Ես չգիտեմ՝ կարդո՞ւմ է Երևանի քաղաքապետը իմ բլոգապատումը, օրինակ՝ իմ այսօրվա գիրը: Եթե չի կարդում, ինչպե՞ս անեմ, որ կարդա քաղաքապետը քաղաքացի Աշոտ Բլեյանի այս գիրը՝ 60-րդ հոբելյանականը: Կարող եք ստուգել, ես գրել սկսել եմ 2014-ի հունիսի 17-ից:

Չայկովսկու 30 շենքի 13 համարի՝ իմ բնակարանը հարմար է ինձ, իմ փոքր ու մեծ ընտանիքին, իմ հարազատներին ու եկող-գնացողներին… չեմ կարողանում, երբ գալիս ու մնում են։ Հարմար, պարզ, ընդարձակ, արևոտ, դեպի փողոց նայող հորիզոնով։ Հիմա ավելի ու ավելի քիչ եմ մտածում այն փոխելու մասին, չնայած չեմ հրաժարվել փոքրիկ հողակտորով առանձնատան հետ փոխանակելու մտքից… Ինձ ճանաչողները գիտեն, որ ես այդքան ժամանակ չեմ հատկացնի, չեմ գտնի… Ո՛վ գիտի, մեծանում եմ, հրեն 60 տարին եկել է, IV հարկի բարձր աստիճաններին չոքել… Բայց երևի ստիպված եմ:

Նախ՝ չգիտեմ՝ ի՜նչ անել Խանջյանի այգուց չընդհատվող իրիկնային-գիշերային երաժշտություն կոչվող աղմուկի հետ: Չեմ ուզում բաց սրաճարանում նստողին որևէ կերպ վիրավորել, անհարմարություն ստեղծել. մարդն ուզում է այս այգու այս լճակի սրճարանում նստի ու լսի այս էստրադայից հնչող, իր պատվիրած երաժշտությունը: Ոչ էլ էստրադայի երգող-նվագողի հետ խնդիր ունեմ… Խնդիրը ես եմ, Արմինեն, Դավիթը… Չենք ուզում լսել տարին հինգ-վեց ամիս, մայիսից մինչև հոկտեմբեր… Չենք հարմարվում, չենք տանում, սովորական չի դառնում, չլսելու տալ չենք կարողանում, դուռն ու լուսամուտը պինդ փակելու բան չէ. բերդում ապրել ենք, հիմա մենք սովոր ենք բաց պատուհանով ու պատշգամբով կյանքին: Բարեխիղճ հարկատու ենք, ժամանակին կատարում ենք բնակության հետ կապված բոլոր վճարումները, կուսակցական գործունեությամբ չենք զբաղվում… Լավ, մի՞թե հնարավոր չէ, որ մենք այլոց պատվիրած այս ձայները չլսենք…

Հետո: Ես ու Դավիթը մեր ննջարանի պատուհանից միշտ ողջունում ենք Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տանիքին նստող, տանիքում ապրող տատրակներին, աղավնիներին… Հարազատ երևանցինե՛ր… Բարի առավոտ… Բարի օր քաղաք… Արևը ծագում է… Բայց ահա չգիտենք՝ ի՞նչ անել շենքի երկայնքով, Չայկովսկու փողոցի մայթեզրին թե դպրոցի գազոնին լցված-լցվող-շատացող աղբի հետ… Շարունակում ենք չթափել-մաքրել, փորձեցինք թեժ գծի միջոցով խնդիրը լուծել… Մի անգամ, երկու, հո չե՞նք թշնամանա անծանոթ աղջկա, անծանոթ տնօրենի, ծառայողի հետ: Չենք ուզում: Կարելի է՞, որ Չայկովսկի փողոցը պարբերաբար մաքրվի. ես չեմ կարողանում, երբ կեղտոտ է, նույնը փոխանցում եմ Դավիթ որդուս. նա սկսել է նկատել…

Եվ երրորդ հանգամանքը, ո՛չ ըստ կարևորության եմ ներկայացնում, ո՛չ էլ ըստ այբբենականի… Չայկովսկի 30 շենքի մուտքի հարցը լուծե՛ք, խնդրում եմ: Շենքը տանելի մուտք չունենա՞ ո՛չ աջ կողմից, ո՛չ ձախ… այսպես վտանգավոր է, այսպես չի՛ կարելի… Հետաքրքիր է՝ եթե քաղաքապետը չի կարդում օրվա իմ գիրը, գուցե հանձնարարում է, որ Կենտրոնի վարչակազմի ղեկավա՞րը կարդա… Հազարավոր մարդիկ կարդում են, իմանում են, ցավում են, բայց նրանք, ում հասցեագրված է օրվա գիրը, այդպես էլ չեն կարդում։

Ամենահետաքրքիրը Դավիթ Բլեյանի հասունության դրսևորումներն են. իմ օրվա գրերը լավ հնարավորություն են դրանք ընթերցողին ներկայացնելու: — Ես հայրիկի ժառանգն եմ. Սասունցի Դավիթը Առյուծ Մհերի ժառանգն է: Երկար համոզում ենք, որ Դավիթը ոտքի եղունգները կտրի: Անօգուտ: Ձեռքի մատների եղունգները սկսել է պատրաստակամ մատուցել՝ կտրի մայրիկ, քո և հայրիկի եղունգների նման լինի: Իսկ ոտքի եղունգները՝ ոչ մի կերպ: Դավիթ, ասում եմ, որ եղունգները երկար են լինում, ասում են՝ հո դու սատանի ճուտ չե՞ս…

— Է, հա՜ (իր նշանավոր վանկարկումը), Դավիթը սատանի ճուտ է…
— Տեսեք՝ ո՛նց եմ լողում մեջքիս վրա: Ես մեծ եմ, ես կարողանում եմ, հայրի՛կ…

Խոհանոցի մեծ սեղանն ինքը սիրում  է. սեղանին հայտնվեց ձմերուկը, հետո՝ պաղպաղակը: Ես, իհարկե, նախընտրում եմ, որ Դավիթը ձմերուկ ուտի… Դավի՛թ, ասում եմ, ի՞նչն ես ընտրում, ձմերուկը, թե՞պաղպաղակը: Ես ձմերուկն եմ ուտում:

— Սկզբում ձմերուկը, հետո պաղպաղակը, հայրի՛կ: Պաղպաղակը դիր, թող սառչի…

Դավիթն Արմինեի հեռախոսը դրել է ականջին. Թվում է, թե ցուցադրում է, իբր խոսում է մորաքրոջ հետ: Տեսարան է՝ մոր ձևերը, ի՜նչ հասուն հաղորդակցություն է «խաղում»… Ծիծաղը՝ ծիծաղ, բայց Դավիթն իսկապես 3-4 րոպե խոսում էր մորաքույր Ռուզանի հետ:

Մեդիակենտրոնում՝ Րաֆֆու 57, Սուրբ երրորդություն եկեղեցու դիմաց, զանգե՛ք 010747276, զանգե՛ք կամ պարզապես այցելե՛ք, այն բաց է յուրաքանչյուրի համար, հանգիստ առնելու, ընթերցելու, կրթության հետ կապված շատ տեղեկություններ ճշտելու, կրթական ծառայություններ ստանալու: Այստեղ նաև իմ գրասենյակն է՝ բաց ու մատչելի յուրաքանչյուրին. ստուգեք:

Ահա հայտնի աստիճաններով ինձ ընդառաջ է գալիս Գավառի թիվ 5 դպրոցի բնապահպանների խումբը՝  ժպտերես-նախաձեռնող Իրանուհի Խաչիկյանի հետ… Նրանք սեբաստացիների հետ վերադարձել եմ Կուրթանի «Հնեվանք 2014» դաշտային ճամբարից, որտեղ ապրում-գործում էին «Էկոտուր 2014»-ի հաղթողի կարգավիճակով: Փայլում էին գոհունակությունից, հուզված էին արտասվելու աստիճան, որ պիտի բաժանվեն Բանգլադեշի ընկերներից: Լավ է, որ մենք «Էկոտուր 2014»-ի բոլոր մրցանակակիրներին պարգևատրեցինք ճամբարային ուղեգրերով, գոհունակ ապրեցին իրենց ընտրությամբ Զիկատարի (Տավուշի Կողբ գյուղ), Ծաղկունքի (Գեղարքունիքի Սևանի ենթաշրջան) թե Հնեվանքի ճամբարներում՝ անվճար ու հագեցած: Լավ է, որ որևէ խտրություն չեղավ սեբաստացիների և ոչ սեբաստացիների միջև… Լավ է, որ ամենուր հարազատություն վկայող արցունքներ հոսեցին բաժանման…

Բայց սկսենք ապրել «Էկոտուր 2015»-ի հոգսերով: Իմ առաջարկը, որ Գավառը դառնա «Էկոտուր 2015»-ի կազմակերպիչներից մեկը, ինչպես Բջնիի էկոխումբը, «Սեբաստացիներ» էկոակումբն ընդունվեց խանդավառությամբ… Սկսենք մեր գործը, նորեն սկսենք: Մինչև 2015-ի ապրիլի 20-ը, ուսումնասիրենք Սևանի ավազանի համայնքների դպրոցների էկոխմբերի միջոցով Սևան թափվող (Սևան ստեղծող) 28 գետակներից յուրաքանչյուրը: Իրենք ստեղծում, իրենք աղտոտում են: Ինչու՞: Ի՞նչ խնդիրներ ունի գետերից յուրաքանչյուրը: Ինչպե՞ս է հարաբերվում համայնքի հետ: Ինչպե՞ս կայացնենք հաշտություն-համակեցություն մարդու և իր գետի միջև… Եթե պիտի բաժանվեինք, եթե միասին գործելու ժամանակը չէ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խելացի մեռելոց ու ֆլեշմոբներով որպես գետ հորդող ուսուցում…

Մեռելոցի օրվա իմ աշխատանքային այցը քոլեջի՝ կրթահամալիրի արևելյան կասկադը եղավ Ախալցխայի Մեծ Պամաճ գյուղից քոլեջ ուսանելու եկած 1-ին կուրսեցի Արտաշես Հարությունյանի, իր ընկերների և ուսուցիչների աշխատանքային առաջին փորձությամբ կատարված հողագործությունը

Էվալլա ինձ… քեզ… մեզ… նոր այր

Նորայր Ասատրյանը՝ մեր ավագ դպրոցի 10-րդցին, Գավառին կպած Կարմիր գյուղից է, գյուղն էլ այս իմ մոր ծննդավայրն է: Երեկ երկու ժամ տևած Կլոր սեղանից վերադառնում ենք տասնհինգի չափ սեբաստացի սովորող-ուսուցչով,

Ուսուցման ամառային-բնական ձևերի մասին

Իսկ պատերն ամենուր են, այնպես, այնքան ու իսկական, որ ձգվում են նաև Խանջյան-Հաղթանակի կամրջով Ծովակալ Իսակով-Բաբաջանյան, Րաֆֆի-Սեբաստիա-Իսակով-Հաղթանակի կամրջով Խանջյան ճանապարհների երկարությամբ, աջ թե ձախ… Հատկապես Իսակովի պողոտայի պատերը՝ թե՛ աջից,