բլեյանի նոյեմբերի 21-ի ծնունդով-հայտնությամբ, շարունակվող ավետիսներով իրավիճակ է փոխվել, նորը հաստատվել, իսկ չորս օրական աստղն իր անցումով՝ մետաֆիզիկայից ֆիզիկական աշխարհ, ծննդատնից-վերակենդանացման բոքս բաժանմունքից ծննդկանի ընդհանուր պալատ, ընդհանուրից՝ անհատական պալատ ու

Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր ճիգի մեջ…

— Պա՛պ, բա շունիկները ո՞նց են աչքերը փակ ծնվում-ապրում… Իրենց մայրիկի ծիծիկները գտնում… Պա՛պ, քանի՞ օր են այդպես անտես մնալու… Դավիթն արթնացավ այդպես՝ Ռոքսիի քոթոթների պես, աչքերը՝ փակ, միտքը՝ արթուն…

Սպասված… որպես թանկ նվեր

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ճամբարի մասնակիցները Ջավախքից՝ քանդակի, նկարչության, հայրենագիտության սիրահար պատանիների մեծ խումբ, «Ժայռում» են՝ Սևանի մեր վրանային ճամբարում… Լրատու ֆոտոշարով հայտնում է ճամբարի ղեկավար Տիգրան