2-րդ պատում
Մենք Բջնիում ենք, Բջնիի դպրոցի տնօրեն Յաշա Սահակյանի՝ մեզ հարազատ մարդկանց տանը՝ գերդաստանի հետ Ս. Մարիամ Աստվածամոր վերափոխման տոնը նշելու: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բջնիի Ս. Աստավածամոր եկեղեցու համար ուշքս գնում է: Մենք այստեղ պիտի երգենք «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբով. սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինենք, նեղանալ չկա, ումի՞ց ենք նեղանում, հայրենիքի՞ց, նեղանում ենք, որ հիմքեր ստեղծենք մայրենին թողնելու, նրա խնամքը թոթափելու համար… Իմ այցով ես պատրաստում եմ նաև մեր ուխտագնացություն-ելույթները…
Յաշայի ուղեկցությամբ, մեզ միացել են նաև Շուշան Բլեյանը, Արաքս Գևորգյանը, Արմեն և Վահրամ Մարտիրոսյանները… Ուխտագնացներով շարժվում ենք դեպի Սուրբ Աստվածածին… Յաշան ոգևորված է, պատմում է, ներկայացնում Բջնին… Ես՝ հիացած-զմայլված Բջնիի քարափներով, Հրազդանի կիրճով, կոնկրետ-հաճախ միջամտում եմ՝ քանդեք Յաշա, ո՞նց ես հանդուրժում այս, հենց հիմա մաքրեք, թո՛ղ ամեն ինչ, ընկե՛ր, սրանով զբաղվիր՝ երկիրը, նրա դրախտ անկյուն Բջնին մաքրիր ու մաքրիր… Անհնար է միայնակ: Միասին ենք անելու: Բա հո ուտուշ-խմուշի չենք եկել, գործընկերների հանդիպում է:
Մեր ճանապարհն անցնում է Յաշայի և իր դպրոցի բարձր դասարանցիների «Քաղաքացիական կրթութունը և տնտեսագիտությունը դպրոցում» USAID-ի դասընթացի ծրագրով վերջերս իրականացրած նախագծով՝ գյուղամեջի Հրազդանի ափով փռված հանգստի գոտով… Վերջապես ես հանգստանում եմ…
Վերադարձը մեր նորից անցնում է այս գոտով, ու ես ողջունում եմ Երևանից եկած հանգստացողների խմբի. նստած են Յաշայենց կառուցած տաղավարում, օջախի համար նախատեսված տեղում կրակ են անում, քիչ այն կողմ մեծ քարափի տակից աղբյուրն է բխում՝ խմի՛ր, չես կշտանա, էլի այն կողմ՝ նախանձ շարժող նորակառույց զուգարանն է, ոտքերի տակ՝ մաքրված Զանգուն, դիմացդ՝ Բջնիի նշանավոր Բերդը, այս անկյունից երևում է Ս. Աստվածածնի եկեղեցու գմբեթը, շուրջը արի՝ չտեսնված քարափներ տես, շուռ մի արի, թեքվիր ու բարձրացրու աչքերդ՝ գետում, սարերի մեջ նորից քարափներ… «Սա Բջնին է, հայրիկ»: Կամրջի մի կողմում զոհվածների հիշատակի հուշարձանն է, որի տարածքը «Սեբաստացի հայրենագետներն են մաքրել Մարթա անունով աղջկա հետ», — նշում է Յաշան… «Մեր էկոտուրի մասնակիցները Զիկատարի Ճամբարից շատ գոհ են,- շարունակում է Յաշան, — ուժեղ խումբ է, արի միասին Էկոտուր 2015-ն անենք, իմ սրտով է այդ գործը»։ Նաև դրա համար եմ եկել, հարգելի գործընկեր Յաշա:
Կամրջից այն կողմ… Մեքենաների անշնորհքություն՝ շչակներ, այլանդակ աղմուկ (երաժշտություն է կոչվում). ինչո՞ւ չէր կարելի փակել եկեղեցի տանող նեղլիկ ճանապարհը, հարգելի գյուղապետ, ինչո՞ւ չէր կարելի ոտքի հանել գյուղապետարանի ողջ փոքրիկ անձնակազմը, դպրոցի տնօրենի հետ ներգրավել տասնյակ պատանիների, հատուկ մաքրել գյուղատարածքը, եկեղեցու շրջապատը, որոշել մեքենաների կայանատեղին… Չէ՞ որ ավանդաբար այս օրը Բջնիում մարդկանց-մեքենաների թիվը եռապատկվում է… Ինչու՞ չի կարելի եկեղեցամերձ գոտին վերածել Բջնիում ստեղծվող մշակույթի ցուցադրություն-տոն-վաճառքի, ինչո՞ւ է հեղձուցիչ այս հոյակապ տաճարի մեծ սրահը, ինչո՞ւ բաց չեն պատուհանները, ինչու՞ է աղբյուրը ցամաք, ինչո՞ւ չի կարելի մոմավաճառությունն ու մոմավառությունը հանել եկեղեցու մեծ սրահից… Ախր, հարգելի եկեղեցասեր, քրիստոնյա հայ ժողովու՛րդ, մենք չենք եկել Տոնի Պատարագի մոմ վառելու, ես տանել չէմ կարողանում նրա հոտն ու հեղձուցիչ ծուխը, ես եկել եմ ընտանիքիս հետ Վերափոխման Պատարագը լսելու, խորհրդին մասնակից լինելու, եկել եմ հաղորդություն ստանալու, եկել եմ շփվելու Մագիստրոսի ոգու հետ…
Օրն է, բարկանալ չի կարելի. չե՞ս տեսնում, որ մեծ թվով մարդկանց համար Պատարագի օր չէ, եկեղեցում Պատարագի ժողովուրդը չէ։ Հավաքվել են, միասին մոմ կվառեն, հետո տներում կամ ձորով մեկ սեղան կգցեն… Մենք շարվում ենք եկեղեցու բակում՝ քարեր-նստարաններին. մեզ եկեղեցու միջավայրը, խորհուրդը, որ կրում ենք, միասին լինելու վիճակը, այս աջից բացվող բերդը, Յաշայի գիտակ ու հարազատ խոսքը շատ են ու քիչ չեն: Այ, տեխնիկական մատչելի լուծում, ու մենք պատարագին մասնակից կդառնայինք այստեղից… Ահա Սուրբ Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության աղոթքը».
Եվ արդ, Ո՛վ Տեր, նույն օրհնությամբ, որով օրհնեցիր Քո կողմից ստեղծված բարի արարածներին առաջին արաչությանդ ժամանակ, օրհնեցիր նաև երկրորդի ընթացքում, օրհնիր նաև այժմ Քեզ նվիրված նորոգված տարվա երախայրիքի այս պտուղը` խաղողի ողկույզները…
Յաշան, Փայլուն մեծ հարսն ու Լուսինե փոքր հարսը պատվական սեղան գցեցին մեր աչքի առաջ՝ ներկայացնելով Բջնիի կենցաղի ու խոհանոցի մշակույթը: Սեղանն իր խորհրդով մեզ գոհություն է պարգևում: Մսի հետ և՛ Փայլունը, և՛ Յաշան վարվել գիտեն: Կուշտ կերանք: Յաշան իր խոստումը պիտի կատարի. 5-6 կմ Բջնիով բարձրանում ենք, Հրազդան գետի ձախ ափով դեպի վեր՝ Սոլակ, Հրազդանի ակունքներ… Ինձ հարազատ, մանկությունից եկող անուններ. իմ հոր բոլոր պատմությունների մեջ, իսկ հայրս պատմել և՛ սիրում էր, և՛ կարողանում, Սևանի ավազանի Գավառին հարևան Մարտունու, Գավառ-Երևան ճանապարհի գյուղերը կային… Քաղսու հետ կապը հուզական է. այստեղ երկար տարիներ մինչև 1941-ը՝ համաշխարհային պատերազմ մեկնելն ու անհետ կորչելը, դասավանդել է իմ անզուգական Զալիբեկ հորեղբայրը, անզուգական՝ բոլորի պատումներով… Քաղսիում, իր աշակերտների մեջ, հանդիպել, սիրել և ընտանիք է կազմել Արաքսյայի՝ իմ հորեղբոր ազնվազարմ կնոջ հետ, լրագրող Արաքսյա Թադևոսյանի ազնվազարմ տատիկը, ով միայնակ ինչպե՜ս պահեց իր մատնաչափ Լյովային ու Մարսելին… Հերոս կինը հենց Արաքսյա հարսի, մայրիկի, տատիկի պես է լինում… Հորս բոլոր պատմությունների թիվ մեկ լսողը ես եմ եղել՝ սեղանի մոտ, թե մեքենայով ճամփորդելիս: Իսկ անջուր, բայց Զանգու սկզբնավորող Սոլակ գյուղ ես դեռ կբարձրանամ…
Յաշայի խոստացած անակնկալը կայացավ շփոթ առաջացնելու աստիճան. իրոք 5-րդ կմ-ի վրա մի գոգավորություն է ձևավորվում, վայր, որտեղից սկսվում է Սոլակի նշանավոր ուխտի ճամփան։ Ահա Ս. Աստվածածնի տոնի՝ Սոլակի ուխտավորների շարանը բարձրանում է ու բարձրանում դեպի իր Սուրբը… Աստվածամոր շնորհներն իբրև ցող երկնքից իջնեն բոլոր կանանց ու մայրերի վրա…
Ահա այդ ուխտի սարից քչքչում է տպավորիչ աղբյուր, Քաղսիի կողմից գետակ-աղբյուր Սոլակի բարձունքի տակից առավել քչքչան աղբյուր, և այս երեք աղբյուրներն իրար են խառնվում քո աչքի առաջ ու առաջացնում զուլալ Զանգուն, ջրառատ ու մաքուր գետ, որ Բջնիում, ընդամենը 5-6 կմ-ի վրա աղբատար գետ է դառնում… Այս կետում, որտեղ հիմա Յաշայի, Շուշանի ու Արաքսիկի հետ կանգնած ենք մենք, Զանգվի այս վայրի զմայլելի ակունքի քարափին, լավ կլինի կանգնի յուրաքանչյուրդ… Շուշան Բլեյանն այնքան հավանեց, որ Զանգվի մասին պատումը սրանով չավարտվեց… Սկսվեց: «Ես այստեղ ճամբար կգայի. ինչու այստեղ սեբաստացիների համար ճամբար չես բացում, հայրիկ»։ Այս ամբողջ ընթացքում ես չես հաղթահարում մեղավորության զգացումը, որ Դավիթը մեզ հետ չէ. քունը գլխին մեր տղային խնայեցինք, թողեցինք Յաշայենք տանը, իզո՜ւր։ Խնայել, ասել է՝ զրկել։
Մենք էլի գալու ենք, շատ ենք գալու սեբաստացիներով… Էկոտուր 2015-ին մենք դուրս ենք գալու Սևանից սկիզբ առնող Հրազդանի ջրանցքով ու անցնելու ենք կանալի հետ իր ողջ ընթացքը… Նկարելու ենք, նկարագրելու և պատմելու: Նույն կերպ հետևելու ենք Զանգու գետի ընթացքին՝ ծնունդը Քաղսի ավազանից, մինչ Արաքս ու Կասպից ծով…