Խոսքս տեսեք՝ ուր է գնում…
Երբ ֆեյսբուքյան ընկերների՝ մտերիմների մի խմբի նյութ եմ փոխանցում, դա անում եմ երկու պատճառով․․․ Նախ՝ դա հավանում եմ, հետո՝ կարևորում եմ այնքան, որ որքան ժամանակս հերիքում է, տարածում եմ. նույնն է թե՝ ես եմ ստեղծել․․․ Քիչ դեպքերում ավելի փոքր՝ իմ ընտրած փորձագիտական խմբին եմ փոխանցում՝ համոզվելու համար, որ նյութը-տեղեկատվությունը հավաստի է, որ հաստատվի-հերքվի-մեկնաբանվի-լրացվի․․
Երեկվա՝ ցերեկվա, գիշերվա-առտու երեք նյութով հաստաատեմ ասածս։
Մեր աշխարհով թափառելու հասցեներ եմ հավաքում՝ ուսումնական ճամփորդությունների վայրեր՝ բնության-մշակութային հուշարձանների, որ չեմ եղել-տեսել, ընտանեկան-ընկերային ճամփորդությունների համար հասցեներ․․․ Ինչպե՞ս չկասկածեմ Ախթալայում այսպիսի՝ ինձ անծանոթ խնամված ամրոցի գոյությանը, և ինչո՞ւ կասկածեմ, երբ մշտապես մեր հայրենիի-մայրենիի ներշնչանքով, մարդկանց էլ հեշտ հավատացող․․․ կարող եմ ստուգել՝ հաղթահարելով հնարավոր կասկածը, որ ոչ ճիշտ տեղեկություն եմ տարածում․․․ Անմեղ-մեղավո՞ր եմ՝ պատժեք։ Օգնեք, ընկեր եք, չէ՞․․․ ինչպես Լիլիթ Բլեյանն է միշտ վարվում․․․ Իսկ տուրի՝ ինձ առայժմ անծանոթ հեղինակ Վահե Լոռենցին գրել եմ։ Կտեղեկացնեմ՝ հենց արձագանք ունեցա։
Մեր բանակի սահմանային դիրքի հերթապահ ջոկի մասին հնարավոր տեսանյութն անհրաժեշտ է, որ մեր անվտանգության՝ առանց այն էլ խոցելի վիճակը խարխլող փաստը անմիջապես ստուգվի-հանվի, կամ հանրային սուր-ազդեցիկ արձագանք ստանա, շտկվի․․․Խոստացել էի, չեմ պատմել, տեղը եկավ․․․ Ամանորի ընտանեկան խմբով Տեղ գյուղին ծանոթանալիս բարձունքից այնքան գրավիչ-կանչող եղավ Արավուս գյուղի սահմանը, որ վտանգ-անհարմարություն մի կողմ թողեցինք ու լրիվ անծանոթ տարածքում, մեր աշխարհի եզերքին՝ հայ-ադրբեջանական նորահայտ-ճշտվող սահմանին հայտնվեցինք․․․ Մեր ընտանեկան հերոսության մասին չէ խոսքը։ Որքա՜ն ժամանակ ձայն չեմ հանել. ես նկարվելու համար նման բան չեմ անում-չեմ անի, սեբաստացիական առօրյա չէ, սահման է, որ չեմ անցնում․․․ Բայց Դավիթ Բլեյանը՝ այնքան անմիջական, քնքուշ բանակի, սահմանին զինվորի գործունեության նկատմամբ, սկսեց իր ուսումնասիրությունը՝ ոնց են ապրում մեր զինվորները (քամի էր, որ մոռանալ չի լինի, ոսկորներից մեր դուրս չի գալիս), ինչո՞վ են սնվում, որտե՞ղ են քնում․․․ Տասնինը-քսան տարեկան մեր տղաները, արտաքին տեսքով՝ անպաշտպան, տեղի տվեցին ու ներկայացրին իրենց առօրյան․․․ Դիմացը մի քանի հարյուր մետրի վրա ծածանվում էր ադրբեջանական բանակի բարետես կացարանի դրոշը․․․ Տխուր էր մեր տղաների կենցաղը․․․ Այս վիճակը մենք ընդունակ ենք օր առաջ շտկելու, ավելին՝ հանրային կոնկրետ աջակցությամբ պատավոր ենք դա անել․․․ ցանկացած զարգացումներով ներքաղաքական, անկախ նրանից, որ որևէ հիմքով հանվել է տեսանյութը։
Առավոտվա երրորդ նյութը․․․ հպարտության-հիացումի եզակի, նախանձելի տեսարան․․․ Գերմանացի 80 միլիոնանոց ժողովուրդը ինքնաբուխ հայտնվում է պատշգամբներում ու վեց րոպե ծափահարում 18 տարի Եվրոպայի ամենահզոր տնտեսությամբ-ամենախնամված-պաշտպանված երկրի թիվ մեկ ղեկավարին։ Կին, աշխարհի լեդի, որ իր կենցաղը, իր ամուսնու հետ, չի փոխել այդ 18 տարում․․․ Հետո ամոթ պատեց. Հայաստանի Հանրապետության չորս ղեկավարի հայոց համազգային ճանապարհումը՝ 1990-ից սկսած, անցավ աչքիս առաջ՝ անեծք ու շփոթ․․․ հանցանք ու մեղքեր․․․ Հանրային չարացածության երեսուն և ավելի տարիներ, որոնց մեջ ոգևորումները սոսկ առկայծումներ են թվում հիմա․․․ Ու Մերկելի անփոփոխ կենցաղը․․․ Պարմանիների 2018-ի ապրիլյան ընդվզումը մի հաղթական շարունակություն կունենար, եթե մայիսյան իշխանափոխությունից հետո իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ուղեկցեին Գարեգին Նժդեհ փողոցի իր՝ դժվարությամբ, լրագրական աշխատանքի տարիներով-քրտինքով ձեռք բերած բնակարան, որ համեստ-գեղեցիկ, փողոց նայող պատուհանից դուրս նայեր իր սիրուն ընտանիքով ու ողջուներ փողոցին, Մերկելի օրինակով․․․
#1973