Դե, եթե բաց ենք և՛ ֆիզիկական, և՛ մեդիամիջավայրում, ինչո՞ւ իմ Օրագրում պիտի լինեն արգելված թեմաներ… Հատկապես, որ իմ շաբաթ օրը այս կամ այն ձևաչափով զբաղեցրել են կադրային հարցերը: Սամսոն Բուլղադարյանը` հեծանվի ակումբի ղեկավարը, մարզիչ ուսուցիչը, հեծանվի արհեստանոցի պատասխանատուն` բոլորը մեկում, բարձրագույն մասնագիտական կրթությամբ, երիտասարդ, բայց և փորձառու, ում այսքան հնարավորություն ենք ընձեռել, հեռանկար ենք բացել-կապել, աշխատանքից ազատման դիմում է գրել հիմա, երբ բացվում են կրթահամալիրում հեծանվասպորտի-մարզանքի նոր հնարավորություններ…

Հարգելի տիար Բլեյան,  խնդրում եմ,  լուծել իմ աշխատանքային պայմանագիրը 2016 թ. մարտի 1-ից՝ անձնական նախաձեռնությամբ: Շնորհակալություն Ձեզ և իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ շատ հաճելի էր աշխատել: 

Խորենը, Միքայելը, Վահրամը Մարտիրոսյան, ընկերները տարակուսանքի մեջ են, Գևորգ Հակոբյանը, ամենագետ Սուսանը, եթե որևէ մեկը տեղյակ է, համեցե’ք, հայտնե’ք, վրիպել ենք, շտկենք… Հատկապես որ, ինչ-որ շրջանից սկսած, որևէ պաշտոնում աշխատանքի ընդունվում են ոչ միայն բաց, այլև միասին ենք ընդունում` հավաքական ու կոնկրետ մասնակցությամբ, որը ես ընդամենը ձևակերպում եմ: Նույնն է և աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում: Այսպիսի դեպքերում կարևոր է կապը սաների հետ. մանկավարժությունը հենց այսպիսի կապ է ու պայմանագիր… Պատանի հեծանվորդները անակնկալի էին եկել. շարունակ գովում էին Սամսոնին, մյուս կողմից` կասկածանքով ինձ նայում: Տնօրենի պաշտոն է` իր խաչով, ես սովոր եմ: Դիմացը շաբաթ-կիրակի էր, ես առաջարկեցի սաներին` լուծել իրենց մարզիչ ընկերոջ հարցը: Սպասենք զարգացումներին:

Կրթահամալիրի նետաձիգ մարզիկները պատրաստվում են Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ տոնին:
Լուսանկարները` Լուսինե Աբրահամյանի:

Հարգելի երաշխավորությամբ ու այսպիսի անբասիր կենսագրությամբ մարդուց աշխատանքի առաջարկ եմ ստացել. կրթահամալիրի զարգացումը, նրա վաղը ոչ միայն ու ոչ այնքան ինձնից է կախված: Ես, թվում է, դրսևորված եմ. էլ ի՞նչ ունեք սպասելու… Նոր խնդիրները, զարգացում կոչվածը պահանջում են և նոր մարդիկ` ունակ, կոչված, կանչված հենց այդ խնդիրները լուծելու, և այդ թվում` խիստ անձնական-հարգելի, ընդունելի պատճառներով, կրթահամալիրից դժվար բաժանված մարդիկ` Ռիմա Երեմյանը, Մարգարիտ Հեքիմյանը, և իհարկե` կրթահամալիրում իրենց ներուժը իրենցից կախված-չկախված, բայց չդրսևորած ու դրանից ճնշված ինքնազգացողությամբ, ասված-չասված դժգոհություններով, պահանջներով (պրետենզիան ո՞րն է սրանցից) մարդիկ, օրինակ` Սյուզի Մարգարյանը, Դավիթ Բլեյանի դաստիարակ Կարինե Խառատյանը, Լուիզա Քեշիշյանը… Որ ձեզ այս անգամ այսպես անդրադառնալուց անհարմար չզգաք, նաև այս շարքում են ամենամարդիկ` Գրիգոր Խաչատրյանը ու ընկեր Կարինե Մացակյանը… Համարենք, որ Արմինե Թոփչյանն ինքն իր հարցերը լուծեց: Լուծումներ են փնտրում, առաջարկվում, մերժվում Քրիստինե Սահակյանցի համար… Իմացեք, որ ինձ համար թիվ մեկ կարևորության հարց է ձեր յուրաքանչյուրի ինքնադրսևորումը, թվարկած-չթվարկած, ինքնազգացողությունը աշխատանքով պայմանավորված, անմիջական աղերսներով, թե ոչ այնքան… Իմացեք, որ ես պատրաստակամ եմ լուծումներ առաջարկել, լսել, քննարկել, բայց գտնել: «Յոլան», զոհողությունը, «հլը տեսնենք»-ը իմը չեն: Վստահե՛ք ինձ, կրթահամալիրին, սա նաև ձեր ֆենոմենն է: Ո՜ւֆ,  մարդ քարից պիտի լինի, ձեր մեջ գլուխ կճաքի…

Դպրոց-պարտեզի 2-4 տարեկանները նկարում  ու ցուցադրում են:
Լուսանկարները` Կարինե Խառատյանի:

Ու ես նստում եմ հեծանիվը, գլուխը դարձնում Մայր դպրոցից դեպի Խանջյան, տուն, այսօր այստեղ, բանգլադեշյան իմ տանը հանգիստ չկա… Եվ կադրերն ամենուր են. ճանապարհին, հայ մարդիկ, ամեն մեկը մի-մի կադր` իրենց կարևոր գործով` ծխելով ու ինձ ողջունելով. «Իսկական գործը քոնն է, ամենալավ զբաղմունքը հեծանիվն է…»: Ի՜նչ կադր եք դուք, հայ ժողովուրդ, դեն նետեք (հենց հիմա, մոտակա աղբամանը) ծխախոտը, ձեզ գործ գտեք, լսո՞ւմ եք, ձեզ արժանի գործ: Ու հեծանի’վ նստեք ու գործեք այնպես, ինչպես մեր Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը. ինչ լսելի էր նա, հաճույքով-զվարթ պատմեց ուրբաթ, խորհրդի նիստից-տուն ճանապարհին: Բարի կիրակի ու ընթերցում խաղաղ…

Ստուգում են` գարունը եկե՞լ է Դպրոց-պարտեզի բակ:
Լուսանկարները` Կարինե Խառատյանի:

Օրագրի ընթերցարանը

#597

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ճանապարհորդ տիարն եմ ձեր… չեք բռնի…

Երբ դուք, սիրելիներ, իմ օրվա գրից անպակաս դարձած ընթերցող լսարան, կստանաք մուտք՝ թվով 1255-րդն այս թերթելու, Արմինեի ու Դավթի հետ անցած կլինենք գնացքի ճանապարհը մինչև Գյումրի… Սովորականի պես ես հաստատում

Ուրախության-հաջողության բրենդի մանկավարժություն

Գլխավոր ձեռքբերումը այն կյանքն է, որով սեբաստացի մարդիկ ապրում են կրթահամալիրում, որ փաստեցինք կրթության և գիտության նախարարության կլոր սեղանից առաջ, երեկվա մեր հրապարակային հերթական շրջայցով, այս անգամ Հարավի դպրոց-պարտեզում, այն իրական

Նադեժդա — мой компас земной

Երևան-Գյումրի գնացքում ենք։ Հայտարարված 7։55-ին գնացքը շարժվեց․․․ Մեծացող տղա, մեծացող հոգսեր․․․ — Դավիթ,- ասում եմ,- վեց տարեկան դարձար՝ ծախսն ավելացավ, արդեն տոմս ենք գնում, քեզ պահելը գնալով հեշտ չի լինի․․․