Դավիթ Բլեյանը «գույնը փոխում է», երբ լսում է փոքրերի խմբի մասին. ոչ մի կերպ ճամփան չի ծռի, չի շփոթվի, թեկուզ իր հեծանիվը ցուցադրելու հեռանկարով… Հիշո՞ւմ եք՝ որքա՜ն կապված է եղել խմբի, քնի, խաղի, ընկեր Նորայի և ընկեր Մարիամի հետ. մեր «խոզուկը» մեծացել, գմփոշ խոզ է դարձել…
Հիմա էլ մեծերի խմբում է իրեն շատ լավ զգում. առանց իմ կամ Արմինեի ուղեկցության փողոցից ուղիղ խումբ է վազում՝ ամենակարճ ճանապարհով, շրջանցելով դպրոցը… Իր սիրելի խաղալիքները տանից տանում է խումբ, մոռանում այնտեղ, իսկ ընկեր Կարինեն ու ընկեր Մելինեն ամենասիրելի մարդկանց թոփ 10-ում են, հաստատ… Նորից ամենաշուտն է պառկում քնելու, վերջինը (զոռով) արթնանում։
Ի դեպ, տանն էլ երկար է քնում. առավոտյան միայն հեծանիվն է կարողանում 08.00-ի մոտ արթնացնել նրան. պիտի մահճակալից, թը՛փ, ընկնի, հեծնի իր անիվն ու քշի թափով… Ո՜նց է քշում. հաճույքով ու վարժ…
Մեծերի խմբում, որպես փոքր, սիրված է, երես տված իր ընկերների կողմից այնքան, որ մոռացել է փոքրերի խմբում օրինակելի համարվող ջանասիրությունը. իր փոխարեն իր համար սեղան են դնում, հավաքում, մաքրում, իր անկողինը գցում, հավաքում, խնամված-սիրված տղայի վայելքային կյանք է անցկացնում մեծերի խմբում՝ շրջապատված իր երեք Նարեներով… Սոնուլիկ քույրիկն էլ պարտեզում հսկում է Դավթին. կարելի է չանհանգստանալ։ Հաճախ Դավթի համար պարտեզ է բերում գրքեր, խաղալիք, խնձոր, չամիչ…
Երեկ երկար լկստվեց մեր հերոսը Վիեննայի իր քույրիկի հետ։ Հետո քնելուց առաջ հաշվում էր պատուհանի գոգի չինական վարդի կոկոնները. «Մեր տան անդամների չափ է. էս՝ մայրիկը, էս՝ հայրիկը, էս՝ ես, էս էլ՝ Շուշոն»… Հուզիչ վերջաբան հագեցած օրվա։ Հիմա հեքիաթ է լսում, մայրիկը մի հաստափոր ուսուցողական փաթեթ ունի, ու… բարի գիշեր:
Մեր Տոնին ընդառաջ՝ սիրով, (մնում է՝ շնորհքով) ի մի՞ ենք բերում մեր հեղինակած մանկավարժությունը՝ ուսումնական բնագավառներով, բաղկացուցիչներով, նոր բովանդակությամբ ու կազմակերպմամբ… միայն թե՝ ոչ որպես պատմություն, սրբազան գերեզմանոց, այլ կենդանի, այսօր՝ սերմ, բերք, ծիլ, տնկի, ճյուղավորում տվող… Բոլո՞րս ենք այս գործով զբաղված, տոնի կազմակերպիչ-սեբաստացիներ։
Շախմատը, որպես հանրակրթական դասընթաց, առաջինը Հայաստանում մեր հեղինակային մանկավարժությամբ կարևորվեց, 1988-ից դարձավ հանրակրթության բաղկացուցիչ… Շախմատի դպրոց ենք ստեղծել՝ հայտնի ու լեցուն մանուկներով, նվիրյալ մասնագետ-ուսուցիչներով… Ի դեպ, կրթահամալիրի շախմատի այսօրվա ակումբի ղեկավարը, շախմատի մեր մասնագետ ուսուցիչ Առնոլդ Միքայելյանը, ով ամեն օր ավելի ու ավելի հայտնի, սիրված, կարևոր անձ է դառնում կրթահամալիրի ու Բանգլադեշի տարածաշրջանում, հենց մեր շախմատի դպրոցի սան է, Թևան Դավթյանի աշակերտը… Թևանի հեղինակած «Սովորենք շախմատ խաղալ» չորս գրքույկները, որ ստեղծվեցին կրթահամալիրում, տպվեցին, ձևավորվեցին կրթահամալիրի «Շաղիկ» հրատարակչությունում, այսօր էլ շախմատասերների փնտրած ձեռնարկներից են, շախմատի ծրագրով, մեթոդականով, սիրով-խնամքով արված հանրակրթական փաթեթ. այսօր էլ մենք նվիրում ենք աջ ու ձախ. սովորեք ու տարածեք… Անդրանիկ Քեհյանին, Մուշեղ Մինասյանին, Սամվել Միսակյանին, Ռոբերտ Հովսեփյանին՝ Թևանի ընկերներին ու հետևորդներին, բոլորին սիրով ողջունում եմ. լավ է, որ նրանք Երևանով մեկ զբաղված են շախմատով՝ իրենց շուրջ ստեղծելով մտածումի ու խոհի կենտրոններ… Կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում իրականացվող «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն ունի շախմատը, որպես բաղկացուցիչ, դասարանում կրթական ծրագրի կազմակերպիչ-դասվարը, որպես ինտեգրված դասընթացի անբաժանելի մաս, վարում է շախմատի պարապմունքներ, ինչպես մաթեմատիկան, հայերենը, տեխնոլոգիան, բնագիտությունը (ես և շրջակա աշխարհը)՝ ունենալով Առնոլդ Միքայելյանի նման մասնագետ-նվիրյալի մշտական աջակցությունը… Իսկ այսպիսի, տեսեք՝ ինչ պարարտ հող է անհատի լրացուցիչ կրթության, շախմատային հետաքրքրությունների դրսևորման համար. տեսեք՝ ինչ արագ, կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներում, Մեդիա կենտրոնում միավորներ են դառնում՝ շարժվելով ձիու քայլերով, շախմատային ակումբներն ու խմբերը, տեսեք, ի՜նչ տպավորիչ բաց հանրակրթական մրցաշար՝ 1-3-րդ դասարանցիների համար, այսօր, ժամը 10.00-13.00, Մեդիա կենտրոնում, շախմատի ակումբների կենտրոնում վայելք են, իհարկե, մրցաշարի եզրափակիչ ակորդները: Առնոլդի մրցաշարը շարունակություն կունենա, որպես դասվար-մարզիչների անդրանիկ, բայց ամենամյա առաջնություն, հետո կմրցեն շախմատի հանրակրթական հնարավորությունները սրանով խրախուսող 1-3-րդ դասարանցիների ծնողները… Սա է ուղիղ ճանապարհը, որը շախմատը կունենա որպես գործիք-միջոց՝ ուսումնական բազում գործիք-միջոցներից մեկը, իսկ նպատակը երեխան է, սովորողը, նրա մտածողությունն ու զարգացումը, նրա տաղանդի դրսևորումը… Հաջողություն ցանկանալով Երևանում այս օրերին միջազգային կոնֆերանսի աշխատանքներին՝ մեր «Դպիրը» զուգահեռ կլոր սեղանի ձևով կներկայացնի մեր հեղինակած այլընտրանքը:
Սիրտս մրցանակ է ուզում՝ անվանական ժամացույց-հեռախոս. ես այն սեպտեմբեր-հոկտեմբերին վաստակեցի, չէ՞, իմ կարևոր նպաստը բերեցի ավազով մանկական խաղադաշտերի ստեղծման գործում նախաձեռնությունների և հետևողական աջակցությունների ձևով: Հա, ամեն անգամ, երբ 2-4 տարեկանների, 5 տարեկանների, 1-3-րդ դասարանցիների լողափնյա ավազով խաղադաշտերը (հաշվեցի՝ մի դյուժին՝ 12 խաղադաշտ) լեցուն եմ տեսնում առույգ ու գործունեության մեջ խորասուզված երեխաներով, փառավորվում եմ. ասում եմ՝ Հասմիկ Նալբանդյան ու Նառա Նիկողոսյան, ե՞րբ եք ինձ հանձնելու խոստացած-վաստակած իմ նվերը… մրցանակը: Ահա, ես այսպիսի մրցանակների ջատագով եմ. գործը, գործիչը միասին, որ մրցանակային աժիոտաժով, խաղով, արիությամբ, աչքալուսանքով խթանեն նոր գործեր՝ հրապարակ բերելով նոր գործիչների… Իսկ «Սեբաստիա» մարզադաշտի ֆուտբոլի-վոլեյբոլի լողափնյա ավազի հրապարակը հանրակրթական միջավայրի նոր մոդել է։ Տեսեք՝ ոնց է ձգում սեբաստացի պատանիներին։
Մեր ստեղծած խաղադաշտերի հագեցումը նոր, անվտանգ, մազալու և զարգացնող գործիքներով՝ մի՞թե իմ խնդիրն է։ Հարգելիներս, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ կաք, մտեք ձեր պահեստները՝ ավտոտնակները, խորդանոցները, նկուղները, վստահ եմ, կգտնեք ճոպաններ, մարզագերաններ, օղեր, կեռեր… բերեք ձեր երեխայի դպրոց՝ 25-ամյակը տոնող կրթահամալիր, մասնակցեք ձեր երեխայի խաղադաշտի հագեցմանը։ Ով գիտի, օրեր, շաբաթներ հետո գուցե դուք էլ նկատվեք ու արժանանաք, ինձ նման, մրցանակի…
Հիմա ինձ զբաղեցնում են մեր դպրոցական բակերի հեծանվաուղիները, մարմնամարզական-թեթևատլետիկական՝ վազքուղի, ցատկափոս, վարժասարքեր… Սպասեք։ Չէ, չէ, մի սպասեք, գործուն մասնակցեք նոր զարգացումների… Մինչ նոյեմբերի 10-ը՝ տոնի մեկնարկը, մենք պիտի էլի սպասված անճանաչելի դարձնենք մեր ուսումնական բակերը… Տեսեք, հոկտեմբերյան արձակուրդի յուրաքանչյուր օրն ինչպիսի՜ հնարավորություններ է պարունակում…
Երեկ, գիտեք, կրթահամալիրի ավագ դպրոցի 12-րդ դասարանցի Հովհաննես Ալեքյանը, Հովհաննես Իխտիարյանը հանրապետության ավագ դպրոցների 16 հասակակիցների հետ ՀՀ նախագահի նստավայրում ստացան ՏՏ Բնագավառում ՀՀ նախագահի կրթական պարգևներ… Չորրորդ տարին մեր ավագ դպրոցների սովորողները սահմանված կարգով մասնակցում են մրցույթին, և ամեն տարի երկու սեբաստացի դառնում է մրցանակակիր։ Հովհաննեսները տոնական էին: Արժանի տղաներ են, լավ մարդիկ, ուսումնատենչ սովորողներ, հարգանք վայելող ընտանիքներից… Հալալ է: Մենք միասին իջնում էինք Բաղրամյան պողոտայով, իրենք՝ մրցանակներով, մարդիկ ինձ ճանաչում, հարգալից բարևում են, իսկ ես յուրաքանչյուրին կարևոր ներկայացնում եմ մր մրցանակակիրներին՝ իրենց ստացած մրցանակով… Իմ տարիքը, վաստակը, երևի թույլ է տալիս այսպիսի աշխատանքով զբաղվել… ներկայացնել լայն հանրությանն իրենց ուսումնական կոնկրետ գործունեությամբ հետաքրքրված նվիրված սեբաստացիներին…
Շուշան Բլեյանին, ես, իհարկե, կարոտել եմ: «Կարոտ զորեղ բան է, ձգուկ»… Եվ լավ է, որ Շուշանն ունի ձմեռային արձակուրդ, մեկ էլ տեսար, դեկտեմբերին հայտնվեց մեր ձյունանուշիկը: Համ էլ առանց Շուշանի մեր հերոս դարձած Դավիթն ինչպե՞ս է դեկտեմբերի 12-ին դառնում 3 տարեկան: Տոն, որ այս տարի, որպես մեր ամենամյա ծես նշելու ենք… տիկին Աիդան հենց նոր որոշեց՝ Մեդիակենտրոնում։ Այսպիսով՝ ընդունեք Դավթի հրավերքը, սեբաստացիկներ, ֆիզարձակուրդի գործընկերներ, ու պատրաստվեք, կարգի բերեք ձեր, ձեր երեխաների բլոգները… Ինչպես միշտ, ծեսը սկսում ենք ժամը 18.00 Սուրբ Երրորդությունում մանուկների օրհնության կարգով։ Մնացածը՝ հետո։