Կիրակի որոշեցինք պոկվել Երևանից, լողալ Սևանում, Դիլիջանով հասնել Աղավնավանք գյուղը. գյուղ, որտեղ վերջին անգամ ե՜րբ եմ եղել, 2002-ին երևի, Վիգեն Խաչատրյանի հետ:Աղավնավանքը, գիտեք, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանին է. մեր ճամբար դարձած այդ գյուղը հասանք Դիլիջան-Գոշով, բայց վերադարձանք Աղավնավանք-Ճամբարակով… Եվ ի՜նչ լավ արեցինք… Գնալիս Սևանի հանրային նորաբաց լողափում լողացինք, վերադարձին՝ մեզ հայտնի «Ժայռ» լողափում, հիացանք մեր նախկին ուսուցիչ Ալիկ Մինասյանի 4 ամսական Անտուանով՝ մեր նախկին զինղեկ Գրիգոր Մինասյանի նոր եղբորով… Անմոռանալի հանդիպում…

Աղավնավանք-Ճամբարակ ճանապարհին մեքենան վարում էր Արմինեն՝ Դավթին հիացմունք-հանգստություն պատճառելով, թե չէ, անընդհատ հարցնում էր՝ ինչի է մայրիկի մեքենան Վահրամը վարում… Այս ճանապարհից, վստահ եմ, քչերն են օգտվում. իզուր, և՛ Գետիկ գետը, և՛ կիրճը, և՛ Կարմիրի սարերը՝ իրենց անտառով ու ծաղկանկար լանջերով, սքանչելի են: Լավն է և ճանապարհի որակը. հուլիսյան ճամփորդություն եղավ… Մենք փնտրում ենք նաև մեր հուլիս-օգոստոսյան արշավախմբային ճամբար 2015-ի բանակատեղին…

Արմեն Մարտիրոսյանը, ով 10 տարեկան էլ չկա, սեբաստացի, ճշգրիտ-անմիջական եղավ իր բացականչությամբ.
– Ես չգիտեի, որ Հայաստանն այսքա՜ն գեղեցկություններ ունի…
Հուլիսը դարձնենք Հայաստանի բացահայտման-սիրահարման շրջան… Դավիթը թույլ չտվեց բարձրանալ Աղավնավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի… Պարտք մնացինք այս խնդիրների ծով-գյուղում. Մարգարիտ Հարությունյանը, Նունե Մովսիսյանը սկսել են պատմել mskh.am-ում, ճամբարականներն այնքա՜ն նյութ են ամբարել, այնքա՜ն նկարել. հետևեք mskh.am-ի առօրյային, մեր անընդհատ ճամբարների՝ Հայաստանի սիրահար սեբաստացիների պատումներին:

Իմ շրջագայությունը նաև հետազոտական էր. Շուշանի 20-ամյակն ուզում ենք ոչ սովորական՝ մարզական-ճամփորդական անել, Սևանի ափին… հարմար վայր՝ լողափ ենք ընտրում: Գևորգ Հակոբյանի հետ պատրաստվում ենք շուրջսևանյան հեծանվաանցումի՝ 220 կմ ճանապարհի վրանային հեծանվաարշավախմբային անցումը որոշել ենք հուլիսի վերջին կազմակերպել…

Դավիթ Բլեյանը հիացրեց զարմացրեց, խիզախ լողաց Հայաստանի ամենամեծ լճում… ո՜նց լողաց… Երկար կպատմեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սևանից սկսած մինչև Երևանյան լիճ

Ամեն ինչ Շուշան Բլեյանի սրտով եղավ, ինչպես մտածվել էր, այնքան հոգատար-կոնկրետ պատրաստել էր Շուշանի խնամակալ-քույրՏաթևիկը Բլեյան: Տաթևը միշտ Շուշանի կողքին է եղել՝ նրա ծննդյան օրվանից. ո՛չ երկարատև ուսումը Վիեննայում, ո՛չ

Գործողություններ, որոնց շարքը շարժում է առաջացնում

Կարդացե՞լ եք՝ ինչ է գրված Սեբաստիա-Րաֆֆի փողոցների խաչմերուկ չհասած, բարձրահարկ շենքի ճակատին՝ ամերիկացի գրող, լրագրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյին նվիրված պաստառին… Ես էլ, մինչև հեծանիվ նստելը, չէի

Այսօր իմ ավագ եղբոր՝ Էդվարդ Բլեյանի ծննդյան օրն է

Այսօր՝ մարտի 4-ին, իմ ավագ եղբոր՝ Էդվարդ Բլեյանի ծննդյան օրն է. իմ երախտահիշատակ, միշտ պայծառ հայր-եղբայրը դարձավ 79 տարեկան, որից 9-ը տարին երկնքում հսկում է ինձ, իր երեք տղաների ընտանիքներին,