Իմ ուսանելու տարիներին (1972-1977թթ) համալսարանական ուսանողների շաբաթվա մեկ օրը, սկսած 2-րդ կուրսից, պատկանում էր ռազմական գործին՝ ռազմագիտությանը: Համալսարանի սև շենքում էր տեղավորված ռազմագիտության ամբիոնը՝ իր գնդապետ «ծանրակշիռ» վարիչով, զինվորական տարբեր կոչումներ ունեցող դասախոսներով: Այստեղ էին անցնում նաև ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներիս ռազմագիտության պարապմունքները. մեզանից, առանց մեր կամքը հարցնելու, պատրաստում էին կապի լեյտենանտներ… Դասընթացները չորս տարի հաջող ավարտածներով մասնակցում էինք 5-րդ կուրսի ավարտական զինվորական ամառային եռամսյա հավաքներին։ Ես իմ համակուրսեցիների հետ 1977 թ. ամռանը Լենինականի պոլիգոններում մասնակցել եմ սպայական կուրսանտների հավաքին, դրանց արդյունքներով իմ ընկերների հետ ստացել ԽՍՀՄ զինված ուժերի պահեստի լեյտենանտի կոչում:  Հետո մի մասին՝ 1/3-ի չափով, երևի, զորակոչում էին բանակ՝ որպես սպա ժամկետային ծառայության: Ինձ, ինչպես և իմ շատ ընկերների, այդպես էլ չկանչեցին… Թող հարցով հետաքրքրած ընթերցողը որոշի ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության իմ մասնակցությունը: 

Ես հաճույքով չեմ մասնակցել ռազմագիտության դասընթացներին. դրանք ձևական-ձանձրալի էին, ինչպես և պոլիգոնի հավաքը… Դրանք չէին մեծացնում ԽՍՀՄ բանակի հեղինակությունը, չէին նպաստում դրա նկատմամբ մեր ունեցած-չունեցած հարգանքին. եթե մենք ենք այդ բանակի սպա-կապավորները, ուրեմն սա անկապ բանակ է՝ եզրակացնում էինք մենք: Ուսանող տարիներին ես երկար մազեր էի ունենում (անգամ ամառային շինարարական ջոկատներում), իսկ այստեղ, ամբիոնում ամեն շաբաթ պիտի խոսեին երկար մազերի համար, այնքան, մինչև անցնեին ուժային գործողության՝ ուղարկեին հարևան վարսավիրանոց՝ մազերը կտրելու… Իսկ սա տևում էր շաբաթներ:

1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով մենք՝ ՀՀ չափահաս քաղաքացիներս, հռչակեցինք Հայաստանի Հանրապետությունը, որպես  անկախ պետություն։ Ես դեմ եմ եղել մեր այս հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ռազմական ամբիոնները վերականգնելուն. ռազմական գործը մասնագիտություն է, մարդը պիտի իր ազատ ընտրությամբ սովորի ռազմական միջին մասնագիտական և բարձրագույն հաստատություններում, հետո իր մասնագիտությամբ, որպես ծառայություն՝ աշխատի Հայաստանի զինված ուժերում: Այսպես է հիմա, և նկատելի է Հայաստանի զինված ուժերում կրթված սպայակազմի գործոնը: Սպայական կրթությանը, հանրապետությում և դրսում, հարկ է ավելի մեծ տեղ տալ: Մեր վերջին նախաձեռնությունը՝ կրթահամալիրի արհեստագործական ավագ դպրոցի կազմում ռազմագիտության խորացված ուսուցման դասարանը սրան ուղղված մեր ձեռնարկներից է։ Արձագանքեք։ 

Ես ուզում եմ պատմել իմ դասախոս մայոր Կոգանի մասին, ով ազգությամբ հրեա էր, լավ էր ուսումնասիրել հայերիս, որ երևում էր մեզ հետ իր հարաբերությունները կառուցելու մեջ. hեշտ չէր կամ հնարավոր չէր մայոր Կոգանին ֆռռացնելը: Լենինականի զորամասի մեր զինվորական հավաքի սպաների գործը դյուրին չէր: 150-ի չափ ֆիզիկոս շրջանավարտներ, մի այդքան էլ՝ մեխմաթից… Գրագետ-մեծաբերան, ոչ այն է ծառայություն էր կարգավիճակով, ոչ այն է ուսանողական  հավաք՝ ազատ-անփույթ, հարկադիր-ձևական. կաշառքի, ծանոթ-բարեկամի  ծաղկունքի շրջան էր:  

Ահա, որպես ուսումնա-վարժական պարապմունք՝ մեզ դիրքավորել են խրամատներում, պատրաստում են վճռական գրոհի, լսվում է հրամանատարի ձայնը. «Առա՜ջ…» : Հրամանատար Կոգանն առաջ է անցնում հերոսաբար, իսկ մենք խրամատներում շարունակում ենք թուղթ խաղալ… Թղթախաղը զինվորական հավաքի ամենատարածված զբաղմունքն էր ցերեկ թե գիշեր… Ու մեր սիրած փիլիսոփայությունը՝ «Тише едешь, дальше будешь… товарищ майор…»։ Մայոր Կոգանի հատուկ հայերի համար մշակած պատասխանը թե զգուշացումը` «от того места, куда едешь…»: 

Ահա, դանդա՜ղ, «անձայն տնքոցով» շարժվում է հայաստանյան հասարակությունը. ո՞ւր՝  հարցնում եմ։ Պոկվում ենք, շտապել չի՛ կարելի՝ աջ ու ձախ ոչ միայն զգուշացնում են իրար, այլև թույլ չեն տալիս, շտապում ես՝ գնա… Իսկ ո՞ւր ենք հասնում առանց շտապելու… հեռո՜ւ-հեռո՜ւ՝ մեր կոչումից, մեր գործից, մեր ծրագրերից, 1991 թվի մեր ոգեշնչումից… Այս 20 տարում այլ բան չհանդուրժող «ստատուս քվո»-ն էլ  մեր ազգային թսթըս-ի, արմատավորված մեր կենսաձևի արտահայտությունն է։  

Դավիթ Բլեյանը այս օրերին իր տնակյացությամբ կապվեց մայրիկին ու բնակարանին, խորթացավ իր պարտեզից, առօրյայից, կամաց-կամաց հեռվացավ… Մենք իրիկունը երեքով խոսել ենք այդ մասին. Դավիթը երևում էր, շփոթված է… Վճռական գնաց բաղնիք՝ «Լողանում եմ…». լողա՜ց-լողա՜ց, նորից խոսում էինք նույն թեմայով, այս անգամ տան տղամարդիկով՝ մեկուսի… Ես պատասխանեցի Դավթի բոլոր հարցերին… «Իմ ընկերները նոր գործեր են անում, շինում են, կառուցում, իսկ Դավիթը մայրիկի հետ խաղո՞ւմ է… «Ես մայրիկին փակելու եմ տանը…»,- հետո իր «գող խալաթը» ավազանից փախցրեց Դավթին, տարավ մահճակալ… «Մայրի՜կ, (կանչում է) մայրի՜կ, ես քեզ եմ սպասում…»:

Այսպիսին են տղաները՝ իսկական молокосос, մոր ծիծը երկուս ու կես տարի կերածը՝ առավել ևս…
— Մայրի՜կ, ինձ վրա մի՛ բարկացիր, ես նեղվել եմ…
— Մայրի՜կ, ես զարմանում եմ… 

Ահա այսպես, Դավթի նման ես էլ եմ շարունակում զարմանալ մեր թսթըս ընթացքի վրա։

Օրվա գոհունակությունը։ Գեղարվեստի կրտսեր դպրոցի ճամբարը օգոստոսի 11-ին ընդունել է իր վերջին երկշաբաթյա հերթափոխը։ Ահա ճամբարի պետ Դիանա Գևորգյանի՝ առաջին օրվա ֆոտո-հաշվետվությունը։ Ահա մանուկների մատչելի լողուսուցման համար ստեղծված մեր բաց, հանրային տարածքներից մեկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գրով ընդդեմ ցավի

Հեշտ չէ մեր Շուշոյի՝ Շուշան Բլեյանի համար։ Հերիք չէ՝ ժամանակ է գտնում աշխատանքի-ուսման միջև, կտրվում-գալիս է իր աշխարհը դարձած Վիեննայից մեր աշխարհը մնացած Երևան, դեռ ինչքա՜ն մարդու՝ մեկը մյուսից հարազատ

Պապի ասածը թող լինի

Կյանքն ընտրություն է, ու Դավիթ Բլեյանն ամեն օր իր ընտրությունը կատարում է, ստանում անհրաժեշտ աջակցություն ու հնարավորություն դրա համար: Ի՞նչ ճիշտ, ի՞նչ սխալ, եթե դա քո ընտրությունն է… Խումբ է

Աստծու բանտ են տաճարները ամենուր…

Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ. Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։ Հարկավ՝ ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին, Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին