Հազիվ էլ հասցնեմ ավարտել այս օրվա (կիրակի է) իմ գիրը ու ժամը 08:00-ին, Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Շուշի ճանապարհեմ կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների և նրանց ուսուցիչների խմբին: Կերպարվեստի, կինոֆոտոյի և երաժշտության ընգծված հետաքրքրությամբ տասնութ սովորողներ՝ նկարիչ Արման Գրիգորյանի, քանդակագործ-դիզայներ Արա Թարզյանի, օպերատոր Սուսան Ամուջանյանի և մեր երաժշտական լաբորատորիայի ղեկավար Կարեն Խաչատրյանի (Կայ) հետ կշարունակեն անցյալ տարի մեկնարկած «Ավերակները շշնջում են» կենսամշակութային արշավը: Ուսումնական նախագծի մեր գործընկերը՝ Շուշիի քոլեջի երիտասարդ ղեկավարը, իր նույնքան երիտասարդ դասավանդողների հետ, երևում է՝ ոգևորված է այսպիսի հնարավորությամբ: Օրեր առաջ Երևանում համատեղ սկսած ստեղծագործական աշխատանքի շարունակությանը հետևենք մեր սովորողների և ուսուցիչների բլոգներում, մեր mskh.am-ում:

Սրանից առաջ Ստեփանակերտի թ. 8 դպրոցի հետ մեր Ավագ դպրոց-վարժարանի և Արհեստագործական դպրոցի համատեղ նախագիծն էր` էլի ավանդական-ամենամյա: Էլի մեր 24 պատանիներ  իրենց ուսուցիչների հետ անցան Քարվաճառով, Խաչենի հովտով մտան Ստեփանակերտ և ստեփանակերտցի հասակակիցների հետ, զինվորականների ծրագրով ու աջակցությամբ կրկնեցին «Հարսանիք լեռներում» Շուշիի գրավումը, ինչպես 1992-ին:

Օգոստոսի 2-ից կրթահամալիրի ավագ դպրոցների միասնական, վաթսուն հոգիանոց ջոկատը երրորդ անգամ կմասնակցի Արցախի Նոր Այգեստան գյուղում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին: Լավ է, որ Արցախ-Հայաստան համատեղ նախագծերում  ունենք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությունը: Մասնակիցների անվտանգ տեղափոխումը (մեկնումը` Վարդենիսի լեռնանցքով, Թարթառի կիրճով, վերադարձը՝ Քաշաթաղով, Հին Խնձորեսկով, Գորիսով) էական նշանակություն ունի մեր ուսումնական նախագծերի մատչելիության և ամբողջականության համար:

Հուլիսին Արցախի Մարտունու Ճարտարում, ճարտարցիների նախաձեռնությամբ,  համատեղ կգործի մեր միջին դպրոցի հայրենագիտական-ազգագրական նախագիծը:

Ուսումնական այս նախագծերը  ոչ միայն ճանաչողական են: Արցախի կրթության նախարարության գործուն աջակցությամբ իրականացվող մեր նախագծերի, կրթահամալիրի`  հարմարավետ կացարաններով կրթական փոխանակումների կենտրոնի շնորհիվ 3-4 տարվա ընթացքում հարյուրավոր արցախցի երեխաների և ուսուցիչների համար, վստահ եմ՝ անձնային-հարազատ դարձավ Հայաստանը, երևանցիների համար՝ Արցախ աշխարհը: Արցախ-Հայաստան. միասնական գործել, միասին քննարկել ու լուծել իրական խնդիրներ, միշտ պատանեկան անկեղծությամբ և ոգևորությամբ: Ստեղծողի մոբիլ դպրոցը` իր հանրակրթությամբ, նրա սովորողով, ուսուցչով ու ծնողով՝ փաստացի, կոնկրետ ու կարևոր մասնակցություն կունենա «անապագա ներկայի» հաղթահարմանը: Բոլոր կարգի մեծերս` Արցախում թե Հայաստանում, իշխանավոր թե ոչ, ազատամարտի մասնակից թե ոչ, պիտի աջակցենք հայաստանցի և արցախցի պատանիներին, որ ոչ այնքան հերոսական հաջողություններից, որքան Հայաստանում և Արցախում իրենց արժանապատիվ, ապահով կյանքը հաստատելուց խոսեն, առաջացած բարդ, մեծերիս կողմից չլուծված խնդիրները իրենց համար օրակարգային դարձնեն: Երկու բան չպիտի մոռանանք: Շարժման հենց սկզբից հայաստանցիներիս և արցախցիներիս անկեղծությունը պակասել է: Հիմա էլ շիտակության, հարաբերությունների մեջ գործնականության էական պակաս կա, ձևական—բաժակաճառային—միջոցառումային գործելաձևի ավելցուկ: Երկրորդ` իրենց կյանքն է, և իրենցն է կյանքը. ու սրանով պիտի թելադրվի և´ մեր վարքը, և´ իրենց դերակատարումը:  

Մեր «Ուսումնական ամառ»-ն իր հայրենագիտական տարրերով՝ հայրենագիտական ճամփորդություններով, մարզային ու երևանյան ճամբարներով, ընթացքի մեջ է, և ես այս թեման հետևողական կներկայացնեմ իմ Օրագրում: Մեր Դավիթը շաբաթ առավոտյան արթնացավ 6-ին մոտ, թփթփալով եկավ հայրիկի մոտ՝ «լողանամ, որ գնամ պարտեզ՝ իմ կուկուների (խմբի իր ընկերների) մոտ»: Հա˜ բացատրի, լողացրու և կրկնիր, որ շաբաթ է… Սա` չէ, «կուկուների մոտ»: Ի՜նչ լավ է… Լավ է նաև, որ համաձայնության եկանք՝ ինձ հետ գա աշխատանքի: Դավիթ ջան, մենակ հայրիկիդ ռեժիմով չարթնանաս, կիսատ չթողնես իմ այս օրագրապատումը… Ահա ինչու, ես ջանում եմ մինչև  7-ն ավարտել իմ օրվա գիրը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծիսական ուրբաթագիր․․․ ա՛յ ֆանտազիա…

— Ծիսական ուրբաթագի՞ր․․․ Ա՛յ ֆանտազիոր տիար, ֆան-տա-զի-ա՜… սո՛ւս մնա…- երգում է Դավիթ Բլեյանը առավոտով շաբաթ օրվա, ու սա դառնում է երեկվա ծիսական ուրբաթ օրվա մասին ինքնագլոր գրի առաջին տողը, թե

Մանկավարժության փորձաքարի առաջ. ինչպես լուծել խնդիրը…

Չեմ հանգստանա մինչև միասին չուսումնասիրենք Ջորջ Փոյայի հայերեն աշխատությունները՝ մեր մանկավարժության միշտ դասական ու միշտ արդիական… Ինքնուրույն ուսումնասիրման գործընթացում ձեռք բերած և սեփական սովորողների զննումից քաղած փորձի հիման վրա… –

Սովորեցնելու առաջին նախապայմանի մասին է իմ գիրը

Ցայտնոտի մեջ եմ. այդպես է միշտ, երբ իմ էլ. փոստը կես օրով-մեկ օրով բրախում եմ, մեր Նունե Մովսիսյանի պապի հորդորով՝ ա՛յ տա, բրախի՜, բրախի՝ թող գնա… Չի գնում, մնում է,