Առավոտից Դավիթ Բլեյանին պատրաստել ենք տիկին Ֆրիդային՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկին այցելելու. մեր երկարատև բացակայությունը, որ չունի արդարացում, անցյալ դարձնելու համար։ Տեսեք-տեսեք՝ Դավիթ ենք ուղղորդում. Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունք, սքանչելի Սոնայի ուղեկցությամբ անհատական ուսումնական ուղևորության կրթահամալիրի տնտեսություն՝ սագի մեծ ձվի հետ հանդիպման զարմանք, Ռոքսի շուն-խորհրդանիշի հետ խաղ, անընդհատ հմտացող Էդվարդ բանջարաբույծի հետ զբոսանք տնտեսության բոստանով, անհատական կեսօրյա ռեժիմ Դպրոց-պարտեզում… Սրան գումարեք տիկին Ֆրիդա մայրիկի-տատիկի (Դավթի գումարումը մի դիմելաձևում) ջերմությունն ու նվերների առատությունը… Այս ամենի դիմաց մի պայման պիտի կատարեր մեր «անշնորհք խայտառակությունը»՝ մեզ տիկին Ֆրիդայի մոտ սևերես չաներ, Ֆրիդա տատիկին խնայեր… Ախր շա՜տ է ուշադիր ու ծա՜նր է տանում… Միևնույն է… Դավիթը գտավ տեղ, ժամանակ ու ձև՝ իր իմացած «փիս» խոսքերն իրար կողքի շարելու և հերոսի ինքնազգացողությամբ տատիկի աչքերին նայելու… Ինչքա՜ն խնդրեց տատիկը, Դավիթը դոզան ավելացրեց…
— Ես կատակ եմ անում, տատիկը խի՞ ա լրջանում…
— Դավիթ, չորս տարեկան ես դառնում, հրաժարվիր այդ բառերից, ուրախ բառեր բեր…
— Խի դրանք ուրախ բառեր չե՞ն, բա որ ուրախ չեն, ո՞նց են մարդիկ ծիծաղում…
— Ծիծաղ չէ, Դավիˊթ, մարդիկ քո փոխարեն ամաչում են… Դե, խոսք տուր՝ ես էլ քեզ օգնեմ…
— Թող մտածեմ, պապ…
Մինչև առավոտ թող մտածի, ժամանակ էլ ունի մինչև դեկտեմբերի 12-ը. էլի կմեծանա, էսպես չի մնա:

Աշխատանքներ Մայր դպրոցում: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։

Կրթահամալիրի Գեղարվեստը քանի օր է՝ առանց ղեկավարի է. Արմինե Թոփչյանը Ելենա Սարգսյանի արշավախմբով ծովից ծով Հայաստանն է նվաճում, Կարինե Մացակյանը, համոթ մեզ, հիվանդացել է… Հիվանդապահի կյանքով ապրողին առողջություն կմնա՞… Ծովիկ Սարգսյանն էլ, իմացաք, երիտասարդ քույր կորցրեց… Այսպիսով, ինքնակրթության-ինքնավարության նախագծի զարգացման ընթացքը, արդյունքները տեղում արձանագրելն ինձ բերում է Գեղարվեստ կեսօրին, օրվա վերջում… Պատահական մոնիտորինգին միացել էր Նորայր Այվազյան Սպարապետը, ով Գագիկ Չարչյանին կամ Կարեն Մկրտչյանին էր փնտրում՝ մի գրքի համար… Պարզվում է՝ նկարիչ ընկերները ներկել-ձևավորել են դրսի աստիճաններն ու անցել 2-4 տարեկանների խմբասենյակի ֆաներայի հատակին… Այցելեˊք՝ տեսեք: Արման Գրիգորյանն էլ սովորողների հետ նոր-նոր ավարտել է տանիք-պարտեզի մյուս պատի ձևավորումը… Բոլորն են տեղում ու աշխատում՝ դաստիարակ, ծնող, տնտեսուհի, բանվոր ու պահակ… Ինձ ոչինչ չի մնում, քան պայմանավորվել ծնող Լուսինեի հետ գրքերի մեդիաաշխատանքները շարունակելու, իսկ Արսենի պապիկի հետ՝ երգչախմբով ու հինգ տարեկաններով առաջիկայում Փարպի գյուղ այցելելու մասին… Ուզում ենք փարպեցիների համար գյուղի եկեղեցում երգել, հանդիպել գյուղական դպրոցի քառաձայն երգչախմբին… Այսպիսով, սրանք ինքնավստահություն և ինքնակրթություն չե՞ն… կատակ չեմ անում, լուրջ եմ ասում… Ինքնավարության և ինքնակրթության մանկավարժական ցույցը շարունակում են Անահիտ Եղյանը՝ Եղեգնաձորից, Անահիտ Մելքոնյանը՝ Ուրցաձորից, Շամիրամը՝ Հրազդանի կիրճից, շքերթին արդեն mskh.am-ում միանում են Ռինան-Հերմինեն՝ Թբիլիսիից, Ելենայենք՝ Համշենից, բազմաթիվ սեբաստացիներ իմ էլեկտրոնային փոստում…

Նոր դպրոցի 4-5-րդ դասարանցիների կինո-ֆոտոգործի խումբը պատրաստվում է ցուցահանդեսի:
Ղեկավար՝ Անի Սարգսյան։ Լուսանկարները՝ Նարեկ Արշակյանի

Իսկ Մեդիաչորեքշաբթին Մարմարյա սրահում մեկ ժամից ավելի ցուցադրվող լաբորատոր-ստեղծական գործունեությամբ կենտրոն եկած մեկ-երկու ամսական սեբաստացի ուսուցիչներով ինքնակրթության-ինքնավարության բաց համակարգի, որպես նոր հարթակի, ցուցադրում է… Բայց սա դեռ ամենը չէ, ականջիս որտեղից որտեղ եկան հայտնի գովազդի տողերը… Մեդիակենտրոնում ես հետևում եմ աշխատանքի համար դիմած մասնագետների՝ Մարիմյան Թամարի սկսած ու այսօր Բուշ Լուսինեի ղեկավարությամբ ավարտվող քառօրյա վերապատրաստմանը, ուշի ուշով զննում մասնակիցներին… Ինքնավար-ինքնուսուցանվող նոր մարդկանց, խոստովանեմ, անսովոր ու գրավիչ միջավայրում ես վայելքի ռեժիմում եմ… Այո՛, ես իմ այսօրվա-երեկվա գրում շարունակում եմ ընդհանուր պարապմունք-հավաքներին իմ բանավոր սկսած խոսակցությունը: Եվ լավ է, որ 2015-2016-ի մեկնարկին մենք այսպիսի ռեժիմում ենք՝ իքնավարություն-ինքնուսուցում… եթե սա բեկում էլ չէ, ապա բեկում ապահովող անհրաժեշտ պատրաստության վիճակ…

Իսկ Մարթա Ասատրյանը, Մարգարիտ Սարգսյանը, Տաթև Բլեյանը, Նառա Նիկողոսյանն ինքնակրթության դաընթացների են՝ դպրոցի ղեկավարի համար ՀՀ օրենքով պահանջվող հավաստագրի համար… «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի կուտակած փորձը յուրացնելուն կծառայի, նաև, համոզված եմ, մեր գործընկերների՝ ինքնուսուցման վրա կառուցված չարչարանքը…

Սեբաստացիներ: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

ԱՄՆ ներգաղթել ցանկացող ռուսների քանակը մի քանի անգամ մեծացել է. ըստ պետական դեպարտամենտի, 2015-ի տարվա սկզբից դիմում են ներկայացրել 265.000-ից ավելի ռուսներ… «Մարդիկ, որոնց հետ ես խոսել եմ միքանի տարի առաջ, և որոնք երջանիկ էին Մոսկվայում, այժմ «փախուստիուղիներ» են փնտրում»,- ասել է միգրացիոն հարցերով փաստաբանը»: Եթե կա մի գործոն, որ ուղղակի ազդում է ինձ վրա թևաթափ անելու աստիճան, Հայաստանից արտագաղթողների (ցանկացողների) չթուլացող աճն է…  Սրա դեմն ինչպե՞ս առնես։ Ահա  ինքնակրթություն + ինքնավարությունը՝  խոցված հայաստանցուն ոտքի կանգնեցնելու, Հայաստանում ինքնորոշված ապրելու ուղիղ ճանապարհ, համարժեք երկրագործությանը… 

Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան
#474

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անհատի ինքնադրսևորումը հավաքանիի զարգացման պայման ու առողջության ցուցիչ… ասել է թե` վարկանիշավորում

Դե, եթե բաց ենք և՛ ֆիզիկական, և՛ մեդիամիջավայրում, ինչո՞ւ իմ Օրագրում պիտի լինեն արգելված թեմաներ… Հատկապես, որ իմ շաբաթ օրը այս կամ այն ձևաչափով զբաղեցրել են կադրային հարցերը:

«Մոգական»-ը ուղղակի «հոգեկան»-ի մասին արտահայտող ուրիշ բառ է․․․

Սրանց, Կարլ Յունգի՝ «Թարգմանիր»-ի հայերեն դարձրած, մեդիա բերած 20 մտքերից 19-րդը վերնագիր սարքիր ինձ հետ ու հետևիր իմ 824-րդ գրին, ընթերցող։ Պրահայում անցկացրած երեք գիշեր ու երկուսուկես օրը  մոգական-սպասված, ազդեցություն ունեցան

Այսպիսի դիտարան՝ դեպի Արարատ ու սեբաստացիական աշխարհ…

Մարգարիտ Սարգսյանի տղան՝ Նարեկը, Դիանա Գևորգյանի սանն է, 5 տարեկանների խմբում Սարգսի, Արեգի, Լևոնի… Էլիզա Բաղդիյանի անբաժան ընկերը… երբ Գեղարվեստում ինձ հանդիպում է, որքան էլ ինքն ու ես միշտ բազմազբաղ