Վերնագիրն առել եմ Հովհաննես Թումանյանի «Հայ գրողների ընկերությունը 1913թ.» ելույթից, որ կազմված է առաջին երեկույթի ներածական խոսքից և եզրափակման խոսքից…
Սկզբից ասեմ, որ Թումանյան Հովհաննեսի այս խոսքը Զարուհի Առաքելյանի բարեհաճությամբ կտեղադրվի իմ բլոգի ընթերցարանում, իսկ կիրակնօրյա ընթերցանության նյութը Գևորգ Հակոբյանի թարգմանություններն են…
Այսպես եղավ. դուք իմ միջոցով գիտեիք, որ կիրակնօրյա գիրը նվիրելու եմ ինձ համար մի կարևոր իրողության… Գևորգ Հակոբյանը հուլիսի 10-ին դառնում է 60 տարեկան: Ես արթնացա ժամը 5-ին մոտ, երբ ժամն էր օրվա գրի, մոտեցա իմ գրապահարանին, փնտրեցի գտա Հ. Թումանյանի «ընտրանին», որ «Հայագիտակն» է հրապարակել Հ.Թումանյանի ծննդյան 130 ամյակին ու ինձ մակագրությամբ նվիրել Ալբերտ Իսոյան հրատարակիչը… Գիտեի` ինչ էի որոնում. հեշտությամբ բացեցի ժողովածուի «հոդվածներ» բաժինը ու հիշատակածս ելույթը-խոսքը…
Ի˜նչ երկար-բարակ գլուխներդ ցավացնեմ՝ կարդացեք խոսքը Թումանյանի… Հուլիս է… Ես ու Գևորգը շաբաթ օրով հենց այդպես վարվեցինք՝ առանց գլուխ տանելու…Կեսօրից հետո Գևորգը անաղմուկ գնաց Գեղարվեստ, թափեց լողավազանի ջուրը, իստակ լվաց…Սկսվեց…Սառը, աղբյուրի ջուրը լցվում է ավազանը կապույտ… հուլիսի տոթին…շաբաթ կեսօրին… Դուք գիտեք` ինչպես եմ ես զգում այսպիսի բաները՝ մաշկով… Գնացի… ու անհամբեր, երկու տղաներ-մանուկներ մտանք պաղ ջրիկը…Պայծառացանք…
Հետո եկավ Արմանը Գրիգորյան, իսկ Սարգիս Արզումանյանն ու Գայանե Առաքելյանը շարունակում էին աշխատել Սարգսի նոր կրթական առաջարկի իրագործման վրա: Տիկին Շողիկն իր աղջկա ու Աշոտ Խաչատրյանի աջակցությամբ սկսեց լվանալ Գեղարվեստի ճամբարականների լողավազանը…
Ամառվա շոգին՝ ջրառատ ճամբար: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:
Հետո ես ու Գևորգը լողալով շարունակում էինք մեր զրույցը Գեղարվեստի մեր նոր ղեկավարի հետ` ինչպիսի՞ն կլինի գեղարվեստը կրթահամալիրում, 2015-2016 ուսումնական տարում…
Մնացածը գիտեք. կրթահամալիրի ծեսերի կենտրոնի ղեկավար Սյուզի Մարգարյանը հրապարակել է հուլիսյան տոնացույցը… Հուլիսի 7-ին՝ Ավագ դպրոցի 2015-ի շրջանավարտների ավարտական հանդիսությունն է, իսկ հուլիսի 10-ի ժամը 15:15 սկսվող մեդիաուրբաթ-հավաքը նվիրված է Գևորգ Հակոբյանին… Մայր դպրոցի դռները` միշտ բաց, Մարմարյա սրահը` ինչպես միշտ, լեն-լուսավոր, բոլորին տեղ ունի. եկե́ք ընկեր ու բարեկամ, ծանոթ ու անծանոթ, շրջանավարտ ու սովորող… Եկեք միասին ուրախանանք, միասին ծափահարենք… Իսկ այս օրերին մեդիան ծառայեցնենք իր ֆենոմենին, որ մինչև մեդիան «մահանա» աշխարհում էր…
Ծանոթացեք մեր իրականության ամենաբեղուն, ամենահետաքրքիր- առաջադեմ մանկավարժ-հետազոտողներից հոբելյարին՝ Գևորգ Հակոբյանին… Ես որ միշտ հետաքրքրված եմ Գևորգ հետազոտողով, թարգմանչով, ուսուցչով, մեթոդիստով ու աշխատում եմ ոչինչ բաց չթողնել նրա գրածից, նրա արածից… Իսկ կարդալու այնքա˜ն ամառային նյութ կա` մի ամբողջ գրադարան, որ կարելի է Զառայի՝ մեդիագրադարանի ղեկավարի ջանքերով ի մի բերել, եթե բերված չէ…Սրանից էլ լավ նվե՞ր մանկավարժությամբ զբաղվող մեկին, որտեղ էլ որ լինի… Իսկ mskh-ում, այս օրերին Գևորգ Հակոբյանի միանգամից քանի նախաձեռնություններ են, ինչպես ծիրան ու կեռաս, որ մեկնված է հուլիսյան տապին…
- Մաթեմատիկական ընտանեկան ֆլոշմոբ
- Մաթեմատիկա, շախմատ, լող. Ուսումնական ճամբար Բանգլադեշում
- Ճամբար դասվարի համար
Այսպիսի՝ վերելքի ճամփա բռնած իր վաթսունում Գևորգ Հակոբյան…