Այս դեպքի համար են ասել՝ ամեն ինչ ընկավ իր տեղը. Շուշան Բլեյանը Երևանում է և ողջ ամառ իր ուսանողական արձակուրդն անցկացնելու է… ի՞նչ իմանաս, երբ Շուշանին լավ գիտես… Առաջ չընկնենք. ամառ է՝ իր հուլիսով-օգոստոսով, արկածներով… Տաթև-Արևիկ քույրիկ-երկրպագուները փայլուն կատարեցին «Համերգ Վիեննայում» ընտանեկան նախագիծը. այն ոգևորվածությունը, որ տիրում էր երեկ Շուշանի շուրջը՝ Տաթև-Արևիկի գոհունակությունը, Լիլիթ-Արաքս-Սոնուլիկի խանդավառությունը, Կարինե Ջանոյանի հորդառատ հումորը, նախագծի՝ ինձ ընդունելի գլխավոր արդյունքն էր: «Դավիթ Բլեյան + 6 հմայիլ իմ աղջիկներ» պերֆորմանսը ամենասպասվածն է, ամենագունեղը, որ, իհարկե, իմ վայելքն էր, որքան էլ որ լինում են «ծանր» աշխատանքային օրեր…
Օրն այդպիսին էր՝ ծանր, այնքա՜ն, որ հիմա չի պատմվում. ամեն ինչի ժամանակը կա, պատմելու ժամանակն էլ կգա։ Դավիթն է, որ ինչ անի, երբ անի, ինչ հարցնի, ժամանակին է։
— Դու ինչպե՞ս ես իմանում ժամանակը… հայրի՛կ:
Շուշանն այսօր կզանգի իր երևանյան քարտով-համարով, ու մենք կլինենք մշտական կապի մեջ մի երկար ժամանակ, Դավի՛թ:
Ի՜նչ լավ է մտածված այս խորը մարդկային քունը: Բարի օր, Բանգլադե՛շ, սեբաստացինե՛ր բոլոր տարիքի, հարազատնե՛ր ամեն մոտիկության, ես արթնացա:
Արաքս Պողոսյանը լավ էր մտածել մեր հանդիպումը «Վեմ»-ում, զրույցի ձևով: Օրագիր է՝ հղումներով. ամեն հղում իմ պատումի մասն է՝ կարդաք-չկարդաք, լսեք-չլսեք, տեսնեք-չտեսնեք… Ինձ հետաքրքիր էր մեկ ժամ զրուցել, լսել-տեսնել միշտ սքանչելի Արաքս Պողոսյանին: Եվ լավ էր, որ Արաքսը ողջունելի առաջարկով ճանապարհեց ինձ.
— Կհանդիպենք կրթահամալիրի Բանգլադեշում…
Իսկ այս լուսանկարը՝ Արաքսը ՖԲ-ում է հրապարակել։
Ես միշտ կամ իմ սաների հասակակիցը-ժամանակակիցը, ինչպես հիմա Արաքսիկինը, ինչպես այն ժամանակ՝ 1983-1985-ին, երբ հանդիպեցինք այս ոչ սովորական ժամանակի ոչ սովորական ծրագրով, Երևանի թիվ 10 հայագիտության խորացված ուսուցմամբ դպրոցի 9-րդ դասարանցիների հետ… Պատմել եմ:
Իմ հունիսյան փոստը գնալով ավելի լեցուն է՝ որպես նշան ապրվող-կենդանի ուսումնական ամառվա… Միշտ է ապրելու ժամանակը: Մարգարիտ Սարգսյանի ու Վիկա Բալավաձեի՝ վրացական ճամբարի բացումը Սև ծովի ափին ուսումնական նախագծի վերածելու առաջարկը ողջունում եմ. հրապարակում եմ աշխատանքային վիճակով ինձ ընդունելի ծրագիրը: Իհարկե: Ինչպես բնապահպանական ստուգատեսի ճամբարը Թբիլիսի-Ծխնեթիում ացկացնելուց չհրաժարվելու՝ Մարթա Ասատրյանի որոշումը: Այո՛, հենց այս օրերին, մեկ օրվա հետաձգումով, մեկնումը հունիսի 21-ին, որ խումբը կարողանա լիարժեք մասնակցել հունիսի 20-ի սեբաստացիական ծրագրին Սիրահարների այգում…
Բանգլադեշում ծովափնյա ճամբարներ են 5-10 տարեկանների համար: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:
Իսկ Ստեփանակերտի «Էկոտուր 2015» մրցանակակիր-սովորողների՝ վերջին պահին հրաժարումը թբիլիսյան ճամբարից… դրա պատճառաբանությունը տխուր խորհրդածություններ են առաջացնում: Ժամանակն է, ասեմ, լսեք: Ստեփանակերտը՝ Արցախի մայրաքաղաքը, ապահով վայր է դարձել, Թբիլիսին՝ անապահո՞վ… Որովհետև հունիսի 13-ին մեծ քաղաքի մի փոքր հատվածում այս ողբերգական, բայց լոկալ հայտնի պատահա՞րն է եղել… Երբ այս օրերին մենք մեկը մյուսի երտևից երկու թբիլիսյան դպրոցական խմբերի ընդունեցինք-ճանապարհեցինք առոք-փառոք…
Թեև Գեղարվեստի ցուցասրահի, Կարեն Մկրտչյանի, Գագիկ Չարչյանի հունիսյան աշխատանքների ցուցադրությունը չկարողացա բացման ժամանակ դիտել (այդ ժամանակ ես եթերում էի), այն անցավ հաճույքով, ծափերով… Տպավորված եմ: Ինչպես հետո, երբ Գայանե Առաքելյանի և Արմինե Թոփչյանի հետ ծանոթանում էի «Ցանկապատ» նախագծի ընթացքին… Ի՜նչ ծավալուն-հունիսյան բանգլադեշյան պլեներին վայել նախագիծ է ղեկավարում Արա Թարզյանը… Հալալ է:
Լուսանկարները՝ Գայանե Առաքելյանի:
Հալալ է Զառա Ոսկանյանին՝ իր «Աստիճաններ» նախագծի խնամքի համար, Կարինե Մացակյանին՝ «Լողափ Նոր դպրոցում» ընդարձակ նախագծի ծավալման համար, Էլիզա Բաղդիյանին՝ իր ուսուցիչ Արմանի հետ «Ինքնագիր» նախագծի շարունակման համար…
Ստեփանակերտն ուշացնում է «Էկոտուր 2015»-ի հաղթողների ճամբարներից մեկն Արցախում կազմակերպելու պաշտոնական հրավերը. տեղեկացում-հրավեր-հաստատում, չի ստացվել … Սիրելի Հասմի՛կ Նալբանդյան, կստանանք, կարձագանքեք…
Մայիսի 19-ի աշխատանքային առօրյան է Մայր դպրոցում: Լուսանկարները՝ Հերմինե Անտոնյանի:
Կրկնում եմ, քաղաքացին ապաքաղաքական, ասել է՝ հացակեր սովորական, ժամանակավրեպ-ուշացած, ոչ արդիական… Միշտ քաղաքական՝ որպես քաղաքացի ու որպես գործիչ քո բնագավառի, քո ազատ ընտրությամբ… Հայկ Գևորգյանի «Պատմություն ՀԷՑ-աց»-ը, իհարկե, կարդում եմ: Իմ օրվա գրի մասն է՝ որպես հղում: Սա մի ակտով գործողություն չէ, որ ծափահարես կամ առանց ծափահարելու լքես դահլիճը… Սա մեր խորացող փակուղիով կյանքի դրվագներից մեկն է, իսկ փակուղում, լսե՛ք, հայտնվում են գուցե, բայց չեն ապրում երկար… հաղթահարում են: Էներգետիկ համակարգում տիրող վիճակն արտացոլում է մեր տնտեսական կյանքի թշվառությունը, երերունությունը… Բա ատոմակայա՞նը. պատկերացնո՞ւմ եք, որ անվտանգ շահագործման բոլոր թույլատրելի ժամկետներն սպառած Հայկական ատոմակայանը հարկ լինի հենց մեր անվտանգության համար կանգնեցնել… Մեր սպառած էլեկտրաէներգիայի 40 տոկոսը տալիս է ատոմակայանը՝ ամենաէժանը… Իսկ ատոմակայնը մեր, իր անվտանգությամբ, ինչպես մեր ողջ էներգետիկան՝ իր հեռանկարով, յուրաքանչյուրիս քաղաքական կյանքի օրակարգում է… Երևանում, Ստեփանակերտում նույնքան անվտանգ է, որքան Տավուշում, նրա Այգեհովիտ գյուղում, որն օրերս այնքան զարմացրել էր մեր հայրենագետ սովորողներին: Սա Հայաստանն է, ընկերնե՛ր, որից փախչելը հերոսություն չէ: Հերոսությունը մեզանում հաստատված փակուղու հաղթահարումն է… Էհե՜յ, Դավիթ, որտե՞ղ ես դու, քարը պատռվի դուրս արի´ մեյդան…
#365