Ոչինչ չփրկեց ինձ ջախջախումից, որքան էլ ես, առաջին անգամ չէ, կանխազգում էի այն ու ձեռիս տակ եղած միջոցներով փորձեցի դեմն առնել. վերջինը Դավիթ Բլեյանի ուրախությունն էր, որ պիտի պատճառվեր նոր թուր կեծակիով՝ Հայաստանում արտադրված առաջին սերնդի կրթական պլանշետով: Իմ սքանչելի քույրիկ «մեդիաաշխարհ-Զառան» օգնեց ինձ՝ միասին բերեցինք տուն, Զառան ու Արմինե մայրիկը՝ Մելինե-Մարիամ քույրիկների տոնական ներկայությամբ, ամեն ինչ արեցին, որ Դավիթը րոպե առաջ իր ձեռն առնի ինքնակրթության ու հասունության այս գործիքը… Հիմա էլ, երբ պատկերացնում եմ այն մեծ ուրախությունը, որ ապրել են 2016-ի նորամուտին Վայոց ձորի յոթ հարյուրի չափ առաջին դասարանցիները Ձմեռ պապ հայրենի կառավարությունից «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» նախագծով, ծափահարում եմ: Ուշացումով, իհարկե, ոչ այնպես, ինչպես կարելի էր երևի, բայց սկսվեց, տեղից պոկվեց… Եթե մեր կարիքը զգացվի, առավելագույն ջանքեր կգործադրենք, որ այս «կեծակիներ»-ն իրենց կրթական աշխարհները նվաճեն բոլոր Դավիթների ու նրանց քույրիկների համար… Իսկ սեբաստացի հինգ-վեց տարեկանների համար մենք 2016-ին կսկսենք «Հայկական մեդիա նորեկների համար» նախագիծը. նրանց համար, ովքեր մեր նախակրթարաններում 2016-ի հունվարին դարձան հինգ տարեկան`ինչպես Դավիթը, վեց տարեկան` ինչպես Դավթի ախպեր Ռազը… Հետևեˊք իմ գրին…
Դավթի առաջին պլանշետը:
Լուսանկարները՝ Զառա Առաքելյանի, Արմինե Աբրահամյանի:
Ես քնեցի իրիկունը յոթի-ութի արանքում և արթնացա գիշերը մեկին. նստել եմ ահա, մայրս կասեր՝ պուպույի պես…
Հարգելի Արամ Պաչյան, ես չգիտեմ՝ քո անեծքը հասավ հասցեատերերին, թե ոչ, ես չգիտեմ՝ քո ցուցակում ես կայի, թե ոչ, բայց, ահա, ես ապրում եմ-զգում նույն դատարկությունը, ինչ ունեցել ես դու «երեկ առավոտյան՝ տեսնելով, թե ինչպես են վախկոտ գողի նման լուսադեմին քանդել Աբովյան-Արամի փողոցների կարմիր տուֆով երկհարկանի երևանյան հին, գեղեցիկ (Արամի 30) շենքը: Իմ քաղաքի հիշողության ևս մի բեկոր, որ երբեք չի լինելու»…
Գլուխ գովալու բան չի Արամ ջան, բայց էս դատարկության անխուսափելիությունը ամիսներ առաջ իմ գրում եղել է:
Արձակագիր Լևոն Խեչոյանի հետ հասակակիցներ ենք. 2015-ի դեկտեմբերի 8-ին Լևոնը կդառնար վաթսուն տարեկան… Իր մասին, իր բոլոր կենսագրականներում նշում են՝ 1987թ.-ից ապրել է Հրազդանում, մասնակցել է Արցախյան ազատամարտին, պատմվածքների առաջին ժողովածուն լույս է տեսել 1991-ին՝ «Խնկի ծառեր», 1995-ին՝ «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպը, «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի, «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել 2014-ին՝ գրողի մահից մեկ շաբաթ անց… 2013-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով». հրաժարվեց ստանալ մեդալը՝ նշելով. «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն, երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»: Մեր օրերին, մեզ հետ, ահա, այսպիսի անհատներ են ապրել՝ կյանքով ու գործով նման… Ես ի՞նչ գիտեի, որ Լևոնի հետ տարիներ հետո հանդիպելու ենք այսպես՝ գիշերով: Այդպես չէինք պայմանավորվել. այսպես եղավ, եղբայր: 2009-ին Հյուսիսային պողոտայում մեր հանդիպումների շարքն անջնջելի է՝ որպես մեծ տպավորություն մարդուց… Վեր ու վար էինք անում, տնտղում իրար, պայմանավորվեցինք հանդիպել կրթահամալիրում, ընթերցողական ակումբում, ես այնքա՜ն ուզում էի քեզ ներկայացնել մեր ուսուցիչներին ու պատանիներին ընթերցասեր… այդպես է, աններելի աստիճանի անփույթ ենք մենք ապրողների նկատմամբ, երբ մեր կողքին են եզակի-հարազատ մարդիկ… Հետո ծանր հիվանդությունը քեզ տարավ մինչև Գերմանիաներ…
Գեղարվեստի դպրոց-պարտեզի սաների ֆոտոսեսիա-ողջույնը հատուկ այսօրվա գրի համար:
Լուսանկարները՝ ծնողների:
Շնորհակալ եմ, Մարիամ Գևորգյան, այսպիսի աջակցության համար. գիտե՞ս՝ քանի՜ անգամ լսեցի.
Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջրանո՜ւյշ պայիկներ,
դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ…
Հինգ-վեց տարեկանները մեր՝ պլանշետով, հեծանվով, լողով… Առանց ոգևորվելու ո՞նց ոգևորես… Ես չեմ կարող մեր նախակրթարաններում 2016-ին հանկարծ հինգ ու վեց տարեկան դարձածներին առաջարկել մի բան, որ ես, տարիքով հինգ դարձած Դավթի համար չեմ անում… Ահա ինչու, երբ «Technology & Science Dynamics» կազմակերպության ներկայացուցիչները՝ մեր հին գործընկերները, մտան Մեդիակենտրոն, ձեռքներին՝ Հայաստանում, Երևանում ծնված «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» հազար պլանշետից կրթական՝ առաջարկով, ես առիթն օգտագործեցի՝ Դավթի դեկտեմբերի 12-ի ծննդյան օրվա նվեր-հանձնառույթը՝ հայր Նավասարդ Սրբազանի, միանգամից իրագործել: Էլ որքա՜ն հետաձգես. պլանշետ՝ գումարած օրհնություն, որ թոˊղ տարածվի մեր բոլոր հինգ-վեց տարեկանների վրա: Մնաց՝ Էրիկ Գրիգորյանի առաջարկից հեծանիվ ընտրելը, որ Գևորգ Հակոբյանի՝ մանկավարժական լաբորատորիայի ղեկավար սանիկի հետ պիտի անե՞նք օրերս…
Աշխատանքային հունվարի 20-ը Մեդիակենտրոնում:
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի, Զառա Առաքելյանի:
Իսկ Դավիթ Բլեյանը, երբ ես քնած էի, յուրացնում-հմտանում էր՝ իր Թուր-կեծակիով նոր… Անընդհատ նկարել է մատով՝ քար, սարդ… արև… այնքան, մինչև մարտկոցները նստել են: Գիշերը, երբ արթուն էի, ու ինքն էր մրափել՝ Մելիքի քնով, իր պլանշետը դրված էր լիցքավորման՝ իմ սմարթֆոնի կողքին… Ժպտացի. մեծանում է մեր տղան, տեսեք՝ ինչ զենքեր է գործածում…
Իսկ Արամի 30 հասցեում գտնվող շենքը ոչնչացվել է բարի նպատակներով… պարզվում է: Թո՜ւ, бессовестный, -կասեր հայրս: Ոչնչացման հեղինակը կառուցման ճարտարապետ է… Վերջ: Գաղափարի մարդն է ասում, որի կոչումը պիտի լիներ այս ավիրումը թույլ չտալը…
Օրագրի առաջարկը
Տեսել ե՞ք օրիգամիների աշխարհը: Օրիգամի պատրաստել կարողացողների և այդ աշխարհը նոր բացահայտողների համար տեսադասերով կայք, այստեղ տեղադրված են ամենատարբեր կենդանիների, պատկերների, տեխնիկաների ու ծաղիկների պատրաստման լուծումներ:
Ընթերցարան
- Ավստրիացիներն օդից խմելու ջուր հավաքող շիշ են ստեղծել
- Ավստրալիայում «մերկ օլիմպիադա» է տեղի ունեցել
- Թուրքիայի իշխանություններն ինքնաքննադատության են դրդում
- ԱՄՆ մտադիր է հինգ օրում հարթել տարաձայնությունները Ռուսաստանի հետ՝ Սիրիայի շուրջ
- ԱՄՆ գերագույն դատարանը կորոշի հինգ միլիոն անօրինական միգրանտների ճակատագիրը
- Մարդկանց տներում ապրում են 500 տեսակի միջատներ
- Մինչև 2020թ.-ը 50միլիոն մարդ կզրկվի աշխատանքից՝ ռոբոտների պատճառով
Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 558