Երևանյան քննչական մեկուսարանը և հիվանդանոցը բանտի են նման՝ յուրահատուկ հոտով գաղջ (չօդափոխվող), երկա՜ր ձգվող միջանցք՝ ձախ ու աջ կողմերում՝ դռներով խուլ, խցերով… Պառկի, հիվանդ ես, կալանավոր ես, պառկի-նստի-ընդունի…
— Մենակ թե շուտ դուրս գամ այստեղից…,- հեռանկարով-սպասումով-պայմանով… կալանավոր, թե հիվանդ, մեկ է:
Կալանավորն էլ հիվանդի նման ինքն իր վրա կենտրոնացած՝ ինքն ու իր հիվանդությունը, քրեական գործը, ավելի ճիշտ, սրանց մասին պատմությունը… Ժամերով, օրերով, տարիներով կխոսեն… Սա կյա՞նք է, բուժո՞ւմ, թե՞ պատժի-սպանության միջոց… Ինձ մտահոգողը հիմա ո՛չ բժիշկ-սպասարկող անձնակազմի որակն է, ո՛չ էլ՝ դեղերի, նույնը, իհարկե, արդարադատության մասով, այլ միջավայրը՝ ներսով-դրսով այլ ազդեցությամբ, կազմակերպմամբ…
— Դու քո մասին մտածի, կարևորը քո հիվանդությունն է (ազատությունը). դու մենակ դուրս արի՝ մենք կդիմանանք…
Ազդեցությունները, միջամտությունները, գործողությունները, դեղ ընդունելը՝ մի կողմ… Ո՞նց անենք, կազմակերպումը-միջավայրը ո՞նց փոխենք այս հաստատությունների, որ դառնան ներառական, թերապևտիկ-առողջացնող-ապրեցնող. հիվանդ-կալանավոր շարունակեն ապրել իրենց կյանքը՝ իրացնելով պատասխանատվությունը՝ գործի-հարազատների նկատմամբ, որ առողջ լինեն ու ազատ գործեն… Հիվանդանոցում թե բերդում, մի կյանք չէ՞, ու մի հասարակություն… Այսպիսի մտորումներով երեկոյան ուշ դուրս եկա իմ հարազատի հիվանդասենյակից։
Շրջանավարտների և առաջին դասարանցիների տոնական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում:
Դավիթ Բլեյանին ո՞նց համոզես, որ ժամը 9-ին մայրիկ-վարորդի հետ իջնի, մեքենան գիշերային կայանատեղիում կանգնեցնի… Ժամը 6-ի մոտերը մեր շենքին մեքենայով մոտենալ չի լինում, գժանո՜ց, Արմինեն էլ թողնում է՝ որտեղ մի թիզ տեղ ճարում է…
— Դավիթ, տղան պիտի մայրիկի կողքին լինի, հո մենակ ծիծ ուտելը չի՜, ո՞վ մայրիկին կօգնի, ես էլ վաղը-մյուս օրը չեմ լինի…
Չի ազդում.
— Հոգնած եմ… Երկուսդ էլ սխալ եք…
Ու պատմում է բարակ-երկար՝ իր բազմազբաղ օրվա մասին… Ես խոժոռում եմ հայացքս.
— Դավի՛թ, ինչե՜ր եմ լսում…
— Մեքենան թող մնա իր տեղում՝ լավ էլ տեղ է, ի՜նչ է անընդհատ փոխում, հո գնդա՞կ չի…
— Նոթբուքս է մեքենայի մեջ, հո չե՞մ կարող գիշերը թողնել, բա որ տանե՜ն իմ թանկարժեք գործիքը, իմ բոլոր նյութերը, ամառային նախագծերը մեջն են… կմեռնե՜մ…
Շրաջանավարտների վերջին պարապմունքները:
Չի գնում տղան։
— Ադրիանայի ծամակալն էլ է մեքենայիս մեջ, Դավիթ…
— Ես ո՞նց թողնեմ… Չե՛մ թողնի,- ու… տեղից վճռական վեր է կենում, քայլում դեպի դուռը…
Խորոտիկ, նոր, կարմիր ծամակալ… Այսօր են մտել խանութ։ Դավիթը հինգ հատ ծիրան է վերցրել… Ծիրան է ուզում, չի սպասում՝ հասնի, գինն էլ թունավոր չլինի, երեք հազար դրամանոց… Ուզում է, վերցնում է… Ու Ադրիանային՝ այս ծամակալը…
Մի ժամ խոսում է Ադրիանայի մասին. էլ ի՞նչ հոգնություն, քուն, անհավեսություն, բողոքներ…
— Էսքա՜ն էլ հոր նմա՞ն… Դավի՜թ, արի… Ադրիանայի հետ արի՜ քնելու,- կանչում-տանում է Արմինե մայրիկը…
Դավիթը՝ չգիտեմ, ես քնած եմ… վաղուց… Հիվանդանոցում են բանտարկված մնացել իմ մտքերը, տրամադրությունը, ուժը… Ինչպե՞ս զորանոցը-բերդը-հիվանդանոցը կյանքի բերել, ապրումի-ստեղծումի նախագծերով մարդկանց՝ կրտսերների-ավագների իրագործման… Մեր հյուրասենյակի սեղանին Ադրիանայի ծամակալն է կարմիր… Սրա շուրջ իրադարձություններն այսօր խմբում կզարգանան։
Կրթահամալիրի տնօրենի աշխատանքային շրջայց Դպրոց-պարտեզ, տնտեսություն:
Ինչո՞վ են գալիս այսօր, վաղը-մյուս օրը, մայիսի 30-ին, ողջ հունիս ինչով են գալու, մեր տարատարիք սովորողները-ուսուցիչները… Շրջանավարտները՝ մի կո՞ղմ: Ախր, ինչո՞ւ… Վերջին զա՞նգ, թե՞ տոնախմբություն-ցնծություն-քննություններ… Ի՞նչ են խանգարում քննությունները։ Քոլեջի Ավագ դպրոցի շրջանավարտների մի խումբ արդեն եկել է կրթահամալիրի կենտրոն՝ ամառային նախագծերով… Քոլեջի տղաների տասը հոգիանոց շինարարական ջոկատը կառուցման նախագծի եռուզեռի մեջ էր, երբ այսօր քննական շրջանի առաջին օրն է… Ինչպես հինգ-վեց տարեկանները լողի են պատրաստվում, Ռոքսիի քոթոթին կերակրելու, մենք «Նարեկ» երգչախմբին էինք լսում… Ես ուշադիր, խումբ առ խումբ, դասարան առ դասարան նայում եմ մայիսի 24-ի, 25-ի հաճախման հաշվառումը… Լավ կլիներ՝ այդպիսի հաշվառում անցկացվեր հանրապետությունով մեկ… Ամեն ինչ ակնհայտ է. զանգը հնչել է վաղուց… անգիրի դպրոցի. քննական կենտրոնի ու կյանքի դպրոցի միջև մենք անդառնալիորեն ընտրել ենք ստեղծումի-ապրումի անհատական խմբերով ուսուցումը… Ու գնում ենք այդ ճամփով… Բարձունքների նվաճումը կլցնի մեր՝ մայիսի 30-ից մեկնարկող ճամբարների չորրորդ, հինգերորդ, վեցերորդ օրերը… Ճամբարի երրորդ օրն էլ՝ հունիսի 1-ը, հայտնի է, որոշված… Վաղվա գրում՝ ճամբարների առաջին, երկրորդ օրվա մասին…
Կրթահամալիրի տնօրենի աշխատանքային շրջայց Հիմնական դպրոց-Նոր դպրոց-Քոլեջ-Գեղարվեստի դպրոց:
Օրագրի ընթերցարան
- Ելակի մասին քիչ հայտնի փաստեր
- Պատերազմը երեխաների ձեռքերում
- Օգտակար մթերքներ՝ շոգին դիմանալու համար
- Գտնվել է աշխարհի ամենագեղեցիկ ձին
- Քարդաշյան ընտանիքի պատմությունը՝ լիամետրաժ ֆիլմ
Լուսանկարների հեղինակ, ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 683