Կարդացե՞լ եք՝ ինչ է գրված Սեբաստիա-Րաֆֆի փողոցների խաչմերուկ չհասած, բարձրահարկ շենքի ճակատին՝ ամերիկացի գրող, լրագրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյին նվիրված պաստառին… Ես էլ, մինչև հեծանիվ նստելը, չէի կարդացել… 2012թ. այս կողմ արդեն խունացած գիրն ասում է. «Ոչ մի դեպքում չշփոթել շարժումը գործողության հետ»… Այն մի քանի րոպեն, որ ես ունեի շաբաթ օրով առավոտյան, ցուցանակով շենքից մինչև Մեդիակենտրոն հասնելը, սիրով խաղացի իմ սիրելի Էռնեստի տողերի հետ, վերնագիր դուրս բերեցի իմ այսօրվա գրի համար… Ես գիտեմ կապը նյութի վերնագրի և ընթերցողների թվի միջև, հարգելի տիար Յուրա, իմ շատ մեդիահրապարակումների, հոդված-հարցազրույցների հեղինակը ես չեմ, խմբագրությունն է… Համեցեˊք, դուք էլ ունեք այդպիսի իրավունք՝ իմ նյութը թարգմանելուց առաջ խմբագրեք-փոխեք վերնագիրը… Հատկապես, որ «Դպիրի» համար թարգմանվող նյութը դուք եք ընտրում: Իսկ Հեմինգուեյի մասին «իմ «սիրելի»-ով խոսելը հերթապահ խոսք չէ. ես նրա ընթերցողն եմ (գոնե եղել), ուսանողական շրջանում ինձ հետաքրքիր է եղել նրա անձի հետ կապվող ամեն ինչ Կուբայում, որտեղ ես վայելում էի ուսանողական շինարարական ջոկատների ղեկավարման մրցանակը, հուզմունքով այցելել եմ հայտնի գրողի տուն-թանգարան, որ, վստահ եմ, ամերիկա-կուբայական անջրպետի խորտակումից հետո կդառնա ավելի մարդաշատ ու խնամված… Իմ հերթական վաթսունամյա շրջաններից մեկում պլանավորել եմ կրկին այցելել…
«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն»․ նոյեմբերի 16-ը Քոլեջում։
Լուսանկարները՝ Նորայր Կարապետյանի (2-րդ կուրս)։
Կիրակին ես անցկացրել եմ ընտանեկան եռանկյունում, Դավիթ Բլեյանի կողքին՝ տանը և դրսում… Առաջին հերթին կոտրեցինք լողանալու տաբուն. ձնծաղիկները մաքրեցինք՝ շատացան-պայծառացան… Հետո եռանկյան գագաթներով զբոսնեցինք Կենտրոնով… Վաղուց «Օղակաձև»-ում մանրակրկիտ չէինք քայլել՝ մինչև Վարդան Մամիկոնյան ու… Վերնիսաժի շուն-կատուների տոնավաճառ… Դավիթն ամեն առիթ օգտագործեց՝ իր ճարպկությունը, մարմնամարզական աճը ցուցադրելու համար. պետք էր տեսնել, թե ինչպես բոլոր կողմերից միայնակ-խիզախ մագլցեց Վարդան սպարապետի պատվանդանով վեր ու վեր…
— Ես բոլոր ձիերը պիտի նստեմ, պապ… Զորավար Անդրանիկի… Երկաթուղային կայարանի… Էլ ի՞նչ ձիեր կան, պա՛պ…
— Մարշալ Բաղրամյանի, Գայի (Հայկ Բժշկյանց)…
Գնա՜ց, հարցերով քրքրեց ինձ, բայց և ոգևորեց. Գինեսի գիրք ընկնելու համար սրանից էլ համազգային-վերազգային ճանապա՞րհ…
«Արևորդի» փառատոնի շրջանակում անցկացվող հեծանվային ակցիային մտածված չմասնակցեցի. նախ, Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը, մարզադպրոցի ղեկավար Նառա Հարությունյանը հեծանվի մարզչի ու տասնյակի չափ սեբաստացի պատանիների հետ լավ էլ տոնական-կրթական դարձրին քաղաքի ֆիզիկական կենտրոնը… Համ էլ՝ հեծանիվն ինձ համար առօրյա է, նախընտրելի փոխադրամիջոց… Իսկ փողկապ ես չեմ կրում անհիշելի ժամանակներից… Կեցցեˊք, սեբաստացիներ, մեր այս տոնական օրերին ժամանակ գտեք մեր հեծանվաարշավի համար… մինչև Էջմիածին կամ… Մուսա լեռ գագաթ…
Գեղարվեստի 5 տարեկանների տերևախաղը։
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի։
Մայրենիի, դասվարների սեմինարին ոգևորված վիճակ էր. ես դասվարներին գտա ինքնավստահ-գործնական քննարկման մեջ. կենտրոնի ղեկավար Մարիետ Սիմոնյանի հետ հեռուն գնացող գործողությունների շարք ներկայացրին… Իհարկե:
Հասմիկ Ղազարյանի «Ավետիք Իսահակյան» տեսանյութը գոնե երկու անգամ նայեցի, լսեցի… Պատանիները կարդում են Իսահակյան՝ լսելի, անկեղծ, անհատականացրած… Շնորհակալ եղա քանի՜ անգամ… Ինչպես ճիշտ էր ընտրված երաժշտությունը մեր սիրելի Տիգրան Համասյանի, այնպես և լավ ձև էր Իսահակյանի նախագծի ամփոփման…
Ես ձեզ խոստացա այս օրերին միասին բարձրանալ մոտակա՝ «Փարոս» մակագրությամբ շինությամբ հայտնի բլուրը, ու հայտարարել այն դիտարան՝ դեպի Արագած նայող… Ու միասին կարդալ մեր «Բարձունքի նվաճում» 2015-ի սեպտեմբերյան նախագծի աղոթքը՝ Դոˊւ, Արագած, ալմաստ վահան…
Իսահակյանը, իհարկե, մեր գրականության, մշակույթի-մտածողության այն բարձունքներից է, որ առանց նվաճելու և նվաճել տալու դեռահաս պատանիներին, չի կարելի… Դուք չգիտեիք՝ ես պարտք ունեի Վարպետին մեր. իր հարյուր քառասունամյակին նվիրված առիթով նախաձեռնած ուսումնական նախագծով, սիրելի սեբաստացիներ, սկսվեց-շարունակվեց… Իսկ պարտքը, ասված է, հատուցումով է գեղեցիկ…
«Կոմիտասի գրառած, չկատարած երգեր» նախագիծը «Սեբաստիա» համերգասրահում։
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։
Մաթեմատիկայի և մայրենիի տպավորիչ ընտանեկան առցանց նախագծերի իրականցում, հարգելի գործընկեր-պատվիրատուների նախաձեռնությամբ գեղարվեստի, բնագիտության ուսումնական կենտրոններում մեկօրյա փոխանակում-հեղինակային կրթական ծրագրի ներկայացումներ, Նոր դպրոցում ուսումնական հեռուստատաղավարի գործունեություն… նախակրթարաններում ու հեղինակային նախագծերի սերմառմբահարում… շարունակեˊք, էլի, էլի… ինքնուրույնության, ինքնակառավարման մեկամսյակի պայմաններում… մարզիչների, սաների, համատեղ հետևողական աշխատանքով ամբողջանում է կրթահամալիրի Մայր դպրոցը՝ որպես կրթահամալիրի ինքնավար գործող դպրոց-ուսումնական կենտրոնների կրթական ծառայությունների ազատ դաշնության կենտրոն… Այսպես, խոստովանենք, հետաքրքիր է սկսել մեր Տոնական շաբաթը, երբ չկա մեր միջոցառումային նյարդայնացնող իրարանցումը, ու կա համաձայնեցված օրակարգ…
Կլոր սեղան Քոլեջում։
Լուսանկարները՝ Նորայր Կարապետյանի (2-րդ կուրս)։
Կիրակին ինձ հնարավորություն տվեց պրոֆեսոր Սուրեն Զոլյանի՝ գիրք դարձած իմաստագործաբանական վերլուծությունը թերթելու… Մենք մոռանանք, ոչինչ, սեբաստացի Տիգրան ու Զոյա Զոլյանների հայրիկը չի մոռացել իր մակագրության մեջ, անգամ այս գրքի առաջին լսարանն է կրթահամալիրի գրադարանը… Գրքում հանդիպեցի Գյոթեի տողերին, որոնք փնտրված օրագրային իմ արձագանքն են Աշոտ Տիգրանյանի, Յուրա Գանջալյանի, Նունե Մովսիսյանի հրապարակումներին… «Ինչ էլ ասեն թարգմանության ոչ լիարժեքության մասին, այնուամենայնիվ, այն մնում է մարդկային հաղորդակցության ամենակարևոր և նշանակալից միջոցներից մեկը»… Դուք տեսեք, թե հեղինակային կրթական ծրագրի՝ իրարից տարբեր այս եռյակը նշանակալից այս միջոցով ի՜նչ տպավորիչ, ծավալուն հեռանկարային գործունեություն է ծավալել՝ սովորողի թարգմանչական գործունեության նախագծերի, հեղինակային նախաձեռնությունների իրագործման առումով… Եվ Աշոտ Տիգրանյանի «սպառնալիքը»՝ որպես մեկնաբանություն իմ «Մենք բոլորս պարտիզպա՞ն ենք…» գրին, ես ոգևորությամբ ընդունում եմ՝ որպես մեր մանկավարժության հեղինակների թարգմանական գործունեությունից առաջացող շարժման փաստագրում, «Մխիթար Սեբաստացի» մրցանակի մասին իմ սուրհանդակի արձագանք: Համեցեˊք, շարժեˊք ու շարժվեˊք ձեր գործերի ներկայացման այս պատշաճ շրջանում:
Ֆոտոխմբագիր՝ Նվարդ Սարգսյան
#498