Ես խոստացել էի ու հրապարակում եմ նոր ուսումնական նախագիծ. «Արարատին, Արագածին նայող դիտակներ»… Սկսենք կրթահամալիրի մեր Բանգլադեշից: Հիմա դուք իմացաք ճշմարտությունը Գեղարվեստի դպրոցի տանիքի մասին. դպրոցն ունի Արարատին նայող ընդարձակ, հանրային (բաց) դիտարան… Պիտի մտածել հատուկ սարքերի՝ դիտակների, հեռադիտակների մասին… Պատկերացրի՞ք՝ ինչ ազնիվ շարժում է սկսվում քաղաքում… Գնանք Գեղարվեստի դիտարան, Արարատի հետ լինենք…

Իսկ Մայր դպրոցի դիտարանի գործն էլ թող Առնոլդ Բլեյանը մտածի. ի՞նչ մարզամշակութային կենտրոն, ի՞նչ Մայր դպրոց (Առնոլդը սիրում է կարճել. «ես մայրում եմ»)՝ առանց հանրային դիտարանի… Տեսեք՝ ո՜նց կհարստանա, յուրահատուկ կդառնա իմ օրագրում հայտարարած ֆոտոպատում-ստուգատեսը՝ «Հայացք Արարատին, Արագածին իմ դիտարանից» ձեր ֆոտոշարքերով։

«Մայրից» տուն հայրենապատում ճանապարհին «Հաղթանակի» կամրջից անց ստիպված ենք ոչ թե ուղիղ, այլ ձախ թեքվել. Մաշտոցի պողոտա տանող թունելն էլ է խցանված. ստիպված ենք Կոջոյանի դպրոցի փողոցը մտնել… Մինչ այդ կամրջից Դավթի հետ դիտում էինք Զանգվի բացվող կիրճը, մյուս ափին՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցին…

Պարզվեց, որ Դավիթը շարունակում է հետևել կիրճին, եկեղեցուն, հիմա, երբ թեքվեցինք կամրջից ձախ ու փողոցով առաջացանք, Դավիթը կանչեց բարձր. «Հայրիկ, եկեղեցին մտավ շենքի մեջ»: Այս երկար, աղեղի նման ձգվող բնակելի շենքը՝ Զանգվի կիրճի վրա, ինչպես Աբովյանի փողոցի վրա տնտեսագիտության ու լեզվի ինստիտուտի շենքն էր ժամանակին, հենց այդ նպատակով են սարքել՝ ծածկելու համար եկեղեցիները՝ Սուրբ Սարգիսն ու Սուրբ Կաթողիկեն… Իհարկե, ճիշտ էր բացելը, որքան էլ որ ակադեմիական շենքն Աբովյանի վրա պատահական շինություն չէր, կարելի էր բացվածքի հարցն այլ կերպ լուծել… Հետո պարզվեց, որ շինարարական հրապարակ են բացում Վեհափառի երևանյան նստավայրի համար, կառուցվող Սուրբ Աննա եկեղեցու համար… Եթե անգամ այդպիսի նստավայրի անհրաժեշտությունը կար, այն կարո՞ղ էր տեղադրվել Զանգվի կիրճի երկայնքով, դեպի Արարատ-Արագածը նայող որևէ հարթակի վրա…

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը՝ վարպետ Ռաֆոն, ինչպես մեծարում էին ժամանակին շինարարները, Երևանի արագ կառուցապատման շրջանում՝ 60-70-ական թթ, քաղաքի բուռն կառուցապատման տարիներին հիշեցնում էր չմոռանալ դեպի Արարատ, Արագած դիտակների մասին, չզրկել երևանցուն իր գլխավոր դիրքային աստվածատուր առավելությունից, որ այս դեպքում կարող էր ու պիտի շնորհ դառնար… Եթե կառուցապատվող Երևանը նայեր դեպի Արարատ ու Արագած, եթե այն ձգվեր Զանգվի կիրճի աջ ու ձախ երկայնքով, աջ ու ձախ փեշերով, բլուրներով, Զանգվի աջ ու ձախ բազում կամուրջներով, մարդկային անցումներով, մենք այսօր ուրիշ քաղաքում կապրեինք… Փորձեք հիշել, թե վերջին անգամ երբ եք եղել Զանգվի կիրճում, ինչ առիթով, ու ամեն ինչ պարզ կլինի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Чувство притяжения горой

Երեկ, օրինակ, շատ փոշմանել եմ, որ չեմ մասնակցել Գեղարվեստի տանիքի առավոտյան պարապմունքին. ա՜յ հավես, հունիսյան առավոտը՝ տանիքում, դպրոցի հետ, դիմացը՝ Մասիսը… ինչպես երեկ՝ ժամը  7-ի 8-ի արանքում, երեկոյան հեծանվով Մեդիայից

Գժության մեխանիկան մանկավարժության մեջ ու … Նազենի աստղը

Ի՞նչ եմ ուտում ես առավոտյան՝ հետաքրքրվում է օրագրի սիրելի ընթերցողը… Նախ չեմ մոռանում, ժամը 4-5-ի մոտ, մինչև համակարգչին մոտենալն ու իմ՝ Աստծու պարգև աշխատանքային օրը սկսելը (փառքդ շատ, Տե՜ր Աստված)

Վահրամ Թոքմաջյանի և Աշոտ Տիգրանյանի նախաձեռնությունը

Վահրամ Թոքմաջյանի և Աշոտ Տիգրանյանի նախաձեռնությունը՝ հոկտեմբերի 24-26-ին Սյունիքում իրականացվող «Դավիթ-Բեկ և Մխիթար Սեբաստացի» ուսումնական նախագիծը։ Իմ դրած անունն է, հավան չեք՝ փոխեք։ Տեսեք՝ ի՜նչ աշխարհագրություն է՝ Զորաց քարեր, Անգեղակոթ, Գորիս, Դավիթ Բեկ,