Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը գտնում է, որ վերջին տարիներին պետությունը ցանկանում է գիտությունը խթանել, սակայն հարց է, թե կատարված աշխատանքները որքանով են բավարար։ «Մասնավորապես՝ երիտասարդ գիտաշխատողների համար շատ կարևոր քայլ եմ համարում Նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որն արդեն երկու տարի բարեհաջող իրականացվում է, և որի բյուջեն կազմում է երկու հարյուր միլիոն դրամ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Նա նաև հույս հայտնեց, որ մյուս տարի շահագործման կհանձնվեն 2010 թվականից մեկնարկած բնակարանաշինության ծրագրի բնակարանները։ «Նմանատիպ խթանող ծրագրեր, իհարկե, կան և կարծում եմ, որ կնպաստեն ուղեղների արտահոսքի կանխմանը, սակայն այսօր բավականին խնդիրներ ունի գիտնականը, առավել ևս՝ երիտասարդ գիտնականը»,-ասաց Գևորգ Վարդանյանը։
Ըստ նրա՝ ուղեղների արտահոսքին նպաստում է հիմնականում երկու գործոն. առաջինը սոցիալական խնդիրներն են, երկրորդը՝ նորմալ աշխատանքային պայմանների ոչ բավարար լինելը, ժամանակակից սարքավորումների պակասը։
«Այն մարդիկ, ովքեր գիտության ասպարեզում մնացել և աշխատում են, ես կարող եմ բնութագրել որպես էնտուզիաստներ, որովհետև նման պայմաններում, ցածր աշխատավարձով մնում են և շարունակում են արարել։ Առավել ևս, որ վատ արդյունքներ չունենք ու եթե համեմատենք տարածաշրջանի երկրների հետ՝ բավականին բարձր դիրքերում ենք։ Այսինքն՝ դեռ պահպանվում է պոտենցիալը, որովհետև ունեցել ենք սովետական լավ դպրոց, սակայն եթե նման ձևով շարունակվի, իհարկե, բավականին մեծ անկում կունենանք գիտության ոլորտում»,-ասաց Գևորգ Վարդանյանը։
Նա նաև նշեց, որ երիտասարդ գիտնականների մի մասը որակավորումը բարձրացնելու համար ժամանակավոր է հեռանում երկրից, իսկ նրանք, ովքեր չեն վերադառնում, միևնույնն է, իրենց կապերը օգտագործում են՝ ի օգուտ այստեղի մյուս գիտնականների։
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը գտնում է, որ մեր երկիրը չի ցանկանում ոչ կրթության, ոչ գիտության զարգացման վրա գումար ծախսել, ոչ էլ կրթված գիտնականի համար պայման է ստեղծում։ Նա գտնում է, որ մարդու ամենառեալ սեփականությունը ուղեղն է, իսկ եթե մարդն ունի գիտելիք, կրթություն, նա ցանկանում է առաջին հերթին այն վաճառել ։
«Մեր կառավարությունը խոսում է, սակայն ոչինչ չի անում։ Ընդհակառակը, նախկին վարչապետն ասում էր՝ լավ է, կգնան՝ հեղափոխություն անողները կքչանան։ Իսկ հեղափոխություն անողներն այն մարդիկ են, ովքեր ունեն արժանապատվություն, կրթություն, գիտելիք և գիտեն, թե ինչ արժեք ունեն իրենք»,-ասաց Անահիտ Բախշյանը։
Նրա գնահատմամբ՝ պետությունը ռեալ քայլեր չի անում՝ ուղեղների արտահոսքը կանխելու համար։ «Գիտության վրա մեր պետությունը, կարելի է ասել, գումար չի ծախսում, բյուջեում նախատեսվածը դա չնչին է և գիտնականին նվաստացնող»,-ասաց նա և հավելեց, որ իր դիտարկմամբ՝ ուղեղների արտահոսքը շատանում է։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանը գտնում է, որ եթե ուսյալ մարդը գնում է, դա նշանակում է, որ դա կանխելու քաղաքականությունը բացակայում է կամ վրիպում։ «Դա կանխելու համար մի քայլ կա անելու՝ պետք է տալ բարձր աշխատավարձ և հնարավորություն, որ ազատ զբաղվի իր տաղանդին հարիր աշխատանքով։ Ոչ մեկը սիրով չի լքում երկիրը։ Հայրենիքը պարտավորություն չէ, հայրենիքում ապրելը տուրք չէ։ Հակառակը, ժամանակակից մարդու պատկերացումներով հայրենիքը բնակավայր է, սակայն հայրենիքը, որպես ծննդավայր, առավելություն ունի»,-ասաց նա և ավելացրեց, որ ինքն ամեն ինչ չափում է մարդով, իսկ հռետորաբանությունը, ցանկությունները, ծրագրերն իրեն չեն խաբի։
«Ես տեսնում եմ, որ ընտանիքներով ուսուցիչներ, սովորողներ են գնում։ Եթե ներգաղթ լիներ, դա ևս կտեսնեինք։ Երբ սահմանների վրա ամեն օր նշանառուի հարվածից երիտասարդ է զոհվում, այդ հայրենիքը վտանգված է, իսկ վտանգված հայրենիքը բնակավայր չի կարող լինել, մենք պետք է հասկանանք, որ նախ և առաջ անվտանգությունն է պետք ապահովել»,-ասաց Աշոտ Բլեյանը։
Մեր զրուցակցի հավելմամբ՝ չպետք է տարանջատել սահմանամերձ գյուղերը մայրաքաղաքից, քանի որ դա նույն հայրենիքն է։