Գարունը հրեն, հա՜, մի քանի օրական փետրվարը մնաց. դրսում էլ՝ արև, չոր, էս համաճարակը չլիներ էլ, կստեղծեինք, որքան էլ որ հակահամաճարակությունը նույնքան կարգապահ-գրագետ աշխատանք է ենթադրում, ինչպես ուսուցման առցանց կազմակերպումը…
Շաբաթ իմ օրն անցկացրի «Սեբաստացիներ» երգչախմբի հետ… լազա՜թ… Սիրում եմ ճամփորդել մաեստրո Թոփիկյանի ու իր խմբի հետ՝ ճանաչում ես-երգում-ունկնդրում… հին-հին կապերի նորոգում, նոր հավեսներ, խոստումներ: Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու քահանա տեր Կյուրեղի հետ մենք գործընկերներ ենք 1980-ական թվականներից: Անմոռանալի է մեր հանդիպումը Մեղրիում, երբ նա այնտեղ իր երջանկահիշատակ տիկնոջ հետ գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի մասնաճյուղն էր ստեղծում-ծավալում, ես հայտնաբերում էի Մեղրին՝ որպես իմ մանկավարժական հեղինակային կրթական ծրագրերի միջավայր: Այս ընթացքում, որքան էլ իրարից հեռու, միասին ենք գործել, նույն նպատակադրմամբ: Եվ հիմա նորից, արդեն քահանա տեր Կյուրեղի հետ հաստատում ենք մեր հարազատությունը:
Դիմացը՝ գարուն է… Իսկական մաեստրո ունենք, հեշտ է ճամփա գնալը, երգով էս ճամփեն անցնելը Ջրվեժի Սուրբ Կաթողիկեից մինչև Գեղարդի վանք՝ Չարենցի կամարով… Ի՜նչ լավ կլիներ՝ պատանեկան երգչախումբն էլ մեզ հետ լիներ… Լուիզա Քեշիշյան, ո՞ւր ես, արդար չէ, Հարություն Թոփիկյանը շաբաթը չորս օր փորձ է անում, համերգային այսպիսի տպավորիչ շրջագայության մեկնում, իսկ պատանիները մեր… Գուցե ճի՞շտ է միասնական երգչախմբի գոյությունն առանց սահմանների, որ պատանիներն իրենց ուսուցիչների հետ երգեն-շրջագայեն… Արհեստական չե՞ն այս սահմանները ևս… Ի՞նչ համերգային ծրագրեր են ներկայացնում 2016-ի համար մեր մանկական-պատանեկան-ուսուցչական վոկալ համույթները… Եկեք ֆիզիկական միջավայրում միասին այս շաբաթ նաև այս մասին խոսենք:
Չարենցի կամարից Գեղարդավանք,
Խրիմյան Հայրիկի անվան կրթամշակութային դահլիճ:
Լուսանկարները`Արմինե Թոփչյանի, Արմինե Բաղդասարյանի:
Արմինեն պատմում է 4.2 դասարանի Արմեն Մարտիրոսյանի փողոցի մասին… Արմենին փողոցից տուն բերել, առցանցում ներգրավել, ըստ Ռուզան մայրիկի, չի լինում, փողոցում է՝ իր շնով, կատվով, սահնակով, ընկերներով, արկածներով… կենսափորձի փոխանակումներով… Արմինեի եզրակացությունը՝ այսպիսի փողոցն էլ դպրոց է, մանկավարժական լաբորատորիան չի՞ վիճարկում… Ինչպե՞ս մեր սովորողին դուրս բերել փողոց, եթե խնդիր կա, ըստ մանկավարժական լաբորատորիայի. սա՞ է խնդիրը… Գեղարդի ճանապարհին, Ջրվեժի, Ձորաղբյուրի, Հացավանի բլուր-անտառներն են՝ ձյունապատ-կուսական… Ինչո՞ւ դասարան-դասարան, խումբ-խումբ, ուսուցչով-ծնողով դուրս չգան, չվայելեն իրար ու միասին այսպիսի պարգև ձմեռը՝ արձակուրդն էլ վրադիր… Կարինե Պետրոսյանը, դպրոցների ղեկավարները, կազմակերպիչները ոգևորվեցի՞ն այնչափ, որ կարողանան տեղից շարժել այս հակահամաճարակաբանություն կոչվող անկենդանությունը…
— Դավի՛թ, արի գնանք այգի, ճամփին կմտնենք եկեղեցի…
— Չեˊմ գալիս եկեղեցի, սուրբ հայրը կհոգնացնի… Համ էլ՝ մատերս սառում են…
— Ո՞ւր ես գնում, պաˊպ, առավոտ շուտ, կարգին չես լավացել,- տղուկի ձայնով Արմինե մայրիկի հոգատարությո՞ւնն է ծորում:
— Կոնֆետներիս միˊ կպի, ինչ տանում ես, տար…- սա էլ Ջրվեժի ճամփորդի իմ ուսապարկին է վերաբերում:
Ես խոստացա վերադարձնել: Դավիթը հասուն է՝ ինձ ու Արմինեի հետ հարաբերվելու որևէ խնդիր չի առաջանում… Մենք զարգացման կազմակերպման մեր մասնակցությամբ հաստատ ետ ենք մնում, դոփում տեղում. մարդը լոնքերով է առաջ գնում… Խցանումից հանեց իր բոլոր մեքենաները, ջոկեց, ամենափոքր մեքենաների հետ ուրիշ նախագիծ ունի, միջին չափերի մեքենաների ցուցադրություն նոր կազմակերպեց, ամենամեծերը՝ նոր կայանատեղում են… Հավաքեց իր ողջ գազանանոցը-լողացրեց մեկ-մեկ, Ստեփան հորեղբոր հետ կոկիկ դարսեց տոնածառը՝ իր արդուզարդով.
— Սպասենք, հոպար, հաջորդ տարվան…
Համեցեք, տեսեք. իր սենյակը, մեր բնակարանն այսքան դասավորված չեն եղել…
Հայերենի ֆլեշմոբի՝ Դպրոց-պարտեզի մասնակիցներ:
Լուսանկարները՝ ծնողների։
Մարդու՝ իր գործի, իր անելիքի տերը լինելու ժամանակը չէ՞: Բա էլ ե՞րբ կգա այդ ժամանակը, ավելի հարմար շրջան կա՞ հեղինակ-ուսուցչի համար, քան այս առցանց ուսուցման և հակահամաճարակային շրջանը… Մենակ փետրվար-մարտի անելիքի, ուսուցչի առարկայական օրացույցով և կրթահամալիրի տոնացույցի ստուգատեսներով, այլ ուսումնական նախագծերով որքա՜ն գործ կուտակվեց. եթե չի արվելու, եթե ավելորդ էր-պարտադրանք էր, մահանան հակահամաճարակն է, ի՜նչ տեղին է… Եթե շիտակ լինենք, համաճարակ ժամանակում ենք երկար-շատ երկար ապրել, և մեզ մի ընդգրկված-արհեստական վիճակի բերածն ի՞նչ է անելու-տալու-փոխելու… Ես վճռական եմ յուրաքանչյուր սեբաստացու՝ սովորող-ուսուցիչ-ընտանիք, առավելագույն աջակցել… Թերթեˊք իմ օրագիրը… Նախագծերի ծով… Ռոքսի քոթոթների տնակներ պիտի պատրաստվեն ամեն մի դպրոցի համար (ո՞վ), տնկարանները դպրոցների ուշացնում ենք (ո՞վ), «սածիլանոցներ» ասելով անցյալ տարի մնացինք, ի՞նչն է փոխվել, ինչպես նաև ուսումնական բանջարանոցների հարցում… Դպրոցական տեխնոլոգիական գործիքարանները թարմացնելու լավ շրջան չէ՞, բա ե՞րբ կգա այն… Կրտսեր դպրոցներին խոստացած հեծանիվները չգնեցինք… Այդպես էլ մեր բակերում չիˊ աշխատում սայլակով իշուկը, ինչո՞ւ… Վերադարձեˊք իմ հինգ հարյուր հիսունվեց գրերից յուրաքանչյուրին… ձեր օրագրերին, մտեˊք mskh.am… մարդու քնելը գալիս է, այնքան ասված բան, որ այդպես էլ գործ չի դառնում: Իսկ վեր կենալու զանգը հնչել է…
Բերնեն ականջ շատ է կարճ, խոսքեն գործ՝ շատ երկար… Ճանապարհ կա անցնելու, ճանապարհ… Ահա այս անցումի մասին է իմ գիրը:
Ընթերցարան
- Ուղեղը մարզող 5 հոբբիները
- Չինաստանում կառուցվել է ամենաերկար կամուրջը
- Ոտքերի 10 տեսակ
- Արևելյան Եվրոպայում մուսուլմանների ինտեգրումը գործնականում անհնար է
- Նախկինում անհայտ փաստ նիհարելու մասին
- Lumiere 2016. Լոնդոնի լույսի փառատոնի լավագույն լուսանկարները
Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 556