Առտու 5-ից շուտ հիմա չի գրվում… Լույսը չբացվի՞, որ տեսնես՝ ինչ է կատարվում՝ կա՞ աշխարհը, ի՞նչ տեսք ունի գիշերից հետո… Առանց տեսնելու ի՞նչ գրես, ո՞ւմ համար… Ամենօրյա գիրը զոռի բան չէ, ինչպես ամենօրյա քո գործը, որ կյանքդ է կազմում… Զոռով ապրե՞լ կլինի… Բայց ապրում են, չէ՞. մի ողջ ժողովուրդ, մի երկար շրջան զոռո՞վ չի ապրում…

Դավիթ Բլեյանն իր հերթական «վոյաժ»-ն արեց գիշերվա 4-ին. գոռալով-կռվելով-պահանջելով. Բլեյան է, էլի… Իր սենյակից հասավ ծնողական ննջարան. մինչ այդ իր սենյակի հատակին գցված մեծ ներքնակից բարձրացել էր իր մահճակալին… Մեր տղան, հոր նման է անցկացնում գիշերը՝ դրվագներով…
Ես հազիվ եմ լռում, իմ դերը քնած ձևանալն է:
— Ջո՜ւր եմ ուզում…
Պարզ է։ Մորը ծանր օր է սպասվում՝ քննություններ են սկսում համալսարանում, ես անձայն, սիրով-կարևոր աղբյուրի սովորական ջուր եմ բերում… Դավիթը կում-կում մինչև վերջ խմում է…
— Վախեցել է մեր տղուկը, ի՞նչ ես տեսել երազում, պատմիր՝ լսենք,- սկսում է իր իմացած բուժումն Արմինեն:
Դավիթը, ոչ այն է՝ քնի մեջ, ոչ այն է՝ արթուն.
— Դոդոշ եմ տեսել, սև դոդոշ…
— Դոդոշը վախենալու չէ, Դավիթ…
— Որ վախենալու չէ, ի՞նչ է ուտում դոդոշը…
— Մոծակներ, միջատներ է սիրում…
— Մոծակները որ մեծանում են, ի՞նչ են դառնում…
— Մոծակները (մենք անակնկալի ենք գալիս, ծիծաղից թուլանում) չեն մեծանում, Դավիթ:
— Բոլորը մեծանում են, ամեն ինչ մեծանում է, մոծակները չեն մեծանո՞ւմ, ո՞նց կլինի…
«Դոդոշը» բանաստեղծ Մերուժանի «Զղջում» ժողովածուից է, որ իր ներկայությամբ ես գրքույկից ընտրեցի ու կարդացի: Ահա.

Կայծակ զարկեց,
Անձրև տեղաց
Տեղատարափ, վարար-վարար,
Կաթիլները լճի վրա
Նվագեցին կապույտ երգեր,
Բարդին շողաց,
Ուռին դողաց,
Եվ կեռնեխի ձայնը կերկեր
Օձի լռությունը հերքեց:
Սև դոդոշը ժայռին ելավ՝
Կանչեց.
— Մեղա, մեղա, մեղա,
Չեմ հասկանում, թե ինչ եղավ,
Որ կաչաղակը աբեղա
Էլ չի խոսում օրվա քարոզ:
Այս վիճակում ես չեմ կարող
Գազաններին խրատ կարդալ,
Խուլ ձկներին երգի դաս տալ,
Թռչուններին ճառախոսել:
Իմ ժամանակն ափսոս է,
Եթե ամեն մի կենդանի
Ժամանակին իրենն անի,
Կապրենք ազատ ու երջանիկ,
Կունենանք տեղ ու ապաստան,
Կունենանք տուն ու ընտանիք,
Եվ այսուհետ ոչ մի աղետ
Մեզ ահ ու մահ չի պատճառի,
Եթե մեկը ականջ անի
Միասնության իմ այս ճառին:

Մերուժանի ներկայությո՞ւնն է ազդել. տպավորվե՞լ է, այսպե՞ս… Իմը պատմելն է…

5-10 տարեկանների երրևանյան լողափային ճամբար: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Զոլյան Սուրենին, Տիգրանի և Զոյայի հայրիկին՝ լեզվաբան-պրոֆեսորին հանդիպեցի Մայր դպրոցում՝ վարժարանի 9-րդ դասարանցի դարձող տղայի ուսումնառության պայմանագրի կնքման ճանապարհին… Քայլեցինք Մայր դպրոցով. որքա՜ն գոհ էր կրթահամալիրից, որքա՜ն ոգևորված՝ փոփոխություններով միջավայրի… կյանքով, որի զրնգոցի մեջ էր մեր հասարակությունը ամառային դպրոցի… Ես հարցրի, Զոլյանը պատմեց իր վերջին շրջանի զբաղվածության մասին… Գիրք է գրում, հենց այսօր պիտի հանձնի հրատարակչություն…
— Կարո՞ղ է այն հետաքրքրել կրթահամալիրի ուսուցիչներին…
Հարցնում է, քննարկում ենք… Դառնում է ամառային դպրոցի առաջարկ… Ինչպես Արաքս Պողոսյանի այս առաջարկը… Ես ոգևորված եմ Ամառային դպրոցով, նրա տարբեր ուղղություններով՝ կրտսեր դպրոցականների լողափնյա ճամբարներ, Մանկավարժական բաց դպրոց, պատանեկան ճամբարներ, արտագնա, ինչպես Մարթա Ասատրյանի Թբիլիսյան «Էկո» ճամբարն է, Բանգլադեշյան, ինչպես Իզմիրի միջազգային ճամբարի կամ «Ասպետ» ռազմամարզականի նախապատրաստական փուլերինը…

Ես, Տաթև Բլեյանի մատուցմամբ կարդացի 2014-ի հունիսի 22-ի գիրը՝ որքա՜ն ոգևորվածություն մեր կրթահամալիրի՝ Արցախի հետ կապերով… Իրական ապրում… Ի՞նչ եղավ մեկ տարում…

Մեկնարկեց կրթահամալիրի դասավանդողների ամառային դպրոցը: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Չգիտեմ՝ «Սեբաստացի» TV-ի «Լուրեր»-ի ամենշաբաթյա թողարկումն ինչպիսի կյանք կունենա, բայց նրա անդրադարձներն իմ օրագրին, բլոգապատմանը, ինձ հուզում են, մշտական է շնորհակալական զգացումը: Վերջին թողարկման հեղինակները՝ Նարե Ղալամքարյանն ու Դավիթ Խալաթյանն առանձնացրել են հենց այսպիսի կտոր. «Երբ ես ասում եմ ուսումնական ամառ, ամառային դպրոց, նկատի ունեմ, որ կրթահամալիրը՝ իր բոլոր հնարավորություններով, ուժով, բաց ու մատչելի է լինելու յուրաքանչյուր սեբաստացու, ուսումնական յուրաքանչյուր նախաձեռնության, աշխատանքի համարՍրանով հաստատ մենք եզակի ենքՕգտվե՛ք բոլոր արվեստանոցներից, բոլոր գործիքներից, կրթական միջավայրը՝ իր ութ կրթական օբյեկտներով, խնամվածհասանելի է լինելու առավոտյան ութից երեկոյան ութըԿացարանների մասին էլ հո չե՞ք մոռացել»  Տեղին է, ես հիմա այսպիսի՝ բաց ու անմիջական արձագանքի ռեժիմում եմ աշխատում, սեբաստացինե՛ր բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք, անպատասխան չեմ թողնում կրթական լիցք ունեցող որևէ նախաձեռնություն: Փորձենք, ամառը դարձնենք ուսումնական, ավելի ու ավելի մեծ թվով ու կոնկրետ սեբաստացիների համար՝ տարատարիք, մեկօրյա ու բազմօրյա նախագծեր ամառային իրականացնենք կրթահամալիրի Բանգլադեշում… Այսօր մեկնարկած մեր քառօրյա մանկավարժական բաց դպրոցը տեղավորենք այդ ձևաչափում՝ որպես ուսումնական օրացույցով նախատեսված ամառային դպրոցի նախագիծ:

Ամառային-ավազային 2-4 տարեկանների պարտեզ: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Մկրտիչ Բազեյանը՝ իմ քույր Նեկտարի թոռն ու մեր Վարժարանի շրջանավարտը, ավարտել է ժամկետային պարտադիր ծառայությունը… Երկու տարի Բերդի հայտնի «Մեհրաբ 21-127» զորամասում, անտրտունջ, առանց ընտանիքին լուծ դառնալու… Տեսքը՝ տեղն է, խոսքը կշիռ ունի. ընտանեկան կիրակնօրյա մեր հավաքը Հայաստանի բանակի այսօրվա գովազդ դառձավ… Իսկ ինչո՞ւ Արցախից բանակ զորակոչվողները չծառայեն Հայաստանի զորամասերում, անցնում է իմ մտքով, ինչպես Հայաստանից զորակոչվածները ծառայում են Արցախում… Արձագանքե՛ք:
— Ասա՝ լսեմ,- կասի մեր Դավիթ հերոսն իմ օրագրի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վշտանալ, այո, բայց հանկարծ չհուսահատվեք. ստեղծագործական երևակայության ֆլեշմոբ մեր օրերի հասարակության համար

Ջանի Ռոդարին ունի ստեղծագործական երևակայության խթանիչ-առաջադրանքներ երեխաների համար, այսպիսին օրինակ՝ ի՞նչ կլիներ, եթե աշխարհից հանկարծ անհետանար շաքարը… Պատկերացրի՞ք անշաքար պաղպաղակը, շոկոլադը… Երեխաները, չգիտեմ, բայց մեծահասակները միանգամից կոգևորվեի՞ն, Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ճա՞ք

Քաղաքում Դալմայի ուրվակա՞նն է…

Երբ տարիներ առաջ թափով սկսեց Ծովակալ Իսակովի և Լենինգրադյանի փողոցները կապող, այսօր Մոնթե Մելքոնյան անունով, արագընթաց ճանապարհի շինարարությունը, արդի շինարարական տեխնիկան մտավ Երևանի Դալմայի նշանավոր պատմական այգիներ, ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ… գնացքների սուլոցի

Ողջույն Ապարանից

Տեսանյութը՝ Անի Սարգսյանի