Հաշվեք՝ առտու թե գիշերվա ժամը չորսից գործի եմ. գրում եմ, կարդում եմ, պատասխանում եմ, հետո իննից՝ անընդհատ ձեզ հետ եմ իմ պարտականություններով, իսկ երեկ տուն մտա հեծանվով` երեկոյան ժամը ութին… Այսպիսով՝ տասներկու ժամ անընդհատ, առանց ընդմիջման… Ինչպե՞ս։ Ասեմ. երկու ցնցուղ՝ առավոտ-իրիկուն, աշխատում եմ ճամփորդելով՝ հեծանվով թե արագ քայլքով, չեմ աշխատում՝ ապրում եմ՝ հավեսով, իմ ներաշխարհում-իմ ներաշխարհով… Ու ինձ չեն շեղի, Սրբազան հայրը կասեր, դատարկ բաները՝ կլինի հեծանվի գողություն կրթահամալիրի ակումբից, թե ժամեր առաջ՝ Արմինեի մեքենայի անիվների հափշտակումը… Ու ես ռեժիմով իմ օրվա գործին եմ… Շնորհակալ եմ երեկվա օրվա համար, որ ընդունել եմ որպես նվեր, ամբողջությամբ ու մաս-մաս, իրադարձություններով լեցուն օրը…

Իմացա՞ք, Գեղարվեստի ցուցադրության և Մայր դպրոցի «Ծաղկաձոնի»՝ հայ-վրացական մեր տպավորիչ հարթակների արանքում մեր գործընկերոջ՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ» միջազգային կազմակերպության խնդրանքով հերթական խումբը այցելեց մեզ՝ կազմված միջազգային հայտնի փորձագետներից… Օրվա 13.30-14.30 միջակայքը կարծես հատուկ նրանց էր թողնված… Շրջում ենք Գեղարվեստով։ Սա աշխատա՞նք է. վայե՜լք է, ես մեկնաբանում եմ՝ քաղաքականացնում կրթության մեջ մեր կողմից արվողը…

Հայ-վրացական պարատուն:
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:

Օլյա Մանդալյանի և ծոցվոր Բուրաստանի խմբերում 2-4 տարեկանները քնած են… Իդիլա՜. իր խաղաղությամբ, անմեղությամբ, աստվածային երաժշտությամբ, չջնջվող-կայծլտացող մռութներով… Քունը մեր նախակրթարաններում մանկավարժության մեր ֆենոմենի` ինձ մշտապես զարմացնող-հիացնող լուծումներից է, բերե՛ք Մայիսյան հավաք։

Գեղարվեստի տանիքը մեր Երաժշտական լաբորատորիայի` ռոք նվագող տղաների՝ Մարտին Միսակյանի, Արբի Ավեդիսյանի և աղջիկների «Տիեզերք» խմբերի հարթակն է համերգային… Ներքին բակում հայ-վրացական տարատարիք բազմություն է՝ խանդավառ երաժշտասերներ։ Ես կիթառահար, մեր ավագ դպրոցի 11-րդ դասարանցի Մարտին Միսակյանի մայրիկի, իր տղայով համակված երիտասարդ ու ոգեղեն կնոջ կողքին եմ. քաղաքականացնում ենք կատարվողը։ Ես՝
— Երաժիշտ այսպես՝ նվագելով, կյանքը որպես երաժշտություն ապրելով, համերգներով են դառնում՝ տանիքում, Մարմարյա սրահում, կրթական պարտեզում, մեր Թբիլիսիի փողոցներում…
Մայրը՝
— Դպրոցն այսպես շարունակ նպաստում է, խթանում, որ իմ տղան, մեր տղաներն ու աղջիկները որպես երաժիշտներ կայանան… ընկերներն էլ դրսևորվեն իրենց ընտրած ոլորտներում։ Դպրոցում նրանք ապրում են։

Իսկ աղջիկները, ինչպես տիեզերքից, նոր-նոր են եկել ամերիկյան շրջագայությունից, Էլիզը նոր-նոր է կորցրել իր հորը՝ իր կյանքում թանկ-կարևոր մարդու… Մենք խոսում ենք. Աստված իմ, ի՜նչ սիրուն է այս դեռատի-ոգևորված-համակված Լուսինե-Աստա-Էլիզ համերաշխ-ստեղծական եռյակը, որքա՜ն հասուն, կենսական… Բռավո՜…

Ցուցադրություն, համերգ Գեղարվեստում:
Լուսանկարները` Մարինե Մկրտչյանի, Գնել Հարությունյանի:

Գեղարվեստի լողափ արևմտյան պատի մի հատվածը՝ նոր սվաղած-սպիտակացրած, առավոտվանից իրեն գամել է երկու անբաժան, ընդունակ աղջիկների՝ քաղբանտարկյալ Ալբերտ Մարգարյանի աղջիկ 12-րդ դասարանցի Անահիտին ու Ժաննային… Նրանք էլ ապրում են, սովորելը, դպրոցը, կրթահամալիրը նրանց կյանքն են, ու համակված-լիարժեք ապրում են այդ կյանքը… Իսկ Մայր դպրոց ամենամյա, կատակ բան չէ, թվով վեցերո՞րդ հայ-վրացական պարատանը մենք իջնում ենք Կրթական պարտեզի արահետներով՝ Էկոտուր 2016-ի կազմակերպիչներ 11-րդցի Սարգիս Հակոբյանի և 8-րդցի Միքայել Կամենդատյանի հետ… Մենք քաղաքականացնում ենք իմ այս սուրհանդակի, չեմ հորինում-մեղանչում, տեղով մեկ քաղաքական տեքստը… Կրթության միջոցով կրթական բաց համայնքի ձևավորում, կրթական պարտեզը բնակիչների բաց համայնքի ձևավորման կազմակերպիչ, բնապահպանական ստուգատեսը՝ իր ապրիլի 24-ի թե հունիսի 5-ի ակցիաներով՝ կյանքի արահետներ, որոնցով, տեսեք, անցնում են կոնկրետ սքանչելի պատանիներ. ու ինչ հասուն են դառնում։

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի համերգային շրջագայությունը:
Լուսանկարները` Լուսինե Աբրահամյանի:

Քնարիկ Ներսիսյանն էլ իր կյանքն է ապրում կրթահամալիրի Գեղարվեստում։ Հարցնում է՝ գո՞հ եմ, ստացվո՞ւմ է, հո դժգոհ չե՞մ իր ղեկավարումից… Քաղաքականացնե՞մ ու ավարտեմ իմ թվով 644-րդ գիրը հենց Քնարիկի հուշած՝ Վիլյամ Սարոյանի այս տողերով.

Քարը քարին չի մնում, ինչ որ չկա, անցնում է, կորչում։ Կա՞։ Չկա՞։ Դա նշանակում է աշխարհ գալ ու աշխարհից գնալ։ Շունչ առնել ու շունչ տալ։ Ասել է թե «կա»-ն ծնունդն է, «չկան»-ն՝ մահը։ Աճի ու քայքայման անխուսափելի, ապշեցուցիչ զարմանահրաշ…։

Մարմարյա սրահի աստիճաններին՝ որպես ապրիլյան նվեր, շարված են մեր «Գարդենիա» ակումբի ծաղկե թաղարները, թե վրաց-հայ դեռահասների երեկ տնկած ծաղկի, թե յասամանի տնկիների պես…

Շնորհակալ եմ օրվա համար…

#644

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արևին ընդառաջ գնացեք ու… ժամանակին ջուր խմեք սովորական

Համաձայնեք, որ իմ լավ մարզավիճակի մասին է խոսում այսպիսի հաղորդագրությունը: Կիրակի առավոտյան ժամը  7:30 հեծանվով տանից դուրս եկա և ուղիղ ժամը 8:00-ին Բանգլադեշում, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ էի: Արմինեն ու

Տուն են դառնում նորից նոր — օրերս հին ու անցած…

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած, Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած։ Այսպես եղել է 1990-ականներին, երբ Աշտարակում, լքված մի նախկին ուսումնարանի շենքում-տարածքում Աշտարակի գիտավանի նախաձեռնությամբ ստեղծեցինք

Սիրտ իմ, որ արթուն կայ… Տաթև՝ տա ինձ թևեր

Ուզեցել եմ ու ստացել՝ թևեր. Տա-թև աղջիկ եմ ուզեցել Տաթևում, վանքի բարձունքում կանգնած, հայացքս՝ դեպի Որոտանի կիրճը, ուրիշ ի՞նչ պիտի ուզենա տղամարդը, որ… չունի… Թևեր… Ուրիշ ի՞նչ պիտի ուզենա մարդը՝