Աղբյուրը՝ «Ժողովուրդ», 20.06.2015

Երեկ Արամ Սիմոնյանը միաձայն վերընտրվել է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում: Նշենք, որ ընտրությունը տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Արամ Սիմոնյանի օգտին են քվեարկել հոգաբարձուների խորհրդի 32 անդամից նիստին ներկա 30 անդամները:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել էր միայն Արամ Սիմոնյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է դեռեւս 2006 թվականի մայիսից եւ նրա ընդդիմախոսների գնահատմամբ` պարզապես մենաշնորհել է ռեկտորի պաշտոնը:

Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

-Պարո՛ն Բլեյան, Արամ Սիմոնյանը վերընտրվեց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում…

-Ես խորհրդի անդա՞մ եմ (ծիծաղում է):

-Իսկ եթե լինեիք, ապա ինչպե՞ս կվարվեիք:

-Յարոսլավ Հաշեկի հերոս, քաջարի զինվոր Շվեյկը մի առիթով պատասխանում է՝ եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կանվանեի (ծիծաղում է): Ես ինձ շատ լավ եմ զգում, որ համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ: Ուզում եմ ասել, որ իրականում ընտրության կարգը եւ համալսարանի կառավարման խորհրդի կազմը, կառուցվածքը դա արդեն կանխորոշում է: Ցավոք, մեր երկրի պետական կազմակերպություններում, անգամ հիմնադրամներում, այդ գործընթացը կանխորոշվում է, ընտրությունը դառնում է նշանակում: Այսօր գործող իշխանությունն է Արամ Սիմոնյանին նշանակել ռեկտոր: Նշանակում է, ի՞նչ կարող ես անել:

-Շատերը համոզված են, որ Արամ Սիմոնյանը մենաշնորհել է ռեկտորի պաշտոնը: Դուք ե՞ւս այդպես եք կարծում:

— Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթության վիճակի մասին լուրջ վերապահումներ ունեմ: Դա ընդհանուր արատ է: Եթե միայն ԵՊՀ-ն այդպես լիներ: Բուհերի, հատկապես Բոլոնիայի հռչակագրի որոշմամբ, ակադեմիական ինքնավարությունը պահանջում է, որ համալսարաններն ազատ տարածքներ լինեն՝ զերծ վարչական, տնտեսական, ֆինանսական միջամտությունից: Շատ կուզեի, որ այդպիսի Հայաստանում ապրեի, որտեղ ազատ համալսարանները թելադրեին, որոշեին, լքված հասարակության որպիսության համար պատասխանատու լինեին, բայց այդպես չէ: Դա միայն այսօրվա համալսարանների խնդիրը չէ, որովհետեւ բարձրագույն մասնագիտական կրթության հետ կապված հարցեր քննել առանց հասարակական, տնտեսական կյանքի, հնարավոր չէ: Այսօր Հայաստանին փոփոխություններ են պետք, այդ թվում նաեւ՝ կրթության ոլորտում:

-Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ ռեկտորի պաշտոնի համար մրցույթին, բացի Սիմոնյանից, այլ թեկնածու չմասնակցեց:

-Այսօր մենք չունենք ազատ համալսարան՝ իր ազատ պրոֆեսուրայով, որը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, ազատ ինքնառաջադրվել, ունենալ աջակցություն իր պրոֆեսոր գործընկերների կողմից: Եվ երբ այդ ամեն ինչը բերված է վարչական կտրուկ, կոնկրետ, ուղղակի միջամտությամբ ընտրության, դա արդեն սովետն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լավ ուսուցիչը արժեք է

– Պարո՛ն Բլեյան, ԿԳՄՍ նախարարության որոշումը, որ սույն թվականի օգոստոսի 20-ից միջին մասնագիտական որակավորում ունեցող 1300 ու ավելի ուսուցիչ չի աշխատելու դպրոցներում, եթե չհաղթահարի կամավոր ատեստավորման սահմանված շեմը, արդարացվա՞ծ եք

Արտադրական ուսուցում, արտադրությամբ ուսուցում, ուսուցման արտադրությունը

Մասնակցություն Գերմանիայի Մեկլենբուրգի ուսումնական կենտրոնում նոյեմբերի 28 – դեկտեմբերի 2-ը կայանալիք հավաքին: Հայաստան-Ադրբեջան-Վրաստան. մասնագիտական կրթության և ուսուցման համագործակցություն. Միջին և նախնական մասնագիտական կրթության կազմակերպում Սեմինարը նպատակ ունի խորացնելու համագործակցությունը Մեկլենբուրգի

Հոգևոր համերգ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը հոգևոր համերգներով հանդես է գալիս Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում: Առաջին համերգը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 17:30, Երևանի՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին: Երևանի «Մխիթար