Հրապարակված է  1989թ. ապրիլի 14-ի  «Գրական թերթում»։

Սրտիս հոժարությամբ կըսիմ, քանզի այդպես համոզված եմ ես, որ մեր ազգին համար այսօր և ամեն ժամանակ առաջին գործը դպրոց պետք է ունենալ, դպրոցները արդյունավորել գիտենալ: Այսավուր մանուկք վաղվան հայրեր պիտի ըլլան, և աղջկանք՝ մայրեր: Ազգիս մոտավոր ապագան են անոնք. ապագան՝ որում անչափ հուսալիր և խանդակաթ աչոք կնայի մեր Ազգ… 

Գ. Սրվանձտյանց

Դպրոցի և գրականության, կրթության և լեզվի խնդիրները քննելիս, մենք անպայման պետք է հենվենք մեզանում մինչ այսօր արվածի՝ այսինքն ազգի դարավոր փորձի վրա: Կարելի է, իհարկե, շարունակել ու զարգացնել վերջին 40-50 տարվա արածն ու ստեղծածը, եթե այն դարերի մեր կրթական ու մշակութային ավանդների օրգանական շարունակությունը լիներ: Հիմա աշխարհը գիտե, որ խզում է եղել անդունդի ձևով. այն կողմում թողնելով մերը՝ ավանդական հայոց կրթօջախն ու մանկավարժական դպրությունը, անդունդի այս կողմում սկսել ենք կառուցել մեր նոր դպրոցը զրոյից, ընդօրինակելով, կապկելով ուրիշների արածը: Բոլոր ժամանակներում բոլոր ազգերն իրենց կրթության կերպը բխեցրել են իրենց վիճակից, ելակետ ունենալով ու զարգացնելով գոյություն ունեցող ազգային դպրոցը, որովհետև հանցագործություն է, չի կարելի արհամարհել այն, ինչը հարազատ է ժողովրդին, և հիմնական տեղը տալ կասկածելի «նորամուծություններին» ու «տեղայնացումներին»: Ո՜ւր էր, թե այդ «նորամուծությունները» սոսկ կասկածելի լինեին. դրանք վերցված էին 30-ական թվականներից սկիզբ առնող ստալինյան մանկավարժության «գանձարանից»: Այն ժամանակ չվերցնելու հարց չկար, քանզի վերցնողի կամքը հարցնող չկար: Այդ տխրահռչակ ժամանակներից մինչև մեր հուսադրող օրերը թարգմանել ու փորձել ենք մերը դարձնել ոչ միայն ֆիզիկայի ու մաթեմատիկայի, կենսաբանության ու քիմիայի, պատմության ու ֆիզդաստիարակության դասագրքերը, ծրագրերն ու դասավանդման մեթոդները, այլև երգ-երաժշտության, կերպարվեստի ու աշխատանքի ուսուցման ծրագրերն ու դասագրքրեը, նաև դպրոցի ուսումնական պլանը, նաև դաստիարակության բովանդակությունը, ձևերն ու մեթոդները, նաև պատճենել ենք մոսկովյան տարրական դպրոցը՝ ձևով ու բովանդակությամբ, անգամ մանկապարտեզը: Համեմատենք մի քանի հանրապետությունների այբբենարանները և մայրենի լեզվի առաջին ընթերցանությունները, գրականության ու լեզվի ծրագրերն ու մեթոդական ձեռնարկները. ճչացո՜ղ նմանություն: Ցավ է, ամոթ է, բայց այսօր մենք ինքնուրույն Հայոց Դպրոց ու Հայոց Մանկապարտեզ չունենք. դրանք արտանկարված են, ընդամենը «տեղայնացված» են, հաշվի առնելով… Նորամուծություն թույլատրվում է, երբ յուրացված է ավանդականը: Կրթության գործում ամենամեծ ու ցանկալի նորամուծությունն այսօր այն կլինի, որ ինչ-ինչ պատճառներով իր մշակութային արմատներից հեռացած ժողովրդին վերադարձվի իր իսկ ստեղծածը:

Ուսուցիչն է ստեղծում դպրոցը: Ղազարոս Աղայան ու Առաքել Մանդինյան ու Նիկողայոս Զորանյան, Մաթեոս Մամուրյան ու Ռեմեթեոս Պերպերյան… Ուսուցիչներ՝ իրենց իսկ հեղինակած դասագրքերով, մանկավարժական հավատամքով: Յուրաքանչյուրը՝ մի դպրոց: Ուսուցիչը դպիր էր, ու նրա ստեղծած դպրությունը դպրոցը դպրանոց էր դարձնում: Այդպես է եղել միշտ՝ Պեստալոցուց, Դիստերվերգից, Ուշինսկուց, Աղայանից առաջ և հետո: Այդպես է աշխարհում հիմա: Դպրոցը դպրանոց է Ուսուցչով: Իսկ ո՞ւր է խորհրդային շրջանի Ուսուցիչը՝ իր հեղինակած դպրոցով, դասագրքերով, ուսումնական ծրագրերով, ոգով, իր մանկավարժական հավատամքով ու հետևորդներով: Հազարից ավելի դպրոց այսօր, ու ոչ մի հեղինակային դպրոց ամբողջ հանրապետությունում: Տասնյակ հազար ուսուցիչներ, ու նրանցից ոչ մեկը չունեցավ իր Դպրոցը: Մանկավարժական դպրությունը օտարվեց, արտաքսվեց դպրոցից. նրանով սկսեցին զբաղվել գիտահետազոտական ինստիտուտներում, այն էլ՝ ոչ որպես կոչում… Եվ ահա որոշ գիտնականներ տասնամյակներ շարունակ շարքային ուսուցչին ներարկեցին մանկավարժական գիտահետազոտական աշխատանքի թերարժեքության սինդրոմ, հասարակությանը կարողացան ներշնչել իրենց անձի բացառիկության և կատարած գործի անքննելիության գաղափարը: Դա հեշտ էր անել, որովհետև մի դպրոց էր՝ մի գրքով, մի ծրագրով, մի մեթոդով: Հեշտ էր, քանզի հենց որ առանձին համարձակներ դժգոհում էին գործող միակ գրքից-ծրագրից-մեթոդից, նույն պահին միակ մանկավարժական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականը փոխում էր իր իսկ ստեղծած միակ գիրքը-ծրագիրը-մեթոդը մի ուրիշ միակով… Ստեղծվեց մանկավարժական մենատեր գիտություն, որը կտրվեց դպրոցից ու սկսեց վերևից նայել դպրոցին, ինքը դարձավ տեր ու խեղդեց դպրոցն իր դիդակտիկական հերմետիկ փակ միջավայրում: Մանկավարժություն կոչված արվեստից մնացին սոսկ հրահանգներ ու կանոններ՝ երեխաներին «փաթեթավորված» գիտելիք տալու մասին: Հասարակությունը մեկուսացվեց, պատնեշվեց դպրոցից: Մեզ չէին հարցնում, մեզ չէին պատմում, թե ինչ է արվում մեր երեխաների հետ դպրոցում. կամ մեր գործը չէր, կամ խելքներս չէր հասնում: Ինչ փույթ, թե երեխան մերն է, իմը, «հանրային» չէ, իսկ մանկավարժական մասնագիտությունը նման չէ աստղագետի ու բնագետի մասնագիտությանը: Այսպես ուսուցիչը դարձավ կատարող-մեղսակիր, քանզի անթերի կատարել բոլոր հրահանգներն ու մեթոդական թելադրանքը՝ անհնարին էր: Յուրաքանչյուրը կարող էր մտնել դպրոց ու մեղադրել ուսուցչին այսինչ հրահանգի, այնինչ ծրագրի ու մեթոդական ձեռնարկի որևէ կետը խախտելու մեջ: Ուսուցիչը զրկվեց ստեղծագործելու հնարավորությունից ու դարձավ կատարածու, որից մի բան էր պահանջվում՝ հնազանդություն դասագրքին, ձեռնարկին, ծրագրին, միով բանիվ՝ մանկավարժ-գիտնականի կամ օրգանի հրահանգին ու թելադրանքին: Ո՞րն էր ելքը: Ելքը պայքարն էր, որից հրաժարվեցինք ու ընկրկեցինք, արտագրելը հեշտ էր ու անվտանգ: Սուխոմլինսկին պայքարեց և ունեցավ իր անկրկնելի դպրոցը, մերձբալթյան հանրապետությունները պատվով պահպանեցին իրենց ազգային դպրոցը՝ իրենց անհատական դասագրքերով ու ծրագրերով, իրենց 11-ամյա ուսումնական պլանով, Դմիտրի Կաբալևսկին իր գլխավոր գործը դարձրեց մանկավարժությունը, ստեղծելով երաժշտական դաստիարակության իր համակարգը, նկարիչ Նեմենսկին նույնպես անցում կատարեց՝ զարմանալի հետևողականությամբ զբաղվելով դպրոցում գեղարվեստի դրվածքի հարցերով: Ամոնաշվիլին վրացական դպրոցին համաշխարհային ճանաչում բերեց: Ուզում եմ, շատ եմ ուզում մեր հայ դպրոցի որևէ փայլատակում, որևէ բռնկում հիշել՝ ոչ մի կերպ չի ստացվում: Արդեն երեք տարուց ավելի միութենական կրթական համակարգը եռում է, ժայթքում, նոր ու հին անուններ՝ Շատալով, Իլյին, Վոլկով, Շչետինին, հեղինակային դպրոցներ՝ ամբողջ Միությունով, զարմանալի համարձակ, թարմ լուծումներ ու հարցադրումներ: Անմասն չմնաց անգամ մանկավարժական գիտության երկրի գլխավոր «բաստիոնը»՝ ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիան: Միութենական մամուլում հասարակության կողմից ակադեմիայի երկարատև խոր «մշակումից» հետո սկսվեց նրա վերակառուցումը: Արդյունքում՝ ակադեմիան այսօր ղեկավարում են երկրի առաջադեմ մանկավարժ-գիտնականները, իրական նախապայմաններ են ստեղծել ակադեմիայի գործունեության բովանդակային-խորքային վերափոխումների համար: ԽՍՀՄ ժողկրթության պետական կոմիտեն ուսուցիչների 1988 թվականի դեկտեմբերյան համագումարում քննարկման դրեց ոչ թե մանկավարժական գիտությունների ակադեմիայի կազմած դպրոցական կրթության կազմակերպան նոր կոնցեպցիան, այլ դեմոկրատական հիմունքներով ծնված գիտահետազոտական ժամանակավոր խմբի մշակած կոնցեպցիան, փաստաթուղթ, որը ոգևորում է իր թարմությամբ ու համարձակությամբ: Այդ նույն համագումարում Լիտվայի և Էստոնիայի մանկավարժ-պատվիրակները շարունակեցին իրենց պայքարը ազգային կրթությունը ինքնուրույն կազմակերպելու համար: Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ էստոնացիների կազմած և վաղուց օգտագործվող մաթեմատիկայի դասագիրքը որոշվեց գործածել որպես միութենական դասագիրք…

Մեզանում լռություն է ու խաղաղություն, չեն շտապում, մեր կրթական գործին ու մեր դպրոցին բարեփոխման շունչը չի կպել: Մենք դեռ շարունակում ենք Երևան քաղաքի այսինչ դպրոցի հետ՝ մոռանալով, որ այսօրվա հայոց դպրոցը շա՜տ է հետ մնում միութենական առաջավոր դպրոցից, իսկ այդ առաջավոր կոչվածն էլ այնքա՜ն հեռու է աշխարհի լավագույն դպրոցներից: Մեր ստեղծագործական ու գիտական միությունները և ՀԽՍՀ ԳԱ-ի ինստիտուտները փաստորեն իրենք իրենց մեկուսացրել են դպրոցի ու մանկապարտեզի հոգսերից: Խոսքը առանձին միջոցառումների ու պլանավորված քննարկումների մասին չէ, խոսքը դիտորդի ու դատավորի կեցվածքի մասին չէ կամ հենց դրա մասին է: Ազգային լուսվորության համակարգի բովանդակային վերակառուցումը միայն ժողկրթության մինիստրության ու նրա մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի ուժերով անիրական է ու անիմաստ: Ամբողջ երկիրը լրջորեն ու հաջողությամբ զբաղված է կրթական գործի կազմակերպման հասարակական-պետական կառուցվածք ստեղծվելով, այն ճանաչելով որպես առաջին նշանակության համազգային գործ: Իսկ մենք… Մենք այլընտրանք չունենք. պիտի դառնանք մեր ազգային կրթական ակունքներին՝ ուսուցչին վստահելով մանկավարժական դպրության ստեղծումը: Տարիների մեր չարչարանքը իրավունք է տալիս հավաստելու, որ դա է ուղիղ ճանապարհը որակապես նոր դպրոց ունենալու: Դպրոց՝ իրական ու լիարժեք կյանքով ապրող կենդանի կրթօջախ, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը: Մանուկների ստեղծագործումը՝ առաջին տեղում: Իր սաների մեջ ստեղծագործական սկզբունք կարող է հաստատել միայն ստեղծագործող մանկավարժը: Կոչերով, միջոցառումներով և վարչարարությամբ ոչինչ չես փոխի: Այսօրվա մանկավարժը պետք է վերագտնի իր կորսված առաքելական ոգին, իրեն զգա ոչ թե վերջին կարգի վատ վարձատվող և անհաջողակ մասնագետ, այլ կարողանա ոգևորված կատարել իր առաքելությունը. նա հնարավոր չափով որոշում ու իրականացնում է կրթական գործի կազմակերպման հետ կապված առավելագույնը՝ կազմում է ուսումնական ծրագրեր ու ձեռնարկներ, մշակում կրթական մոդելներ ու դասավանդման մեթոդներ, կազմում ուսուցումն անհատականացնելու միջոցներ, մշակում բոլոր առարկաների ու տարիքային խմբերի գիտելիքների ստուգման համակարգեր: Օգտվելով փորձառական դպրոցին շնորհվող ազատ գործունեության պատասխանատու հնարավորությունից և ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության որոշակի օգնությունից, մենք երկու տարի առաջ հանդգնեցինք անցնել ինքնուրույն մանկավարժական դպրության՝ ծավալվելով ամբողջական մանկավարժական հետազոտական աշխատանքներ:

Մեր դպրոցի բոլոր երկրորդ-երրորդ դասարանցիները դպրոցի ուսուցիչների մշակած մեթոդիկայով ու ծրագրով, որպես ուսումնական առարկա, մեծ հաջողությամբ ու խանդավառությամբ շախմատ են ուսումնասիրում: Դպրոցի ձեռարվեստի ամբիոնը միանգամայն ինքնուրույն մշակել է աշխատանքի ուսուցման ազգային ծրագրեր 1-ից 10-րդ դասարանների համար: Ծրագրերի հեղինակ, մեր դպրոցի ձեռարվեստի ուսուցչուհի Լալա Մնեյանի ղեկավարությամբ արդեն երրորդ տարին հաջողությամբ կենսագործվում են դրանք: Սքանչանալ կարելի է, թե մեր աղջիկները ի՜նչ արագությամբ ու թեթևությամբ են յուրացնում ազգային ձեռարվեստ:

Ուրախացնող են դպրոցի ձեռքբերումները մայրենի լեզվի ուսուցման կենդանի ու ամբողջական ծրագրի ներդրման բնագավառում (ծրագրի, ձռնարկի, մեթոդիկայի կազմում և փորձարկում): Տարրական դասարաններում գրավոր ու բանավոր խոսքի աղայանական ավանդների ու աշխարհի դպրոցների առաջավոր փորձի հետևողական կիրառման, մայրենիի յուրացման գործում քերականության դերի ճշտման շնորհիվ 1-7-րդ դասարաններում տնտեսվում է մեծ ժամաքանակ, որը հատկացվում է բանահյուսությանը, տիկնիկային թատրոնին, թատրոնին ընդհանրապես, արևմտահայերենին, դիցաբանությանը: Առաջին դասարանից սկսած մայրենի լեզվի ուսուցումը ծառայում է երեխայի խոսքային (բանավոր և գրավոր) ինքնարտահայտմանը և ուրիշներին լսելու կարողության դաստիարակմանը: Մեր առաջին դասարանցին գրաճանաչ է դառնում ոչ թե 4-5 ամսում, ինչպես իր հասակակիցները, այլ՝ մեկ ամսում: Երեխաներն ամենից առաջ գրում են այն, ինչն իրենց հուզում է և հետաքրքրում, ինչի մասին ներքին պահանջ են զգում ընկերոջը, ծնողին ու ուսուցչին պատմելու, այն էլ՝նամակի, շարադրության ու բացիկի ձևով: Յուրաքանչյուր առաջինից երրորդ դասարանցի ինքնուրույն ձեռագիր ամսագիր է հրատարակում, յուրաքանչյուր դասարան՝ իր ստեղծագործությունների ձեռագիր ամսագիրը, տարրական դպրոցը՝ «Հասկեր» մանկական ամսագիրը: Մեր աշակերտը առաջին-երկրորդ դասարաններում բերանացի գիտի Թումանյանի, Աղայանի, Խնկոյանի մանկական ամբողջ ժառանգությունը ու մանկական բանահյուսության մի մեծ ընտրանի, 2-րդ, 4-րդ և 10-րդ դասարանում «Փոքրիկ իշխան» է կարդում, 3-րդ դասարանում խաղալով իր պապի բարբառն է յուրացնում, 4-րդ դասարանում Հ. Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը» որպես դասագիրք է ընթերցում, ինքնուրույն առարկայի ձևով դիցաբանություն է ուսումնասիրում, 7-րդ դասարանում ինքնուրույն բաժնով՝ հայոց բանահյուսություն: Մեր մայրենիի ուսուցիչ Վարուժան Մնացականյանը հանդգնեց երեք 5-րդ և երեք 6-րդ դասարանում սկսել գրաբարի համակարգված ուսուցումը: Ընթերցարան չկա՝ ստեղծում ենք, մեթոդ չկա՝ ծնվում է: Հեռու չէ այն օրը, երբ այսօրվա 6-րդ դասարանցին բնագրով կհաղորդակցվի միջնադարյան մեր դասական մշակույթին, ո՛չ անհատները, այլ բոլոր-բոլորը: Աշխատանքներ են տարվում երաժշտական դաստիարակության, մայրենի լեզվի և երգ-երաժշտության ծրագրերի միասնականացման, ազգային պարը որպես հանրակրթական առարկա ներմուծելու, ազգային երաժշտական կրթության համակարգ ստեղծելու ուղղությամբ:  Պատրաստ են ազգային երգերի դպրոցական երգարանը, բանահյուսական գործերի հատընտիրը: Ոչ միայն պատրաստ են, այյլև հաջողությամբ օգտագործվում են: 5-րդ դասարանում հուսադրող են բնագիտություն կոչվող նոր առարկայի ծրագրի, փորձնական ձեռնարկի ու դասավանդման մեթոդիկայի ստեղծման ուղղությամբ մեր ջանքերը (ծրագրի հեղինակ՝ Աշոտ Դաբաղյան): Մեր աշակերտը աշխարհի առաջավոր դպրոցների իր հասակակիցների նման 5-րդ դասարանում աստղագիտոություն է ուսումնասիրում, լուծում բնագիտական խնդիրներ, ինքնուրույն փորձեր կատարում քիմիայից, կենսաբանությունից ու ֆիզիկայից: Առաջինը հանրապետությունում սկսել ենք աշակերտների և ուսուցիչների՝ կոմպյուտերային լեզվի պարտուսի գործը: Ուսուցման մեջ ընդգրկված են դպրոցի 4-10-րդդասարանի բոլոր աշակերտները, 4-8-րդ դասարանցիների համար ծրագրեր և մեթոդիկա մշակվում է մեր ծրագրավորող ուսուցիչների կողմից: Ուսուցիչների մի համառ խումբ համբերատար մշակում և ներդնում է ռուսաց լեզվի ուսուցման առավել գործնական մեթոդներ: Մեր աշակերտներն արդեն երկրորդ դասրանում ռուսաց լեզվով հեքիաթներ են կարդում, 5-րդ դասարանում որպես ընթերցարաններ գործածում եմ ռուսական դպրոցների ռուս գրականության ընթերցարանները, 7-րդ դասարանում աշակերտներն արդեն ազատ է ռուսերենի չիմացությամբ պայմանավորված «թերարժեքության կոմպլեքսից»:

Մեր դպրոցն իր կազմում ներառում է և՛ մանկապարտեզ, և՛ գործարան: Ուսուցիչներից և դաստիարակներից կազմված մասնագիտական խմբերը, դպրոցի հոգեբանական ծառայության ղեկավար Լևոն Ջռնազյանի ղեկավարությամբ, ստեղծել են մանկապարտեզում երեխայի դաստիարակության ու զարգացման ազգային ծրագրեր մայրենի լեզվից, երգ-երաժշտությունից և ձեռքի աշխատանքից: Պատրաստ են և դաստիարակների ձեռքին են մայրենի լեզվից մանկական ստեղծագործությունների հատընտիրը և երգարանը: Տեսնել է պետք, թե ծնողներն ու դաստիարակները ի՜նչ խանդավառությամբ են լծել ազգային մանկապարտեզի ստեղծման գործին:

Դպրոցի հոգեբանական ծառայության գործունեության, նրա մշակած և իրագործվող ծրագրերի մասին միայն առանձին հոդվածով է հնարավոր խոսել, արժեքավոր շատ բան է ստեղծված ևստղեծվում հասարակական հիմունքներով գործող մանկավարժական հետազոտությունների լաբորատորիայում (ղեկավար՝ Դավիթ Հարությունյան, գիտ. ղեկավար՝ Էդոնիս Հարությունյան): Մենք էլ չնկատեցինք, թե ինչպես մաս-մաս մշակեցինք և փորձարկեցինք մեր վաղվա դպրոցի կրթական գործի կազմակերպման նոր կոնցեպցիան: Թույլ տվեք հպարտանալ. սա խորհրդային շրջանում ծնված անդրանիկ հեղինակային դպրոցի կոնցեպցիան է, ծնված հենց դպրոցում: Գլխավորը՝ իրագործելի ու այսօրվա պահանջներին համահունչ կոնցեպցիա: Համեցեք, սիրով ու մանրամասն կներկայացնեմ ձեզ:

Մեր դպրոցն այսօր համալրված է շնորհաշատ ու խանդավառ մասնագետ մանկավարժներով, որոնց միջին տարիքը 33 է: Դպրոցում աշխատում է 60 տղամարդ ուսուցիչ: Երեք ուսուցիչ գիտության թեկնածու են, երեքը՝ ավարտելեն ասպիրանտուրան, երեքը՝ հայցվոր են: Տասնյակ ուսուցիչներ աշխատանքի են հրավիրվել գիտահետազոտական ինստիտուտներից և բուհերից: Ուսուցիչների 60 տոկոսն ունի համալսարանական կրթություն: Միայն 1987-88 ուստարում դպրոցի ուսուցիչները տպագրել են 20-ից ավելի հոդված և ուսումնասիրություն: Մեր խորին համոզմամբ միայն հետազոտող մանկավարժ-պրակտիկանտների ազատ ընկերությունը կարող է ձեռք բերել անհրաժեշտ ստեղծագործական դինամիզմը: Մեր դպրոցը մենք տեսնում ենք «համակեցության կոոպերատիվ» տեսքով, որտեղ բոլորն ունեն սխալվելու և փորձելու ճանապարհով ձեռք բերվող սեփական ընտրության իրավունք:

Մենք անցած տարվա դեկտեմբեր ամսին ՀԽՍՀ ժողկրթության մինիստրությանը հասունացած ու հիմնավորված առաջարկ ենք ներկայացնել՝ № 183 դպրոցը վերածել գիտաուսումնական-արտադրական-հանրակրթական-փորձառական համալիր կրթօջախի, միավորելով մանկապարտեզը, մարզադպրոցը, արտադրական բազան, գեղարվեստական ու տեխնիկական ստեղծագործության դպրոցը, երաժշտական դպրոցը ու գիտական մասնաճյուղը: Խնամքով մշակված է նաև նոր կրթօջախի կանոնադրությունը: Դա բարենպաստ միջավայր կլինի մանկան ներդաշնակ զարգացման համար: Կրթօջախը պատասխանատու կլինի հասարակության ու պետության առաջ երեխային իրոք ընդհանուր (նաև տեխնիկական, գեղարվեստական, ֆիզիկական) կրթություն տալու համար: Կյանքը համոզում է, որ կրթօջախի գիտական մասնաճյուղը չի կարող համակիր-կրթօջախից դուրս կամ վեր լինել: Ուսումնադաստիարակչական գործընթացում ծնվող մտքերը, մանկավարժական խնդիրները կմշակվեն, կմեկնաբանվեն և կընդհանրացվեն տեղում՝ մանկավարժ-հետազոտողների ջանքերով: Այս դեպքում արդեն, ի տարբերություն ներկայիս սահմանված և առանձնացված գործունեության, գիտական մասնաճյուղը կտարրալուծվի համալիրի ներսում՝ անընդհատ սնելով կենդանի կրթական գործընթացը և անընդհատ ստուգվելով պրակտիկայով: Դա պարարտ հող կլինի մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող ուսուցչի համար մանկավարժական դպրությամբ զբաղվելու: Դպրությունը կծնվի դպրոցում, և դպրոցը կվերածնվի դպրանոցի: Կլինի՞ այսպես: Նորից չե՞նք ուշանա, չե՞նք վրիպի: Մոտակա մեկ-երկու ամիսը բոլոր հարցերի պատասխանը կտա: Մի բան պարզ է: Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի կրթական գործընթացի բովանդակության և տեխնոլոգիայի հարցերի լուծման մենատեր վիճակին պիտի վերջ տրվի: Այլընտրանք է պետք գոնե մեկ դպրոցի ձևով: Պարզ է նաև, որ ցանկացած կրթօջախի զարգացման և հեռանկարի հարցեր լուծելիս պիտի ելակետ ունենալ միայն երեխաների շահը: Որոշման ընդունմանը խանգարող բոլոր ոչ մանկավարժական նկատառումները պիտի հաղթահարվեն: Մեր դպրոցի բնական զարգացմամբ է թելադրված գիտաուսումնական համալիր կրթօջախի գոյության իրավունքը: Սա է իրողությունը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աշոտ Բլեյանը քաղաքական ուժերի կողմից առաջարկ չի ստացել

Աղբյուրը՝ Armdaily.am Երևանն այսպիսի խնդիրներով չի կարող համայնք համարվել՝ այն մարզ է։ Armdaily.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր ճիգի մեջ…

— Պա՛պ, բա շունիկները ո՞նց են աչքերը փակ ծնվում-ապրում… Իրենց մայրիկի ծիծիկները գտնում… Պա՛պ, քանի՞ օր են այդպես անտես մնալու… Դավիթն արթնացավ այդպես՝ Ռոքսիի քոթոթների պես, աչքերը՝ փակ, միտքը՝ արթուն…

Գնահատել՝ կնշանակի ստեղծել

Վերնագիրն առել եմ Հովհաննես Թումանյանի «Հայ գրողների ընկերությունը 1913թ.» ելույթից, որ կազմված է առաջին երեկույթի ներածական խոսքից և եզրափակման խոսքից… Սկզբից ասեմ, որ Թումանյան Հովհաննեսի այս խոսքը Զարուհի Առաքելյանի բարեհաճությամբ