Հիմա ես կարդում եմ Մարիա Մոնտեսորիի «Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում» աշխատությունը՝ մեր Գևորգ Հակոբյանի թարգմանությամբ մեր «Դպիր» ամսագրում, մեր mskh.am-ում։ Ահա ինչպիսի գործուն-սոցիալական-կրթական-մշակութային բաց համակարգ է մեր mskh.am-ը, հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրագործման և տարածման՝ բազմալազու, անխոչընդոտ… Ազատ հանրային տարածք՝ մանկավարժական գործունեությամբ զբաղվողի համար՝ տարատարիք սովորողի, դասվար-դաստիարակի, բոլոր բնագավառների ուսուցչի, ծնողի…

Խնդրեմ, մեր 8-րդ դասարանցի Արեգ Գալոյանը կարգին միջամտել է հանրակրթության չափորոշչին՝ 10 թվարկումներով, թե ինչ պիտի կարողանա մինչև 10 տարեկան երեխան։ Հիմնական դպրոցի 2-րդ դասարանը, դասվար Թամար Մարիմյանը, տեսեք, ինչ ուսումնական միջամտություն-մխրճում է իրականացրել թաղի կյանք. իսկական բնապահպանական ակցիա… Այ, եթե այս նախագծի մշակում-իրականացում, արդյունքների ամփոփումն էլ հոդված դառնա, «Դպիրում» կարդանք…

Ես, որ առտու հինգին եմ արթնացել, երեք ժամ ունեմ։ Չգիտեմ՝ «պիսատել» աշխատեմ, թե «չիտատել». անեկդոտի չուկչիի որոշումը պիտի կայացնեմ։ Ո՜նց անցնեմ Գեղարվեստի  մեդիահամերգի շշմելու տեսանյութի վրայով, ոնց մինչև վերջ չնայեմ-չլսեմ-չերգեմ-չխաղամ, ո՞նց բաց թողնեմ «Նոր ռադիոյի» 23 րոպեանոց թողարկումը… Բա էս Մոնտեսորիի հետ ի՞նչ անեմ։ Նեղանաք-չնեղանաք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք, որ ստեղծում եք, քանի՜ տարի, mskh.am-ը, անցնում եմ Մոնտեսորիի «Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում» գրքի 1-ին գլխի ընթերցմանը. դիմացս շաբաթ-կիրակի է, համ էլ ես օրինական (ձևակերպված) արձակուրդում եմ, ազատ՝ իմ ժամանակը տնօրինելու…

«Այսպիսով` ազատությունը միակ միջոցն է, որը միշտ տանում է բնավորության, մտքի, զգացմունքների առավել ամբողջական զարգացմանը և դաստիարակին հնարավորություն է տալիս հանգիստ հետևելու աճի «հրաշքին»:

Ազատությունը մեր վրայից հանում է ձևական պատասխանատվության և վտանգավոր պատրանքների ծանրությունը: Վա՜յ մեզ, եթե մեզ պատասխանատու ենք համարում փաստերի համար, որ մեզ չեն վերաբերում, կամ, երևակայում ենք, թե կարող ենք ստեղծել այն, ինչը մեզանից անկախ է ստեղծվում»:

Իմ օրագիրն այստեղ լռվեց. դադար… Գիտեք՝ Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանի առաջարկով այս օրերին փոխարինող ուսուցիչ եմ աշխատում վարժարանում, և հօգուտ վարժարանի… Ինձ ավելի հարազատ դարձավ այն. ես գնահատում եմ, ներառվում մեր ավագ դպրոցի միջավայրում։ Մեզ՝ ինձ ու ձեզ երևի «փոքր քայլերի արվեստն» է պակասում. հիմա ժամանակն է փոքր, կոնկրետ քայլեր անելու…

Դե, շշմելու մանկավարժական գործիք է մեր մեդիաուրբաթ-համերգը, որ ամեն ուրբաթ՝ ճիշտ 15.15, Մարմարյա սրահում (հրապարակ է, է՜, ոչ թե փակ-արհեստական կաբինետ-միջավայր) հավաքվում ենք 60 րոպեի չափով։ Միջոցառում չէ, է՜, իրական ուսումնական պարապմունք, կրթական միջավայրի, գործունեության բաղկացուցիչ…

Ես հաշվեցի. 300-ից ավելի մասնակից կար, ո՛չ հանդիսատես, մասնակից, բովանդակությունն էլ, լսեք, հայ ժողովուդ, «Երգում ենք Կոմիտաս»։ Մեծով-պստիկով, ազատ, գունեղ, խաղային՝ երգում-խաղում-կարդում ենք Կոմիտաս… Այսպիսի բովանդակության այսպիսի ազատ միջավայրային ձև… «Ձևը խաղ է անցավոր». կյանք է, որ կա, մեր արածը, ապրում ենք հավաքանիով: Կամ մեր կեսօրյա ընդհանուր պարապմունքը. փաստ է՝ ժամը 12:15, ամեն օր, շաբաթը 5 անգամ, 15 րոպեանոց  ընդհանուր պարապմունք  ենք անցկացնում կրթահամալիրի դպրոցների բոլոր սովորողներն ու մանկավարժական աշխատողները… Հիմա պատկերացրեք, մեզանից, լավ ուսուցիչներից յուրաքանչյուրը մի փոքր կոնկրետ քայլ է կատարում ուղղված իր մասնակցության (դերի) բարելավմանը, միջավայրին ներառմանը, դիրքի ամրապնդմանը, որ կարողանա հետևել այս «աճի հրաշքին»…

Կոնկրետ ու փոքր քայլերով առաջ գնալու մեր ժամանակն է:

Դավիթ Բլեյանին հարցնում եմ՝ քանի տղա-աղջիկ է նստել այսօր քո հեծանիվը: Երեկ էլ եմ հարցրել: Ամեն օր եմ հարցնելու:
— Երկար եմ քնել, հայրիկ. ես վերջինն եմ արթնացել…
Արթուն ժամանակ նա անընդհատ հեծանվի  վրա է, քնած ժամանակ էլ՝ ինչ իմանա, թող քշեն, ինքը երկար  քնում է…

Երեկ Դավթի մռութը ներկել, շուն են դարձրել: Արմինեն հա՛ նկարեց: Ահա այսպիսի մռութով ինձ երեկոյան դիմավորեց` ոգևորված… Նոր էլ (վտանգավոր) շարժումներ է սովորեցրել Արմեն Մարտիրոսյանը. անընդհատ կրկնում է, որ ցավին սովորի՞, շարժումը յուրացնի՞…

— Հայրիկ, մի քանի օր չեմ լողանալու, մռութիս նկարը ուզում եմ այսպես մնա…

Երկրորդ գիրքը, որ իմ սեղանին է՝ «Երկիր դրախտավայր», մտահաղացել, առաջաբանը և նախաբանը գրել, հրատարակության է պատրաստել «Հայագիտակի» հիմնադիր ղեկավար Ալբերտ Իսոյանը: Գիրքը, որ լույս է տեսնում Կարեն և Սամվել Կարապետյանների հովանավորությամբ, ինձ նվիրել  է Արամ Կարապետյանը, երբ շնորհանդեսն անգամ չէր եղել։ Ես օրագրում պարբերաբար կանդրադառնամ այս «Երկիր դրախտավայր. նշանավոր օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը», վստահ եմ, բարեխիղճ կազմված ժողովածուին…

Լեռ Կամսարի «Մազապուրծ օրագիրը», շնորհակալ եմ, անակնկալ էր ինձ համար, նվիրեց Արամազդ Ղալամքարյանը իմ «Օրագրի» 100-րդ թողարկման առիթով… Գիտեք՝ մի Կամսար, մի Մահարի մի ամբողջ ստալինյան սերնդի արժանապատվության  պահապաններն են… Երբ  մարդն ու գրիչը մեկ են … Օրինա՞կ են մեզանում այսպիսի համեստ-անճիչ կյանքով գործիչները, նրանք կարո՞ղ են հերոս համարվել… Ինչո՞ւ չեն կարող, երբ «մոնումենտ են կառուցել» իրենց կյանքով մի ահեղ դարում, երբ միլիոնները ընդամենը լռել-փրկվել են, իսկ հազարները օգուտով ծառայել ստալինյան հրեշին և դեռ, համեցեք, Հայաստանում, մայրաքաղաքում, հպարտ ու (տեսա՞ք) ռուսերեն հուշագրությունների հաղթական շնորհանդեսով բոլոր TV-ներով, առանց դիմադրության մտնում տները… նաև՝ ստալինյան զոհերի ժառանգների։ Այո, իմ խոսքը Ա. Միկոյանի «Так было» հուշագրության մասին է: Ահա ձեզ հուշարձան, որ իր տպաքանակով կանգնեցվեց:

Ես չեմ սիրում ո՛չ լիքը գրասեղան, ո՛չ գրադարակներ, ո՛չ լցված պատեր, ո՛չ ծանրակշիռ սեղաններ…Ի՞նչ են փոխում-ավելացնում դրանք մեր կյանքին. խլում են, տանում, շեղում, խճճում… Պարզ, պարզ, մինչև վերջ պարզ՝ կենցաղում, մարդկային հարաբերություններում, գործողություններում և մտքերում. հակառակ դեպքում՝ իրար չենք լսելու  ու չենք մեկտեղվելու այս փոսից դուրս գալու համար…

ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ՀՀ լուսավորության նախարար-ԿԳ փոխնախարար լինելուս շրջանում և դրանից հետո, անդրադարձել ենք ոչ մեկ անգամ հասարակական  կյանքի բարեփոխումների մեթոդին։ Ես հայտնի Նոր ուղու` արմատական-ազատական, ամբողջական փոփոխությունների՝ հեղաշրջման կողմնակից եմ եղել, ինչպես բացատրված է արևմտահայերենի և Ստ. Մալխասյանցի հեղինակած բացատրական բառարանում, հեղաշրջում մարդկանց գիտակցության մեջ և տնտեսական կյանքում, հասարակական հարաբերությունների ողջ սպեկտրում` կրթություն, մշակույթ, գիտություն: Տեր-Պետրոսյանն այս մոտեցումն էր ներկայացնում և իրականացնում հատվածական-արմատական փոփոխություններ տնտեսական հարաբերություններում (ազատ շուկայական տնտեսությամբ, մասնավոր սեփականությամբ), իսկ, այ, հասարակական  կյանքի մյուս ձևերում՝ կրթություն, մշակույթ, գիտություն, հանրային կյանք… պիտի  սպասել, մինչև սերունդ կփոխվի, կգա  Անկախության շրջանի սերունդը՝ նոր մտածողությամբ… Դիմանալ է պետք: Եկել է  Անկախության շրջանի սերունդը՝ 1984-96-ին և հետո ծնվածների սերունդներն են` մինչև 30 տարեկան աշխատող, ուսանող, ավագ դպրոցի սան… Այս օրերին ավագ դպրոցում ես շատ տեսքով պատանիների մեջ հանդիպեցի իրենց ծնողներին՝ խորհրդային մտածողությամբ, խորհրդային շրջանի ու նրա առաջնորդ Ստալինի գովերգմամբ… Վերարտադրվել են նրանք. վերարտադրվել է ընտանիքը, հեղաշրջումից դուրս մնացած դպրոցը, բուհը, հանրային կյանքի մյուս հատվածները… Պատահական չէ, որ ոչ իշխանական ուժերի միավորումը այսպիսի տեսք ու կառուցվածք ունի և՛ Ազատության հարթակում, և՛ հրապարակում… Ու ես մարդկայնորեն շփոթված եմ՝ իմ զավակներից, իմ սաներից, իմ կրտսեր եղբայրներից կազմված հետադիմության տպավորիչ խմբերի առաջ… Ինչպես Քրիստոսն անապատում։ Կարդանք միասին. Հովհաննես Թումանյանը սա ապրել է 23 տարեկանում.

Անապատի մեջ խավար ու տխուր,
Ցրված քարերից մի քարի վըրա,
Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝
Աշխարհի մասին մըտածում էր նա:

Նրա ճակատը մութն էր ավելի,
Քան անապատը գիշերվա մթնում,
Մտածում էր նա՝ սեր — լույս ծավալի
Մարդկային կյանքի մութ անապատում:

Աչքի առաջև անց էին կենում
Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,
Անճար ու տըկար լաց էին լինում
Աղքատը, այրին ու որբը անտեր…

Եվ անապատում, մի քարի վըրա
Միայնակ նըստած մըտածում էր նա…
Հունվարի 18, 1892

Նկարաշարը ներկայացնում է  կրթահամալիրի վարժարանը, հետո քոլեջն ավարտած, դաստիարակի օգնականից դաստիարակ դարձած, Անկախության սերնդի մեր Բուրիկը։

One thought on “Կոնկրետ ու փոքր քայլերով առաջ գնալու մեր ժամանակի մասին է իմ գիրը”

  1. Կան գրքեր, հոդվածներ, գրեր, որ առվակների նման են: Մի բահ հող լցրու նրանց հոսքերի առաջ և իրենց ուղղությունը կփոխեն: Կան այնպիսիներն էլ, որ իրենց հունը վաղուց ընտրած հոսում են իրենց համար: Նրանք քեզ չեն խանգարում, դու էլ՝ իրենց: Կամուրջների վրայով կարող ես շրջանցել դրանց: Աշոտ Բլեյանի գրերը նման են մինչև կրիտիկական սահմանը լցված ահռելի ջրամբարների, որոնց պատերը պայթում են , երբ սկսում ես կարդալ, և ջուրը անկասելի ուժով ու թափով քեզ իր հետն է տանում մտքի զորությամբ, գործին նվիրվածությամբ, սիրով ու հավատով: Այս զգացումն ունեցա այսօրվա գիրը կարդալուց հետո:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որպես ուրու արևառ… Չարենց է

Բայց ափսո՜ս որ Դու հեռու ես — Դու ուրո՜ւ ես Արևառ… Չարենց Մեր Հասմիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ ծնված մեր ծեսերի լաբորատորիան հե՞շտ առաջացավ-հայտնվեց, թե՞ ճիշտ ու ճիշտ Թումանյանի բանաստեղծական բանաձևով որոշված…

Կանաչ ուղով, Արտենիով, թթուդրեքով, խինդով, համայնքային պատրաստուքով դեպի Տոնը մեր…

Աղմուկով վանող ու ծխախեղդ փողոցները բռնած մեքենաների խժդժով ինձ դիմավորեց 2799 տարեկան մարդ-քաղաքը, երբ ես խաղաղ-վաստակով օրվա, հեծանվով անցա Հաղթանակի կամրջով-Իտալականով-Հանրապետության հրապարակով ու Վերնիսաժ-Խանջյանով Չայկովսկու փողոց, մեր տուն։ «Երևան ջան»

Լսեցի. միշտ ուրախ լինեմ՝ շուրջ տարի և այսօր` սեպտեմբերի չորսին-հինգին…

Դավիթ Բլեյանն իր նախաձեռնությամբ, հայրիկից թաքուն, շնորհավորական բացիկ է պատրաստել Արմեն եղբոր և մայրիկի աջակցությամբ… Սա՝ սեպտեմբերի երեքին, մինչև ժամը տասը, իմ քունը… Իսկ այսօր շուտ է արթնացել, յոթը չկա,