Միայն լսեք՝ ինչպե՛ս է Դավիթ Բլեյանը կրկնում Բաղրամյանի Շարժման կանչերը…
Ճոճվել ուզեց երեկոյան մեր տղան. ճոճվում ու Շարժման մասին հնարավոր բոլոր հարցերը տալիս է…
– Ի՞նչ ասել է երիտասարդ… Ինչո՞ւ են հավաքվել փողոցում… Ի՞նչ են ուզում… Ումի՞ց են ուզում… Որ շա՜տ են ուզում, ո՞նց չեն տալիս…
– Քանի՞ երիտասարդ կա. արի գնանք՝ հաշվենք… Ես ուզում եմ բոլորին հաշվեմ, ամենամեծ թիվն իմանամ…
– Բա ինչքա՞ն են մնալու…
– Ինչո՞ւ են ծխում երիտասարդները…
– Ո՞վ է Բաղրամյանը… ցույց տուր՝ տեսնեմ…
Հրաժարվեց Դավիթը Բաղրամյան գնալու մտքից. բարձր կանչերն ու շա՜տ անծանոթները վանում են, վտանգ է զգում, ինքը չէ դրության տերը, իր անելիքը չգիտի… Մեր խոսակցություններով ընտանեկան, մեր ուշադրությամբ թույլ չենք տալիս, որ հետաքրքրությունը Շարժումով մարի… Ի՞նչ մարի, երբ Շարժումը նոր-նոր թափ է հավաքում…

 

Դավիթ Բլեյանը ոչ մի կերպ չի մոռանում մետրոյի ու հեծանվի հայտնի մրցաշարը…
– Արի գնանք, հայրիկ, ավելի հեռվից մրցենք…
Ի՞նչ նկատի ունի, չգիտեմ… Հունիսի 20-ի Սիրահարների այգու մեր ցուցադրություն-համերգից հետո Դավիթը, Արմինեն ու Նառա Նիկողոսյանը Բաղրամյան մետրոյով, իսկ ես՝ իմ հեծանվով մրցեցինք, ու ես հաղթեցի… ավելի շուտ հասա, Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանում դիմավորեցի շարժվող աստիճաններով բարձրացող Դավթին… Դավիթը սա ոչ միայն չի մոռացել, այլև ոչ մի կերպ չի ուզում կասկածի տակ առնել մետրոյի սրընթացությունը, նրա վըժ-վըժը (ցույց է տալիս)… Բայց հեծանվիս ու իմ՝ հեծյալիս նկատմամբ հարգանքը ո՜նց է բարձրացել… Ես ամենա, ամենան եմ հեծանվով…
– Կայծակի՞ն էլ կարող ես հաղթել,- հարցնում է Դավիթը,- ամպրոպին, որոտին…
Իհարկե կարող եմ: Ես հեծանվով ամենա, ամենա, ամենա… Ու երեխայի պես ուրախ եմ, անհամբեր՝ ցուցադրելու Արմինե Թոփչյանի ու Առնոլդ Բլեյանի ընտրած հեծանվորդի ակնոցները, արագաչափն ու ուսապարկը…
– Ես ուզում եմ միասին հիմա գնանք ճամփորդենք… երկուսով, հայրիկ…
– Անձրև է, Դավիթ…
– Էդ ո՞նց է, որ երիտասարդներն անձրևից չեն վախենում, իսկ քո հեծանիվը վախենում է …

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խաղաղությունը մեր նվերն է միմյանց…

Երբ ինձ անձամբ են հրավիրում որևէ միջոցառման, ես այնքան եմ պարտավորվում, որ… մասնակցում եմ… Եթե կազմակերպիչները կարևորել են ինձ, ինչո՞ւ իմ մասնակցությամբ չաջակցեմ նախաձեռնությանը… «Սիլ» կոնցեռնի հայտնի ղեկավարները՝ Սուքիասյան եղբայրները,

Կրթության մասին ՀՀ օրենքով

— Հայրիկն ի՞նչ է աշխատում կրթահամալիրում,- Դավիթ Բլեյանն է հարցնում իր մայրիկին, ինքն իրեն… Հետաքրքիր է, չէ՞, ինքն ամենուր է մեր կրթահամալիրում ու ամեն տեղ ինձ հանդիպում է երեխաներով-ուսուցիչներով շրջապատված,

Մենք հիանում-զարմանում ենք մեր զեբրիկով

Դավիթ Բլեյանը նման է զեբրի՝ վագրաձիու… Կհարցնե՞ք՝ ինչո՞վ… Զեբրի գծերով այս շորն է հագել, մայրիկն էլ շեշտել է. – Ոնց որ զեբրիկ լինի իմ տղուկը… Դավիթը թողել է ամեն ինչ