Լիլիթ, Տաթև, Շուշան Բլեյանների հետ ընտանեկան ուսումնառության իմ փորձից չգիտեմ՝ ինչ է մնացել, ինչն է կիրառելի Դավթի համար… Գենդերը՝ մի կողմ։ Սկսենք Շուշանից. հաստատենք հեռավար ուսուցման խորհրդատվությո՞ւն, թե՞ առաջադրանքներ Վիեննայից՝ եթե ոչ ամենօրյա, ապա ամենշաբաթյա՝ կանոնավոր… Շուշան, առաջին պարապմունքն այսօր է… միացիր որևէ կապով։ Շուշանն առաջարկում է՝ մի պարապմունք էլ՝ հոր հետ։
Դեռ պարզ չէ՝ ով է Դավիթենց խմբի երկարացված օրվա դաստիարակը՝ Մարինե Մարտիրոսյան ուսուցչի օգնականը… Հարցնում եմ…
— Առայժմ Մարինեն է այդտեղ էլ,- օգնում է Արմինե մայրիկը,- Մարինեի սիրտը կտանի՞, որ իր սաներին անծանոթի վստահի…
— Մեզ դաստիարակ պետք չի, ի՜նչ ենք անում, հո երկուսից չորս տարեկանների խմբում չենք, որ գան ճաշ կերցնեն, պամպերս փոխեն, ձեռքներից բռնած ման տան,- զարմանում-զայրանում է Դավիթը…
— Բայց ո՜նց, Դավիթ, երկարօրյա չլինի՞, չմնա՞ք դպրոցում մինչև ժամը 5-ը:
— Չէ՜, ո՞նց չմնանք, իմ ընկերների հետ կմնա՛նք, ամեն ինչ կանենք, ընկերներով կխոսենք, կորոշենք, լողի կգնանք. առանց դաստիարակի… Ամեն ինչի տեղն էլ գիտենք, բոլորն էլ մեզ ճանաչում են…
Էս մարդկանց հետ ոնց որ Գևորգ Հակոբյան հորեղբայրը խորհրդատվություն է անցկացրել…
— Բա ընկեր Մարինեն ի՞նչ անի այդ ժամանակ…
— Թող ընկեր Մարինեն էլ կողքը՝ հյուրատանն աշխատի, հանգստանա, իր գործերն անի…
— Բա ինչո՞ւ կողքը, ինչո՞ւ այդ նույն բաներն իրենց տանը չանի…
— Որ հանգիստ լինի… մեզ համար… Հեռու եղավ, պապ, սիրտը չի դիմանա, կանհանգստանա… Մեզ ուրիշ դաստիարակ պետք չի: Մենք խմբում խոսել ենք…
Նոր դպրոցի երկարացված օրվա խումբը մոտակա այգում է:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Ինքնուրույնության-ինքնավարության-փոխօգնության-ինքնակարգավորման-նախաձեռնողականության զարգացում՝ բոլոր ուղղություններով, բոլոր տարիքային խմբերում, հեղինակային մանկավարժության ծրագրերի ողջ կազմակերպմամբ ու բովանդակությամբ… Կոչե՞ր են մնում. սրանց արտացոլումը կտեսնե՞նք հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ստեղծագործական հավաքում, այսօրվա մանկավարժական սեմինար-պարապմունքում… Նախագծային ուսուցման զարգացումը՝ ձևականության (ցուցանակայնության) հաղթահարումը, ինքնակրթության՝ որպես սովորողի և ուսուցչի առաջատար ուսուցում, անհատականության դրսևորման ու զարգացման բարենպաստ միջավայրի շարունակական ձևավորում-զարգացումը անհնար են առանց, կրկնում եմ, ինքնուրույնություն-ինքնավարություն-փոխօգնություն-ինքնակարգավորման-նախաձեռնողականության զարգացման հետևողական-համերաշխ ընթացքի…
Առավոտյան ընդհանուր պարապմունք Գեղարվեստի դպրոցի տանիքում:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:
— Իսկական կրթահամալիր է Բլեյանի դպրոցը, ես չգիտեի… Հետաքրքիրն այն է, որ տեղավորվել-տարածվել եք Բանգլադեշում…
Քոլեջ հասած ճիմապատող վարպետները խոսում էին բարձրաձայն, ինձ լսելի, ինձ համար… Շատերի առաջին ծանոթությունն է կրթահամալիրի Բանգլադեշի հետ… Ես գովեստների չեմ տրվում. իմ ականջները խցվում են… Բայց ինտերվյուի՝ որպես գնահատաման գործիք, որևէ հնարավորություն բաց չեմ թողնում: Ի՞նչ ասել է իսկական կրթություն, «հետաքրքիրն» ի՞նչ բովանդակություն ունի…
— Ձեր երեխաները, ուր եղանք, իրար մասին գիտեն և ուրախանում են… Ճիմով, մեր գործով հետաքրքրված են, իրենցն է, հասնող են, օգնող… բարեկիրթ են… ոնց որ մեծ ընտանիքում ապրեն՝ սևանցու մեծ գերդաստան…
Իրոք, Քոլեջի սովորողներն այնքա՜ն արագ ու համերաշխ արձագանքեցին «արտակարգ պատահարին»՝ փողոցում մնացած մեկ լիքը մեքենա ճիմին, որ… Օրվա վերջում, ժամը 8-ին, երբ ես ու Վահրամն անցանք Քոլեջով, փողոցի երկայքնով ողջը ճիմապատ, խնամված, ջրած... Իսկ թաղի տղաների մի խումբ՝ այգեպան Գևորգի ղեկավարությամբ, հսկում էր… հանկարծ մի ճիմ չպակասի… անկպնել չմնա… Միասին նայում էինք անհետացած ճաղավանդակների եզրաքար-բետոնե պատնեշներն անցյալ դարձրած ճիմապատ-երկար լանջերին՝ Քոլեջի հարավարևելյան ճակատի ո՜ղջ երկայնքով… ու այնքա՜ն հարազատացնող ապրումակցություն կար ծանոթ-անծանոթ մարդկանց խմբում… Այսպե՞ս է առաջանում դպրոցը որպես հանրային տարածք ու դառնում բաց հասարակություն ստեղծող…
Դպրոց-պարտեզում քանդակի օրվա պարապմունքի արդյունքում:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:
# 783