Օրվա գիրն սկսենք Դավթապատումով.

— Ինչի՞ են ասում կրծկալ, որովհետև ծիծիկը կրծումա…
— Դավիթ, ո՞ւր ես գնում,- հարցնում եմ լվացարանի աթոռակից իջնող Դավթին,-արի՝ սրբենք մռութդ, նոր գնա…
— Չէ, չթողեցիր՝ ինքնուրույն լվացվեմ, ինչո՞ւ չթողեցիր… Գնում եմ, որ կեղտոտվեմ, գամ՝ ինքնուրույն լվացվեմ…

Դավիթ Բլեյանի հետ սահնակով զբոսնում ենք Օղակաձև այգում… Չնայած ձյուն-անձրևին, Դավիթն անընդհատ հարցեր է տալիս…
— Էս ի՞նչ  է գրված,- հարցնում է Դավիթը՝ ցույց տալով փակցված հերթական նշանը… Ոչ մի նշան բաց չի թողնում… Մոտենում, զննում եմ.
— Գրված է, որ լողալ չի կարելի…
— Այստե՞ղ ինչ է գրված…
— Գրված է, որ կենդանիներին լողալ չի կարելի:
— Բա ինչի՞ են կառուցել այս ապուշ ավազանը, որ ոˊչ մարդկանց է լողալ կարելի, ոˊչ կենդանիներին,- բարձրաձայն բողոքում է մեր տղան…

— Դավի՜թ,- կանչում եմ,- արի, հաց ենք ուտում…
— Չեմ գալիս,- բղավում է,- ես արդեն կերել եմ:
— Հովաˊզ, արի, տես, իսկական վայրի գազանի նրբերշիկ է՝ վարազի մսից…
Չորեքթաթ, հովազավարի, մռնչալով, գլուխը՝ աջ ու ձախ, հայտնվում է, բարձրանում աթոռին, հոտոտում սեղանին դրված նրբերշիկը…
— Էս սովորական ընտանի խոզի մսից է պատրաստված, վարազի միս չի…

Բա էդ անելո՞ւ բան էր՝ բերանին՝ մի նրբերշիկ, հովազը փորուփոշման հեռանում է իր խաղերի աշխարհ…
Երեկոյան, երբ մենք նստած ենք հացի սեղանի իմ քույրիկ Աննա Բլեյանի և որդի Դանիելի հետ, Դավիթն ուտում է խոզի միսը՝ հովազավարի, առանց ձեռների, միայն բերանով…
Տեսնելու բան է… Դե, ո՞նց հովազին բացատրես, որ ինքը մարդ է…
— Էս մեր խմբի փոքրերը ե՞րբ են մեծանալու…,-խաղալով լոտոների հետ՝ հանկարծ հիշում է բարձր…
— Ինչի՞, ի՞նչ է եղել, ինչո՞վ են խանգարում…
— Հերիքա քաքեն, հաˊ տակն են անում:
— Բա ես ե՞րբ եմ մեծանալու…
— Մե՜ծ ես, էլի…
— Չէ՜, մեծանամ՝ ձեզ վերևից նայեմ…

Դավիթ Բլեյանի և Արմեն Մարտիրոսյանի նկարաշարը`
նվիրված Սուսան Մարկոսյանին:
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի:

Շնորհակալ եմ Մերի Առաքելյանին, mskh.am-ի ձայնադարանին, թե չէ, ես կիրակիով ոˊչ Շաբրիենի «Իսպանիա» ռապսոդիան, ոˊչ էլ հիմա, երկուշաբթի առտու 6-ին Մրավինսկու նվագախմբի կատարմամբ Շոստակովիչի N 5 սիմֆոնիան չէի վայելի… Փառահեղ վիճակում եմ… Խելացի, իսկական ուսումնական-լուսավորչական նախագիծ է՝ անցած շաբաթի այսպիսի՝ երաժշտության մեջ շոշափելի ներդրում ունեցած գործիչներին ու գործերին անդրադառնալը… Լավ երաժշտությունը, ինչպես սովորական ջուրը, մեր կյանքում հաստատ ավել չի լինում…

Շատ այցելություններ ունեմ, որ այլևս հետաձգելու չեն. առցանց ուսումնականի այս շաբաթում պիտի հասցնեմ… Ես երբեք այսքան կարգապահ չէի կատարել հակահամաճարակաբանական՝ դար տևած շրջանի սահմանափակումները, ենթարկվել «չի կարելիներին»… Լավ է մարդ խո՞զ մեռնի, թե՞ որևէ գրիպից… Հատկապես, որ սրանք իրար հերթագայում են՝ մեկը չգնացած, մյուսն է գալիս. հիմա էլ այս «զիկա» կոչվածը մեզ կահաբեկի… Ճապոնիայի Օսիմա կղզում, որ հարյուր տասնհինգ տարի ձյուն չի եկել, վերցրել ու եկել է, այն էլ՝ ինչքա՜ն, իսկական ձմեռ են տեսել… ձյուն՝ իրական…

«Ար» հեռուստաընկերությունը կրթահամալիրում:

Այս շաբաթ մեր հայրենագիտական արշավախմբային կայանը ձեռք կբերի առաջին դահուկները, սահնակները… Երևանում ձյուն գալը՝ թեկուզ մի քանի անգամ, բան չի փոխի, դիպվածային կմնա մեր մոտեցումը ձմռանը, իր բերած ձյան վայելքին: Իսկ թե ե՞րբ… Երևանից կիլոմետրեր հեռու՝ Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում ամիսներով ինչպիսի ձյուն կա՝ ձմեռային մարզաձևերով զբաղվելու, ձմեռային տպավորիչ ճամփորդությունների ինչպիսի՜ հնարավորություններով… Մեր կայանն արշավախմբային, մեր ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների կենտրոնը չի կարող շուրջտարյա չլինել… Եվ ոչ էլ «մնաց հաջորդ ձմեռ» մտածեք… Ասել ենք՝ փետրվարը ստուգատեսային իր բազմաթիվ փոխանակումներով-հյուրերով լավ խթան է, որ դառնա հայրենագիտական-ձյունոտ…

Գրիպի հակաբացիլ ուսումնական
պարապմունքներ Գեղարվեստի դպրոցում:

Համացանցն Աստծո պարգև է անվանել և իրական բարու մարմնավորում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը. «Նա մեզ անսահման հնարավորություններ է տալիս մարդկության միավորման և համերաշխության դրսևորման համար»:
Մենք էլ մեր Սրբազան հոր աջակցությամբ գրաբարով ֆլեշմոբեր ենք անում: Տեսնենք մայրաքաղաքի դպրոցներն ինչպե՞ս կարձագանքեն:
Ավարտեցինք հեղինակային կրթական ծրագրով 2016-ի միջոցառումների-գործողությունների-քայլերի մշակումը, որոնք դրամական աջակցություն են ստանում 2016-ի պետական բյուջեով՝ դառնալով ՀՀ ԿԳՆ-ի հետ կնքվող պայմանագրի հավելվածը… Ի թիվս այլ փաստաթղթերի՝ աչքի անցկացրինք նաև ՀՀ կառավարության 2015թ. այս արձանագրային որոշումը… Կարդացեˊք, մեծ չէ, հասկանալու համար, թե ինչ ասել է հանրապետական մակարդակով ձևական մոտեցում մեդիակրթությանը… Ահա այս մակերեսայնության մեջ է բոլորիս թիվ մեկ սպառնալիքը… Եվ այն հաղթահարելու առաջին քայլն այն լիարժեք ճանաչելն է: «Ո՞վ կօգնի Հայաստանի հասարակությանը ճանաչել, ախտորոշել Հայաստանի անվտանգության սպառնալիքները լիարժեք՝ լծվելու համար դրանք հաղթահարելու գործին և գտնելու համար միջոցները»:

Օրագրի առաջարկը

Փորձեք սովորել տեքստի մուտքագրում, ընտրեք լեզուն, մատները դրեք ճիշտ կոճակներին և ստուգեք ձեր մուտքագրման արագությունը:

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 563

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նկատառումներ հանրապետության հոգևոր-գաղափարախոսական բնագավառի կառավարման կառուցվածքի մասին

Հանրապետության կառավարման կաոուցվածքի կազմում ընդգրկուն կոմիտեների գոյությունը, կոմիտեներ, որոնք իրենց մեջ օրգանապես չեն ներառում ու իրենցում լուծում մի քանի նախարարությունների ֆունկցիաներ, կարծում ենք վնասակար են։ Պետշինի, պետագրոարդի, ժողկրթության կոմիտեի (Խորհրդային

Խնամք դարձած սիրո մանկավարժության գիրը…

Դավիթ Բլեյանն իր Լիլիթ ավագ քույրիկին, նրա ամուսին Վահեին ու իր Սոնա կրտսեր քույրիկին ճանապարհեց Բախի «Տոկատա ֆուգա»-ի սեփական կատարման ներքո… Լիլիթը աստիճաններից վերադարձավ, հուզված գրկեց բոյ քաշած-հասունացած եղբորը… Դավիթը

Նոր գինին նոր տիկերի մեջ, կամ իմ այսօրը՝ որպես մանկավարժական ստուգատես

Կատարվեց ապուշիս երազանքը. ես քնել եմ 23.00-24.00-ի արանքում, որպես մեռել, «որպես ուրու հալածական» և արթնացել թարմ՝ առտու 04.00-ին, ինչպես պատշգամբից նոր բերված այս սպիտակ խնձորը, որ գալիս է փոխարինելու կովի