Միˊ կասկածեք Վահան Տերյանի ազդեցության այսպիսի ուժին, դա ես չեմ ասում՝ ըստ Տերյանի ծոռ Գևորգ Էմին Տերյանի` «ամենատերյանասեր տիարը». կարդացե՛ք «Կարդում ենք Տերյան» ստուգատեսի մասնակիցներից Մարգարիտ Մանվելյանի այս հրապարակումը կամ լսե՛ք Վարդան Ստեփանյանի «Կարդում եմ Տերյան» խոստովանությունները… Ինձ վրա սրանք ունեցան առտու ժամը վեցին գերբնական ազդեցություն… Դուք գիտե՞ք՝ ո՜նց եմ շնորհակալ… Այսպիսին է իրական՝ այնքա՜ն մոտիկ՝ Բանգլադեշում գտնվող կյանքի դպրոցը՝ իր նախագծային ուսուցմամբ… ոչ թե  հեռու-ձյունածածկ-անտառածածկ-ամենաապահով-անծանոթ Ֆինլանդիայում…
Երկու արձանագրություն փետրվարյան ստուգատեսներից առանձնացնում եմ՝ միշտ մեղավոր, «Կյանքի դպրոցն իմ եթերում» խորագրում… օրվա ստուգատեսային անցուդարձի հագեցվածության իրական աշխույժով-տպավորություններով (գերբնակա՞ն՝ հայաստանյան տաղտուկի մեջ), ուսուցման հերոսի՝ սովորողի և ուսուցչի ընկալումները «Վանաձորյան մասնակիցների տպավորություններից» և «Այսօրը տարբերվում է մյուս օրերից» հրապարակումներում…

Լոմոգրաֆիայի տեխնիկայով լուսանկարած մեդիակենտրոնի աշխատակիցները:

Մանե Գևորգյանին վերջապես հանդիպեցի  կրթահամալիրի Մայր դպրոցի կենտրոնական՝ նորոգվող-ընդարձակվող ընթերցարանում, թարմ, լեցուն գործերով, ով խանդավառ էր Նոր դպրոցի նախակրթարանի տպավորություններով ու… տարավ զրույցը ներառական կրթական միջավայրի մասին… Ի՜նչ լավ է, ու մենք՝ երկու գործընկեր արդեն, քայլեցինք Մայր դպրոցով: Ձեռքբերում է. մեր Մայր դպրոցի թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ հարկերով կարող ենք անարգել, անշեմ տեղաշարժվել՝ հաշմանդամ թե շարժման որևէ դժվարություն ունեցող… Իսկ, ա՛յ, հարկից հարկ աստիճանների խնդիրը կա ու վերելակի կարիք: Օգնի՛ր մեզ, Մանե…

Իսկ օրվա ամենաակտիվ դպրոցը, ըստ mskh.am-ի տեսահաշվիչի, Հիմնական դպրոցն է, որ իր ընդհանուր առավոտյան պարապմունքով և Մայր դպրոցի Փոքր դահլիճում թումանյանական ներկայացումներով ազդարարում է «Կարդում ենք Թումանյան» ստուգատեսի մեկնարկը… Առանց Թումանյանի հայաստանցիներիս փետրվարը չի գալիս՝ արդեն մեկ դար ու ավելի…

Մարզվում են հինգ տարեկանները:
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Իսկ ես քնեցի-արթնացա, քնեցի երկա՜ր ու արթնացա… ինչպես շաբաթներ առաջ ամանորյա Թբիլիսիում, իմ ու ձեր լավ բարեկամ Գեորգի Մոմցելիձեի բնակարանում… Տպավորված էի այնքա՜ն  Սուրբ Երրորդություն եկեղեցում Տեր Զենոն քահանայի երեկ կատարած մկրտության և դրոշմի խորհրդից… Օրագրի մի հրապարակումից ձեզ ծանոթ Էդվարդ Արամի առաջնեկ Բլեյանը երեկ երկու ծնունդ միասին նշեց՝ դարձավ երեք տարեկան Բլե իշխանի ութերորդ և Շամխալ Բլեյանի չորրորդ սերունդը, մկրտվեց իր հարազատների ներկայությամբ-հիացմունքով՝ վերստին ծնվեց՝ դառնալով քրիստոնյա, Քրիստոսի զավակ… Իսկ դրոշմով՝ ի լրումն, Դավիթ Բլեյանի եղբորը տրվեցին Սուրբ հոգու շնորհն ու պարգևները… Մկրտության-դրոշմի խորհրդից հետո, եկեղեցու բակում, մեր կրտսեր եղբայր Արամի տանը պարզեցի՝ բոլոր մասնակիցները, մեծ թե մանուկ, այդ թվում՝ կնքահոր Դավիթ անունով երկու տարեկան տղան, ստացել էին Մկրտության-Դրոշմի խորհուրդը ու պատմում-խոսում էին իրենց այդ օրվանից… այդ թվում՝ Դավիթ Բլեյանն ու Նազենի կրտսեր Հովհաննիսյանը… Իսկ իմ քույր Նեկտարի թոռ Կարենը, ում Միքայել անունով զավակը երեք ամսական է, քննարկում էր մկրտության հարմար ժամանակը… Իսկ ի՞նչ է պատահում նրանց հետ, երբ վեց տարեկան դարձած քրիստոնյա այս երեխաները, նույն ուրախությամբ-շնորհով լեցուն, գալիս են դպրոց՝ կրթություն ստանալու:
Ինչո՞ւ ենք մենք՝ բոլոր կարգի մեծահասակներս, այսպես վախեցած-արհեստական խոսում մեր՝ քրիստոնյա ծնողների քրիստոնյա զավակների կրթության մասին. այսինքն ի՞նչ, նրանց՝ քրիստոնյաների կրթությունը պիտի լինի ոչ քրիստոնեական-հակաքրիստոնեական-ապաքրիստոնեակա՞ն՝ հարցնում եմ ես՝ այս օրերին հանկարծ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մեջ բոբո տեսած լրագրողներին, այդ թվում՝ Սիվիլնեթի լրագրող Ժաննա Պողոսյանին, ով, պարզվեց, Բլե իշխանի միակ աղջիկ Սիրանույշի ժառանգներից է… Վա՞տ ենք իրականացնում այս կրթությունը: Իհարկե: Իսկ ի՞նչ ենք մենք ավելի լավ անում: Ուզում ենք հասարակությամբ փոխել իրերի վիճա՞կը, ազատվել դոգմաներից, ձևականությունից, կեղծիքից, բռնությունից… Իհարկե, մեր ողջ հասարակությունը՝ իր կրթական համակարգով, թաթախված է այդպիսի միջավայրի մեջ: Սրանից խոսենք ու այս գիտակցումով, ուժով-պատրաստությամբ սիրով-փոխօգնությամբ գործենք:

«Չօգտագործվող Երևան» նախագծից:
Լուսանկարները՝ Վահե Այվազյանի:

Օրագրի ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Մարինա Մկրտչյան
# 581

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայտնի ագահը, անհագը… Ես և դո՞ւ…

Վիդեոխաղերը երեխաներին ստիպում են ուտել ավելի շատ բանջարեղեն ու միրգ. ամերիկացի գիտնականների այս պնդումը ես հաստատում եմ Դավիթ Բլեյանի օրինակով… Ելակասեր է մեր հերոսը. Արմինե մայրիկը պատմում է, որ երեկ

Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խա՞յթ…

Հրաշք աղջիկ, անհայտ երկրի մանուշակ… Ասում են՝ խորն ես քնում, ցավերդ (ֆիզիկակա՞ն) հաղթահարում ես… Այսքան խորը քնելն անհրաժեշտություն էր, խառնվել — իրար ուժեղացրել էին մարմինն ու հոգին՝ իրենց ցավերով. բուժիչ

Որ  դառնանք ազատների հայրենիք

Արթնացա պատմելու-գրելու պահանջով. Սուսան Մարկոսյանի «Դպիրը» գարնանային՝ Սուսան Հովհաննիսյան թարգմանիչով (թե չէ Նազենի Հովհաննիսյան ա՜ստղ), Էմանուել Ագջոյան հեղինակով ու իմ միշտ սիրելի Փոյայով, mskh.am-ի գլխավոր էջը՝ իր մանկավարժական ամենշաբաթյա սեմինարի ու