Հետո` նորից դաշտեր, այս անգամ՝ Հրազդանի ավազանի: Մի միկրոավտոբուս սովորողով և ուսուցչով մենք Չարենցավան-Արզական-Բջնիով՝ Հրազդան գետի ընթացքին հակառակ, շարժվում ենք Հրազդան գետի կիրճով, ընթացքի մեջ ենք, դեպի վեր, դեպի գետի ակունքներ…

Ինձ հարցնում են՝ ինչի՞ց եմ զզվում… Ոչնչից, բացի զզվանքից՝ այն զզվանքից, որ իբր թույլ չի տալիս, որ տեսնես, մոտենաս ու մաքրես աղբը` վանքից ներքև, վանքով մինչև մոտակա սարի պռնկից սկիզբ առնող աղբյուրը… Սոլակցիների Սրբի ուխտի՝ Սուրբ Աստվածածնի տոնի օրն եմ տեսել ու ձեզ պատմել եմ Սոլակից դեպի Սուրբ ձգվող ուխտավորների շարքի մասին… Ահա և վերջին ուխտի հետքերը… Մարդու սուրբն է, իր սարն ու ձորը, Աստվածարար է բնությունը, որպես իր աղբյուրը այս պարգև, և խոզությունը չունի բացատրություն… Մի´ թափիր, ձեռքդ կոտրվի, սա քո Սուրբը չէ՞, հավաքիր մի տոպրակի մեջ առաջացող աղբը, տեղափոխիր… Բայց ո՞ւր տանի… Սոլակ գյուղը բարձունքում է, ու Սուրբի ճամփից (շարունակ դու բարձրանում ես, ինքը քեզ տեսանելի է դառնում քո ափի մեջ) երևում են քարափներից իջնող աղբի շերտեր` կախված աղբանոցներ… Իսկ այս աղբը մաքրելուց մարդը զզվում է… Ինքը չի թափել, ուրիշի թափածը եսիմ ինչ է, քաք է, ինքը զզվում է… Մաքրի՛ր, եղբայր իմ, ի՞նչ կա զզվելու, ոգևորված մաքրիր, քեզ բաժին է ընկել բնության մի կտոր վերադարձնելու քեզ, արարի՛ր կամ վերարարի՛ր բնությունը քո, հետո այդ աղբրի ջրով լվացվի՛ր, մաքրվի՛ր, ա՜յ, հիմա իրավունք ունես, նստի՛ր, նայի՛ր ունեցածիդ-ստեղծածիդ ու վայելիր… Ջուր խմիր, մի կտոր հաց կեր, հիմա դու կարող ես, դու մարդ ես, անասուն չես… Ուզում եմ, չեմ ուզում, ի՞նչ ցանկություններ են, մաքրի՛ր ու վերջ, ծպտունդ չլսեմ, անընդհատ մաքրի՛ր, որ միշտ մաքուր լինի… մաքրի´ր մինչև կչքվի վերջին թափողը. քո գործը մաքրելն է: Այո՛, կան խոզեր, բայց դու խոզ չես, լսո՞ւմ ես… Մեզ հետ էր Գեղարվեստի ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների մի խումբ, շատերը այլ դպրոցներից եկած: Հետաքրքիր է` ի՞նչ ստացան նրանք իրենց հայրենագիտական-բնապահպանական առաջին մկրտությունից…

Իմ օրագրում Հրազդան-Զանգուն ավելի ու ավելի կարևոր տեղ է զբաղեցնում. ոչ պատահական, ոչ էլ գրելու նյութս վերջացել է, նեյնիմ եմ անում: Հետևե՛ք իմ օրագրին ու կմասնակցեք Հրազդանի կիրճով , Սևանից մինչ Արաքս, Արաքսից մինչև Սևան յուրաքանչյուրիս ուսումնական նախագծի իրագործման ընթացքին: Ես առավելագույն հետևողական ջանքեր կգործադրեմ, որ ամեն մի սեբաստացի, որտեղ էլ որ լինի, ճանաչի մեր ջրի այս ավազանի-կասկադի խնդիրները, մասնակցի դրանց լուծմանը: Ախր այսպես, համոզվեցինք նորից, չի կարելի, սա տիրոջ վերաբերմունք չէ…

Մեր մեկօրյա այս ճամփորդությունը մի քայլ է Էկոտուր 2015-ի նախապատրաստության շրջանում: Ինձ հարցնում են` Էկոտուրը ապրիլին է, չէ՞… Էկոտուր 2015-ի մեկնարկը տրված է, ընկերնե՛ր, որքան էլ Էմանուել Ագջոյանը՝ Էկոտուր 2015-ի կազմակերպիչ տնօրենը, փութաջան հարսանյաց պատրաստությունների մեջ է… Առանց անձնական-խմբային հայտերի, առանց այդ հայտերով ուսումնահետազոտական-ճանաչողական նախապատրաստական աշխատանքների՝ ի՞նչ Էկոտուր, ի՞նչ ապրիլ…

Սոլակի Սուրբ տանող ճանապարհը, բարձունքի նվաճումը, մեր ուխտը դեպի Մայրավանք…. Եկեղեցի առանձին մի թև է մեր ճամփորդության մեջ. Կարինե Պետրոսյանից լավ, այս ճամփորդության մասին ո՞վ կպատմի՝ Սոֆյա Այվազյանը, Քնարիկը, Մարիետը, իհարկե՝ Տաթև Աբրահամյանը, որ տեսեք՝ ի՜նչ շնորհքով պատրաստել է այս ճամփորդությունը մինչև Քաղսի, իրենց գյուղ, իրենց տուն… Բոլորն էլ զինված, մոբիլ, հավեսը տեղը, աչքը սուր, ու բոլորն էլ, գումարած Գևորգ Հակոբյանն ու Բջնիի դպրոցի մեր բարեկամ տնօրեն Յաշա Սահակյանը, չեն անցել Սոլակի` ներքին Զանգվի հովտից մինչև Սոլակի Սուրբ ու աղբյուր տանող ճանապարհով, աղբյուր, որը որպես առվակ սնուցում է իր փայ Հրազդանը… Այսպիսի հայրենագետ ուսուցիչների-ընկերների հետ կարելի է Հայաստանի բոլոր բարձունքները նվաճել, լինել բոլոր խոնարհված վանքերում… Ձեռքի հետ էլ կլուծվի հանրապետության աղբահանության հարցը:

Փառավոր ճանապարհ էր հետիոտն, ու փառահեղ քայլեցինք. երկու ժամ վերելք ու մեկ ժամից ավելի իծու ճանապարհ, որ մենք անցանք իծու պես թեթև՝ խաղալով-խոսելով, սքանչացած, որպես մանուկներ: Հա, ես մանկանում եմ, երբ ընկնում եմ այս աշխարհը, նոր՝ նաև ինձ համար, երբ թոթափած մայրաքաղաք-բանգլադեշյան առօրյան, սիրահարի պես աչքդ չես կտրում քո ընտրյալից, քո հարս Հրազդանի կիրճից, ու շուրջ բոլորդ Գեղամա և Ծաղկունյաց լեռնաշղթաների գագաթներն ու գոգերն են… Երևանից ընդամենը 40 կմ այն կողմ դու այլ Հայաստանում ես, այլ աշխարհում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գժության մեխանիկան մանկավարժության մեջ ու … Նազենի աստղը

Ի՞նչ եմ ուտում ես առավոտյան՝ հետաքրքրվում է օրագրի սիրելի ընթերցողը… Նախ չեմ մոռանում, ժամը 4-5-ի մոտ, մինչև համակարգչին մոտենալն ու իմ՝ Աստծու պարգև աշխատանքային օրը սկսելը (փառքդ շատ, Տե՜ր Աստված)

Ինչ կարդաս օգոստոսյան կիրակիով, որ վայել ու հարմար լինի, երբ…

Երբ չինացիներն ամենուր են՝ օդում, ջրում, ցամաքում… մեդիայում… Չինաստանից ու չինացիներից ամեն բան սպասում եմ. ինչե՜ր են անելու մեր ու մեզանից հետո եկողների գլխին, մենակ իրենք գիտեն, մեզ մնում է

Բացե՛ք մեր-ձեր ճանապարհներն առ Արարատ

«Իմ հայրիկը շատ լավ գիտի Արարատին»,- «Իմ թևավոր Արարատ» նախագծի ղեկավարի՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի Անուշ Աթայանի երկրորդ դասարանցի Հովհաննես Կարապետյանի հայրիկի մասին է խոսքը… Ինչպե՞ս կարելի է լավ իմանալ Մասիսին…