Ամեն ինչ Շուշան Բլեյանի սրտով եղավ, ինչպես մտածվել էր, այնքան հոգատար-կոնկրետ պատրաստել էր Շուշանի խնամակալ-քույրՏաթևիկը Բլեյան: Տաթևը միշտ Շուշանի կողքին է եղել՝ նրա ծննդյան օրվանից. ո՛չ երկարատև ուսումը Վիեննայում, ո՛չ Շուշանի թռվռուն-թրթռուն 20 տարին չեն փոխել քույրերի այս կապը…

Լողափում մեկ օր մեծով-պստիկով միասին լինելը լավ գաղափար էր. բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Նազենի աստղ Հովհաննիսյանն ու նրանից անբաժան Սոֆի Մխեյանը, հեռանում էին գոհունակությամբ. ի՜նչ լավն է մեր Սևանը, ի՜նչ հարմար՝ այսպիսի մարզական-տոնական հավաքների համար «Ժայռ» հանգստի գոտին… Դավիթ Բլեյանն իր տարերքի մեջ էր. քույրեր-եղբայրներ տարատարիք և ուշադիր, ու Դավթին ընկերացած Սևանա լիճը:

Իրիկունը 7-8-ին, երբ Երևանի ճանապարհին էինք, Կարմիր-Սևան ճանապարհն անմեքենա էր, ասել է թե՝ Շորժայի ափը դատարկ էր հանգստացողներից…

Ո՛չ աշխատանքային օրը, ո՛չ հուլիսի 13-ի շոգը, ո՛չ զուլալ ծովափը մարդկանց Սևանի այս կողմերը չեն բերել… Հերիք զարմանանք. հատուկ ուսումնասիրության առարկա է:

Խորհրդային շրջանում կառուցված բազմահարկ պանսիոնատ-շենքերն այս 25 տարում ոչ մի գրավչություն ձեռք չեն բերել… Լքված տեսք ուներ միկրոավտոբուսի պատուհանից հանգստյան գոտին… Իրար շարունակող, ժամանակին աշխույժով լեցուն հանգստյան տասնյակի չափ տների տարածքում ո՛չ մի շարժում, ո՛չ մի դուրսուներս մարդկային… Սեփականություն դարձած Սևանի ափի այս հատվածը ոչնչով չի շահել, իսկ առանձնատների՝ իրար հաջորդող խուլ պարիսպները միայն զայրույթ են առաջացնում. կա՞ ավելի վայրենի բան, քան քեզ քո աշխարհից փակող այս հայկական անտաշ-խուլ պարիսպները… Թույլ տվեք գոնե Գեղամա ծովով հիանալ…

Սևանի «Ժայռ» լողափի ճանապարհին մենք երկու դադար արեցինք։ Միկրոավտոբուսով էինք. իմ պայմանն է՝ այսուհետ հարազատների հավաքին հեռու մնանք անձնական մեքենաներից… Միասին լինենք, որ ճանապարհն էլ մեր լինի ճամփորդական-հայրենագիտական… Մենք կանգնեցինք Սևանի մոտ, կամրջին, որտեղից լճից բաց են թողնում Հրազդանի ջուրը… Լայնահուն, մաքո՜ւր, խաղաղ, կապուտակ ջուր… Այս ջուրն անցնում է բավականին ճանապարհ ու Երևանյան լիճ դառնում՝ մահացու մարդու համար… Այսպես թե այնպես, այս կամ այն չափով, կամա թե ակամ բոլորս մասնակցում ենք Կապուտակ Սևանից կեղտաջուր ստանալուն…
– Ինչո՞ւ, ինչպե՞ս, հայրի՛կ, դու ե՞րբ ես մաքրելու Երևանյան լիճը, որ ես քեզ հետ հեծանվով գնամ, լողամ…
Իսկապես որ, Սևանի ջրերն անցնում են իմ ամենօրյա ճամփով: Ինչպե՞ս է, որ ես դա չեմ նկատել… Ամեն օր կարելի է լողալ Սևանի ջրերում, միայն թե, դրանք պետք է մաքուր պահել, չաղտոտել Հրազդանը՝ Սևանից սկսած մինչև Երևանյան լիճ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բասուտա-Խուստուփ-Ծավի՝ հավեսի աշխարհով

Շուշան Բլեյանի ծննդյան քսանամյակն առիթ դարձավ տպավորիչ լողի-հարազատության օր Սևանի ափին անցկացնելու համար, իմ ծննդյան օրը՝ անմոռանալի Արագածը կրթական շքերթով գրոհելու համար, Ուսուցչի օրն առիթ-նվեր-ներդրում դարձավ (շեն մնա մեր արհմիութենականը)

Վաղ մանկությունից

Վաղ մանկությունից քիչ, շատ քիչ տպավորություններ են մնում, ամենուժեղը երևի… 5-6 տարեկան եմ եղել, երբ հորս, մեծ եղբորս հետ մեր մեքենայով անցել ենք Նախիջևանով… Մինչև Օրդուբադ… Հայրս, պատմել եմ, առևտուր էր

Հիացմունք թե զարմանքը՝ առանց փիս-փիս խոսքերի՞…

Առավոտից Դավիթ Բլեյանին պատրաստել ենք տիկին Ֆրիդային՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկին այցելելու. մեր երկարատև բացակայությունը, որ չունի արդարացում, անցյալ դարձնելու համար։ Տեսեք-տեսեք՝ Դավիթ ենք ուղղորդում. Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունք, սքանչելի Սոնայի