Մեր հինգ տարեկան Ավետ Չամսարյանն ու ես, իր նախաձեռնությամբ նկարվեցինք։
Տոնից, որ քո կյանքն է վաթսուն թե երեսուն տարի, չես փախչի. մենք փախչողը չենք… Ես ձեզ երկա՜ր՝ սկսած 2014-ի հունիսի 17-ից, երբ լույս տեսավ իմ բլոգն իր օրապատումով, 438 օր-անգամ անընդհատ պատրաստել եմ այս օրվան՝ հոբելյանին, ու խնդրեմ, անխուսափելին՝ մեր առաջ: Ապրենք միասին, որպես մեկ ուրախություն, սեպտեմբերի 4-ից սկսած՝ ողջ աշուն և մինչև տոնական ձմեռնամուտի ավանդական համերգ… Կատակ բան չէ. վաթսուն տարեկան մարդը, առայժմ ամենահայտնին Բլեյանների մեջ, երեսուն տարի իր գործընկեր դարձած ընկերների հետ ստեղծում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հավաքական ստեղծագործական նախագիծ… Եվ այն համատարած զրնգուն ուրախությունը, որ կար սեպտեմբերի առաջին օրը կրթահամալիրի բոլոր վեց հանրակրթական դպրոցներում և Քոլեջում, հաստատումն է այս հոբելյանական փաստի. թարմ, թեթև է մեր ճամփորդի հոգին… Շնորհակալ եմ, որ այսպես միասին ենք, սեբաստացիներ՝ բոլոր կարգի ու տարիքի…
Հիմնական դպրոցում ուրախ, ամառային, ուսումնական տրամադրություն է։
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի։
Սեպտեմբերի 5-ի՝ Սուրբ Երրորդությունից սկսվող արագածյան շքերթի ծրագիրը կրկին հրապարակում եմ… Մեկնում ենք՝ Արագածի հարավային գագաթը միասին նվաճելու, Քարի լճում լողալու-վերամկրտվելու, Բյուրական—Ամբերդ աշխարհում ողջ օրը միասին լինելու… Բյուրականի բանակավայրում կարող եք լինել նաև սեպտեմբերի 6-ի կիրակին… Խնդրում եմ լինել առավելագույն մարզական-առողջարարական… Չենք ծխում, խնդրում եմ, ուտուշ-խմուշի չենք տրվում… Սեպտեմբերյան այգին ու բոստանը Հայաստանի լավագույն, Արագած-Արարատի խորհրդանիշն են. Արարատ է նաև այս բարիքների դաշտը…
Շնորհակալ եմ Սյուզի Մարգարյանին. երեկ երեկոյան մեր տանը, Դավթի հետ չարաճճիությունների մեջ, Շուշան Բլեյանը հաստատեց, որ սեպտեմբեր 10-ի համերգ-նախաձեռնության ծրագիրը հավանում է ու հաստատում, պատրաստվում է… Ահա և ձեզ համերգի մեծ պաստառն ու հրավերն անհատական…
Հետևեք իմ գրին. էլի սուրհանդակի ձևով կհրապարակեմ սեպտեմբեր 7-ից 18-ը կրթական նորամուտների շքերթը՝ «30 տարի Բանգլադեշում միասին՝ ստեղծական ու մոբիլ» խորագրով… Իմ շնորհակալությունը ես հայտնում եմ միասին ապրած ու մեկս մյուսին պարգևած օրերով…
Եվ այսպես, հաստատված ավանդույթով սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11-ից Մայր դպրոցի Մարմարյա սրահում ես դիմավորելու եմ սեբաստացի բոլոր 5-6 տարեկաններին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին. իսկական հեղինակային կրթական շքերթ, ու տեղն է՝ իր օրվա գրով, որպես սուրհանդակ, հրապարակման: Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14.00 սկսվում է «Հոբելյանական» պարատուն-համերգը՝ բոլորիս մասնակցությամբ. 60 րոպե անընդհատ… Հարցեր կա՞ն… Հարցերին ես պատասխանելու եմ «Ազատություն» ռադիոյի ֆեյսբուքյան եթերում սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16.00… Սկսեք գրանցել…
«Ազատություն» կայանից ես շարժվելու եմ Բյուրական՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության ազգային սկաուտական կենտրոնի բանակավայրում Արմինեի, Դավիթ, Շուշան, Տաթև, Լիլիթ Բլեյանների, իմ Սոնա, Արևիկ, Արաքսիկ թոռնուհիների, իմ եղբայր-քույրերի հետ դիմավորելու բոլոր նրանց, ովքեր որոշել են երեկոն անցկացնել բանակավայրում… Անհատական հրավերի մի՛ սպասեք… Իսկ հոբելյանական կազմակերպչի պարտականություններն ստանձնել է իմ միջնեկ աղջիկ Տաթև Բլեյանը՝ t.bleyan@mskh.am, հեռախոս՝ 077 09 28 48։
Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորողները բարեկարգում են իրենց բակ-պարտեզը:
Լուսանկարները՝ Սեդա Խաչատրյանի։
Կարինե Պետրոսյանն իր հայրենագետ-կազմակերպիչների հետ աշխատում է «Բարձունքի նվաճում» նախագծի ծրագրի վրա. սեպտեմբեր 19-ին, 20-ին, 21-ին ազատություն ունենք բարձունքի ընտրության… Միևնույն է, նախկին-ներկա դասարանցիներով, ընտանիքներով, ակումբներով, սիրահար զույգերով ու ֆեյսբուքյան խմբերով… բարձունքի վրա ձեր կանչերը լսելու եմ, գրանցելու ձեր «ներկա»-ն:
Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ամենամյա աշնանային 10-րդ հավաքի՝ սեպտեմբերի 21-26-ի ծրագիրը թույլ տվեք ավելի ուշ հրապարակել, ինչպես և «Կոմիտասյան օրեր» այս տարվա նախագծի… Սրանք մեր՝ «30 տարի Բանգլադեշում միասին՝ ստեղծական ու մոբիլ» հոբելյանական շրջանի բաղկացուցիչներն են… Հագեցած սեպտեմբեր է, անուշ ու առողջարար՝ իր նման… Ահա ինչու եմ անհոգնել կրկնում՝ օրվա հոգսը բավ է օրվա համար… Միասին լինել ու միասին ուրախանալ, միասնությունը՝ գաղափարական, հարազատականության հաստատել… ավելին ավելորդ է: Ես շքանշան-պատվոգրերից, գովք-տեքստերից խորշում եմ, գիտեք: Ինչ վերաբերում է նյութական, ի վերջո դրամով չափվող նվերներին, նվիրենք «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին, որի հիմնադիրն եմ ու դրանով՝ երաշխավորը գործունեության հավաստիության, նվիրենք նպատակադրությամբ… Ի՞նչ վատ գաղափար է որևէ սեբաստացու ծննդյան օրվա, որևէ հաջողության առիթով նվիրատվություն անելը մեր կրթական հիմնադրամին, ընդհանուրի գործին նաև այս ձևով՝ շատը՝ ունեցածից, քիչը՝ սրտից, կոնկրետ մասնակից դառնալը… Ես իմ երկրորդ 60 տարում հենց սկզբից հիմնավոր ու կոնկրետ անդրադառնալու եմ հիմնադրամի գործունեությանը. ձեր վստահությունն ինձ կարևոր լիցք կփոխանցի:
Անվտանգ և նոր մոտեցում շվեդական պատերին:
Լուսանկարները՝ Վիկտորյա Հովսեփյանի
Սեպտեմբերի 1-ին ողջ օրը հեծանվով ես շրջում էի դպրոցից դպրոց, աշխատում և ողջագուրվում… Լավ ստացվեց… Իսկական այլընտրանք՝ մայրաքաղաքը մեկ օրով համաճարակի պես բռնած «Գիտելիքի օրվա» ցույցերին, որ խորհրդային շրջանի տխուր, անազատ, «գենսեկի» ծառայամտության դրսևորումներ են… Օրն էլ արժանի ավարտ ունեցավ. Մեդիակենտրոնից հեծանվով դուրս եկա երեկոյան 6-ի-7-ի արանքում՝ վաստակած, այնքան թեթև… Ու Խորհրդային Հայաստանի 30-ամյակին նվիրված բարձունքից հետո, Հաղթանակի կամրջից Հրազդանի կիրճը՝ իր Երևանյան լճով ու հեռվում ձգվող վեհափառ Սիս ու Մասիսով… Այսքա՜ն վեհություն, բիբլիականություն, այսքա՜ն մարդկություն-խաղաղվածություն ու երկնային լույս կար իմ շուրջբոլորը… Չէ, իմ հաջորդ 60-ամյակում ևս ես ձեզ չեմ թողնի. ավելին, ավելի կոնկրետ ու հասուն կգործեմ: Իմ ասածը Սևանա լճին է վերաբերում նաև և, իհարկե, առաջիկա նվաճվելիք բարձունքներից երազող-ծավալվող Հայաստան-Արմենիա աշխարհին…
Շնորհակալ եմ, որ միասին ենք, որ կաք իմ կյանքում, որ իմ կյանքն եք… Էլ աշխարհ չե՞մ գալու հո նոր. ձեր տվածն եմ վերադարձնում՝ գործերի-ջանքերի ձևով…
Ֆոտոխմբագիր՝ Շամիրամ Պողոսյան
#438