Ի՜նչ ասեմ, հալա՜լ է, ախպե՛ր՝ իմ հարյուր տարվա ընկեր Գևորգ Հակոբյանի թե Դավթի մեկ տարվա ընկեր Օթարիկի բերանից թռած…

Ուրախ եմ, որ mskh.am-ի խմբագիր, հասարակագետ Աղասի Մարգարյանի նորամուտի առաջին խոստումը չուշացավ ու… «Աշխարհը սեբաստացիների աչքերով» մեդիանախագիծը մեկնարկեց երեկ:

Ուրախ եմ, որ մանկավարժական աշխատողների աշնանային դպրոցը, մանկավարժական լաբորատորիայի հետևողական զարգացմամբ, ստացավ այսպիսի միս ու արյուն՝ մանկավարժական աշխատողների աշնանային ինքնակրթության դպրոց  (հոկտեմբերի 19-23-ը), որն ամփոփվելու է, ի մի է բերվելու յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի բլոգում տեղադրվող «Ինքնակրթության շաբաթ» հաշվետվությամբ: Ի՜նչ օրագիր-ամփոփագիր է սպասվում. բարեխիղճ մեկ առ մեկ կարդալու եմ:

Ուրախ եմ, որ «Սեբաստիա» պտղատու այգում քոլեջի պարտիզպանների՝ Անահիտ Մելքոնյանի ու Էլյա Սանդրյանի ուսանողական խումբը բարեխիղճ հետևողականությամբ առաջ է գնում… Աˊյ, հիմա էլ հուզվեցի. իրենց փայ երկիրն են գործում:

Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի:

Ուրախ եմ, որ շնորհիվ ուսումնահայրենագիտական նորաստեղծ կենտրոնի ղեկավար Կարինե Պետրոսյանի ու ճամբարի ղեկավար Խորեն Հազարումյանի խելամիտ ջանքերի աշնանային հայրենագիտական-բնապահպանական «Խոսրով 2015» ճամբարը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին «Ուրցաձոր» էկո-կրթական կենտրոնում՝ մեկնարկ տալով նաև Երևանի կենդանաբանական այգու հետ, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հետ  մեր գործընկերությանը։

Ուրախ եմ, որ շախմատի որակավորման հերթական մրցաշարն է մեկնարկում Մեդիակենտրոնում հոկտեմբերի 19-ից ու… Առնոլդ Միքայելյանը հաստատում է Մեդիակենտրոն-շախմատի ակումբը՝ որպես ակումբային գործունեության ճանաչումը տարածող երևույթ…

Օրվա հերթապահները՝ «Կանաչ տանիք»-ում: Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի:

Ուրախ եմ, որ Ելենա Սարգսյանի 12-րդ դասարանցիներն իրենց մայրենիի դասն անցկացնում են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, ու Աննա Մկրտչյանի հրապարակումն իր բլոգում ցույց է տալիս «Ոգու սովի դեմն առնելու» սեբաստացիական ուղղության կենսունակությունը…

Ուրախ եմ, որ Կոմիտասի «Ճանապարհ» կրթական նախագիծը համերգ-ներկայացման ձևով, որպես մի ձայնասկավառակի շնորհանդես, կայացավ երեկ Մարմարյա սրահում՝ Արմինե Թոփչյանի Գեղարվեստի կրտսեր դպրոցի հեղինակումով: Ցնծությո՜ւն: Տոն: Աղոթք բարձրյալին: Եվ սա, իհարկե, ոչ լրիվ թվարկումն է մեր մեդիա աշխարհ բերված հոկտեմբերի 14-ի գործերի՝ որպես ավետիսների, որոնցով ես սկսում եմ իմ օրը, իմ 467-րդ գիրը…

Իմ ձեռքին Գեղարվեստի երեկվա նվերն է, ու ես գուրգուրում եմ, բացում-փակում-խաղում-գգվում, ինչպես Դավիթը Բլեյանը՝ իր Դանիել Բլեյան եղբոր բերած լիմուզին մեքենայով… Դնում եմ լիմուզինի կողքին…

Գեղարվեստի 5 տարեկանների նկարչական գնացքը: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Ես շարունակում եմ իմ օրն սկսել Ավագ դպրոցում, Տանիքում՝ իր ֆիզիկական ու ծրագրային նշանակությամբ: Առաջանում է իմ ենթապատումը՝ օրագիրն օրագրի ներսում… Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի հետ, իմ առաջարկով, շրջում ենք 12-րդ դասարաններով… Մայր դպրոցի բոլոր կաբինետները մեդիապարապմունքների համար խնամված-հարմարավետ, ուսուցիչներով պատրաստակամ, բարյացակամ… Ավագ դպրոցի հինգ շրջանավարտ դասարան՝ հարյուր քսաներեք սովորողով: Օրվա վերջում, ո՜ւշ, ժամը վեցի-յոթի արանքում ես մանկավարժական լաբորատորիային եմ ներկայացնում շրջայցից-քննարկումից իմ ստացած «տեղեկույթն ու մտորումները»…Գիտեք, ես ու Մարթան փնտրում ենք 12-րդ դասարանում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի կազմակերպիչ-խորհրդատուին… Ո՞վ է նա՝ դուք կիմանաք։ Կարդացեք տնօրենի օրագիրը։

Սկսենք ֆիզիկական տանիքից… Այստեղ վարպետ Օնիկին միացել է վարպետ Քաջիկը… Մայր դպրոցի 4320 քառ. մետրանոց հարթ տանիքը «Կրթական պարտեզը տանիքում» նախագծով կառուցվում է… Կարևոր է, որ օր առաջ ավարտենք տանիքի նորոգումը, այնպես, որ չկաթա որևէ սելավի թե ձյան պարագայում… Հետո, ամենօրյա-մաքուր-խնամված լինի, ինչպես Ավագ դպրոցի երեք հարկերն են, որ ես տեսնում եմ այս օրերին… Ինչը, ցավոք, այսօր-երեկ չեմ տեսնում մեր Միջին դպրոցում… Ինչո՞ւ, հարցնում եմ: Գուցե արձակուրդից առաջ կամ մանկավարժական ճամբարի նախագծով սանիտարական օ՞ր անցկացնենք: Հետո, տանիքը մեր դիտարան է, այնտեղից, բառիս ֆիզիկական ու ներքին՝ արտաֆիզիկական առումով, լավ է երևում՝ ի՜նչ կա, ի՜նչ է կատարվել… կատարվում այնտեղ՝ ներքևում, ևˊ աշխարհագրական, ևˊ ծրագրային առումով… Ես հենց այնպես, գիտե՞ք, տանիք բարձրացող չեմ ու ոչ էլ շուտ իջնող… Ես Ավագ դպրոցում, տանիքում եմ անցկացնելու իմ արձակուրդի կարևոր մասն ու չեմ իջնելու, մինչև… Տեսնենք:

2-4 տարեկանների աշնանային արևի լոգանք… Լուսանկարները՝ Լիանա Գարախանյանի:

Երգում է արևածագը ճոճքով դիմավորած, մորեմերկ լողացած-իստակված-խնամված, շոկոլադը ճաշակող Դավիթը՝ բազմոցին: Երգում, դնդնում, խաղում-հորինում է Կոմիտաս մեր չորս տարուն ձգտող ախպերը.
— Լուսնակ պուպուլ դիպելա… Պուպուլ լուսնակ տեսելա… Պապը բակում քաքելա…

Ես, գիտեք, որքա՜ն եմ Սոֆյա Գրիգորյանին հարգում… Բայց այսպիսի բաների համար չեմ կարող չպատժել, ու Դավթի խորհրդով «ջղայնանում եմ նրա վրա»… Ինչպե՞ս կարելի է, դպրոց է, չէ՞… Սա՞ է ձեր հեղինակային ծրագիրը… Սոֆա… Շիտակ ու համառոտ լինեմ. նախադպրոցականի կրթությունը

  1. ինքնուրույնության հիգիենան է (խնամքը՝ ազատ ինքնաբուխ մարդու),
  2. երաժշտություն-երգեցողությունը Կոմիտասի՝ մանուկների համար արած,
  3. Թումանյանի բերանացին…

Մնացածը «լավ կլինի»-ն է, «էլի»-ի ձգտումն է, բայց այս երեք հենակետերի վրա է կառուցված սեբաստացիների մանկանց տունը… Նոր բան չասացի: Նոր բան կասի Դավիթը՝ այսօր առավոտյան լողանալու արանքում… Երեկ երեկոյան մեծ խմբով, իր ախպեր Արմենի հետ կրկեսային իսկական ներկայացումով…
— Չէ, հայրիկ, իսկական կրկես էր. ուղտերը, առյուծները, ձիերը, շները… իսկական էին…

Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Հետևեք իմ օրագրին. ամեն օր կարդալն ավելի հեշտ և օգտակար է լինելու… Թե չէ, հավաքեք-չհավաքվեք, մեդիայում հավաքվում է… Է՜, ի՞նչ անեք այդ դեզի հետ…

#467

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձեղնահարկում՝ սիրված հերոս Կառլսոնի տանիքային կյանքով…

Տանիքի Կառլոսոնը վերադառնում է կրթահամալիրի Բանգլադեշ․ «Կառլսոնն ուրվական չէ, այլ պարզապես Կառլսոն, գեղեցիկ, խելացի և չափավոր գեր․․․»։ Շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի գիրքը, որ պարունակում է «Մանչուկն ու տանիքի Կառլսոնը»,

Այս քառօրյա հավաքի հաջողությունը

Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանցի Անգելինայիքոմենթն ահա. «Շատ հաճելի օր էր՝ հաճելի մարդկանց հետ, վաղն էլ անհամբեր սպասում եմ առավոտյան ընդհանուր պարապմունքին: Ապրիլին, որ մասնակցեցի էկոտուրին, ու որ հիմա տեսա մեր էկոտուրյան

Թեժ ամառ՝ լողացող պատշգամբներով…

Կիրակին իր մերձակա՝ ամենասեբաստացիական հունիսյան շաբաթով՝ մանկավարժական, լողափնյա, կրթահամալիր մուտքի, իջևանյան-արշավախմբային, Սևանի ու Արատեսի ճամբարներով, ամառային դպրոցով, փառատոնային մեկնարկով… այսպիսին պիտի լիներ՝ աշխատանքային, հագեցած, իհարկե, հեռավար… Տիար տնօրենն առցանց է