Արձակուրդն իհարկե, կասեցնում է իմ օրագրի անընդհատությունը․ սկսում է գործել նոր ռեժիմ․․․ Բան չմնաց․ նոյեմբերի 1-ից ես, իմ պաշտոնը ու օրագիրս կհանդիպենք սեբաստացի-ոչ սեբաստացի ընթերցողին անընդհատության ընթացքով մինչև 1000-րդ գիրը։ Սրան հաջորդող հեքիաթային 1001-րդ ում ի՜նչ լուր ունեմ հաղորդելու․․․ Ո՜նց եմ զսպելու, չգիտեմ, բայց ամեն ինչ իր հերթով․․․

Ո՛չ Պրահայում, ո՛չ Վիեննայում թափառական-անտեր-անխնամ՝ փողոցային շան-կատվի չհանդիպեցի։ Վիեննայում, կրթահամալիրի Դպրոց-պարտեզի՝ Արևմտյան դպրոցի դասավանդողների նամակը (ինչ չեմ կարողանում մարսել՝ խմբային-անանուն անստորագիր հրապարակումը) ինձ ստիպեց բարեխիղճ ուսումնասիրություն անցկացնել։ Վիեննայում, հայտնի-հսկվող կարգով, անխնամ շուն ո՛չ միայն չկա, այլև չի կարող լինել, որքան էլ որ մեծ ու պստիկի հետ նրանք ամենուր են․ այդպիսին է քաղաքային հասարակությունը՝  իր հետևողական կենցաղով, ձևավորած քաղաքային իշխանությամբ․․․

Ես երբեք շուն-կատու չեմ պահել՝ անկարող եմ, ախր, կենդանի արարած է, պիտի երեխայի պես խնամես․․․ բա որ հանկարծ մի բան պատահի, ու ինքդ էլ մեղավոր-անփույթ եղած լինես․․․ Վիեննայում ինձ խոցեց, ո՜նց խոցեց մեր Ագարակի հայկական գամփռիկի հետ կատարվածը․․․ Չգիտեմ՝ ինչպես կարող ես մխիթարել Ագարակի պատասխանատուներ Խորենին Հազարումյան ու Լուսինեին Աբրահամյան․․․

Գևորգ Հակոբյանը կարծեմ այլ, որպես մանկավարժական գործ՝ տարատարիք սովորողների, դասավանդողների ամենօրյա տեղափոխման կազմակերպման ձեր առաջարկի ներկայացման  պահանջով էր դիմել քեզ ու քո ընկերներին, Զառա Առաքելյան։ Ասում եք՝ փակվենք մեր շենքերում, բնակարաններում-դպրոցներում, մեքենան բնակարան ու դպրոցական շենք հասցնենք, որ մեզ անտեր շները չգզե՞ն․․․ Այգի դուրս չգա՞նք, փողոց չանցնե՞նք․․․ Քաղաքային իշխանությանը պիտի պարտադրենք, հետևողական լինենք ու հասնենք, որ քաղաքում մեզ հետ ներառական կյանքով ապրեն ընտանի կենդանիներ՝ շներ, նախ և առաջ, կատուներ․․․ Վենետիկում, հայր Գաբրիելն էր պատմում, դրված է աղավնիների կեցության կարգավորման հարցը․․․

Արմինեին ցույց տվեցի․ փողոցը անցնում էին 10-12 տարեկան, ուսապարկերով, մարզական քայլքով, պարզ հագնված 22-24 սովորողներ՝ տղաներ ու աղջիկներ, կիրթ- աշխույժ․․․ ուսումնական ճամփորդներ, խմբի հետևից ու առաջից՝ մեկական խուրջինով-մարզական ուսուցիչ-դաստիարակ․․․ Այնքա՜ն շատ են տպաավորությունները Լիլիթ ու Շուշան Բլեյանի հավանած Վիեննայից, որ չեմ շտապում ի մի բերել, տեղին ու ժամանակին ընթերցողին ներկայացնել․․․ Բայց տեսե՜ք, խնամված շները, մարզական երեխաներն ու առույգ քաղաքացիները, ամենուր հանդիպող հանրային տարածքները, գալիս, առաջ են ընկնում․․․

Վիեննայում գտնվելու չորրորդ օրն է․ երեք օր մեր ողջ ժամանակն անցկացրել ենք ընտանիքով  ամենատարբեր հանրային տարածքներում՝ պուրակներում-այգիներում հրապարակներում, անվտանգ-մարզական-խաղային․․․ շների ու երեխաների հետ․․․ Վիեննան ու նրա հարյուր հազարավոր քաղաքացուն, նրա հարյուր հազարավոր այցելուին հավանեցի՝ ձիգ-առույգ-ճամփորդական-մարզական․․․ Քայլք,  հեծանիվ ամենուր, պարզ-հարմար հագուստ, հանրային անվտանգ-կարգավորված երթևեկ՝ հետիոտն-մետրոյով-ավտոբուսով-գնացքով-տրամվայով-ձիակառքով-հեծանվով բազմապիսի՝ քո ընտրությամբ, երեխա ու կին, տարատարիք՝  առանց սահմանափակման, ամենուր շներով․․․

Իրոք, ո՛չ երեխային դպրոցից հանելն է ճանապարհը, ո՛չ տներում, մեքենաներում փակելը, ո՛չ շներից վախենալը․․․ ո՛չ նրանց սպանել-գնդակահարելը, իհարկե․․․ այլ մեր հանրային կյանքը կարգավորելը։ Սկսենք մեր հագուկապից, հարգելի անուն-ազգանունով դասավանդող-դաստիարակ-ծնող. մարզական, հարմա՛ր հագեք, անպայման խուրջին-ուսապարկով, առանց ավելորդությունների, իջե՛ք Մայր դպրոց, Բաբաջանյան փողոցի վերգետնյայի մոտ ու քայլեք երեխայի հետ․․․ Նայեք ձեր ժամացույցին, տեսեք հինգ-վեց րոպեի քայլքի ճամփան մաքուր վերգետնյայով, Բախշյան մանկական այգով, մինչև բարեկարգվող տարածքով Դպրոց-պարտեզ․․․ ի՛նչ չլուծված խնդիր ունի, լուծե՛ք ձեր իշխանության հետ․․․

Լսո՞ւմ եք, լուծե՛ք, սկսե՛ք լուծել․․․ որքա՞ն կարելի է հետաձգել․․․ Ինչ մնում է ինձ, գալիս եմ․․․ ինքնաթիռով․ ավելի արագ փոխադրամիջոց իմ ձեռքի տակ չունեմ։

Դավիթն արթնացել է առավոտյան․
— Դավիթ, լողանաս, հետո մեղր ուտես, հետո քույրիկը գա․․․ ինչպես երեկ պայմանավորվել էինք․․․
— Պա՜պ, դու լավ չես հիշում մեր պայմանավորվածությունները․․․

— Դավիթ, հիշո՞ւմ ես երեկվա խանութում աշխարհի բոլոր կինդեր-ձվիկները կային, լավ էր, չէ՞․․․
— Ինչո՞ւ էն մե՜ծ տուփով կինդեր ձվիկները չառաք․․․

Այսպես, սկսում ենք հրաժեշտ տալ Վիեննային։
— Համ էլ Վիեննան կպրծնի ձեզանից,- Շուշանը կատակում է։

Իսկ Դավիթը որոշել է իր ծննդյան օրվա ՝ դեկտեմբերի 12-ի կինդեր ձվիկները գալ, Վիեննայից տանել․․․
— Այստեղ ձվիկներն էժան են ու շա՜տ․․․

#825

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մաքրվող ավերակների տոնական արձագանքը. լսո՞ւմ եք…

Պիտի դառնաս անանուն այցելո՞ւ, որ Նորոյի, Վիկայի, Դավթի, Գոհարի, … Նունե Մովսիսյանի պես հայտնի բլոգերները քեզ կարդան… Է՜, դարձե՛ք, որ …. անուն ձեռք բերեք: «Հա, ամեն ինչ փլվեց և ասես

Մագադանից Բանգլադեշ՝ արթմնի. հա՛մ լուսաբաց, հա՛մ կյանք՝ հորիզոնում

Այնպես չէ, որ ես միշտ հաշտ եմ իմ օրագրապատումով  օրը,  իմ աշխատանքն այսպես ամեն օր առտու-գիշերվա չորսին սկսելու հետ… Հատկապես այսօր, հիմա, երբ արթնացել եմ ու դժկամությամբ արձանագրել՝ երեքի և

Երբ գրքամոլիկն ու ամառը հանդիպում են․․․

Միշտ էլ հանդիպում են նրանք, հանդիպել են, բայց այս ամառն ուրիշ է․ նրանք ոչ միայն որոշել են ընթերցողական նախագծեր անել, ավելին՝ տարածել, ավելին՝ մշտական կապի մեջ լինելով։ Դիանա Տատինցյանի նման