Նախ, ես իմ չորս բաժակ ջուրն եմ խմում ամեն առավոտվա, հետո կիտրոնի ջուրը… Արանքում ես պատմում եմ իմ օրվա մասին, ուտում (վայելում) իմ բաժին խաղող-սալորը, հետո՝ սուրճի հետ, Արմինեի ու Դավթի ընկերակցությամբ, իմ երկու կտոր փախլավան… Որքան էլ դա մոգական՝ ուղիղ-մարդկայնացնող ազդեցություն ունի ինձ վրա, երեկ օրվա վերջում, երբ Բյուրականի աստղադիտարանից իմ հարյո՜ւր տարվա ուսանողական ընկերոջ՝ Երևանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի հետ Երևան եկա ու տուն մտա, այնքա՜ն ջախջախված էի, որ ոչ միայն խանդավառ Դավթի հարվածներից խուսափեցի (մանկավարժի՜ս տեսեք), այլև տապալեցի առցանց կապն իմ քսանն անցած աղջկա՝ Վիեննայում իմ ամենաթանկ գոյի հետ, ում քիչ է ասել՝ կարոտել եմ… Բյուրականն ու Հայկազը կապ չունեն։ Այդպես եղավ Մայր դպրոցում առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո, որ այնքան թեթև-վստահ վարում էին 6-րդ դասարանցիներ Լիդիա Կամենդատյանն ու Գոռ Բարխուդարյանը… Երբ ես երկու ժամը ակամա հայտնվեցի… որտե՞ղ.. Իմ կրթահամալիրո՞ւմ էի ես, մեր Ավագ դպրոցո՞ւմ, որը, պայմանավորվել ենք, չէ՞, իմ-մեր 2015-2016թթ ջանքերի կիզակետում է… Ծանր տարա…
Դե, գուշակեք, թե ինչ հույզեր են արտահայտում Հիմնական դպրոցի հինգ տարեկանները:
Լուսանկարները՝ Լուսինե Նազարյանի:
Հետո ճարտարապետ Արտավազդ Թարխանյանի հետ, որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի առաջարկ-խոստումով սկսել է ճարտարապետական-նախագծային տեսքի բերել մեր առաջարկները, անցկացրինք Բ-1-ի «Կրթական պարտեզ»-ում: Ասենք այսպես, որ կառուցվի: Ոչ այդ հանդիպումը, ոչ էլ անձրևը, որ լա՜վ թրջեց ինձ, չօգնեցին, որ դուրս գամ առավոտվա Ավագ դպրոցից:
Մեդիաչորեքշաբթի. ներկայացնում է Գեղարվեստի կրտսեր դպրոցը:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:
Իսկ Բյուրականի աստղադիտարան գնացել էինք օրվա վերջում, հրավերով՝ մասնակցելու Միջազգային աստղագիտական միության աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի բացմանը: Մասնակցեցինք: Բացվեց գրասենյակը Բյուրականում: Օրվանից մնաց իմ ընկեր Հայկազի հետ ճամփորդությունը, մտերմիկ զրույցը, որ ունեցանք Երևան-Բյուրական-Երևան ճանապարհին: Հայկազի մեքենայում ոչինչ չխանգարեց, որ մենք արագ նորոգենք մեր՝ համալսարանից սկիզբ առնող քառասուն տարվա մարդկային կապերը, հաստատենք մեր հարազատությունը… Կարծում եմ՝ մեր երկու հայտնի հաստատությունները օգուտով կզգան մեր կամուրջների վերականգնման քաղաքականության արդյունքները:
Հիմնական դպրոցի 1-ին դասարանցիները նկարում և մուտքագրում են աշուն:
Ինչո՞վ ենք զբաղված, զբաղվում մենք՝ սեբաստացի մանկավարժական աշխատողներս, այլ աշխատողներից յուրաքանչյուրը, ամեն օր, աշխատավայրում, տանը… Սկսեմ այլ աշխատողներից՝ սպասարկման ոլորտի, վարչական… Որևէ ավելորդ՝ չհիմնավորված, իրական աշխատանքային ծանրաբեռնվածություն չունեցող, հաստիք զբաղեցնող մարդ ինչո՞ւ մնա կրթահամալիրում, շարունակի մեր սուղ միջոցները ծախսել: Որևէ փինաչու չենք հանդուրժի: Մենք ավելի ու ավելի մեծ չափով կօգտագործենք քաղաքացիա-իրավական պայմանագրային աշխատանքը՝ կոնկրետ առաջացած-հիմնավորված-անհրաժեշտ-որոշակի աշխատանքի համար (մինչև երեք ամիս ժամկետով) կհրավիրենք կոնկրետ աշխատողի (խմբի): Բավարարող արդյունքով արեց-հանձնեց աշխատանքը, ընդունեցինք-վճարվեց՝ ազատ է: Իսկ մանկավարժական աշխատողներով կրթահամալիրում պիտի զբաղվենք բացառապես մանկավարժությամբ, այոˊ, մեր հեղինակած-հայտարարած, պատվիրատու կրթության նախարարության ու սովորողի (նրա ծնողի) կողմից դրա իրականացումը մեզ վստահված մանկավարժական գործով: Սրա համար մեր՝ մեծահասակներիս շփման մշակույթը, հիմնված փոխադարձ հարգանքի, իրավասության, ներողամտության, այոˊ, ներողամտության վրա, պիտի յուրաքանչյուրիս պաշտպանությանն արժանանա… Սրա հետ նվազագույնի պիտի հասցվեն վարչարարությունը, դրանով ոգևորվելը, այն չարաշահելը… Սուր զենք է վարչարարությունը: Իսկ մանկավարժությամբ զբաղվելը կոնկրետ է լինում՝ առանց բացառության, յուրաքանչյուր սովորողի, խմբի, նախաձեռնության դեպքում, քսանչորս ժամ անընդհատ… Մանկավարժական ու սովորողների խորհուրդների (քննարկումների) ուժը, որպես մշտական ազդող միջավայր, թվում է, մեզանում անբավարար է օգտագործվում: Մանկավարժական լաբորատորիայի առաջարկած աշնանային մանկավարժական դպրոցի կազմակերպման-ուղղվածության մեջ, որ կգործի հոկտեմբերի արձակուրդի օրերին, դուք փոփոխությունն արձանագրեցի՞ք: Այոˊ, մասնագիտական զարգացումը՝ բազմազբաղ (ստեղծական աշխատանք և անձնական կյանքի հոգսեր) մարդու, հեղինակային կրթական ծրագրի հեղինակի մասնագիտական զարգացումը, նախ և առաջ, ինքնակազմակերպում է պահանջում, ինքնորոշման-վստահության, մարդկայնության շատ ավելի բարձր մակարդակ՝ առանց բացառության, առանց խտրության որևէ դրսևորման, առանց բացառիկության սինդրոմի կամ իրավունքի…
Նոր թաղարներ Հիմնական դպրոցի ջերմոց-լաբորատորիայի համար:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:
Մինչ Հայաստանում զբաղված ենք… Ինչո՞վ, հարցնում եմ: Ինչո՞վ են զբաղված հայաստանցիները՝ ներսում-դրսում, հասարակություն և իշխանություն։ Իմ աչքին զարնեցին մեր շուրջ տարածաշրջանային զարգացումները՝ հաղորդակցության (կոմունիկացիոն) հաստատման-ընդարձակման-զարգացման առումով… Փաստացի լինելու համար ես հեշտությամբ իրար կողքի շարեցի մի քանի օրում հայտնված հաղորդագրությունները, Աշոտ Տիգրանյանի գործածած «տեղեկույթները»՝ օրագրի ընթերցողի «մտորումի համար»…
- Իրանը և Ադրբեջանը ստորագրել են երկաթուղու կառուցման փոխըմբռնման հուշագիր, այն մասին, որ երկաթուղիները կմիացվեն մինչև 2016-ի ավարտը… Սա, կարծեմ, Իրանի պատասխանն է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման Հայաստանի առաջարկին: «Հյուսիս-հարավ» երկաթուղին Հյուսիսային Եվրոպան կմիացնի Հարավարևելյան Ասիայի հետ: Այն կդառնա կապող օղակ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիների միջև:
- Իրան-Աֆղանստան երկաթուղին շահագործման կհանձնվի 2016-ի մարտին… Աֆղանստանի կառավարությունը պետք է այդ երկաթուղին երկարացնի մինչև Տաջիկստան ու Ղրղըզստան, իսկ հետո՝ դեպի Չինաստան… Սրանով կավարտվի «Մետաքսի ճանապարհ» երթուղին: Ընթերցողին անշուշտ հետաքրքրում է՝ ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը, ավելի շուտ՝ ո՞ւր մնաց այստեղ Հայաստանը… Այոˊ, շրջանից, տարածաշրջանից դուրս, աշխարհից դուրս, մի անկյուն քշված… Հատկապես, այս շարունակությամբ՝
- «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին վերջնականապես կգործարկվի մինչև 2016թ. նոյեմբերը… Ասպիսով, Վրաստանով, Ադրբեջանով, Թուրքիայով, Իրանով՝ դեպի Ռուսաստան, Եվրոպա, Միջին Ասիա՝ շրջանցելով Հայաստա՞նը…. Սա է մեկուսացումը…
Հիմնական դպրոցի կապուտաչյաները:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:
Հիմնադիր տնօրենի իմ կոչումն է թույլ չտալ, որ կրթահամալիրը դուրս մնա աշխարհաքաղաքական կրթական զարգացումներից, անկյուն քշվածի հոգեբանությամբ՝ սրանով խրախուսելով ոչ թե ներառման, այլ մեկուսացման միջանձնային-խմբային գործելակերպը: Երբեˊք: Իմ ուժն ու լիազորությունները բավարար են ամեն կոնկրետ դեպքում: Ահա ինչու ես մեկ ամսով դեն եմ նետում վարչարարությունը, վարչական իշխանությունը՝ ձևակերպելով իմ արձակուրդը հե՛նց հիմա, աշնանային արձակուրդի, «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնի նախաշեմին: Ես արձակուրդն անցկացնում եմ կրթահամալիրում, նրա Բանգլադեշում՝ որպես… Աշոտ Բլեյան… Մարդ երբե՜ք այնքան զբաղված չի լինում, որքա՜ն ազատ ժամանակ… Իսկ Գևորգ Հակոբյանի՝ ներքին կարգապահական կանոններով որոշված պարտականությունն է փոխարինել ինձ՝ իմ բացակայությամբ… Հետևեˊք իմ օրագրին, որի 500-րդ համարը սարերի ետևում չէ: Գագաթ, որ պիտի նվաճվի հենց արձակուրդի ընթացքում… Հո գրելով չի ավարտվում…
Հիմնական դպրոցի 4-5-րդ դասարանցիները Մայր դպրոցի ընթերցասրահում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:
Ֆոտոխմբագիր՝ Շամիրամ Պողոսյան
#475