Առավոտ լուսո ժամը 06-ն է: Ավարտել եմ օրվա՝ թվով 455-րդ գիրը, բայց տեղս չեմ գտնում: Գնում-գալիս եմ բնակարանով. ի՜նչ լավ է, վերջապես հողաթափիս թայը պոկվեց, նետեցի, ազատվեցի. ինչքա՜ն կարելի է: Այս օրերին ազատվելու եմ իմ առաջին 60 տարվանից մնացած հագուստների մեծ մասից: Մարդու կենցաղը շարունակ պետք է պարզեցվի, ինչպես… Ալբերտ Էյնշտեյնն էր ապրում: Երկու պատմություն, որ գուցե ամենաշատ պատմածներիցս լինեն: Էյնշտեյնին հարցնում են, ինչո՞ւ է նույն օճառով հա՛մ սափրվում, հա՛մ լվացվում, պատասխանում է, որ երկու օճառով իր կենցաղը կբարդանա… «Արի գլուխ հանի՝ որո՞վ լվացվես, որո՞վ սափրվես…»:

Էյնշտեյնը, գիտեք, միշտ նույն մուգ, պարզ վերարկուն հագած, երկար ժամանակ սիրում էր ջութակ նվագել մարդկանց համար… Որ հարցնում են՝ ինչո՞ւ վերարկուն, հանդերձանքը չի փոխում, ջութակի համեստ կափարիչը, սկզբում պատասխանում է՝ ո՞վ է իրեն ճանաչում, որ… իսկ հետո, երբ հանրաճանաչ էր՝ իրեն բոլորն են ճանաչում…

Վերջապես, գտա՝ տանը փտող խնձորակույտ կա, հրես՝ պլաստմասե արկղով… Օրեր առաջ իմ քույրիկ Նազենի Հովհաննիսյանի Օհանավանի ամառանոցում սիրտս չտարավ, խնձորի ծառի տակ թափված կույտը… հավաքեցի…
— Ոնց որ հավաքեցիր, այնպես էլ տար… մերը մեզ հերիք է,- պարտադրեց մեր փեսա Գարիկ Հովհաննիսյանը: Բերեցի տուն՝ արկղով, ու մոռացա… Սրանք էլ, ահա, վրեժ են լուծել իմ մոռացումի համար ու փտում են, ո՜նց են փտում: Դրեցի ու կտրատեցի, մաքրեցի, ջոկեցի, փտախտի դեմն առա: Հիմա ես տան սառնարանը հաճախ եմ բացում, ինչպես պահարանի դռներ… կաթսա առ կաթսա, փաթեթ առ փաթեթ նայում եմ, հոտ քաշում…
Նստեցի անմիջապես ու գրեցի՝ մեր ներսում և դրսում փտող-փտած շատ բան կա՝ ազատվել է պետք օր առաջ:

2-4 տարեկանները սոխ ու սխտոր են ծեծում, համն ու հոտն են առնում: Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:

Ինձ հանգստից զրկել են անգամ մեր կրթական օբյեկտների տանիքներն ու նկուղները, բակերի ու հողատարածքների՝ ուշադրությունից դուրս մնացած մասերը… «Вот где раки зимуют»… Էլ չեմ ասում՝ Երևանի աղբանոցների մասին… Ամեն առավոտ նույն ցանկությունն է՝ աղբը տեսակավորել ու նոր դուրս հանել տանից…

Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների 10-րդ հավաքի բարձունքների նախագծով քանի՜ խումբ-դասարան, սովորող-ուսուցիչ-ծնող, քանի՜ բարձունք նվաճեցին սեպտեմբերի 19-ին, 20-ին, նվաճում են այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հետո՝ հաջորդ շաբաթ, սեպտեմբերի 25-ին, 26-ին: Այսպիսի նախագիծ-նվաճման ընթացքները վերաբերմունք են փոխում, նոր վերաբերմունք ձևավորում մեր նվաճողների մոտ… Ինչպե՞ս գնահատես. չէ՞ որ սա ուսումնական աշխատանք է, որի յուրաքանչյուր գործունեություն-մոդուլ-նախագիծ ենթակա է գնահատման՝ հավաստի, չափելի, արդար, իհարկե, փոխանցելի… Այս հարցը հնչեց իմ 60-ամյակի օրը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում. «Հեծանիվն ի՞նչ կապ ունի կրթության հետ… »: Կարևոր չէ՝ վերաբերմո՞ւնք էր արտահայտում, որպես հռետորական հարց հնչեցնելով այն, թե՞ ուղղակի հարցնում է, ուզում է իմանալ… Սեպտեմբերի 19-ին, Հավաքի մեկնարկի օրը, իմ խոստացած, ինձնից ողջ ամառ տարած հեծանվի ակումբի մեկնարկը հանդիսավոր կայացավ, Մարմարյա սրահից քսան սեբաստացի պատանի մարզական, ձիգ, կարևոր կեցվածքով, իրենց մարզիչ Վարշամի հետ, մոտեցան իրենց սպասող, նախանձ շարժող հեծանիվներին… Ես չգիտեմ՝ ի՜նչ են զգում հիմա ներկա, այս գործին իրենց մասնակցությունը բերած Էրիկ Գրիգորյանը, Արմեն Գյոզալյանը: Ես բաց թողեցի իրենց առաջին հեծանվաերթին դուրս եկած սովորողներին ու քիչ հետո նրանց հանդիպեցի արդեն «Սեբաստացի» մարզադաշտում… Ինձ համար ավելի կարևոր է ուսումնական հեծանվաուղում նրանց առաջին ուսումնական պարապմունքը… Ա՜յ քեզ լրջություն, կենտրոնացում, վարժությունների ինքնուրույն կրկնության անհրաժեշտության գիտակցում… Ուսուցում է… գնահատե՛ք:

Միջին դպրոցի սովորողները՝ դեպի Արայի լեռ… Լուսանկարները՝ 8-րդ դասարանի սովորող Արփի Սահակյանի:

Իսկ ժամեր հետո ես պարտավորված մասնակցում եմ 25-ամյա մի հոբելյանի՝ 1990-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ-ը՝ Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն Խորհուրդը, 260 ազգընտիր (մեծամասնական) պատգամավորներով սկսեց իր 1990-1995 թթ գործունեությունը… Մեր աշխատանքը գնահատեք… բայց ո՞վ: Ո՞վ է մեզ կանչել, ո՞ւմ ենք մենք պետք, ինչի՞ ենք հավաքվել, խի՞, հարցնում եմ ես դավիթավարի… Սա դեռ ոչինչ, ութսունի չափ ներկաներիս մոտ բացակայում է ինքնագնահատականը, այն հնչեցնելու ցանկությունը… Ո՛չ 1990-ին Հայաստանի Հանրապետությունը ստեղծած քաղաքական կուսակցության ՀՀՇ-ի ներկայացուցիչ պատգամավորները կան, ո՛չ այսօրվա իշխանության, այսօրվա-երեկվա հայաստանյան հասարակության… Ու ես փախա… Բանգլադեշ՝ կրթահամալիր, ուր ինձ սպասում են անհետաձգելի գործեր, ու գործի գլուխ կանգնած մարդիկ՝ իմ գործընկերները…

«Յոթ անուն Կոմիտաս» ուսումնական նախագիծն են իրականացնում Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները: Լուսանկարները՝ Քրիստինե Շահբազյանի:

Երեկոյան Դավիթ Բլեյանի, իմ երեք աղջիկների ու թոռների հետ Կարինե Ջանոյանի բնակարանում շարունակում ենք հրաժեշտ տալ Վիեննա մեկնող ուսանող Շուշան Բլեյանին… Իրար գլխի ենք… Եվ Լիլիթ Բլեյանը հավեսով, անընդհատ, նաև օրհնության ծես կատարող Տեր Կյուրեղի ներկայությամբ պատմում է սովորողների, ծնողների խմբի հետ դասվար Աշխեն Թադևոսյանի կազմակերպած՝ Բջնիի բերդի նվաճման, Հրազդանի հովտում-Բջնիում Սոնայի հետ անցկացրած իր օրվա մասին… Մեկ-մեկ չմարող հիացմունքով նկարագրում է Սոնայի ընկերներին ու ճամփորդության մասնակից նրանց ծնողներին… Լիլիթը, որ, գիտեք, օրեր հետո կարևոր համերգ-գործեր ունի Երևան-Բրյուսել-Լոնդոն եռանկյունում, հաշված ժամեր, օր է գտել բարձունքի նվաճման համար ու շարունակում է ապրել իր օրը… Վերնագիրը Սոնա թոռնուհունն է, ով իր երկրորդ դասարանցիների հետ հաջողությամբ, ծիծաղով, բերդը նվաճելուց հետո, զվարթ հայտնագործել է՝ «բարձունքը հաղթահարեցինք, հիմա իջնունքն ենք հաղթահարում»…

Երկօրյա արշավախմբային-հայրենագիտական ճամբար Բյուրականում. Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի սովորողներ: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

#455

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչ որ իմս է, անիկա քեզ կպատկանի, և ինչ որ քուկդ է՝ անիկա իմս ալ է: Ինծի պարծանք է քեզ ծառայել…

Այս կիրակին վստահ եմ մոբիլ-ստեղծական կդառնա (ի՜նչ արած) հարյուրավոր սեբաստացիների համար փետրվարի 8-ից մի ուրիշ թափով են շարունակվում ստուգատեսային հայտերի ընդունումը: Նշանավոր Քեմբրիջի համալսարանում, ահա կարդացեք` ֆիզիկոս Սթիվ Հոքինգի ծննդյան

Կարոտ զորեղ բան է, ձգուկ

Շուշան Բլեյանին, ես, իհարկե, կարոտել եմ: «Կարոտ զորեղ բան է, ձգուկ»… Եվ լավ է, որ Շուշանն ունի ձմեռային արձակուրդ, մեկ էլ տեսար, դեկտեմբերին հայտնվեց մեր ձյունանուշիկը: Համ էլ առանց Շուշանի

1988-ի երկրորդ շարժի մասին է իմ դժվար գիրը

Որոշումներ ինքնուրույն կայացնում է Դավիթ Բլեյանը. սրան զոռով չես փոխի, իր համառությունից, հակառակվելուց սևանում է… Հո չե՞ս ծեծի՝ փլուզես ողջ գիտակից կյանքում կառուցած մանկավարժությունդ… Իբր քիչ փլատակներ կան մեր երկրում. փլատակների