1992-ի նոյեմբերի 9-ին Ղազախով մտա Իջևան:

Նոյեմբերի 4-9-ը իմ Բաքվում գտնվելու պատմությունն այն ժամանակ ես վավերագրել եմ: Համեցեք իմ բլոգի ընթերցարան՝ «Երբ շատ դժվար է, դիր փափախդ առաջդ ու խորհիր» վերնագրով (ուղղեցի, գրել էի «վերջնագրով») հոդվածը՝ թվագրված 1992թ.-ի նոյեմբերի 14, «Ազգ» օրաթերթ: Վերապատմել չեմ սիրում, անհամ կստացվի, հետո, եթե ինքնահաղթահարեցի, ուժ կիրառեցի, վերապատմեցի, կարդալո՞ւ եք:

Իջևանի հետ կապված եմ, իմ հարազատ Նիկոլ Փաշինյանի ծննդավայրն է, դրանից հետո ես տասնյակ ու տասնյակ անգամ եղել եմ Իջևանում, գիշերել, բայց Իջևանը մնում է իմ մեջ այդ 1992-ի նոյեմբերի 9-ի գիշերվա պատկերով: Անջնջելի են տպավորություններն օրվա: Միշտ կհիշեմ Աչաջուրի վաղամեռիկ նկարիչ արվեստաբան Սարո Սարուխանյանին, ով գիշերով, իր «03»-ով թե «06»-ով, հատուկ ԳԽ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Բլեյանի համար ճարած բենզինով (այդ օրերին հանաք բան չէր բենզին ճարելը), հասցրեց Երևան: Իջևանից ես փախչում էի. Սարոն նկարչի հայացք, ընկալում ունի, հասկացավ, որ ժամ առաջ ինձ պետք էր պատսպարվել իմ միջնաբերդում՝ Երևանում, իմ ընտանիքում: Ահա ինչու՝ 2013-ի հոկտեմբերին ես նախաձեռնեցի «Սեբաստացիներ» երգչախմբով Իջևանի «Արվեստի» փառատոնի շրջանակում երախտագիտության այց Իջևան, Աչաջուր, ի հիշատակ իմ պայծառ ընկերոջ, խորհրդային շրջանում Իջևանի քանդակների պուրակի և սիմպոզիումի նշանավոր հիմնադիր-կազմակերպիչ Սարո Սարուխանյանի հիշատակին Մակարավանքում երգեցողությունը, իմ սրտի խոսքը: Ահա ինչու՝ ինձ հարազատ Իջևանից այս մթագին հիշողությունը ես ուզում էի կուրացնել պայծառ մի նոր հիշողության լույսով։ Դավիթ Ասլանյանի և մեր քանդակագործ անդադրում գործընկերոջ՝ Հերիքնազ Գալստյանի ջանքերով այդպիսի հնարավորություն ստեղծվեց. 2013թ. Իջևանի արվեստի փառատոնի շրջանակում Անկախության փողոցի 27 մետրանոց պատի ձևավորումը և Իջևանի միակ կամարանցման նորացումը մեր Գեղարվեստի Լուսինե Մանուկյանի (տեսեք, ինչպես շնորհքով է նկարում Լուսինեի տաղանդավոր աղջիկ Աստղիկը, տեսեք՝ ի՜նչ բլոգ ու խոսք ունի) և Արման Գրիգորյանի անձնական ջանքերով իրականացավ «ապուշիս երազանքը»… Ես պատմել եմ այս մասին: Թարմացեք և թարմացրեք Իջևանյան պատումներով…

1992թ. նոյեմբերի 10-ին ես արթնացա, որպես Հայաստանի ամենահայտնի, հանրահայտ (մայրս կասեր՝ «мировой») մարդկանցից մեկը. քաղաքն իմ մասին էր խոսում, ինձ հայհոյում, բառացի, պատերի վրա գրելով, թերթերում, TV-ով և ռադիոյով, ամենուր… Ինձ այսպես ահաբեկելով, հարայ-հրոցով, դավաճան-կախելով, իսկապես կախելով՝ չես կանգնեցնի: Հիմա, կարծեմ, սա ընդամենը փաստի արձանագրում է: Այն ժամանակ մարդիկ, բարեկամ, ոչ բարեկամ, որտեղի՞ց իմանային…

ՀՀՇ վարչությունից դուրս գալու որոշումը ես եմ կայացրել 1992թ. նոյեմբերին՝ մի խաղաղ-մտերմիկ քաղաքական հայտարարությամբ ու առ այսօր բոլորի հետ ես մարդկայնորեն կապված եմ… Անցել է 22 տարի, ես ընդամենը 3 տարի եմ եղել ՀՀՇ-ում, նրա վարչությունում, հենց սկզբից, որպես հայտնի, ձևակերպած «Նոր ուղու» հայացքներով, բայց ինձ հասարակությունը ճանաչում է որպես ՀՀՇ… Ես այդպես էլ նրանց՝ իմ քաղաքական ընկերներին, ասացի. «Իմ սիրելի դաշնակ ընկերներ, ես հեռանում եմ, որ «Նոր ուղու» գաղափարը ոտի տակ չգնա»… ՀՀՇ-ն, որպես գաղափար, «Նոր ուղին» է, որ որպես քաղաքական կազմակերպություն հիմնադրեցինք Կտրիճ Սարդարյանի հետ 1992թ. նոյեմբերի վերջին, իսկ որպես ռեալ պոլիտիկ՝ Արցախյան ազատամարտը (շարժումը), 1992-94 թթ.-ի իրական պատերազմը ու դրանով շարունակվող թշնամության, ռազմական դիմակայության խորացումն Ադրբեջանի Հանրապետության հետ, նույնը, ավա՜ղ, Թուրքիայի հետ, 1995-ից սկսվող ընտրական համակարգի այլասերումը մինչև 1998թ. կապիտուլիացիայով քաղաքական երերուն համակարգի ոչնչացումը…

«Նոր ուղին» շտապում էր, քանզի 1992թ. Արծվաշենի անկումից սկսված քաղաքական անկայունությունը ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարթեց հերթական անսկզբունք համաձայնությամբ, իմ համոզմամբ, 1992թ.-ի հունվարի 28-ին ստեղծված Հայաստանի Հանրապետության բանակն ու պաշտպանության նախարարությունը հանձնելով նախկին վարչապետ, ԱԺՄ կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանին: Ես համոզված էի, որ այսպես չի մնա, 1992թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերյան անդորրը, խաղաղ արշալույսները վերահաս փոթորկից առաջ են…

Պետք էր փորձել կանխել հայ-ադրբեջանական պատերազմը երկու անկախ պետությունների ու բանակների միջև՝ փորձելով երկու ժողովուրդների, նրանց օրինական իշխանությունների, բոլոր կարգի գործիչների ուշադրությունը հրավիրել բարի դրացիության հաստատմանն ուղղված քաղաքական, մշակութային, անձնային երկխոսության, խնդիրների քաղաքական կարգավորման վրա… Ավա՜ղ: Կարդացեք կամ թերթեք իմ ընթերցարանի էջերում…

Ես իմ օրագրում արդեն ներկայացրել եմ մեր գերմանացի նկարիչ Սամ Գրիգորյանին։ Մենք «Դալան» ցուցասրահում մասնակցեցինք նրա անհատական ցուցահանդեսին։

Կրթահամալիրի շախմատի մրցաշարն այսօր արդեն Դպրոց-պարտեզում է։ Հետևեք՝ մեզ շախմատային հետաքրքիր հանդիպումներ են սպասում։

Դավիթ Բլեյանը նուռ ու սերկևիլ շատ է սիրում, ինչպես և ես: Ես կարող եմ և չուտել, բայց ուրախանում եմ, երբ սեղանին դրված են լինում նռներն ու սերկևիլները, «տունս լցվեց»՝ կասեր մայրս… Սրանց ծաղի՜կը, սերկևիլի հո՜տը, բա սրանց տեսքն ու հա՜մը… Մեր սիրելի Սոֆյա Գրիգորյանը (Դավիթը, հենց տիկին Սոֆյան ուրիշ գործով շեղվում է, ասում է՝ «իսկ դու երգիր»)  մեզ իրենց այգու սերկևիլներով է հյուրասիրել… Բարիքով, ծաղիկով միշտ լինի ձեր այգին, Սոֆյա ջան, դու «Փայտե ձիուկից», «Այբ, բեն, գիմից», «Կաքավի գովքից» չշեղվես, մանկական երաժշտական խաղերից, Սոֆյա ջան, չշեղվես, դու Դավթի հետ երգի, խաղա, մնացածը թող ուրիշներն անեն…

Այսօր ես տիկին Աիդայի հետ մասնակցեցի «Շրխկան» դաստիարակ-դասվարական համույթի պարապմունքին. մեր տոնին՝ նոյեմբերի 14-ի համերգին, 1-3-րդ դասարանցիներով ներկայանում ենք Կոմիտասով-Թումանյանով, «Տրոփ-տրոփ» ներկայացումով… Մեր տոնին պատրաստությունն է, որ պիտի տոն դառնա ու մեզ տոնին մասնակից դարձնի։ Տոնն սկսված է, ընկերներ, նրանց համար, ովքեր արդեն պատրաստության մեջ են։ Իսկ այ, Տոնից դուրս գտնվողներին ի՞նչ անենք… Նոյեմբերի 10-12-ի, 13-14-ի, 15-ի տոնական  բովանդակությունը միջոցառումային չէ, այս կամ այն խմբի համար որոշված աշխատանք, յուրաքանչյուրս և՛ մասնակից-կատարող ենք, և՛  մասնակից-հանդիսատես։ Այսօր Սյուզի Մարգարյանի, Գրիգոր Խաչատրյանի, Արմինե Թոփչյանի, Քնարիկ Ներսիսյանի, Կայ Խաչատրյանի հետ նորից շրջեցինք Մայր դպրոցով՝ ներսով-դրսով, Գեղարվեստով… Ի՜նչ հրաշալի տոնական միջավայր ունենք. դժվար է չոգևորվելն ու չոգևորելը տոնով, ինչպես դա անում են ամեն օր մեր Միջին դպրոցի 6-րդ դասարանցիները։ Մի՛ սպասեք, սկսե՛ք Ձեր տոնը, սեբաստացիներ՝ որտեղ էլ որ լինեք։

Դավթի հետ իջնում ենք հրապարակից՝ Տիգրան Մեծ պողոտայի մայթով, մութուլույս է իրիկնային, խաչմերուկ չհասած, մի կին ինչ-որ բաներ է վաճառում, դրանց մեջ՝ նուռ… Ես երկրորդ պլանից հետևում եմ… Դավիթը մոտենում է, անմիջապես իրենով անում տարեց կնոջը, զրույցի բռնվում, կինը, երևում է, ոգևորվում է, նուռը կտրում, մի դիլիմ տալիս Դավթին… Դավթի՝ այս ագահ, համառ Բլեյանի ձեռից նուռը չես առնի… Պիտի անցնենք պողոտայի նշագծած անցումներով… Ինքը քչփորում է իր դիլիմը, հատիկ-հատիկ ուտում նուռը… Զայրանալ, բռնանալ չի կարելի, Գևորգ Հակոբյանը հետևում է մանկավարժորեն, իսկ տասնյակ սեբաստացի ուսուցիչներ հիանում են երկու ախոյան Բլեյանների՝ սկիզբ առած մարտով. ինչով է ավարտվելու… Ու, հանկարծ, մի հատիկ նուռ ընկնում է Դավթի մատիկներից… Դավիթը փողոցի մեջտեղում կռացել ու հատիկն է ման գալիս… Ես ձեռքս բարձրացրել եմ (իմ  նշանավոր, բարիկամեցողական շարժումը հայտնի է) դեպի վարորդները… Տեսարան է։ Վարորդները բարյացակամ ընդառաջում են. Դավիթը շուտ գտավ այդ հատիկը… դրեց բերանը, նայեց իրեն սպասող վարորդ-մեքենաներին, նշանավոր ժպտաց, և մենք զգույշ-արագ անցանք փողոցը… Դավիթը մինչև տուն հասնելը քչփորել, կերել, հատիկաթափ էր արել դիլիմը…

Մեր տիկին Սիլվա Հարությունյանը, Լիլիթ, Լուսինե, Անժելա Գասպարյանների մայրիկը, վեց թոռ ունի կրթահամալիրում, գումարած եղբոր թոռները: Մարիետ Սիմոնյանը՝ ընդամենը երկու, Աիդա Պետրոսյանը՝ երեք, բայց տեսեք ձայներն ինչքան բարձրից են գալիս… Մեր խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, մեր Քոլեջ-արհեստագործականի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը պապիկ չեն, բայց ամեն մեկը չորս սեբաստացի ունի այսօր կրթահամալիրում։ Մենք վատ գիտենք մեր ընտանիքները, և Տոնը կօգնի, որ ճանաչենք։ Հասմիկ Նալբանդյան, ա՛յ, հատուկ մրցանակի անվանակարգ է… Թե չէ՝ ընկած ենք ինչի ետևից…

Ձախից աջ՝ Ղալամքարյան, իրոք սքանչելի, քառյակը, տիկին Սիլվան՝ իր ոչ բոլոր թոռնիկներով, սեբաստացի Արտյոմի սեբաստացի քառյակը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թող դատեն ձեր արարքներով, և հետևաբար… ձեր իրական մտադրություններով…

Թող դատեն ձեր արարքներով, և հետևաբար, ձեր իրական մտադրություններով, բայց իմացեք, որ ազատ մարդը պիտի ինչ-որ բացատրություններ տա միայն ինքն իրեն, իր մտքերին ու գիտակցությանը, ու այն քչերին, ովքեր ունեն

Դավիթը Դավթի սենյակում է, պյուրեն էլ նույն կարտոֆիլն է… համով

— Դավի՜թ, ո՞ւր ես,- կանչում եմ բնակարանով մեկ, անհանգստացած նրա լռությունից։ — Դավիթը Դավթի սենյակում է, պյուրեն էլ նույն կարտոֆիլն է… համով է,- լսվում է հանգիստ պատասխանը։ Դավիթն իր սենյակում

Սնահավատությունը լա՞վ է, թե՞ վատ․ գիր է․․․

Լավ նշան է, որ Առնո Բաբաջանյան փողոցից Մայր դպրոցի մուտքի մոտ քեզ դիմավորում են խանդավառ-ճամփորդական-մարզական ոճի երկու տասնյակ մանկավարժներ՝ կրթահամալիրի դպրոցների երկարօրյա ուսուցման 2018-2019 ուստարվա շուրջտարյա բաց ճամբարի կազմակերպիչները… Արմինե