Ռուբեն Սևակի «Գիշերն իջավ»-ի համար շնորհակալ եմ. այսպես չէի կարդացել… Ապրիլի 24-ի օրով, իմ ժամին՝ առտու-մութուլուսի, նորից կարդացի, լսելի՞ բոլորիդ համար… Քանի՜ պտույտ արեցի բնակարանով մեր, ամեն քունջ ու պուճախ նայեցի (մերս ասում էր, որ ինձնից կոնֆետ չի թաքցվի). սպիտակ խնձոր եմ ման գալիս, որ պատումս շարունակեմ… Չգտա, չկա, մնաց Դավթի բանաններից մեկը. այլընտրա՞նք է սպիտակ խնձորին… Իսկ մասնագետները խորհուրդ են տալիս մերկ քնել: Իհարկե´: Միայն քնե՞լ, հարցնում եմ: Երբ քաղաքագետ Մանվել Սարգսյանն արձանագրում է ոչ միայն 2016-ի ապրիլյան իրողությունը, այլև 2014-2016 թթ. հայ-ադրբեջանական ողջ շփման գծով… Շփման գիծը գերեզմանոցն է… Այն անհնար է պաշտպանել… Ես աչքի անցկացրի 23.04-24.04-ի ողջ լրատվությունը… Ի՞նչ կա ասելու-գրելու-փոխանցելու այս օրերին, երբ… կարդացե´ք Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարի ելույթի մասին հաղորդագրությունը. «Ողջ անձնակազմը՝ սկսած զինվորից մինչև գեներալ, պետք է պատրաստ լինի մարտերի՝ հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման: Ի՞նչ ասենք իրար 1915-ից հայոց նոր թվագրության 101-րդ ապրիլի առիթով… Հավաքվել ենք, չէ՞. դահլիճներ, լսարաններ, երթեր, եթերներ… Մերկ ապրենք, խոսենք, գործենք, հարաբերվենք…
Շաբաթվա սեբաստացիական բուռն կյանքից մի բան թե առանձնացնեի՝ ահա, «Աշխատանքային խումբը համալրվում է» հրապարակումը երեկվա… Ես կանգնած եմ մեր Կրթական պարտեզի «հակառակորդ» կողմ հանդիսացող թիվ 181 դպրոցի 9-րդ դասարանցու՝ խումբը համալրող, բահը պինդ բռնած ու վարժ գործող Կարենի հետ: Խոսում ենք՝ նայելով իրար աչքերի, մերկ: Որքա˜ն հարազատություն զգացի: Հենց այս համալրվող խմբով էլ թող առաջիկա ուրբաթ եռօրյա այց կատարեն Սևանի «Ժայռ» ռազմամարզական–հայրենագիտական և բնապահպանական-աշխատանքային ճամբար…
«Ժայռ» ռազմամարզական ճամբարում:
Լուսանկարները` Ալինա Թումասյանի:
Եթե երեկվա կիսատ թողած նոթերս շարունակեի, պիտի պատմեի ցանկապատված ավերակում, Գեղարվեստի հարևանությամբ մանկապարտեզի երեխաների, զինվորական շորերով մեծահասակների, քաղաքացիական լսարանի հավաքի մասի՞ն… Եթե ապրիլի 24-ի այս օրերը «զաբորը» հանելու, ավերակը, աղբավայրը բարեկարգելու, հողը կորսված կյանք վերադարձնելու համար չէ, ապա ի՞նչ են տալիս այդ հագուստները, ֆորմաները, փաթեթավորումները… Այս մղձավանջից ուշքի էի գալիս, երբ հնչեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Հարթինյանի զանգը. ահազանգել են քաղաքապետին, որ մեր սովորողները քանդում են դիմացի մանկապարտեզների ցանկապատները… Ես ու Կարինե Մացակյանը կարողացա՞նք լաչառությամբ դուրս թափել ամիսներով կուտակվածը… Կեղտը տանը պահելու համար չէ, պճնանքը` որևէ ձևով կեղտը փաթեթավորելու…
Բնապահպանական ֆլեշմոբ ակցիա Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Արմինեն ձևը գտել է ապրիլի 24-ին ընդառաջ` ի˜նչ մաքրություն է իրագործել բնակարանով մեկ, ամբողջ օրը: Ես գտա այդ մաքրությունից հեծանվորդի իմ ակնոցը… Գիտե՜ի…
Ձիուց-փոշուց, Սոնայի ու Դավթի հետ Արևիկի, Տաթևիկի ու Սամվելի տանից՝ Խարբերդից, վերադառնալուց հետո շարունակություն ունեցավ օրը: Թավալվելուց հետո Դավիթը սկսեց նկարել. սկզբում միացավ Սոնան, հետո՝ Լիլիթը… Մեկ էլ Դավիթը թե՝
— Պա՛պ, կեղտերը քրքրում են ինձ…
Մտավ լողարան… Մերկության ու մաքրության երջանկության վայելքի ապրիլն է իմը:
«Կանաչ ցանկապատ» նախագծով աշխատում են Գեղարվեստում:
Լուսանկարները՝ Քրիստինե Շահբազյանի:
Բոլոր դեպքերում նորից կարդանք Ռուբեն Սևակի գողտրիկ բանաստեղծությունը:
Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղեն ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
― Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն․․․
Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ’է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
― Շշնջելո՜ւ երջանկություն:
Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
― Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն․․․
Ու կձայնե մատուռն հստակ.
― Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն․․․
#651