Փետրվարի 13-ին, ժամը 16-17-ի արանքում, երբ Տեառնընդառաջի կիրակին էր ամենուր բոցկլտում, ես 2016-ին առաջին անգամ հեծա իմ անվավոր ձին…Թեթև և սլացիկ, Մեդիակենտրոնից մինչև մեր տուն` Խանջյան, Երևանի աշխարհագրական կենտրոն, ծիսական պտույտով…

Իսկ շաբաթն աշխատանքային էր, երկու մասով, ինչպես եղել է 2015-ի բոլոր շաբաթներին… Մայր դպրոցում, աշխարհից թաքցնեմ սեբաստացիներից ինչպե՞ս և ինչո՞ւ… ավարտին են մոտենում մենամարտական խաղերի` ըմբշամարտ-ձյուդոյի մարզադահլիճի ձևավորման աշխատանքները, որով մեր կրթական ծրագրով ռազմամարզականի նյութական միջավայրը կամբողջանա: Կարևոր է, որ մեր դեռահաս պատանիները ճարպիկ, ուժեղ լինեն, լիարժեք տիրապետեն իրենց մարմնին ու կարողանան ինքնավստահ լինել կյանքում, փողոցում, ինքնապաշտպանության ու բռնությունից այլոց` ծանոթ-անծանոթի պաշտպանության ժամանակ, իրավաչափ ու հարկադրված գործողություններով…

Դավիթ Բլեյանը եղբայրների հետ պատրաստվում է մարմնամարզական ստուգատեսին: 
Լուսանկարները` Աննա Բլեյանի:

Գեղարվեստի շենքի ողջ երկայնքով ձգվող 800 մ² նկուղը ամիսներ հետո կվերածվի պատանեկան ակումբների, արվեստանոց-լաբորատորիաների համալիրի` ձուլված գեղարվեստի միջավայրին, ազատ ելումուտով դեպի ներքին բակ, տանիքով ու շենքի ինտերյերով յուրահատուկ միջավայր` ապահովելով գրավիչ-ուսումնական աշխատանք տասնյակ պատանիների համար… Կարևոր նախագծի խելամիտ մշակումն է մեր ունեցած վարձի և տաղանդի ողջ ուժով արտահայտվելը, որ լինի բեկում ամեն մի նախաձեռնությամբ…

Շաբաթվա իմ անբաժան ընկերների` Սուսան Մարկոսյանի ու Գևորգ Հակոբյանի հետ էր աշխատանքային երկրորդ հատվածը. իդիլա, ոչ ոք չի խանգարում բազմազբաղ–սրընթաց շաբաթն իմաստավորելու և նույնպիսի ընդգրկուն ստուգատեսյան շաբաթ նախագծելու համար… Ստուգատեսային-նախագծային ուսուցման մեր հեղինակային կրթական ծրագիրը, որով մենք ապրում ենք, պահանջում է ոչ միայն ուսումնական տարվա, ամսվա տոնացույց-կազմակերպիչ, այլև օրացույց կազմակերպիչ: Դա պահանջ է. կունենանք…

Ուրախացա` Գեղարվեստում հանդիպելով Կարինե Մացակյանին, Արմինե Թոփչյանին, դաստիարակ Օլյա Մանդալյանին, դաստիարակի օգնական Տաթև Աթոյանին`  վրձինները ձեռքերին: Ծիծաղեցինք Արմինեի հետ` ուրիշ է կամավորական-ազատ աշխատանքը, թե չէ տնօրինական թելադրանքով ո՞վ չի կարող գործել…

Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:

Իսկ երեկոն հայտարարված է վաղուց. Լիլիթ Բլեյանն` իր երաժիշտ ընկերներով, Ուլիխանյան ակումբում է: Ակումբը նորացված, լսարանը` ծանոթ-անծանոթով, մտերմիկ… Իմ կողքին` իր 35 ամյակը նոր բոլորած Առնոլդ Բլեյանն է, ում Լիլիթի առաջարկով դահլիճն է ծափահարում, պայծառ, ավելի ու ավելի վառ Շուշան աղջիկը ու Աննա Բլեյանը, ով ականջիս մեջ կարդում է.
— Հոպար, դու գիտես երեխաներից գոհ լինելու, նրանցով պարզերես ապրելու կյանքը…
Ինչ ճիշտ է, ճիշտ է:

Լուսանկարները` Առնոլդ Բլեյանի:

Աշոտ Տիգրանյանը պնդում է, որ 2016-ի փետրվարի 12-ին Հավանայում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպման արդյունքներով համատեղ ընդունած այս փաստաթուղթը յուրաքանչյուր չափահաս սեբաստացի կարդա ամբողջությամբ: Կարծում եմ Տիգրան Հայրապետյան հասարակագիտական ստուգատեսի օրերին կունենաք դրա պատասխանը՝ հենց առաջարկի հեղինակից: Հայերեն չգտանք՝ կարդացեք օտար լեզվով:

Օրագրի ընթերցարան

Ֆոտոխմբագիր`Արփի Սահակյան
#583

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հասարակական ողբերգությունից ցնցվելու համար «ծայրահեղ պացիֆիստ» կամ Թումանյան լինել պետք չէ

16. 12. 1992 թ. Այս տարվա դեկտեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ուժերը, նախօրոք մշակած պլանի համաձայն, մինչև 8-9 կմ խորացել են Ադրբեջանի Զանգելանի շրջանի տարածքում, գրավելով շրջանի Կապանին սահմանակից տասնյակի

Ինչպե՞ս տեսցնել մարդուն։ Հանրակրթության միջոցով…

Խոշորացույցի տակ… Մարինե Ամիրջանյանը Արևելյան դպրոցում «Խոշորացույցի» միջոցով, տեսեք, կամրջաշինարար Մասիմո Լիպիին են տեսցնում Ֆլորենցիայից… Թե չէ գիր է, ու ո՞վ կարդաց, որ կարդաց-անցավ՝ ի՛նչ… Ի՞նչ մնաց… Մեր շաբաթ օրվա

Յուրաքանչյուրի խաղաղ նավարկության համար

Կրթահամալիրում այսօր «Ներառականության օր» է՝ սեմինար—քննարկումներով, ներառական խաղերով ու վարպետության դասերով։ Նախագիծը կազմակերպվում է «Սպիտակ ձեռնափայտ», «Ռոսատոմ», «Ոգու առագաստներ» կազմակերպությունների հետ։