Վերնագիրն ինձ հուշեց Արմեն Նիկողոսյանի՝ «Հայկական ժամանակ»-ի մարզական լրագրողի գրավիչ պատումը: Հաճույքով կարդացի. սկսեˊք իմ օրվա գիրը սրանով… Ի դեպ, Արմենը կրթահամալիրի գործադիր տնօրեն է եղել 1990-1994 թթ…

Համաձայնեք, որ հեղինակային մանկավարժություն իրականացնող կազմակերպության Մայր դպրոցի մարզադաշտի մուտքի մոտ, մանկական այգու բազրիքին սուրճ խմող-ծխող ուսուցիչների ամենօրյա դիմավորման փաստի հետ դժվար է հաշտ ապրել… Անլուրջ տեսարան է. ի՞նչը քննարկենք, իրավական ի՞նչ հիմնավորում բերեք մանկավարժորեն անթույլատրելիին… Ես երեխայի պես փորձում էի չտեսնելու տալ սա՝ Մայր դպրոց մտնելով գլխավոր մուտքից… Մարզադաշտի ցանկապատից այս կողմ մանկավարժական աշխարհն է մեր հորինած, այն կողմում իրականությո՞ւնն է սկսվում… Հարգելիˊ Յուրա Գանջալյան, Վահրամ Թոքմաջյան, Արման Երանոսյան, Արամ Մկրտչյան, …, անհրաժեշտ է անհապաղ ու վերջնական ցրել այս տեսարանը. Մարադոնան էլ մեզ չի փրկի: Մեծ հարգանքով դատարանի (մենք ենք ստեղծել) և դատավորի նկատմամբ՝ ասում եմ՝ նրանք կարող են օգնել, բայց… Ձե՛ր գործն է, ձեր լուծումը…

Հինական դպրոցի դաշնամուր-աստիճանները:
Լուսանկարները՝ Տաթև Մելքոնյանի:

Հաճելի էր տեսնել այն հարգանքը, որով Ավագ դպրոցի՝ դատական քննությանը մասնակից սովորողները հարաբերվում են  դատավոր, իրավունքի-հասարակագիտության ուսուցիչ Վանիկ Գաբրիելյանի հետ. իրավունք դասավանդողի անձը, այսպիսով, դրական է ազդում պատանու իրավագիտակցության ձևավորման վրա… Իսկ մեր մյուս նորեկ հասարակագետ Աղասի Մարգարյանի համար ներառման շրջանը ոչ միայն մնաց ետևում, այլև Աղասին դարձավ կրթահամալիրի Ավագ դպրոցի ավարտական՝ տասներկուերորդ դասարանցիների կազմակերպիչ-խորհրդատուն և իրադարձությունների կենտրոնում է՝ որպես հյուրընկալող կողմ. Ստեփանակերտի ինը դպրոցների ընտրյալների քսան հոգիանոց խումբն ուսումնական արձակուրդն անցկացնում է Երևանում, կրթահամալիրում… Կրթական փոխանակումների նրանց ծրագիրը սեբաստացիները միասնացման և ներառման՝ մեկ դառնալուն ուղղված բանուկ, սրանով սկսվող, անհատական գործածման համար, ու շարունակական կամուրջ կդարձնեն: Ես ձեզ օգնական, բայց սրանք մեր սեբաստացի ուսուցիչների ուսումնական արձակուրդում սկսած անհատական նախագծերի շարունակությունն են՝  Անահիտ Մելքոնյանի և Քոլեջի, Հռիփսիմե Առաքելյանի և Նոր դպրոցի, Անահիտ Եղյանի  ու Միջին դպրոցի… Հեղինակային մանկավարժական ուսումնական արձակուրդի ճամփորդական տպավորիչ շրջանը պիտի հրահրեր փոխանակումների այսպիսի պատասխանի-անդրադարձի-արձագանքի շրջան… Արցախում-Հայաստանում պետական կրթական ծրագրով սկսված արձակուրդը, տեսեք, ինչպիսի՜ հնարավորություն է՝ հաշվեցինք, 100-ից ավելի սովորողի և ուսուցչի համար մեր միջոցով, լինելու Հայաստանում, Երևանում, կրթահամալիրում… Համաձայնեք, որ արձակուրդային շաբաթի տեղաշարժն արդարացված է, և կրթական փոխանակումների-հայրենագիտական ճամփորդությունների ուսումնական տարում չորս անգամ պարտադրվող շրջանները մեր հեղինակային մանկավարժության-կազմակերպման-տարածման բաց համակարգը կայացնում են, նաև, որպես ընտանեկան-անձնական կյանքի փաստեր… Կարևոր է այսպիսի արձագանքների մեդիաբանումը (լուսաբանումը-ներկայացումը):

Հիմնական դպրոցում աշնանային բակային  աշխատանքները շարունակվում են:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Կարինե Պետրոսյանի հաշվետվությունն աշնանային ուսումնական արձակուրդի մասին՝ որպես հայրենագիտական ճամփորդությունների շրջան, բոլոր տարիքի ու կարգի սեբաստացիների համար տպավորիչ է՝ կասկած առաջացնելու աստիճան: Ա՜խ, այս մեդիագիրը… Իր հղումներով կասկածն անհապաղ ցրելու և գրավիչ հաշվետվություններ դարձնելու գործիք է: Շնորհքի հարց է:

Տեսեք, Աիդա Պետրոսյանի «Պարտեզ» ամսագիրն ի՜նչ լավ է ներկայացրել «շնորհքով» մեդիայի նմուշներ» mskh.am-ի գլխավոր էջում. Գեղարվեստի հինգ տարեկանների Դիանա Գևարգյանի, երկուսից չորս տարեկանների Օլյա Մանդալյանի, Դպրոց-պարտեզի Գյոնջյան Արմինեի սաների  այս տեսանյութերը նայի ու նայի… Դավիթ Բլեյանն էլ ինձ միացավ։ Ահա մենք այսպես բացվում ենք ձեր առաջ՝ մեր կյանքը մանկավարժություն դարձրած, հարգելի բոլոր տարիքի սովորողներ ու ծնողներ, ինչո՞ւ եք դուք փակ պահում, մենք ուզում ենք լիարժեք ծանոթ լինել ընտանիքներում ծավալվող մանկավարժությանը… Համեցեˊք, մաթեմատիկական ամենամսյա ֆլեշմոբը (մաթեմատիկական խնդիրներ ընտանիքում-ընտանիքով), որ այսօր երկու-երեք հարյուր ընտանիքում փաստ կդառնա, ինչպես կյանք, ներկայացրեք… Կաթիլ-կաթիլ մեզ միանում են Անտառուտի, Ստեփանակերտի, Գետաշենի սովորողները… Այսօր գնացին Արթիկի յոթերորդ դպրոցի սովորողները՝ բասկետբոլի «Վահան Ասատրյան» մրցաշարի մասնակիցները, շուտով կգան Շուշիի երաժշտական դպրոցի, Ստեփանակերտի ութերորդ դպրոցի, Եղեգնաձորի երկրորդ դպրոցի խմբերը… Ծով ենք դառնում այսպիսով…

Հիմնական դպրոցի 1-3-րդ դասարանի սովորողները Հ. Պարոնյանի անվան թատրոնում:
Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի:

Մայր դպրոցում իմ ու Շուշան Ադամյանի (ութերորդ դասարան) միջև ողջույնների փոխանակումն ինձ քիչ թվաց: Զրույց դարձավ, իմ օրվա զարդը-գյուտը դարձավ: Ես չգիտեի՝ Մասիս քաղաքում բնակվող աշխատավոր Ադամյանները կրթահամալիրում ներկայացված են Շուշանով, Տիգրանով (յոթերորդ դասարան), Արսենով (երրորդ դասարան) և չորս տարեկան Անգելինայով… Ես, իհարկե, կշարունակեմ իմ ուսումնասիրությունը, այս խճանկարով հավաքեմ ընտանիքի ամբողջացումը…
— Շուշան, ի՞նչ կարող եմ անել, քեզ ի՞նչն է խանգարում,- հարցնում եմ:
Պատասխանը լսեք այս զարմանալի աչքերով խոհուն-սևուկ-հմայիչ աղջկա.
— Դուք ձերն արել եք, հիմա մեր անելու ժամանակն է…
Ու պատմեց՝ որքան որ մեր ժամանակը թույլ կտար…

Կրթահամալիրի հյուրերը Ներքին Գետաշենից:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի:

Իսկ Տաթև Ստեփանյանն ու Մերի Առաքելյանը երգչախմբից հետո, մաեստրո Թոփիկյանի հյուրասիրած համեղ-շատ համեղ տորթը՝ մաեստրոյի հետ շփումով վայելած, շտապում էին.
— Ո՞ւր,- հարցնում եմ…
— Ծնողներս սպասում են…
Սովորողների ծնողների երգչախումբը ժամը հինգին (աշխատանքին չխանգարի) պատրաստվում էր այսօրվա համերգ-ներկայացմանը Մարմարյա սրահում… Սա, համաձայնեք, մարդու, նրա կյանքի, ընտանիքի ու հասարակության հետ ուղիղ առնչություններ ունեցող ուսումնական նախագծի ներկայացումը, երբ տարատարիք սովորողը՝ իր ծնողով-ուսուցչով, դաս է տալիս-չի տալիս, իմ ու քո չկա, կա մեկտեղում… Ի՜նչ լավ է, որ իմ՝ արձակուրդում գտնվելու շրջանում ես հնարավորություն ունեմ մարդու, նրա իրական կյանքի հետ գործ ունենալու, Ռոդարին ասում էր՝ ամբողջական կյանք

Պարը Միջին դպրոցում՝ որպես երկարօրյա ուսուցման լրացում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Մնացածը, սիրելիներս, ինչը համարվում է մանկավարժական աշխատանք, ժամանակ ու եթեր զբաղեցնում, այնքանով կապ ունի բուն երեխայի (մարդու), նրա ընտանիքի ու հասարակության հետ, որքան… մեզանում ընթացող (ասում են) սահմանադրական փոփոխությունները… ոˊչ ավելի, ոˊչ պակաս: Կրթահամալիրի տնօրենի մնացած պարտականությունները, բարեկամներ, ԿԳ նախարարի հրամանով հանձնված է իմ արձակուրդի շրջանում ինձ փոխարինող Գևորգ Հակոբյանին…

Ֆոտոխմբագիր՝ Շամիրամ Պողոսյան
#480

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր ուղի ստեղծարարության

Աղջկա իրավունքով ներխուժում տիարի բլոգ՝ որպես քաղաքացու խաղաղ նախաձեռնություն։ Զարուհի Առաքելյան 

Իշխան դառնալու ճանապարհ է մեր կրթությունը

Բլեյան Դավիթը երկար ժամանակ լողավազանում է, անաղմուկ այնքան, որ իր մասին մոռացել ենք: Սովորաբար նա չլմփոցով, երգով-կանչով է անցկացնում իր լող-լոգանքն ամենօրյա: — Դավիթ,- մտնում եմ բաղնիք,- էս ինչ լուռ

Այսպիսի մի երթուղի

Անցյալ տարի այս ժամանակ էր կարծես, Արմինե Թոփչյանը թող ճշտի, ես առաջարկեցի մի ուսումնական նախագիծ… երևանյան այգիներում, պուրակներում, անտառային գոտիներում (հա´, հա´ անտառային գոտինե՜ր) լինել խմբով, դասարանով… ու պատմել: Իջնենք,