Մեր ճամբարն ուսումնական՝ բանգլադեշյան հունիսյան ճամբար 2015-ը դարձավ միջազգային՝ սեբաստացիներին միացավ Թբիլիսիի թիվ 20 դպրոցի սովորողներից և ծնողներից կազմված մեծ խումբ: Մեր վրաց այս ընկերները, որոնց հետ կապն արդեն կես տարվա պատմություն ունի, հարմարավետ տեղավորվել են կրթահամալիրի Հիմնական դպրոցի կացարանում:

Երեկ երեկոյան մենք միասին Զվարթնոցում մասնակցում էինք Տիգրան Համասյանի ու մեր հարազատ մաեստրո Հարություն Թոփիկյանի «Երևան» երգչախմբի «Լոյս ի լուսոյ»խորագրով բացօթյա համերգին… Ի՜նչ լավ եղանակ էր, անսովոր-պատմական բեմ՝ իր տպավորիչ լուսավորմամբ… Այնքա՜ն բազմամարդ էր համերգը…

Հետո ճանապարհին ես ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանին պատմում էի, որ սա իմ օրվա 3-րդ հանդիպում-համերգն էր. Նոր դպրոցի ճամբարում «մաեստրա» Տաթևիկ Ստեփանյանն իր ընկերների հետ ներկայացրեց նոր նախագիծ, որտեղ բեմում ուսուցիչների ու ծնողների ճամբարային օրերին ձևավորված երգչախումբն էր, իսկ հանդիսատեսը՝ բազմաքանակ սեբաստացի ճամբարականները… Քիչ այն կողմ ճամբարային լողափն էր… Ունկնդիրը՝ ուշադիր-աջակից ու մասնակից բարձրաճաշակ երգացանկին, սիրելի երգերին-հուզիչ կատարմանը, լավ ծափահարելուց հետո մտավ ջուրը… Իրական հունիս կրթահամալիրի Բանգլադեշում…

Ընդամենը 3 ժամ հետո «Սեբաստացի» համերգային դահլիճում Մարինե Մկրտչյանի համերգ-նախագիծն էր՝ «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի ամփոփիչ ելույթը… Նույն՝ ձեռագիր դարձած խնամքով, ճաշակով, սիրով… հուզիչ՝ իսկական տոն-վայելում՝ իր բեմելով։ Սովորողների վոկալ խումբը, լսեիք, ինչպե՛ս կատարեց Արթուր Շահնազարյանի հետ տևական ձայնագրությունների փունջը… Ամբողջ օրն իմ ականջներում «էն զիլ ձայները» մնացին…

Ծնող-սեբաստացիները բարեխիղճ ունկնդրից սկսեցին դառնալ իրենց երեխաների և ուսուցիչների հետ երգի-երաժշտության փոխանցողներ՝ ուսումնական ճամփորդությունների ժամանակ, ճամբարում՝ 2015-ին, Թբիլիսիում… Հիմա էլ՝  ավելի գործուն ու ամենօրյա… Սա մեր կրթական ծրագրի նոր մեկնարկ է, նոր փուլ, որին այնքա՜ն երկար պատրաստվելով սպասել ենք: Թվում է՝ անճաշակության դիմաց դռները կողպում ենք սրանով…

Իսկ ես ու Գևորգ Հակոբյանը, 35 տարի անց, մեր 60-ամյակի տարում, նույն օրը միաժամանակ նոր հեծանիվ ունեցանք… Երկու թառլա՜ն ձի իրար կողք կողքի երկար չմնացին Մեդիակենտրոնում. Գևորգ Հակոբյանի հետ ստուգեցինք մեր տեխնիկան՝ թեթև զբոսանքով Բանգլադեշում, ու մեր հայացքների-ծափողջույնների-անփորձանք վայելումի մաղթանքի ներքո Գևորգը հեծանվով ճանապարհվեց Անաստասավան՝ իրենց տուն… Այո՛, երեխայի պես. լավ հեծանիվները մեզ մանկացրել են, մեր զրույցները սրա շուրջն են, սրանով են պայմանավորված մեր ծրագրերը, արկածներն ամառային…

Ինձ արդեն հեծանվով են ճանաչում-ուզում տեսնել նաև իմ ֆեյսբուքյան ընկերները: Իմ լավ բարեկամ, ում ես հանդիպեցի Զվարթնոցում, Դավիթ Ասլանյանի հետ իմ գրագրությունը ես առանձնացնում եմ. թվում է՝ հանրային արձագանքի, մեր «Բանգլադեշն անիվների  վրա» նախագծի զարգացման կարևորությունը, նրա հանրային հնչեղությունը մեր այսպիսի զրույցում տրված է… Նախագծի քայլերը հատու են-հետևողական. այսօր մեծ խանդավառությամբ կայացավ սպորտի վաստակավոր վարպետ, մեր մարզիչ հեծանվի Վարշամ Դարբինյանի հանդիպումն իր սեբաստացի սաների հետ: Սրանից հետո շաբաթը երեք օր պարբերական պարապմունքներ, իսկ 2015-16 ուստարում հեծանվասպորտը բասկետբոլի, վոլեյբոլի, մարմնամարզության, սեղանի թենիսի, հանդբոլի, ֆուտբոլի, լողի կողքին ազատ կընտրեն մեր 5-9-րդ դասարանցիները… Սկսում ենք մեծ հեծանվուղու կազմակերպումը «Սեբաստիա» մարզադաշտում… Ուռա՜…

Նույն Դավիթ Ասլանյանին, Իջևանյան պլեներ 2013–ի մեր գործընկերոջն ու կազմակերպչին սիրով, Զվարթնոցի համերգից առաջ պատմում եմ «Բանգլադեշի արտ-միջավայր պլեներ 2015»-ի ընթացքի մասին… հրավիրում հունիսի 15-19-ի աշխատանքներին մասնակցելու… Համերգը, լող-հեծանիվը, արտ-միջավայրի նախագծային աշխատանքներն իրական «տրիաթլոն» են դարձրել իմ ճամբարային օրերը… Երեկ Արման Գրիգորյանը ցուցադրեց իր ողջ ուժը-տաղանդը-նվիրումը. մի անգամ ևս Մայր դպրոցի սրճարանում նախագիծ են իրականացնում Գեղարվեստի 10-րդ դասարանցի Հովհաննես ու Դիանա Հարությունյանները, Գեղարվեստի տանիքում՝ մեր այս տարվա շրջանավարտ Հարություն Ալեքսանյանի հետ էր Արմանը. մաթեմատիկայի քննությունը նոր հանձնած՝ իրենց նախագծի հետ երկնքում էին աշակերտն ու իր ուսուցիչը… Բանգլադեշ աշխարհում այսպիսին են ճախրումները… Իսկ շենքի մուտքի պատին իր ինքնանկարն է  ավարտում Արմանի մյուս սանը՝ շրջանավարտ Անի Ջեյրանյանը… Հետո հասկանալի դարձավ, որ երեք աշխատանքները միավորվում են «Ինքնագիր» նախագծով։ Ահա…

Ահա ինչու՝  ոչինչ չեմ չափազանցնում. ընդամենն ուզում եմ պատմել տեսածի մասին։ Լավ կլիներ՝ մեզ այցելած Սիրանույշ Թումանյանը պատմեր իր դեգերումների, Բանգլադեշի կրթահամալիրի ճամբարում իր անցկացրած մի քանի ժամի մասին, Նոր դպրոցի՝ այս օրերին հառնող արտ-միջավայրի մասին, որ թափով սկսել են միանգամից երեք նկարիչ՝ Կարինե Մացակյանին են միացել Ավետիք Ալավերդյանն ու Տաթև Թամազյանը… Աննկար քար չի մնա… Ի՞նչ զարգացում կունենա այս անգամ ինձ ոգևորող-հիացնող-զարմացնող ընթացքը հունիսի 15-ից սկսած, երբ պարտադիրը, որպես թեկուզ հեղինակային կրթական ծրագրի լծակ, դուրս գա… Ինչո՞ւ առաջ ընկնենք, տրվենք գուշակումների. դա իմը չէ: Իմը իրական ապրումն է ու տեսածի-մասնակցի օրագիրը, ինչը ես անում եմ 358-րդ անգամ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր նախագիծ մեր հայտնի-կարգին Արեգի հետ

Մեր տանը մեծ աշխուժությամբ-գոհունակությամբ ընդունեցին armtab-ի՝ հայկական պլանշետի նոր մոդելի User Guide-ը… Դավիթն իր «Թուր կեծակին» չէր գործածում, իսկ այս նոր մոդելով սկսեց խաղալ: Գիտեք, մանկավարժական լաբորատորիայի մշակած կարգով, Անահիտ

Ով ընդունում է ձեզ, ինձ է ընդունում

Ճանապարհի թ.181 դպրոց-Նոր դպրոց հատվածում ինձ է մոտենում մի աղջիկ՝ երևի 9-10 տարեկան… – Իմ հայրիկը ձեզ ճանաչում է… – Որտեղի՞ց,- հարցնում եմ: – Ձեր աշակերտն է, ա՛յ, էն դպրոցում

Իմ հիշողությունների ալբոմը

«Գրապտույտի» հիմնադիր 9-րդ դասարանցի Գոհար Հովհաննիսյանն այն համարում է հաջողված նախագիծ։ Ես էլ… և «Գրապտույտի» պես, իմ օրագիրն էլ՝ իր 540 գրերի ամբողջությամբ։ Երեք դիտարկում ունեմ, որ այս գրով ասվող