1-ին պատում 

Դավիթ Բլեյանը կազմ-պատրաստ ճամփորդական է դիմավորում ինձ. «Բջնի ե՞նք գնում, հայրիկ, ուլիկների՞ն եմ տեսնելու, գետի մեջ քա՞ր եմ գցելու…»։ Ահա ինչ ուժեղ տպավորություններ են մնացել անցած անգամվա Բջնիի այցից. ֆիլմը Դավթի բլոգում է, թարմությունը չի կորցրել:

Արմինեն հանդիսավոր ներկայացնում է Դավթի օրվա նվաճումները: Դավիթը իր սենյակի մի պատը վերաներկել-վերաձևավորել է: Վատ չի ստացվել, մայրիկ, ավելի համարձակ լուծումների է գնացել, քան կար… Դավիթը լուրջ-խորամանկ հետևում է իմ բոլոր գործողություններին, խոսքերին. մենք իրար զգում ենք, ընկալում ոչ միայն ու ոչ այնքան խոսքով… Իսկ այս մի արարքը… մեր սիրելի, թաղարով ծաղկի տերևները մանրել, թափել է գետնին…

Դեպի Բջնի ճանապարհին մեր խոսակցությունը փորձում ենք նվիրել «մանկական բարբարոսության» հետագա ծավալմանը, եթե հնարավոր է, դրա «արմատախիլ անելուն»։ Դաստիարակում ենք Դավթին… Դավիթը թևաթափ է անում խնամքով մշակված մեր բոլոր պրոֆիլակտիկաները… «Է, հա, էլի՛ կանեմ, ծաղիկը ցավ չունի, ինձ պետք չի ծաղիկը»,- ու… քնում է: Ահա ինչ, Դավթի քունը այնպե՜ս էր տանում…

Արզական գյուղի միջից Բջնիի ցուցանակով սկսվող, Բջնի տանող ճանապարհը, Հրազդանի ափով, Հրազդանին հակառակ՝ ինձ ցասում է պատճառում։ Այսպիսի կիրճ, այսպիսի հուն, քարափներ՝ աջ ու ձախ, տեսանելի մոտ ու վեհ։ Կարդանք Տերյան միասին.

Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան, 
Եվ այնքան ներում – ո՞ր երկրի սրտում… 
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ 
Ձեռների նըման պարզված երկնքին. 
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ 
Եվ զոհաբերումն այնպես խնդագին… 

Ու այսքա՜ն կեղտոտ գետ, շատ ավելի, քան Աղստևը, այսպիսի թշվառ ափեր՝ մարդկային միջամտության հանցանքի-անճաշակության ցուցադրություն: Կառուցապատումն էլ՝ հովտի, հունի, կիրճի, քարափի, գետի՝ աստվածայինի արհամարհմամբ, անտեսմամբ. Անաստված դրություն ենք ստեղծել, բջնեցիներ… Էհե՜յ,  Գրիգոր Մագիստրոս Պահլավունի Բջնեցի, սպարապետ Վահրամ Պահլավունու որդի, արի ու պարզիր քո կապն այսօր ապրողների հետ… Ես չեմ կարող պաշտպանվել՝ փակելով աչքերս. իմը չէ չտեսնելը կամ չտեսնելու տալը, համ էլ ես փնտրում եմ «Էկոտուր 2014-ին» ներկայացված, Բջնիի դպրոցի տնօրեն Յաշա Սահակյանի ղեկավարությամբ (լավ է, որ դպրոցի տնօրենը՝ լինելով հայտնի աշխարհագրագետ, բնապահպանական նախագծով իր սովորողների հետ գալիս, հասնում է Երևան, Բանգլադեշ ու այնքա՜ն կարևոր հանձնաժողովին ու բաց էկոտուրի տասնյակ ու տասնյակ մասնակիցների ոգևորված ներկայացնում Հրազդանի կիրճի մաքրման ուսումնական նախագիծը) իրագործված լուծումը՝ հանգստի գոտի գյուղի կենտրոնում, Զանգվի ափին… Ահա նա. տպավորիչ է Յաշա ջան, գոհությո՜ւն, թե չէ որոշել էի, կներես, Դավթի նման մի ծուռ բան էլ ես անել՝ թեքել մեքենայի ղեկը:

Յաշան իր՝ մեզ հարազատ դարձած ընտանիքով, դիմավորում է տոնական՝ չորս տարեկան դարձող Յաշուլը, միշտ պայծառ՝ Փայլուն կինը, հմայիչ-մարդամոտ Լուսինե և Արմինե հարսիկները, Սպարտակ և Արտակ առինքնող-բարեկիրթ տղաները, գեղեցկուհի թոռնուհիները` հինգ տարեկան Մերին և վեց տարեկան դարձող ու դպրոցին սպասող Էլինան: Մարդկային ինչպիսի՜ հարազատություն ու ընտանիքների ծավալվող բարեկամություն… Եվ Դավիթն արթնանում է: Հյուրասիրության սեղանն էլ, հատ-հատ նայում ենք, Բջնիի մշակույթը. տեղական-ընտանեկան արտադրության…

Հրազդան գետը երեսուն մետրի վրա է, մենք արահետով իջնում ենք երկու անգամ: Անմիջապես, Դավիթն ուզում է տեսնել հարևան՝ էլի Յաշայի, ում թոռի անունն էլ Յաշուլիկ է (100 մ² վրա չորս Յաշա, ի՜նչ խաբար է…) ուլիկներին: Հիմա՝ չորս ուլիկ 3-4 ամսական… Իսկ գետում (մամա ջան, ի՜նչ կեղտոտություն) ճչում են, խրախճանք ապրում տասնյակ սպիտակ սագիկ-բադիկներ: Դավիթը մի բոլ քար է նետում Բջնիի իր ընկերների հետ գետը. չլը՜մփ, չլը՜մփ… Ես ուզում եմ՝ Դավիթը տեսնի իրիկնային Զանգուն: Տեսնում է. «Հայրի՜կ, ես չէի տեսել, սա իրիկնային Հրազդանն է»:

Քչքչում է, խշխշում մութի մեջ Զանգուն (լսեցի՞ք բանաստեղծությունը. Դավթի հեղինակածն է, երբ վերադառնում ենք…), իսկ հեռվում, բարձունքից Հրազդանին է նայում լուսավորված Սուրբ Սարգիսը… Մամա՜ ջան, ինչպիսի՜ դրախտային կացարան կարող էր լինել Բջնին… Ի՜նչ անշնորհք հանրություն ենք մենք…

Երկրաշարժի՞ հետևանքներ՝ Ռյա-Թազայից Սպիտակով Կուրթան, մինչև Բջնի ու այդպես Հայաստանով մեկ։

Եթե նկատեցիք, ես իմ գիրը երկու կտորով, երկու տարբեր ժամերի ու վայրերում եմ գրել… Գիշերվա 02-ի, 03-ի արանքում, Յաշայենց խոհանոցում. դժվար էր գրվում, մարսվե՞ց… Եվ առավոտյան 07-ին, Յաշայի երկրորդ հարկի աշխատասենյակում… Շշմելու դիրք ունի տունը, ապրի երկա՜ր ու շե՜ն-շե՜ն մնա իր ստեղծած գերդաստանը:

Անսպառ թեմա է, բայց ամեն ճամփորդություն հարկադրում է անդրադառնալ: Ապարանի սարահարթին, նրա խուզած-լերկ լանջ ու ստորոտներին կարող եմ երկա՜ր նայել, անջատվել: Չի հաջողվում. բնակավայր բնակավայրի հետևից, սկսած՝ բուն Ապարան քաղաքից, շարունակած մինչև Սպիտակ ու Վանաձոր՝ մինչև Ստեփանավանի թունելով կանաչ աշխարհ փախչելը… Մինչև Կուրթան ուզում եմ այս ճանապարհի ողջ երկայնքով մարդու կառուցած աշխարհիկ մի շինություն, մի միջամտություն գտնել, որ չի զայրացնում ցավեցնելու աստիճան: Չի՛ք: Եվ որքա՜ն ավերակներ, տասնյակ տարով մոռացված-լքված շինություններ, պարիսպներ՝ տգեղ-անհարկի, անավարտ, անտեղի-անիմաստ ու անհեռանկար կառույցների հերթագայություն… Որքա՜ն գյուղատնտեսական նշանակության հողեր օտարվել-ամայացել են: Վիճակն այլ չի դառնում, երբ Երևան-Վանաձոր մայրուղով մտնում ես Վանաձոր՝ շարունակում դեպի Ալավերդի կամ Դիլիջան… Ես ուրախանում եմ, որ մարդու միջամտությունը, նրա կառույցը չկա. հենց կպավ, հենց ինչ-որ բան կառուցեց, այլանդակում է բնություն-միջավայրը՝ իր գետ-գետակով-առվակով, կիրճով-հունով, բլուրով-դաշտով-անտառով…Շինարար ժողովուրդ… ասել է թե՝ շինող-թողնող-մոռացող… Այսպիսով՝ մեզանում խնդիրը կառուցելը չէ, այլ չկառուցելը, չմիջամտելը. հենց կառուցեցիր, միջամտեցիր, բնությունն ավերվում է. դու կորցնում ես հայրենիք: Ես պատրաստ եմ շինություն առ շինություն, միջամտություն առ միջամտություն արձանագրել, ֆիքսել, չափագրել, անձնագրավորել… «Հայաստան» համահայկական հիմնադրամը, նոր ֆոնդեր ու բարեգործականներ պիտի ոչ թե կառուցելով, այլ ավարտուն-անավարտ կառույցների հավաքել-սրբելով զբաղվեն:

Տեսե՛ք: Սպիտակի երկրաշարժը կարճ ժամկետում (1988-1991թթ) ողջ գոտու հարյուրավոր հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ վերածեց շինհրապարակների, որոնք 1991-92-ից այս կողմ նույն վիճակում, որպես շինարարական-արտադրական տարածքներ կան… Ի՞նչ անել, ինչի՞ն սպասել: Ինչ պիտի կառուցվեր՝ կառուցվել է, ինչը պիտի օգտագործվեր՝ գործածվում է. ի՞նչ անել այս ավերակների հետ: Պիտի վերադարձնել նրանց մինչշինարարական վիճակին՝ մաքրել հողատարածքը, դարձնել հող: Եվ սա հենց մարդկանց միջոցով, որպես աշխատանք՝ հանրային ու վճարովի:

Այսպիսով՝ երկու տեսակի ավերակներ. մեկ՝ երկրաշարժի ավերած թողած կառույցները, երկու՝ կիսակառույցներն ու արտադրական հանգույցները: Երկրաշարժ էր նաև 1990-96թթ. սեփականաշնորհումը: Ճիշտ ու սխալը, հաջողությունն ու բացթողումները հիմա չեմ քննարկում. կա ասենք՝ Սպիտակ-Վանաձորի կիլոմետրեր ձգվող, նախկինում՝ արտադրական գոտին: Քանի՜ տարի պիտի այս սարսափազդու վիճակն իշխի Հայաստանում:

Ուռաա՜, վերջապես… Բջնիից վերադառնալիս Չարենցավան հասած կամ քիչ անցած տեսանք՝ հզոր շինարարական տեխնիկան (իսկ Դավիթը Շուշանի ծնկներին քնած է) քանդում է խորհրդային շրջանից ծանր մնացած ատադրական լքված տարածքը… Ես կենդանանում եմ, հափշտակվում։ Շուշանը չի կարդացել իմ օրագիրը. կկարդաս, Շուշան։

«Ինչ են անում, հայրիկ, ինչո՞ւ են քանդում»։ Չեն քանդում, կառուցում են. արտ կամ այգի են կառուցում, հողն ազատագրում են մեր թշնամուց։ 

Շարունակությունը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ ամեն անհատ հասկանա, որ ինքը լույս է. ..

Չէ՞ որ լույսի մոտ խավարն անհետանում է և դառնում անզոր։ Շուշան Բլեյանի լույսը, որ իր մեսենջերով ժամից ավելի պարուրեց մեզ․․․ Շուշոյի ձայնով-հումորով-ծիծաղով, տեսքով՝ դիմախաղով-անցումներով, մազերի թատրոնով․․․ նոր պրոֆիլով հետո, որին

Երկու Բլեյան, երկուսն էլ՝ իրական…

Մեկը՝ միշտ Արատեսում, իր 1989-ին սկսած դպրական կենտրոնով, Եղեգիսի կիրճով, Սելիմի լեռնանցքով, Նորատուսի ծովախորշով-Արտանիշի ծովածոցով անցումով Ջիլ-Ջվխլի, Գետիկի հովտով՝ Աղստև-Գետիկի գրկախառնում… Կարդացեք Չարենցի արևելահայերենով մեր նորօրյա աղոթքը… Մյուսը՝ միշտ Բանգլադեշում,

Հոգսեր, որ տոն օրը աշխատանքային են դարձնում

Մենթոր տիարի հունվարի 28-ը հենց այսպիսին է. մի առանձնահատկությամբ, որ իմ գրի-պատումի այդ հոգսերը տոն օրվա կարող են նաև ձերը լինել։ Իսկ ես սրանով սեբաստացի կրթական համայնքից յուրաքանչյուրին կարող եմ