Այս օրվա գիրը առավոտվան թողնելու չէ. թարմ-հավեսով պիտի ասվի, իսկ գիշերը օր կփոխի… Կեսգիշեր է: Քիչ առաջ ես վերադարձա քաղաքն այս օրերին բռնած միտինգավորների բանակումից: Այնքա՜ն կյանք կար Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մինչև Սահմանադրական դատարանի մոտակա տարածքը, այնքան խնդություն-խաղաղություն-հաստատակամություն՝ շատացող, անընդհատ թարմացող երիտասարդությամբ…
Առաջին անգամ վերադարձա երեկոյան ժամը 8-ին Ազատության հրապարակից: Զարմացած եմ. մեկ` մարդաշատությունից, երկու՝ ինձ մեծապես անծանոթ երիտասարդական լսարանից (որքան էլ նկատելի շատ են սեբաստացի շրջանավարտները, ուսանողները, պատանիները հրապարակում), երեք՝ թեթևությունից, որ թևածում էր Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում… Ոչ մի լարում, դժգոհություն, անհանգստություն՝ մեգաֆոնով խոսքը ոչ էլ լսելի է… մարդիկ խոսքի կարիք չունեն… Ասված է. միասնական ու երկար ժամանակով…
Հունիսի 23, Բաղրամյան պողոտա: Լուսանկարերը՝ Արմինե Թոփչյանի:
Տանը նստեցի համակարգչի առաջ, mskh-ով անցնելուց զատ, ունեցա պահանջ իմ երեկվա օրվա «Մենք ենք երկրի տերը» վերնագրածս գիրը կարդալու… Քիչ է լինում, որ ասելիքս այդքան հավանեմ` իր տեղին ու ձևակերպված լինելու հատկանիշներով: Հավանեցի: Հետո 10-11-ի արանքում, նստեցի հեծանիվս ու, հայդե՛ Բաղրամյան… Իսկական հեծանվային օր է, ու բոլորն իրենց տեղում են… Այսպես մենք ապրում էինք 1988-ի շարժման օրերին… Հայաստանում երիտասարդական քաղաքացիական շարժում է սկսվել… որ գնալով ավելի է անկասելի դառնում, ինչպես 1988-ին… Գործի մեջ են մտնում պատանիները ևս… Թեժ, շատ թեժ ամառ ստացվեց… Ա՛յ քեզ շրջադարձ…
Արցախի հյուրերը` Հիմնական դպրոցի լողավազանում:
Լուսանկարները` Հռիփսիմե Առաքելյանի:
Կարելի է հեծանվային ակցիաներ կազմակերպել՝ հարյուրավոր հեծանիվներով երիտասարդներ նոր գույն ու շարժունություն կհաղորդեն շարժմանը… Կարելի է չծխել. շատ են ծխում անաստվածները… Կարելի է ռոք համերգների շարան սկսել… Հանդիպեցի մեր սիրելի բանաստեղծ Արամ Պաչյանին` իր ընկերուհու հետ… կարելի է ընթերցանության ակցիաներ կազմակերպել հարակից այգիներում… Ծիծաղեցի. ուսումնական ամառը Բանգլադեշից տեղափոխենք Բաղրամյան, Օպերա… Հետաքրքիր ու ուսանելի լինի երիտասարդների համար… Ի՞նչ կա շտապելու… Ամառը հո հունիսով չի՞ ավարտվում… Հունիսով սկսվել է Շարժումը Հայաստանում. վերջապես Հրապարակում սովորող-չսովորող-աշխատող-չաշխատող երիտասարդություն է…
Կրտսեր 1-ին դասարանցիները` Թումանյանի զբոսայգում:
Լուսանկարները` Տաթև Մելքոնյանի:
Երկար ենք սպասել սրան, ու նրանք խոսքը պատվով են վերցրել… Շարժումը պիտի ինքնուրույն լինի, քանզի երիտասարդական է, խիզա՛խ երիտասարդական, ոչ ջրիկ-մակերեսային… Ուզում եմ հավատալ, որ խնդիրը ամենևին էլ էլեկտրաէներգիայի սակագնի 6 դրամը չէ. առիթ էր` եղավ… Առիթ միշտ էլ կառաջանա… Չեմ ուզում` լինի երթուղային տաքսիների սակագնի առիթով «Ոչ թանկացմանը» շարժման նման… Չթանկացավ. ի՞նչ փոխվեց մեր հասարակական տրանսպորտում, մեր հասարակական կյանքում… Հասարակական-անձնական-ընտանեկան-մասնագիտական կյանքն է, որ խոցված է Հայաստանում… Վերապահումով եմ մոտենում երիտասարդներին պաշտպանելու նախկին-ներկա պատգամավորների, իբր հայտնի գործիչների «հանկարծ» և ուշացած «շարժմանը»…
Պաշտպանվածները եկել են անպաշտպաններին պաշտպանելու… Միացե՛ք որպես շարքային, վերջից` լուսանցքում մնալով, ինչպես Գագիկ Գինոսյանը, Նազարեթ Կարոյանը, Գրիգոր Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանը… Սրանք են ինձ համար հայտնիները և տասնյակ ու տասնյակ շարժման մասնակից արվեստագետներ…. հայտնիներ…. Այսպիսի շարժումն է, որ գալիս է մեզ միավորելու, միասնական դարձնելու, պաշտպանելու հայրենյացը, յուրաքանչյուրիս…
2-4 տարեկանները վայելում են իրենց հավաքած բերքը:
Լուսանկարները` Գոհար Սմբատյանի:
Իսկ Մարթա Ասատրյանն իր վարժարանային էկո խմբով հիացնում է… Սա էլ շարժում է՝ կեցցեք… Ի՜նչ խաղ է Թբիլիսիում պատանեկան բնապահպանական-հայ-վրացական բարեկամության, որ հիմա պարտադրել են մեր վրաց ընկերներին… Ամենուր են սեբաստացիները Թբիլիսիում… Իսկ այս հայ-վրացական կրթական շարժմանը միանում է Մարգարիտ Սարգսյանի նախագիծը՝ գրավում ենք Բաթումիի ծովափնյա ճամբարները… Մինչև Կայը իր ռոք խմբով երևանյան շարժման առաջ ելույթ չունենա՝ բաց չենք թողնի… Ա՜յ քեզ մեկնարկ՝ հենց Բաղրամյան պողոտայից:
Հավաքում ենք մեր ջրած, մեր խնամած ծիրանենիների պտուղները:
Լուսանկարները` Հռիփսիմե Առաքելյանի: