Արագածից իջածի փորձով եմ ասում։
Լեռներից հեշտ չեն իջնում առօրյա, որքան էլ ես անցումների մարդ եմ հայտնի… Տպավորություններն էլ հետը՝ ինչ ուսապարկում խցկել էի, երեկվա գրում, որպես տեղեկություն, փոխանցեցի, հասա՞վ… Ուսապարկն իմ դրված է նույն տեղում՝ մեր տան միջանցքում, մեծ հայելու տակ. Արմինեին ասել եմ՝ չկպչես։ Դավիթն ասում է.
— Իմից ծանր է, բայց ես սրանից բարձր եմ,- ու չափվում է…
Շտապելու հարկ չկա, թեև դիմացներս, ըստ օրացույցի, բան չմնաց, 2016-ի հոկտեմբերի 1-2-ին ուսուցչի տոնին ո՞ր բարձունքից ենք հիանալու Հայաստան աշխարհով, ինչո՞վ ենք իրար շնորհավորելու… Ո՞ր բարձունքից ենք տոնականություն հաղորդելու մեր մասնագիտական օրվան… 2015-ի կապանյան շրջագայության Խուստուփով շշմածությունը կարողանալո՞ւ ենք հաղթահարել, նորով լրացնել, կրկնելո՞ւ ենք… Իսկ ընթացքի մե՞ջ են «Բարձունքի նվաճում» նախագծով գագաթներ տանող խմբային արահետների հայտնագործումները…
Դավիթ Բլեյանը, որ երեկ Կրթական շքերթում էր՝ Մարմարյա սրահում թե իր Դպրոց-պարտեզով Բախշյան այգում, տանը վերջապես բաց է թողել Կարմիրշալյան Ալեքսի ձեռքն ու իր տպավորությունները մեզ է փոխանցում ակամա պոկվող երգի մեղեդիների, հնչած տեքստերի խոսքերի, պատասխանների, նմանակումների տեսքով… Ու ամեն ինչ, մեկ է, ընկեր Մարինեի շուրջ է, Մարինեն մեր տան մշտական անդամն է. ի՜նչ հեշտ է, հարազատ-ընտանեկան մեր միջավայրը դրանից, նոր անդամից շահել է… Ես էլ, Արմինեն էլ սիրում-գնահատում ենք, ուրախանում Մարինեով… Պատկերացնում եմ՝ որքա՜ն բարդ կլիներ այլ դեպքում։ Ես, մենք արդարացի բծախնդրությամբ մոտեցանք 2016-2017-ի հինգ-վեց տարեկանների բոլոր տասնմեկ ուսուցիչների, հիմա նաև ուսուցիչների օգնականների ընտրությանը…
Կրթահամալիրի 5-6 տարեկանների միասնական կրթական շքերթը Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Երեկ Ազիզխանյան Լիլիթի հետ հրապարակեցինք ընդունելության պաշտոնական արդյունքները…. 252 հինգ-վեց տարեկանները, ավագ դպրոցի սովորողի կողմից ընտրության իրավունքի նկատելի ընդարձակումը, այդ թվում` դասընթացի և ուսուցչի ընտրությունը, որքա՜ն ուրախություն ու հոգս են բերում՝ սիրելի-լուծելի հոգսեր… Իմ ասածը վերաբերում է հինգ-վեց տարեկանների մեր ստեղծած ուսումնական աշխարհի ամեն ինչին՝ սկսած Հռիփսիմե Առաքելյանի ու Անահիտ Հարությունյանի վեց տարեկան սաների՝ Մեսրոպ Մաշտոցի Օշական երեկվա այցից… Ոչ ոքի ու ոչինչ մի՛ խնայեք, որ հերոսները մեր իրենց բարձունքի ճանապարհով անցնեն, լսո՞ւմ եք: Դրանք առաջնահերթ են ոչ միայն ինձ համար… Պատմե՛ք, ու ամեն ինչին նայեք նրանց աչքերով, նրանց ընկալմամբ գնահատեք… ամեն ինչ… Ձեր Տիարից սկսած… Դրա համար չի կարելի որևէ ձևով Կրթական շքերթը կապել իմ ծննդյան օրվա հետ։
Քառագագաթ Արագածից հենց նոր իջած մարդու-մարդկանց մասի՞ն եք խոսում, որ ամեն մի գագաթից տեսել է բազում նոր աշխարհներ, խոսեք… Քառաբազմագագաթ Արագածից նոր իջածի մասին՝ կարելի է, ում ծննդյան տորթը՝ դեղձ, բենգալյան կրակներով, ընկերները կարողացան վառել Հայաստանի ամենաբարձր կետում՝ 4096 մ-ի վրա… Վառեցին, ու փչեցի… Իսկ սեպտեմբերի 4-ի իրիկունը մրգային տորթի մոմերն այդպես էլ հնարավոր չեղավ վառել… Այդպես, շփոթված-հուսահատված Դավիթ Բլեյանին վաղուց չէի տեսել, ախր ամբողջ օրը պատրաստվել էր դրանք փչելու։ Լավ է, որ հորեղբայր Ստեփանը հնարամիտ լուծումը գտավ. Դավիթը սկսեց ջահերի լույսերը փչել, ու դրանք հանգան…
Ընտրությամբ գործունեության մարզական ակումբը նետաձգարանում. Հիմնական դպրոց, 5-րդ դասարան։
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:
Ինձ զբաղեցնում-ուրախացնում են մեր պարտեզապուրակային նախագծերը՝ սեպտեմբերյան հանդերձանքի լուծումներով… Ձեր աչքի առաջ կանաչող լանջերը շարվում են մեր Մետաքսի ճանապարհով. Բ-4-ի դպրոցից հասան, անցան Նոր դպրոցով ու հիմա Քոլեջում են, վաղը կվերադառնան Գեղարվեստ ու Մայր դպրոց, որտեղից սկսվեցին… Երեկ օրվա վերջում ես կարճատև առերեսում ունեցա մեր պարտիզպան տղաների հետ… Որքա՜ն բան է փոխվել մեր աշխարհում. երիտասարդ-ինքնավստահ-կարող պարտիզպան այրերի ինչպիսի՜ խումբ՝ նրանց հետ ու նրանց մեջ՝ Արեն Շահնազարյան նկարիչ-տեխնոլոգը, Խորեն Հազարումյան ագարակատերը, Էդուարդը՝ հայտնի հարևան-բնակիչ, հիմա մեր աշխատողը, մեր բարձունքը մաքրող հերոսը՝ Աշոտ Խաչիկյանը՝ Սեյրան Ավագյանին շարունակ հիշեցնող ազգականը, Էդմոնդ ու Բաբկեն Փաշինյանները, որ Լոռու աշխարհի պարզությունն են մշտապես ապահովում, Հակոբ ուսանողը, որ մեր աչքի առաջ առնականանում է, Գարիկը Հակոբյան, որ այս կարողությունները պիտի որ օգտագործի նաև իմ գրում այնքան արժանի ներկայացրած Հակոբյանների հայաթում, Գևորգը Ստեփանյան, որ այնքա՜ն արագ ու իրեն բնորոշ թեթևությամբ-աննկատ իր փորձն ու կարողություններն է փոխանցում, որպես փրկարար ծառայում… Աս շարքը լրացնում են Նոր դպրոցի պարտիզպան պապիկը, մեր հուսալի ընկեր ավագ պարտիզպան Կարոն ու մեր ուսանող Վահեն, որ այսպիսի «աշկերտությամբ» մեր աչքի առաջ վարպետանում է։ Արմինե Թոփչյանին խնդրեցի այսօր մի որոշ ժամանակ անցկացնել մեզ կանչող այս աշխարհում… հնարավոր է, որ իմ հայացքն այս գունեղ արագածյան ակնոցի տակ է, ու համառորեն դուրս չի գալիս…
Կրթահամալիրի Նոր դպրոցի, Քոլեջի կանաչող պարտեզ-պուրակներն ու գործի կազմակերպիչները:
Կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի, Դպրոց-պարտեզի կանաչող պարտեզ-պուրակներն ու գործի կազմակերպիչները:
Իմ օրվա մեջ ես լրացուցիչ ժամանակ եմ գտնում՝ Ագարակի-ձիանոցի ամբողջացման, ձիավարժանքի կանոնավոր մեկնարկն ապահովելու… Ա՜խր, այնքան գործ կա. մի՛ նայեք, էդ շնորհավորանքներով ինձ չե՛ք խաբի. ձե՛ռք գցեք, ընդառաջ եկեք Տիարին. ամենակարող օծելու ճանապարհն ամենավնասն է Տիարին, նրա գործին… Այս՝ բարձունքում գտնվողի ու միշտ բարձունք հավաքողի գործը ընկերով են անում, որ հար բարձունքում լինի… հարգելի գործընկերնե՜ր…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 782