Հեծանվի, վազքի ու լողի (տրիաթլոն) հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարությունն էր այցելել մեզ՝ ուսումնական ճամբարներին, մեր հնարավորություններին, մեր նախաձեռնություններին ծանոթանալու, գործընկերություն հաստատելու համար: Ֆեդերացիան տրիաթլոնի միջազգային ֆեդերացիայի անդամ է. բոլոր երեք մարզաձևերն էլ օլիմպիական  են, բոլոր երեքն էլ՝ մարդուն ուղղված, հանրակրթական, մեր ուղիղ հետաքրքրությունների կիզակետում… Լավ է, որ ֆեդերացիայի ղեկավարները, որ Գեղարվեստի, Մայր դպրոցի, Դպրոց-պարտեզի օրինակով անշտապ պատկերացում կազմեցին կրթահամալիրի և տրիաթլոնի ֆեդերացիայի հարաբերությունների-դրանց ընդարձակման, կրթահամալիր-ֆեդերացիա գործընկերության հեռանկարների մասին, ոգևորված էին, հիացած-զարմացած… հուսամ՝ լավ հիմք է մեր անցնելիք ճանապարհի համար։

Ամենուրեք գործընկերներ ենք փնտրում։ Մենք հուսալի գործընկեր ենք, իսկ կրթահամալիրը՝ իր միջավայրով, հեղինակային մանկավարժությամբ, դրա մշակման-կազմակերպման-տարածման հետևողականությամբ ու կարողություններով գրավիչ ներդրումային դաշտ է ամենախիզախ գործընկերության ծավալման համար…

Ահա, հայտնի են մեր այն դեռահասները, որ ընտրել են հեծանիվը որպես մարզաձև։ Վաղը կկայանա նրանց առաջին պարապմունքը. մեր հեծանվորդները կհանդիպեն մարզիչ Վարշամ Դարբինյանի հետ… Մենք որոշակի ենք դարձնում, կոնկրետացնում կրթահամալիրի համար անհրաժեշտ խմբաքանակի ու տեսակի հեծանիվներ ձեռք բերելը. 2015-16 ուստարին՝ իր նախապատրաստումով, ընթացքի, իր իրավունքների մեջ է:

Ուսումնական ճամբարներն իրենց կազմակերպմամբ ջնջում են սահմանները-պատնեշները մի կողմից՝ կրթահամալիրի դպրոցների, դպրոցների դասարանների, տարիքային խմբերի, անհատների միջև, մյուս կողմից՝ կրթահամալիրի ու թաղի, կրթահամալիրի ու քաղաքի, կրթահամալիրի ու Հայաստանի միջև. իրական կրթությունը, ինչպես քաղաքացիական կյանքը,  ներառական է՝ հասարակություն ստեղծող։ Մեր ճամբարները, նայեք նախագծերին ու դրանց զարգացմանը, այդպիսին են՝ բաց-ներառական… Այդպես է ծնվել Սուսան Ամուջանյանի կինոֆոտոակումբի «Ապաֆունկցիոնալ տարածքների ապամոնտաժում» ցուցադրությունը։ Ա՛յ, այդպիսի միջավայրում՝ թաղային-բակային հրապարակներում են ընթանում մեր առավոտյան ընդհանուր պարապմունքները։ Ճամբարականներն ամենուր են՝ էքսպոներում երևանյան, փողոցներում, այգիներում, թանգարաններում, լողավազաններում… Այդպես՝ տպավորիչ-բաց, քաղաքական միջավայրում, քաղաքացիների մասնակցությամբ, կհնչեն նաև ճամբարների առաջին՝ ուսումնական պլանով որոշված երկշաբաթյա ժամկետի ավարտական ակորդները…

Ապարանի Լուսագյուղը, ուր մենք այցելել էինք տիար Գևորգ Հակոբյանի, Ռուդիկ Սահակյանցի, Կարինե Պետրոսյանի հետ, որպես ամառային վրանային-դաշտային հայրենագիտական ճամբարի հնարավոր վայր, ծանոթանալու համար, իմ մեջ տպավորված մնաց իր դպրոցով… որպես միջնաբերդ: Թվում է՝ գյուղում ամենուր եղանք՝ բացի դպրոցից։ Ամենակենտրոնում, ամենախնամված շենքով, բակով՝ այն, իսկապես, միջնաբերդ էր հիշեցնում՝ անմատչելի-փակ տարածք, թե՛գյուղի, թե՛ դրսի համար… Իսկական ամառային ճամբար կդառնար՝ հարյուրավոր երեխաների վայելք, հայրենիքի իմացում պարգևելով, կյանք կբերեր մարող գյուղին, իսկ այսպես, քննական «լուրջ կենտրոն» է իրեն զգում ընդամենը հարյուր սովորող էլ չունեցող գյուղի համար:

Մեր կրթական օբյեկտները, մեր կրթահամալիրը՝ իր բոլոր հնարավորություններով բաց ու մատչելի կլինեն ամառային ամենաբազմազան դպրոց-ճամբար-հավաքների կազմակերպման համար. Ամառային դպրոցի  հունիսի 15-ից սկսվող երկրորդ հերթափոխը՝ իր ճամբարային ծառայություններով ու ստուգատեսային հավաքով, կպատասխանի կարևոր հարցի. որքանո՞վ է պահանջված, անհատականացված տարատարիք սովորողի ու նրա ընտանիքի համար մեր «Ուսումնական ամառ» նախագիծը, որքանո՞վ է մեր կրթահամալիրի մանկավարժական աշխատողը պատրաստ նման՝ իր ընտրությամբ ճամբարային-հավաքային աշխատանք կատարելու:

Գեղարվեստի ցուցասրահում՝ ֆոտոէքսպոյում իսկական ամառ էր: Իսկական ամառ էր նաև Մայր դպրոցի մարզադաշտում՝ 4-րդ դասարանցիների սպորտլանդիան էր: Նոր դպրոցի 2-3 տարեկանները յուրացնում էին իրենց նոր լողափն ու լողավազանը. տեսարան՝ ո՜նց են 2-3 տարեկանները նոր լողազգեստներով, նոր սրբիչներով քայլում դեպի ծով, խիզախ լողորդի պես մտնում ջուրը:

Տեսե՛ք, երաժշտական հանրակրթությունը՝ իր երգող դպրոց, երգող դասարան, դասարանը՝ երգչախումբ, դասարանային համերգ նախագծերով, ինչպիսի՜ զարգացում է ապրում՝ ուսուցումը դարձնելով իրական ներառական՝ նախագծային ուսուցմանը մասնակից դարձնելով ոչ միայն սովորողին յուրաքանչյուր, այլև ամեն մի ծնողի, բայց այնպես, որ կրթությունն ստանում է իր բուն բովանդակությունը՝ իրական հայրենագիտությունը, այսօրվա հայրենիքի ճանաչումը, ծնողի՝ իր երեխայի համար ընտրած մեր հեղինակային կրթության և իր ստացած հանրակրթության անհատականցումը, դրանց համեմատումը մարդկային չափումով, ոչ իրենից օտարված, իբր իրեն չվերաբերող երևույթ: Այո՛, հունիսը մեզ իր քննություններով, իր ճամբարային կյանքով իրականություն է բերում. իրականությունից փախչել չի կարելի. իրականությունը պիտի ճանաչել, կարողանալ այն այլ դարձնել…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պիտի տեսնելուդ ունակությունը կերտես, որ տեսնես այն, ինչ չեն տեսնում ուրիշները…

Լուսանկարը` Արմինե Աբրահամյանի: Ո՞վ է եղել Երևանի վարչական տարածքում գտնվող աղի հանքում, ոչ թե քաղաքի` այդ անունով հայտնի մասում, այլ բուն աղի հանքում… Աղի հանքեր կան աշխարհով մեկ, որոնցից շատերը

Մեր Բանգլադեշն էլ մի արտասահման է. երկրորդ էտյուդը սեբաստացի մարդու մասին

Խնամված հեծանվորդ դեռահասների մի խումբ, որ զվարճացրեց ինձ օրեր առաջ՝ իմ հեծանվորդի արդուզարդով շփոթելով ինձ արտասահմանցու հետ ու հետս կապ հաստատելով անգլերեն, երեկ սպասում էր ինձ Հանրապետության հրապարակի մատույցներում… Ես

Մի՛ գնացեք. ճամփորդեք ձեր երկրով ու պատմե՜ք

Ի՛նչ զարմանալի խորագիր է՝ «Ճամփորդական պատումներ»… Սոնա Փափազյան ջան, նոր անվանակարգ՝ ո՞ր ստուգատեսով՝ ուսումնահայրենագիտական ճամփորդությունների՞… Զարմանալի էնքա՜ն բան կա, Սոնա աղջիկ, բա էս մի տնօրենի գո՞րծ է. էսքան ճամփորդական պատմություն, որ