Սուսան Մարկոսյանը գիտե, պատմել եմ իմ լուսանկարչությամբ զբաղվելու շրջանի մասին… Ինչո՞ւ հիմա չեմ լուսանկարում, երբ հեծանվով ու առանց հեծանվի, հետիոտն ու մեքենայով շատ եմ ճամփորդում… Ա՛յ, հիմա մանկավարժական ժողովից-ընդհանուր պարապմունքից հետո եկա Մեդիակենտրոն, հրապարակեցի թվով 468-րդ գիրը, մանկավարժական լաբորատորիայում մի քննարկման մասնակցեցի ու ժամը 18.00՝ հայդե՜, հեծանվով սլանում եմ տուն. ես սիրելի հյուրեր ունեմ… Ու Երևանյան լճի ափին, դեպի Լենինգրադյան կամրջի ու Հաղթանակի կամրջի վրա իմ դադարի-հիացումի դիտարաններից… ի՜նչ կադրեր եմ աչքով շրխկացնում… Արխիվ է, է՜…

Ես ապրում եմ ավելի ու ավելի պարզորոշ գիտակցումով, որ կյանքի իմ երկրորդ վաթսուն տարվա շրջանը նույնքա՜ն կենսունակ եմ լինելու, հոգեբանական առումով էլ՝ ավելի հասուն… Էնքան բաներ եմ թողնում երկրորդ-երրորդ վաթսունի շրջանին՝ մեքենա վարելուց սկսած, վերալուսանկարելով չվերջացրած… Ի՞նչ կա շտապելու. մի մարդկային կյանք՝ առաջս…

Ես դեռ չեմ ազատվել երեկ Երևանի Կապույտ մզկիթում ինքնաբռնության այն մեկ ժամի հետևանքից… Ինչի՞ նման է՝ հրավիրել են քեզ 15.30, դու հարգանքով արձագանքել ես ու ճիշտ ժամանակին, հարգանքի արժանի ընկերներ Յուրա Գանջալյանի ու Աղասի Մարգարյանի հետ միացել հարյուրի չափ հարգանքի արժանի մարդկանց մեծ խմբի ու պիտի մեկ ժամ սպասե՞ս… Ո՞ւմ… Չեմ կարող… չեմ սպասել, չեմ սպասի… Ես վատ եմ հասկանում-ընկալում էս պարտադրանքը՝ հանրապետության վարչապետի թե Իրանի փոխնախագահի, մի ուրիշ անգամ էլ հանրապետության նախագահի ու այլ բարձրաստիճան հյուրերի անվտանգությա՞ն  նկատառումով, տասնյակ ու տասնյակ մարդկանց նվաստացնելու ճանապարհո՞վ… Եվ այն աժիոտաժը, որ սրանով առաջանում է մայրաքաղաքում… Ի՜նչ էր կատարվում մեկ ժամի չափ Մաշտոցի պողոտայում, Կապույտ մզկիթի տարածքում… ոստիկանական մեքենաների ու ամենատարբեր ծառայությունների ինչպիսի՜ կուտակում տեսա… Փախա Բանգլադեշ, որ պրծնեմ։ Մեդիակենտրոնում մանկավարժության լաբորատորիայի օրվա վերջի մեր քննարկումը  երկարեց…

Ավագ դպրոց-վարժարանի սովորողները գծանկարի արվեստանոցում:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի:

Ավագ դպրոցում անցկացրած իմ ժամն այս անգամ դպրոցի «նորեկ դասարանների»՝  իններորդցիների հետ էր, որ 2015-2016 ուստարում հայտնվել են Ավագ դպրոցում… Ու տեսե՜ք՝ ինչպիսի հասունացում, ոչ միայն ուսուցիչների համար նկատելի՝ Նունե Մովսիսյանի թե Մարթա Ասատրյան տնօրենի, հասունացում պարտադրող… Այլ հարաբերություն են պարտադրում մեր երեկվա ութերորդ դասարանցիները… Այս առերեսումից ես գոհ մնացի. բոլոր առաջարկները քննարկելի-լուծելի են, լուծում է նաև մերժումը, երբ հարգանքով-փաստարկված ներկայացնում ես հեղինակային ծրագիր առաջարկողի անհայտ-դուրս մնացած փաստարկները… Կարևորը կյանք դարձող-հաստատվող իրողությունն է՝ սովորող-պատանու ինքնադրսևորմանն ու մասնագիտական կողմնորոշմանը սպասարկող կրթական միջավայրի հաստատումը, որ չի կարող արվել առանց սովորողի և ուսուցչի այսպիսի կապի…

Բակային աշխատանքները Հիմնական դպրոցում:
Լուսանկարները`Թամար Մարիմանյանի:

Այնպես չէ, որ եթե Ավագ դպրոցը, այո, կիզակետում է, ժամանակ չունեմ մյուս կրթական ծրագրերի համար։ Այս տնօրենը մոբիլ է։ Կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» ուսումնական կենտրոնի ղեկավարի հետ հրճվանք ապրեցինք Շամիրամ Պողոսյանին այցելելով Հիմնական դպրոցում։ Ի՜նչ վստահ, ճախրանքի մեջ է զգում այս երիտասարդ տնօրենը՝ իսկը թևելու համար ստեղծված. կրթական միջայրն էլ եթե է հիշեցնում…

Սոնա սքանչելի Փափազյանն իր ամենասիրելի չար սաներ Արմենին-Արսենին պարգևատրել է կրկեսի ներկայացմամբ, Դավիթ Բլեյանին էլ՝ «սարը մենակով ամենաառաջինը բարձրանալու համար»… Դավթի՝ հատկապես առաջին կրկեսային ներկայացման արձագանքին օրագրի ընթերցողը որքա՞ն սպասի… Քանի որ մեր տնից մյուս հանդիսատես Արմինե մայրիկը ներկայացման ողջ ընթացքում (Դավիթն  է ասում) հեռախոսով խոսելիս է եղել, ինձ ոչինչ չի մնում, քան ներկայացնել կրկեսում կատարվածն ըստ Դավթի, ով լողանում էր ու պատմում…
— Ատրճանակով բոլորին կրակեցի, պապ. սկզբում առյուծներին (ամենաշատը տպավորվել է կրկեսի գազաններից), որ ձիերին չկծեն-չուտեն, հետո ուղտերին, որ չթքեն մարդկանց վրա, հետո էլ՝ ծաղրածուին…
Ծաղարծուի՞ն ինչի համար։
Ծիծաղում է.
— Չգիտեմ՝ ինչի համար… Խանգարում էր։ Կրակում էի բոլորին… Շունիկներին ու ձիերին չեմ կրակել…
Ծիծաղում է էլի.
— Պապ, կրկես է, կատակ եմ անում, դու ջրի՛ն նայի ցնցուղի. շատ է տաք, վառեցիր…

Մարզական ժամ Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանում:

Արմինեն հերթական անգամ տպավորված է Անահիտ Մելքոնյանի պատրաստակամությունից. ինքը «Սեբաստացի» ռադիոյի օրվա պատասխանատուն է եղել, ու Անահիտը փրկել է՝ որպես շտապ օգնություն…

Իսկ ողջ կրկեսային ներկայացումը «չտեսած, հեռախոսով տարված» Արմինեն, տեսեք, ինչ դիտարկում է արել։ մեր Սոնա սքանչելի Փափազյանը երեխաների նկատմամբ իր մշտական ուշադրությունից մասնագիտական հիվանդություն է ձեռք բերել… ծաղրածուի ամեն ընկնելիս ակամա առաջ է եկել, որ էս ծաղրածուին բռնի՝ չընկնի, ինչպես իր չորրորդ-հինգերորդ դասարանցիներին Դպրոց-պարտեզում, կամ Մայր դպրոց ուղեկցելիս… Տեսնե՜ս՝ քանի՞ տեղ է այս պատմությունը ծիծաղ-պայթյուն առաջացրել…

Դավիթ Բլեյանի հետ մեր զրույցը շարունակվում է… Դավթի՝ ցնցուղի տակ առաջացող ճախրանքի ետևից կհասնեմ, թե չէ՝ չգիտեմ, բայց չեմ խանգարի-միջամտի, միայն կարողանամ գրանցել…
— Պապ, որտե՞ղ  է ապրում Աստված…
— Երկնքում, Դավիթ, իր ստեղծած… Ամեն մեկիս մեջ…
— Ինչպե՞ս է ստեղծել Աստված աշխարհը… ասա, ուզում եմ իմանամ…
— Դավիթ, դու ո՞նց քո նոր լեգոներով այն աշտարակ-քաղաքը կառուցեցիր, հիշո՞ւմ ես…
— Չէˊ, չեմ հիշում, մասերն իրար միացրի, մեկ էլ տեսա՝ աշտարակներով քաղաք դարձավ… Ուրախացա՞ր, պա՛պ…
— Շա՜տ: Աստված, կարծում եմ, նման ձևով աշխարհն է ստեղծել…
— Մենք էլ ուրախանում ե՞նք,- հարցնում է, թե ավելացնում Դավիթը…
Ես էլ անկեղծ ուրախանում եմ իմ գտած պատասխանով…

Տնօրենի հավաստագրի համար վերապատրաստման դասընթացները շարունակվում են:

Ֆոտոխմբագիր՝ Մարթա Ասատրյան
#468

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Հիմա ես կարդում եմ Մարիա Մոնտեսորիի«Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում»աշխատությունը՝ մեր Գևորգ Հակոբյանի թարգմանությամբ մեր «Դպիր»ամսագրում, մեր mskh.am-ում։ Ահա ինչպիսի գործուն-սոցիալական-կրթական-մշակութային բաց համակարգ է մեր mskh.am-ը, հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրագործման և տարածման՝ բազմալազու,

Գիր է՝ դրոնով* հաղթական…

Նայում եմ «Իսկական ծիսական հարսանիքը իսկական ուսումնական նախագիծ» փաթեթը, տող առ տող, պատահական ընտրությամբ բացվող-ակտիվ տողերով ստուգում կատարված-ընթացքի մեջ աշխատանքները՝ մշակումներ-իրականացումներ մեր հեղինակած հանրակրթական միջավայրում, իրական սովորողի և մանկավարժական աշխատողի

Զի՜լ կատար, զի՜լ կենտրոն, զի՜լ բնություն, զի՜լ մարդիկ, զի՜լ գեղարվեստ… Այս ամենը՝ Կողբում…

Զիկատար անունով բարձր, ամենաբարձր անտառային գագաթն ու Կողբ բնակավայրը՝ Տավուշ-Նոյեմբերյանի ամենամեծ գյուղն ինձ կանչում էին երկա՜ր. ու ամեն անգամ, երբ իմ շարժվելը գալիս էր, չէր ստացվում, տեղ չէի հասնում, այս 200