Պատմելս եկավ առտու 5-6-ի արանքում, վերնագիրը բաց եմ թողնում. վերնագիրը՝ վերջում: Լինում է, որ վերնագիրը դնում եմ օրվա գրի թողարկումից առաջ, վերջին պահին… դեռ ինչքա՜ն ժամանակ կա…

Երեկ ժամը 5-ին հրավիրված էի մասնակցելու «Երկիր մեդիայի» «Զարթոնքի սերունդ» հեռուստախաղի եզրափակիչ փուլին, խաղից հետո անցկացվող հանդիսությանը՝ 2014-2015 մրցաշրջանի ամփոփմանը: Կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի «Ապոլլոն» գիտակների թիմը դարձավ խաղաշրջանի համահաղթող՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի «Նարե» թիմի հետ: Կրթահամալիրի Հանրային կապերի, քաղաքացիական կրթության ուսումնական կենտրոնի ղեկավար Վահրամ Թոքմաջյանի սաները՝ Վարժարանի 11-րդ դասարանցիներ Սանասար Գևորգյանը, Էրիկ Նիկողոսյանը, Էդվարդ Հովհաննիսյանը և Վահե Պապոյանը, վարժարանի այս տարվա շրջանավարտ Աննա Գսպոյանի ավագությամբ,  հարգանքի արժանի ուսումնատենչություն, հաստատակամություն և համերաշխություն դրսևորեցին… Հաղթանակն ինքնին խոսուն է, մրցանակը՝ «Նարեի» իրենց ընկերների հետ օգոստոսին 4-5 օրյա ճամփորդություն Արևմտյան Հայաստան։

Աղավնավանքի քառօրյա հայրենագիտական ճամբարի առաջին հերթափոխ:
Լուսանկարները՝ Մարգարիտ Հարությունյանի:

— Ինչպես մրցաշարի, այնպես և ճամփորդության մասին պատմելու պիտի որ շատ բան ունենան մեր քչախոս գիտակները… Առավել ևս սպասված է նրանց խոսքը… այն մասին, ինչ կա ու մնում է հեռուստատեսային խաղի կադրերից դուրս՝ անդին,- ասաց Վահրամ Թոքմաջյանը:
Ես սպասում էի խաղի ավարտին «Գարեգին Նժդեհ» հրապարակի թե մետրոյի կայարանի բացօթյա հատվածում, շատրվանների մոտ… Ի՜նչ կյանք էր. մի խումբ երեխաներ, ծնողների խրախուսմամբ, լողում էին, ճչում, վայելում հուլիսը երևանյան… «Երկիր մեդիա»-ում աշխույժ էր, ներս ու դուրս էին անում. Վահրամը, ինչպես սպասվում էր, խաղի մեջ էր, Մարթա Ասատրյանը, Արման Երանոսյանը՝ երկրպագուի հոգեվիճակում։ Խաղ-մրցույթի եզրափակիչում, որտեղ արդյունքները հավասար են, գտնվեց մանկավարժորեն հիմնավորված լուծում՝ երկու թիմն էլ դարձավ մրցաշարի համահաղթող: Իրոք, չկան պարտվողներ, իսկ հաղթողները… մենք ենք, բոլորս, յուրաքանչյուրս, հիմա նաև իմ օրագրի ընթերցողը… Ես կրկնում եմ կրթահամալիրում հասարակագետների՝ հանրակրթական մրցաշարային ուսուցմանը նվիրված ամառային դպրոց կազմակերպելու իմ առաջարկը։ Միայն օգնենք՝ այսպիսի, հենց այսպիսի, «մեր ժողովրդի պատմությունը՝ զուբրիտով» վիճակը հաղթահարելու: Ցավոք, կրթական ծրագիր է զուբրիտը՝ իր դասագրքերով, դասերով, հիմնական ու միջնակարգ կրթության ավարտական-պետական, բուհի ընդունելության քննություններով… Դող է անցնում իմ միջով, երբ թերթում եմ այս դասագրքերը պատմության, այս թեսթերը… Այսքա՜ն զուբրիտ, երբ այսքան, մեկը մյուսից բարդ-հետաքրքիր խնդիրներ են, ահա, մեր բոլորիս կյանքում… Ո՞վ, ե՞րբ և ո՞նց լուծի՝ մեր ուժն ինչպես է, ահա, մսխվում՝ ինչի՜ վրա… երբ այսքան ուսումնատենչ, պատմությունով-խաղով խանդավառ պատանի կա…

Քաղաքի դաստիարակների ամառային դպրոցը կրթահամալիրի դպրոց-պարտեզների ծովերում։
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի։

Ես պարբերաբար մոտենում եմ անթույլատրելի տեղում լողացող երեխաներին, որոնց մեջ կյանք կա… «Թույլատրվածի»՝ անշարժության, անկենդանի, արհեստականության շրջանակ է պարտադրում քաղաքացիական Շարժմանը՝ պայքարի տարերքին տրված երիտասարդներին «յոլայի» օրվա մեր իշխանությունը՝ իր ոստիկանությամբ… «Հասարակական կարգի» պահպանությունը՝ որպես «օրինականության» սպասարկու… Պահ-պահ-պա՜հ… Իսկ կյանքի ինքնաբուխությո՞ւնը, որպես իրավունքի, իրավականության աղբյուր…
— Այստեղ լողալ չի կարելի,- մոտեցավ ոստիկանը մարդկանց…
Ճիշտ է: Իսկ որտե՞ղ կարելի է լողալ… Մի՛ լողացեք՝ ասել է թե… Կամ լողացեք տարին մի քանի անգամ, մի քանի օր, մի քանի վայրում… Սա Երևանն է՝ միլիոնանոց քաղաք… իր ամեն տարի սարսափելի հուլիսով, որտեղ մարդիկ չեն լողում… չի կարելի… Երևանը չունի իր հանրային ծովը, ավազանը, ջրամբարը, գյոլը, ուր մարդիկ պարզապես ամեն օր կամ ամեն անգամ, երբ կարիք է առաջանում, ինքնաբուխ լողում են՝ խմբերով, զույգերով, ընտանիքներով… Ու մի մեծ ծառայություն, օրվա իշխանություն, զբաղված է սրանով՝ այս ինքնաբուխության, այս բնական իրավունքի սպասարկմամբ… Ի՞նչ է Երևանյան լիճը, հարցնում եմ, Հրազդանի կիրճն իր՝ Սևանից սկիզբ առնող Հրազդան-Զանգուով, Սևանա լիճն ինչի՞ համար են… ինչպես հրապարակը, պողոտան, այգին… ո՞չ ինքնաբուխ կյանքի… Ես ակնապիշ նայում էի Օպերայում հայտնված քաղաքացիական շարժման և շարժումը պատնեշած ոստիկանության գործողություններին… Պողոտայում չի կարելի, երթ չի կարելի, Ազատության հրապարակում հինգշաբթի հավաքվել չի կարելի… Կարելի է, բայց ու միայն օրինական, թույլատրված տեղերում ու ժամանակ… Ինչպես լողալը…

Նոր դպրոցի Տաթև Թամազյանի առաջին դասարանի ամառային դպրոցի 2-րդ պարապմունք։
Լուսանկարները՝ Նառա Նիկողոսյանի։

Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան
#381

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հոմեր և Յուլիսիս սեբաստացիների մասին է իմ գիրը

Հորեղբորս մեծ տղան` Լևոն Թադևոսյանը, որ բնակվում է ԱՄՆ-ում, շատ ուշադիր է Հայաստանում բնակվողներիս ֆիզիկական, մտավոր ու հոգևոր առողջության վերականգնման պահպանման համար։ Նրան խոստացել եմ իմ օրագրում տարածել կրթահամալիրին քաջածանոթ

Քամին ինչի՞ է փչում, որ երկինքը սառի՞…

Իմ սովորական, բազմազբաղ օրվա, իմ առցանց ուսուցման առաջին շաբաթի ամփոփիչ-սեմինարային օրվա, իմ՝ Արաքս Հովհաննիսյան 14-ամյա թոռնիկի ծննդյան խորհրդով առանձնահատուկ օրվա մեջ, ժամը 14:00 անսասան էր. կանխորոշված էր ու օրվա ավարտը…

Մեզ համար ամեն ինչ նոր է…

Վերնագիրը քոլեջի Արտբզզանինն է… Մեր քոլեջի նոր սովորողների համար կրթահամալիրում ամեն ինչ նոր է, գրավիչ։ Իսկ քե՞զ համար, ընթերցող… Մեր տան լույսերը գնացին. իրիկունը ինն անց էր, քնեցի, իմ օրինակով