Պապիկությունը, երևի, նոր վիճակ է կյանք կոչված «տանջանք, մաքրություն, հասունություն» եռաստիճանի, Արշիլ Գորկու հասունության հանգրվանը, որ շնորհիվ հինգ տարեկան Սոնա-թոռնուհու, սկսում եմ զգալ, ապրել: Սոնան զգալ-ապրել է տալիս: Սոնայից հետո եկող իմ թոռնիկները հաստատ շահելու են. հա՛մ նշանավոր, համ էլ գործող պապ կունենան… Երեկ Սոնան այնքան ջերմ-խանդավառ ընդունեց ինձ, որ Դավիթը շվարել, մնացել էր, անելիքը չգիտեր շարունակ, ես էլ… Թակարդը խորամանկորեն-ճշգրիտ լարված էր, ու ես անդիմադիր-սիրով հայտնվեցի նրանում: Սոնան ինձ ու Դավթին տարավ իրիկնային Երևան, զբոսանքի…

Լավ էր, որ դուրս գալիս բավարարվեցին ընդամենը երկու գնդակով, վերջին պահին տանը թողեցին շատ մեծ դեղին գնդակն ու հեծանիվը… Հրապարակ չհասած, գլխավոր պողոտայի սկզբնամասը, մինչև կառավարության 3-րդ շենքի հրապարակ. վերջապես բարեկարգվել է՝ նվեր երևանցիներին, տոնի առիթով, ու ես շտապում եմ ցույց տալ քաղաքը իրական-իրավական ժառանգորդներին՝ Սոնային ու Դավթին: Հետո բարձրանում, իջնում ենք մետրոյի, հրապարակի կանգառի քարե աստիճաններով, ստորգետնյա անցումներով: — Ոնց որ սպիտակ, երկար թրթուր լինի,- նկատեց Դավիթը:

Մտանք Հանրապետության հրապարակ… Սոնային դուր եկավ մեր այս վիճակը. հրապարակի կենտրոնում, տրավերտինե խճանկարի վրա միայն մենք ենք՝ երեքով, աջ ու ձախ մեքենաներ են, ինձ ու մեզ ճանաչում են, բարեհամբույր ողջունում, իսկ մենք երկու գնդակով խաղում ենք, հրապարակի ճիշտ կենտրոնում,  դեմ-դիմաց՝  որպես դարպաս, երկու բեմահարթակներ… — Հաղթանա՜կ,- կրկնում են Դավիթն ու Սոնան. ճանապարհին հանդիպած ֆուտբոլասեր-ֆանատների գունեղ և ձայնեղ թափորը ոգևորել է գնդակով երևանյան զբոսանք կատարողներին…

Հեշտ գործ չէի կամավոր-պարտադիր ստանձնել ես. ինչ Սոնան հուշում է, Դավիթը նվնվոցով պահանջում է: Այսպես քայլելով` հրապարակից Տիգրան Մեծի պողոտայով իջնում ենք «Լուսնայգի»: — Դու խոստացել ես կարուսելներով տուն հասնենք,.- ուղղակի իմաստն իմ խոսքերի, որպես երթևեկության նոր միջոց՝ իր նշանավոր խնդիկով հրամցնում է Սոնան…

Կարուսելից կարուսել քայլելով, խաղաղված նստելով, վերգետնյա «ուղտին» բարձրանալով, Դավթին երկուսով գժվացնելով, հասնում ենք տուն: Ես վաղուց այսպես չէի նշել, վերջին անգամ` անցյալ տարի, Դավթի հետ… պատմել եմ: Ինձ թվում է, միշտ օրագիր եմ վարել, ու իմ ամեն օրը ձեզ հայտնի է… զզվացնելու աստիճան:

Սոնան գնում է դաշնամուրի Դպրոց-պարտեզում ու սիրով Դավթի համար նվագում է, երգում «Փայտե ձիուկը»: Մենք միասին նայում ենք Սոնայենց mskh.am էջի բոլոր տեսանյութերը… Սոնան առաջարկում է թատերախաղեր՝ ըստ Թումանյան պապիկի… «Իրիկունը», հետո «Երկինքը փուլ է գալիս», հետո… «Ճամփորդները»: Զվարճանում ենք. ահա՝ ինչպես է մշակույթ-մանկավարժությունը միավորում, հարազատացնում, մեկ դարձնում պապին ու թոռնիկին. այսպիսի նշանավոր գործ, կարծեմ, Խրիմյան Հայրիկն ունի, որն այդպես էլ կոչվում է «Պապն ու թոռնիկը»: Հետո Սոնան եզրափակում է օրը, երբ Դավիթը գետնի վրա հանգել էր քույրիկի ոտքերի տակ: — Ես էլ Դավթի կողքին քնեմ, պապիկի տանը: Վաղը կիրակի է, շարունակենք մեզ համար զբոսնել, խաղալ, թող մայրիկը համերգին պատրաստվի, իսկ երկուշբթի առավոտյան, միասին գնանք դպրոց…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ընդունեք Դավթի հրավերքը

Դավիթ Բլեյանը «գույնը փոխում է», երբ լսում է փոքրերի խմբի մասին. ոչ մի կերպ ճամփան չի ծռի, չի շփոթվի, թեկուզ իր հեծանիվը ցուցադրելու հեռանկարով… Հիշո՞ւմ եք՝ որքա՜ն կապված է եղել խմբի, քնի,

Մայրիկ, ուզում ե՞ս

Դավիթ Բլեյանը, ասել եմ, երկար ժամանակ է, ինչ դոշնուկ (գոգնոց) չի կրում։ Տեսեք՝ խոհանոցի մեծ ու բարձր սեղանի մոտ առանձին բազմել ու ի՜նչ մաքուր է ուտում պատառաքաղով. տոնական (մարդամեջ դուրս գալու) շորերն

Ինչո՞ւ աղվեսները չեն հարձակվում կովերի վրա

Շուշան Բլեյանն ավելի ու ավելի է քսան տարեկան դառնում… Հուլիսի 13-ը տեսանելի է որպես կարևոր խորհուրդ իմ կյանքում… Ուրիշ հաճույք է երրորդ անգամ  քսան տարեկան աղջկա իրողության ընկալումը։ Առանձնահատուկ՝ Դավթի