Դավիթ Բլեյանը գեշ երազից բարձր կանչում է. ես երկա՜ր, շատ երկար եմ քնել․․․ Այսպիսի կիրակի է։
— Էս մեր հայրիկը ե՞րբ է իմ սենյակը սարքելու,- անհանգստանում է Դավիթ Բլեյանը։
Արմինե մայրիկը այսպիսի հարցերի պատասխանը գիտի․
— Հլը դպրոցիդ, խմբասենյակիդ շինարարությունն ավարտի, տեսնենք․․․
Պետք է սկսել սենյակն ազատելո՞ւց , թե՞ նախագծից։ Մի նախագիծ Կարինե Մացակյանն իմ 60-ամյակի առիթով արել էր․․․ Սենյակն ազատելն արդեն սկսել է նշանակում․ նախագծի մեկնարկ։ Մեծ մարմնամարզական ներքնակը պիտի տեղափոխել Դավթի նոր խմբասենյակ․ ընկերների հետ կխաղա, մենակ չի խաղում․ իզուր ինչո՞ւ մնա։ Տեսնո՞ւմ եք կիրակի օրով Դավթի սենյակի նորացման նախագծի իրականացումը սկսվել է․ մականախաղի հրապարակ կդառնա։ Վահրամ Մարտիրոսյանը խոստացել է այսօր «Փեթակ» առևտրի կենտրոնից հարմար մականներ, մարզաձևի այլ պարագաներ գտնել․․․
Երեկ, օպերատիվ ֆորումում ես առաջարկում էի ուսումնական պարապմունքների (ամենօրյա և այլ) վայրերի ցանկում որոշակի դարձնել նաև դպրոցի շրջակա միջավայրի պուրակները (բացօթյա պարապմունքների) և խաղահրապարակները․․․ Ասենք՝ ի՜նչ հարմար դաշտ է մականախաղի համար Դպրոց-պարտեզին կպած` Յու․Բախշյանի այգու կլոր-բարեկարգ հրապարակը․ ինչո՞ւ մականախաղի նոր հրապարակի մասին մտածենք, երբ սա օրերով, ամիս-շաբաթներով ազատ է․․․ Սուսան Մարկոսյանի կազմած կրթահամալիրի, Սևանի «ժայռ»-ի սեպտեմբերյան օրացույցներն ինձ այնքա՜ն հուզել են, որ ես Արմինեի, Դավթի հետ սկսում եմ մեր ընտանեկան օրացույցի կազմումը․ հեշտ գործ չի թվում մինչև սկսելը, բայց սկսելուց հետո իր ճշտումներով-լուծումներով-քննարկումներով անգամ հետաքրքիր է․․․
Սևանի «Ժայռի» այսօրվա բնակիչները:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Օրեր առաջ Գեղարվեստի աղջիկների հետ բակի հյուսիս-արևելյան հատվածում նայում էինք, զննում մեր աշխարհը շրջակա, մեր շուրջ․․․ Առաջ, մայրս կասեր՝ ավալ, երբ բետոնե խուլ ցանկապատը, որպես մեկուսիչ, հուսալի անջատել էր դպրոցն այս աշխարհից, այս հայացքը, այս հավաքը, այս խնդիրը չկար․․․ Որքա՜ն տգեղ է դիտվում հիմա դպրոցի արևելյան մասնաշենքը նոր բացված փողոցից, բարձրահարկերից, նրանց պուրակից․․․ Որքա՜ն մոտ-գրավիչ Գեղարվեստ-Քոլեջ անցումը՝ իր պուրակներով-հեծանվաուղիներով, աղբյուրներով․․․ որքան էլ այդ բոլորը կեղտի մեջ կորած են թվում։
Երեկ այս նույն տեղում կանգնած էինք նկարիչ Արեն Շահնազարյանի, Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի, Ռիմա Երեմյանի ու Վահրամ Մարտիրոսյանի, Մալաթիա-Սեբաստիայի հայտնի-վաստակաշատ գյուղատնտես-պարտիզպան Դերենիկի հետ․․․ Որքա՜ն ոգևորված էր նա հե՛նց Գեղարվեստի արևելյան թևում կատարած մեր քանդում-բացումներով։ Ունենք այսպիսի մասնագետի աջակցություն:
Ադրբեջանը 2015թ․ արդյունքներով, Վրաստանի թիվ մեկ ներդրողն է։ Անցյալ` 2015 տարում, Ադրբեջանը Վրաստանի տնտեսությունում ներդրել է 550 մլն դոլար` ուղիղ ներդրումների ընդհանուր ծավալի 35 տոկոսը: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, ապա Նիդեռլանդները, Լյուքսմեբուրգը, Թուրքիան. Ռուսաստանը 7-րդ տեղում է: Մենք` հայերով հիմնականում տուրիստական մասնակցությունն ունենք Վրաստանի զբոսաշրջության ծավալում… Տեսնո՞ւմ եք` Վրաստանի դիրքն ինչպես է աշխատում տնտեսության զարգացման համար, ի´նչ հեռանկարներ բացում երկրի, ժողովրդի համար, երբ Վրաստանի ճանապարհները բանուկ են ու բարեկարգ, վրացին` մարդամոտ, ծառայությունների գները մատչելի և´ թուրքերի, և´ հայերի, և´ ադրբեջանցիների համար, կոռուպցիան` պետականորեն հաղթահարված…
Ջուր, օղակ, գնդակ. ճամբարականների մրցաշար:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Հիմա մենք` ես, Նառան, Վահրամը, սկսել ենք հաճախ հավաքվել Նոր դպրոցի բակ-տարածքի հարավարևմտյան հատվածում…Ե՞րբ մեզ կմիանան Նոր դպրոցի աղջիկները: Ի˜նչ գրավիչ հեռանկարներ են երևում` Վահան Ասատրյանի պուրակի ընդարձակում, շրջակա բլուր-պուրակի ազատագրում չափառներից, բարեկարգ ուղի դեպի Մայր դպրոց… Գլխավորը` Նոր դպրոցի արևմտյան բարձր պարսպի անվտանգության ապահովումը և լանջերի շինաղբից մաքրումը… Եվ այս ամենը սկսվեց, երբ հանվեցին Նոր դպրոցի հարավարևելյան մետաղե ճաղավանդակները…
Երեկ ինձ Անահիտ Մելքոնյանը օրվա վերջում սպասված աչքալուսանքը փոխանցեց` պատանեկան ջոկատն ազատել է բոլորիս Քոլեջ-արհեստագործականի հարավարևելյան ճաղավանդակներից:
Ես ուշադիր հետևում եմ Ազատության հրապարակի քաղաքացիական հարթակում հռետորների փոփոխությանը և ելույթների ուղղվածության հայացքին… Ահա ձեզ իմ կիրակնօրյա ընթերցարանի տեսանյութը` հայտնի Լևոն Բարսեղյանի ելույթը, և 24 բան, որ անհրաժեշտ է անել, որպեսզի ծերությունը դիմավորեք առանց ափսոսանքի:
Բարի կիրակի:
Աժդահակից լուսանկարները՝ Ներսես Տեր-Պետրոսյանի:
#768