Իսկապես որ, ուռենու նման, շուտ մեծացող կյանքում այս ե՞րբ հասցրեց մեր մանկահասակ Մարիան ծնկներից մեր իջնել այնքան ու այնպես, հասցնել ինքնուրույնանալ-կենսափորձ ձեռք բերել նաև Լեհաստանում, դառնալ «Մարիա Բաբայան, 11-րդ դասարան» ու… «Լուսաստղ»-ում ներկայանալ Իոսիֆ Բրոդսկու հետ իր հանդիպումով… Հալալ է: Ուղղակի մեջ եմ բերում.

…. հասկացա, որ միայն բանաստեղծությունները կարդալով, չեմ կարող որոշակի կարծիք ձևավորել։ Այ, կենսագրությունը շա՜տ երկար ուսումնասիրեցի։ Կարդացի չորս լեզուներով, հետո հասկացա, որ բանաստեղծություններն էլ պետք է կարդալ մի քանի լեզուներով (նշեմ, որ հայերեն թարգմանությունները ուղղակի բանի պետք չէին)։ Կարդացի, փորփրեցի ու նոր գլխի ընկա, թե ինչ գրողի հետ եմ «ծանոթացել»։

Փորձեմ կռահել, թե ինչ լեզուներ է գործածում իր ընթերցողական կյանքում մեր Ավագ դպրոցի բարձրահասակ Մարիան՝ հայերենից, ռուսերենից, անգլերենից բացի… լեհերե՞ն… Եթե այո, ի՜նչ լավ է, կարելի է վերադառնալ իմ առաջարկին ու նրա խոստմանը՝ պատմել մեզ, ներկայանալ իր լեհական կյանքով… «Լուսաստղ»-ն իր հիմնադիր ղեկավար Մարգարիտ Սարգսյանի հետ կգտնի  ճամփորդ սեբաստացիների ներկայանալու այնպիսի մի ձևաչափ՝ իրենց ուղևորությունների աշխարհներով ու կյանքերով… Մեր կյանքն է իրական ու հարստությունը, վստահ եմ, մարդիկ տարբեր պատճառներով երկարատև բացակայում, ուրիշ աշխարհ են տեսնում, ու այդ աշխարհում այլ փորձ յուրացնում… Արդյոք հայա՞ցք է փոխվում: Ինձ, օրինակ, որպես աշխատանք էլ, կարևոր է, ասենք, լսել Մարիային, ոչ միայն  իր Բրոդսկիով (շնորհակալ եմ. Մարիան ունի՞ իր հայերեն թարգմանությունը), այլ նաև իր կյանքի լեհական շրջանով…

Քանդակի արվեստանոցում Գեղարվեստի 2-4 տարեկաններն են: Լուսանկարները՝ Բուրիկ Հովսեփյանի:

Որպես ասածիս շարունակություն… Օրեր առաջ կրթահամալիրի լաբորատորիայում լսում-խոսեցնում էինք Յուրա Գանջալյանին՝ ինչպե՞ս մեծացնել սեբաստացի տարատարիք սովորողի թե ուսուցչի կիսատ իմացած օտար լեզվի բարելավումը, ինչպես չմոռանալ-պահպանել այնքա՜ն ջանքերով-ժամանակով ձեռք բերած օտար լեզուն՝ անգլերեն կլինի, գերմաներեն, պարսկերեն, թե… լեհերեն… Գործածել է պետք, ոչ թե մայրենիի փոխարեն ռուսերեն «չրթել», ինչպես խորհրդային շրջանում մերժելի տարածված էր, այլ գործածել իր ուսումնական ու հանրային կյանքում… Հեղինակային կազմակերպումն ուսուցման մեջ պիտի բնական-պարտադրելի դարձնի յուրաքանչյուրի համար իմացած, կիսատ իմացած որևէ օտար լեզվի գործածումը՝ նորանոր ուսումնական նախագծերով-առաջադրանքներով, գործերով… Միայն քննական-թեստային օտար լեզուն մեռած լեզու է, ոչ իրական կյանքի զարդ ու զարդարանք… «Ինչի՞ս են պետք այդ փրչերը»… Ահա սովորող-ուսուցիչ սեբաստացու այսպիսի ուսումնական ջանքերով կմեծանա մեր իրական աշխարհը, կդառնա ավելի հետաքրքիր ու ամբողջական… Եվ ուսումնական օրացույցով թարգմանական ստուգատեսները կդառնան նման գործունեության հետևողականության համար անհրաժեշտ հանգրվաններ…

Կրթահամալիրի հեծանվային ակումբի մեկնարկ: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Մարինա Մկրտչյանի:

Ես իմ կյանքում, աշխատանքում ավելի ու ավելի կոնկրետ-հետևողական եմ, իմացե՛ք սա լավ: Ասված է, արված՝ անհապաղ: Երեկվա իմ գրի հարցադրումները՝ բնագիտատեխնիկական ու ինժեներական հանրակրթության կարևորման, ո՞ւմ համար են գործ, եթե ոչ նախ և առաջ՝ իմ, Էմանուել Ագջոյանի, Գնել Հարությունյանի, Մարգարիտ Սարգսյանի… Նույն օրը մենք հանդիպեցինք, գործեցինք… Ի՜նչ լավ է, որ հավաքի օրերին՝ 2015-ի սեպտեմբերի 25-ից մինչև մեդիաուրբաթ համերգը, Մայր դպրոցի տանիքում մշտապես կհանգրվանի աստղացուցարանը, սեբաստացիները կսկսեն թվային աստղադիտակով դիտումները: Փութաջան սկսել ենք Մայր դպրոցում նաև ինժեներական կրթության արհեստանոցի ստեղծումը… Իսկ սեպտեմբերի 25-ին Նոր դպրոցում Նառա Նիկողոսյանը մեզ՝ հավաքի մասնակիցներիս կներկայացնի 2-4 տարեկանների երրորդ խումբը, որին մանկավարժական լաբորատորիան խոստացել է գալ բնագիտատեխնիկական-տեխնոլոգիական գործունեության պիտույքների հավաքածուով: Հետն էլ՝ Գևորգ Հակոբյանի՝ Դավիթ Բլեյանի խնդրանքով արված ուղեցույցով… Բա ո՞վ ցույց տա մուտքն ու ուղին դեպի բնագիտության աշխարհը…

«Բարձունքի հաղթահարում» նախագիծ. Թուխ Մանուկ եկեղեցի: Լուսանկարները՝ սովորողների մայրիկներ Շուշան Ավագյանի, Քնարիկ Ներսիսյանի:

-Ո՜նց եմ արագ ուժեղանում ես ու մեծանում… Տեˊս, ինչքա՜ն ուժեղ եմ ու բարձր (բոյը նկատի ունի),- հպարտանում է այսպես Դավիթ Բլեյանը, ով միանգամից ու երկար է քնում…
— Ապրես,- ասում եմ,- Դավիթ:
— Ինչո՞ւ ապրեմ…
— Որ երկար ես քնում, շուտ ես մեծանում, ուժեղանում…
— Էլ ի՞նչն է ինձ ուժեղացնում…
— Ամենօրյա լողանալը…

Իսկ իմ Արևիկ թոռնուհին այնքա՜ն է մեծացել, որ երեկ Մարմարյա սրահում առավոտվա ընդհանուր պարապմունքն է վարել… Կարմիր-գունեղ շորերով, իրական կյանքում իսկական արևիկ դարձած օրիորդիկը ողջ օրը ճախրանքի մեջ է եղել… Իրիկունը մեր տանը, երբ Դավիթը հավաքել է մեզ Շուշանի սիրած ձկան խորովածի շուրջ՝ Վիեննա մեկնող քույրիկին պատվելու, Արևիկն իր Գոռ եղբոր տարակուսանքը ցրում է.
— Գոռ, դու չգիտես, թե ինչ հավես ես զգում Մարմարյա սրահում այդ րոպեներին…
— Որ մեծանա՜մ, մեծանա՜մ… դառնալու եմ վարորդ… մեծ բետոնախառնիչ մեքենա վարեմ մենակ…

Անիվների օր 5 տարեկանների խմբում: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Հետգրություն

Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների աշնանային 10-րդ հավաքին լրացուցիչ կրթության հենց նախագծային ուսուցումն է իմ հետաքրքրության կենտրոնում… Ինչպիսի՞ նախագծեր են բերել հավաքին իմ գործընկեր սեբաստացիները, Սուսան Մարկոսյան ամենափրկիչ ջան, որտե՞ղ կարդամ… Աˊյ, օրինակ, բացեցի Շողիկ Պողոսյանի բլոգը… Ինչո՞ւ: Հետաքրքիր է՝ ինչպիսի զարգացում ունեցավ այս ընթացքում սերմերի հավաքման իր նախաձեռնությունը… Սերմեր հավաքելու ժամանակը չէ՞… Հարցնում եմ: Գևորգ Հակոբյանը ուղեցույց էր արել բնագիտա-տեխնիկական ստուգատեսի բովանդակության. ի՞նչ զարգացում ունեցավ այդ գործունեությունը, միայն հունվարի՞ համար է ուղեցույցը։ Ինչպե՞ս են ամբողջ տարին պատրաստվում Հանրակրթական էկոտուրը,  ուսումնական օրացույցով որոշված ամենամյա հանրակրթական մյուս ստուգատես-փառատոները, որ հենց նախագծային ուսուցման արդյունքներն են ամփոփում։

#453  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանդիպում հերոսին օրվա՝ հոգևոր միայնության մեջ

Սեբաստացի հայրիկի սիրելի գործով եմ սկսում իմ շաբաթ օրը։ Դավիթ Բլեյանին Մեդիակենտրոնից, ստանալով Գևորգից և Սուսանից ճամփորդին ուղղված չարենցյան խորհրդի նման մի բան, առիթ է, կարդացեք, շատ ենք ճամփորդում, Դավթին Հյուսիս-Սարալանջով ուղեկցում եմ

Տալու հիմքում ընկած է քո կենսունակությունը, ուրիշ բան չփնտրեք…

Լավ է, որ  «Մխիթար Սեբաստացի»-ում նորից blog.mskh-ին հանդիպեցինք, այնտեղ՝ նորից Սիրանույշ Ասատրյանին՝ միշտ նոր-հավերժական «Ինչ է սերը» մտածումներով… Է՛լ Էրիխ Ֆրոմ, է՛լ Օշո… սեփական փորձառությո՞ւն, Սիրանույշ… Իհարկե: Միայն դա ինձ

Այսպես՝ ճամփորդական

Շշմելու է այն, ինչ միասին իրագործել-պատմել-ներկայացրել են Արմինե Թոփչյանն իր՝ «Հեծանիվ+վազք+լող» բլոգում, Մարինե Մկրտչյանն՝ իր, տարբեր անուններով, շա՜տ էլ իրենց նման Արմինեինը՝ պոդիում, ֆոտոսեսիա, վազք, հեծանիվ, համերգ… ես կավելացնեի՝ ջանսաղություն,