Յուրա Գանջալյանն ինձ իմ օրագրի ընթերցողի առաջ սևերես չարեց։ «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ համագումարում Ֆրանցիսկոս պապի ուղերձը ամբողջական հայերեն թարգմանելու իմ խնդրանքը նա իրականացրեց իրեն բնորոշ մասնագիտական բարեխղճությամբ։ Ի՜նչ լավ է, որ իմ օրագիրը, ինչպես մեր մեդիան, երկկողմանի աշխատում են հայոց ճանաչելիության համար. մի ուղղությամբ սեբաստացի սովորող-ուսուցիչ շարունակ ու օպերատիվ, որպես ուսումնական աշխատանք, հայերեն են դարձնում առաջադեմ արդիական ու դասական բազմալեզու տեքստեր, մյուս ուղղությամբ ստեղծում նաև այլալեզու ընթերցողի պահանջարկ ունեցող մանկավարժություն։

Մի այլ բան է Ճշմարտությունը: Սիրելի երիտասարդներ, մենք այս աշխարհ չենք եկել «բուծվելու», թեթև ապրելու, մեր կյանքը քնելուն հարմար բազմոց դարձնելու: Ո՛չ, մենք այլ բանի համար ենք եկել՝ հետք թողնելու համար: Շատ տխուր է կյանքով առանց որևէ հետք թողնելու անցնելը: Երբ մենք հեշտն ու հանգիստը, հարմարավետությունն ենք ընտրում, շփոթում ենք երջանկությունը սպառողականության հետ, վերջում շատ բարձր գին ենք վճարում՝ կորցնում ենք մեր ազատությունը:

Շարունակեմ մկրտությամբ ճամփորդության մասին իմ գիրը․․․ Հատկապես, որ երեկ Գեղարվեստի մեր տանը իմ ամենանոր, ասել է թե՝ ամենակարևոր, սանուհու՝ Օլյա-Մարիամ Մանդալյանի մեռոնից հանելու արարողությունը կայացավ․․․ կարգով։ Ինչպե՞ս նաև մկրտության արարողության, որ մեր եկեղեցական ծեսերից ամենամատչելին է, բազմակի ընտանեկան-գործածականը, ոչ միայն սոսկ ներկան, այլև մասնակիցը լինես, այնպես, որ զգաս աղոթքների և շարականների թե աստվածաշնչյան ընթերցումների, թե քարոզների մխիթարիչ ու զորացուցիչ ազդեցությունը․․․ Պիտի երգվի-հնչի՞ շարականն ու լսվի-ընկալվի՞ աղոթքի ծիսական տեքստի սրբարար բովանդակությունը․․․

Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի։

Իմ սեղանին է երկար ժամանակ Մաշտոց-ծիսարանը, «յորում աւանդին սրբազան արարողութիւնք ազգիս ըստ սահմանադրութեան սուրբ եկեղեցւոյս հայոց․․․». ես պարբերաբար թերթում եմ այս կանոնների ու կարգերի ժողովածուն գործնական մտահոգությամբ՝ մեր ներկա կյանքի պայմանների ու հասկացություններին համաձայն, արարողության կոնկրետ ներկա անձին մասնակից դարձնելու։ Ահա աղոթքների ընթերցումների բնագրերը՝ գրաբար ու աշխարհաբար, կողք կողքի, ընթեռնելի, ահա այս Մաշտոցի մեջ գտնվող շարականները և երգերը՝ նոտաներով ու բառերով․․․Հնարավո՞ր է սրա հաղթահարումը-յուրացումը առանց կրթության, միայն ընտանեկան ավանդույթով փոխանցելու միջոցով, սոսկ եկեղեցու, նրա սպասավորների ջանքերով․․․Ինչպե՞ս մարդու ստեղծած, մարդուն ուղղված այս ծիսարանը դառնա մարդունը, այնպես, որ ազդի-փոխի․․․ կարելի՞ է մկրտություն իրականացնել կենդանի երգեցողությամբ, երբ ծեսին մասնակցում է պատրաստված ուսուցչական-ծնողական վոկալ խումբը․․․ Ավելի հեռուն որ գնանք, պիտի հասնե՞նք երաժշտությանը, որպես հոգևոր կրթության մաս,  որի ցուցանիշը պիտի լինի ծեսի յուրացումը, նրա կենդանացումը եկեղեցական երգի, շարականի կատարման-տարածման միջոցով․․․ Թե՞ ես ոգևորվեցի․․․ Նույնը և ընթերցանության դեպքում․ ե՞րբ, ինչպե՞ս մաշտոց-ծիսարանը դառնա ընթերցարան․․․ թե՞ հանրակրթությունը պիտի շարունակի չտեսնելու տալ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու տոնացույցը․․․

Դավիթն իր գնած փոքր լողավազանում։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Ճամփորդությամբ ծեսին գրավչություն հաղորդելով՝ մենք ներառական ենք դարձնում այն, ընդարձակում, ունենալով և գավիթ-նախասրահը*, ապահովելով նաև ինքնուրույն, քայլող երեխաների մասնակցությունը․․․ Մեր յոթ տարեկան դարձող Սոնայի և հինգ տարեկան դարձող Դավթի մասնակցությունը միայն թեթևություն հաղորդեց քայլարշավին․․․ Հենց ծեսը, ինչպես հասարակական, ժողովրդական կյանքի երևույթները, բնական, միասին ապրելով են փոխանցվում։ Անկախ ծեսում իրենց վարքից, իրենց հարուցած բնական դժվարություններից, երեխաները մասնակցությամբ են ընկալում։ Պիտի շատ լինեն երեխաները ճամփորդելիս, շրջագայելիս։

Սևանի «Ժայռում» Հիմնական դպրոցի ճամբարն է։
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի։

Պիտի առաջանա՞ն մեր աշխարհիկ կյանքում հոգևորի միջուկով նոր ծեսեր, արարողություններ․․․ ինչպես գրաճանաչության ծեսը․․․ Ժամանակին բոլոր գրաճանաչ դարձած մեր վեց-յոթ տարեկանները իմ նախաձեռնությամբ-առաջնորդությամբ միասին տպավորիչ այցելություն էին կատարում Օշական, և Օշականի ձորում, լճակում նրանց թափառումների ճիչը, ծնողների-ուսուցիչների ձայները ուրախության-շնորհավորանքի, միասին կատարվող երգերը, տկլոր-ջրով, Մաշտոցի գրով-հոգևոր երգով մկրտվածների խորհրդավոր հացը անջնջելի հետք են թողել․ միայն ի՞նձ վրա․․․

Մեր կյանքն ամբողջությամբ պատնեշավորված է ոչ միայն հասարակականի և ընտանեկանի․․․ Ով ինչպես կարող է, որտեղ կարող է՝ իր պատնեշը դրել է․․․ Ի՞նչ և ինչո՞ւ պիտի փոխվի մեր կյանքում, եթե շարունակենք այսպես ապրել, եթե չենք գնալու պատնեշների վերացման ճանապարհով։ Այո՛, ես հիմա դրանով էլ զբաղված եմ, ինձ հետաքրքրում է բոլոր տեսակի պատնեշների քանդումը, հանրային տարածքների ստեղծումը, անձի-խմբի ու հանրայինի միասնական տարածքում հարաբերությունը՝ համակեցությունը… Լսո՞ւմ ենք Ֆրանցիսկոս պապին, որ երիտասարդներին ասում է.

Քաջություն ունեցեք սովորեցնելու մեզ, որ ավելի հեշտ է կամուրջներ կառուցել, քան պատեր: Եղբայրության արահետով գնալու մարտահրավեր նետեք մեզ: Կառուցեք կամուրջներ…

* Եկեղեցին ունի եռամասնյա կառուցվածք՝ Սուրբ խորան, որտեղ հաստատված է Սուրբ սեղանը, սրահ կամ այն վայրը, որտեղ հավատացյալները իրավունք ունեն մասնակցելու Սուրբ պատարագին, և գավիթ կամ նախասրահ, որտեղ պատարագի ժամանակ հավաքվում են անհավատները, թերահավատները, հեթանոսները։
Աղբյուրը՝ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանի «Տաճարի խորհաբանությունը»

#749

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Թավշյա հեղափոխություն չի լինում»․ հեղափոխություն՝ չբերած թավիշով․․․

«Իմ վաղեմի երազանքը հիմա տեսում եմ Ձեր և Ձեր հրաշալի Կյանքի դպրոցի մեջ։ Սա Աստծո օրհնությունն է»։ Քանդակագործ, պոետ, լրագրող, պրոֆեսոր, գրող, ուսուցիչ, չորս երեխաների հայր Մասիմո Լիպիին՝ Ֆլորենցիայի հետ

Գիր` պատառիկներով հանգստյան օրերի

Տանն ենք ցերեկով, Աստղիկը իր կաթը կերավ, քնեց ծնկներին մայրիկի, Դավիթը բազմոցին, հանկարծ խոսեցնում է իր հեռախոսի մեջ մտած Արմինեին․․․ — Մա՜մ, վայելո՞ւմ ես հեռախոսդ, փոքր ժամանակ բջջային հեռախոս չի

Բան քեզ ի հաճոյս… Գտող զիս արա…

Օրը՝ 2016-ի սեպտեմբերի 15-ը, սկսում եմ որպես ընդհանուր պարապմունք՝ առավոտ լուսո ժամը 5-ին: Շնորհակալ եմ Մարինե Մկրտչյանին ու… Ներսես Շնորհալուն: Ի՜նչ աղոթք է «Առավոտ լուսո»… Առաւօտ լուսոյ, Արեգակն արդար, Առ