Մարգարիտն ու Նվարդը՝ սքանչելի Սարգսյան-սեբաստացի քույրիկների թեթև մասը, իրենց Արեգուկ-Նարեկով մեր թանկագին, միշտ սպասված հյուրն էին. խաղաղ երեկո անցկացրեցինք մեր տանը իմ աշակերտ-շրջանավարտների, իմ այսօրվա գործընկերների, իմ սաների մայրիկների հետ։ Իրարից մարդկային շփման կարոտ առանք։ Նոր տարվա կամ այլ պաշտոնական-տոնական այցելությունները տանել չեմ կարողանում այն չափով, որ մեզանում դրանք բացակայում են։ Բայց այսպես՝ աղջկական-ընկերական այցելությունները՝ միշտ սիրով ու միշտ շնորհակալական… Դրանք մեզ պետք են նաև որպես մեր երեխաներին փոխանցվող կամուրջներ. գիտեք՝ Դավիթը որքան երկար խոսում է-կխոսի իր տպավորություններից. «Նարեկն ու Արեգը լավն են, պապա, թող էլի գան, ես իրենց չեմ ծեծում, ես իրենց սիրում եմ»։ Ահա Դավթի տարողունակ եզրակացությունը։ Իսկ ես… հո չեք մնում, ժամանակ է, անցնում է, ու իմ աշակերտ-շրջանավարտ, իմ այսօրվա գործընկեր, Նվարդի ամուսին, Արեգի հայրիկ, տիկին Աիդա Պետրոսյանի ամենա-Տիգրան Պարսիլյանը մեքենայով տանում է… Այ, վտանգը այստեղ է։ Ի՞նչ անես՝ այսպիսին է մեր ու ձեր կյանքը։ Բարի ընթացք, որ Տիգրանը այլ տեղ, ասենք՝ Կենտրոնի ոստիկանությունում, այս անգամ, չհայտնվի։ Այսպիսին է Տիգրանը՝ այլոց իրավունքների պաշտպան անպաշտպանը։

Իմ օրագրի անծանոթ հարգելի ընթերցողը հետաքրքրված է մեր «Հանրակրթական դաշնամուր» ակցիայով։ Սիրով պատասխանում եմ՝ որպես առաջարկ-խնդրանք տնօրենի բլոգում։

Հարգելի դասավանդող, սովորող, ծնող, գործընկեր, բարեկամ, լավ նշան է. կրթահամալիրում երաժշտական գործիքները չեն հերիքում: Նորից խնդրանքով դիմում ենք: Մեզ հնարավորինս շտապ անհրաժեշտ է ձեռք բերել դաշնամուրներ: Սկզբունքը նույնն է. եթե նվիրում եք, շնորհակալ ենք լինում, եթե գտնում-առաջարկում եք, գնում ենք ու էլի շնորհակալ ենք լինում: Սպասում ենք Ձեր արձագանքին: Զանգահարեք՝ 010 74 72 46, գրեք՝ J.Sveta@mskh.am:

Իմ կողմից ավելացնեմ, որ մենք թեթև-անմիջապես կկազմակերպենք նվեր-հարմար առաջարկի տեղափոխումը։

Իմ հերթական հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խմբի հետ, որը այս անգամ ղեկավարում է գնդապետ Առուշանյանը, կայացավ մեր կառուցվող խաղադաշտերում։ Որքան էլ անհավատալի է թվում, հիշեցնեմ, որ օգոստոսի 23-ին, զարմացնեմ ու հիացնեմ, որ այո, 2014 թվականի, նշանակված է կառուցվող մարզադաշտերի հանձնումը… Իսկ սա պաշտպանության նախարարի հրաման է, որը չի քննարկվում, կատարվում է։ Ուրեմն, գլուխներս կախ, բարեխիղճ կատարենք օրվա գործը։

Երկու բան ինձ, ինձ հետ և ընտանիքս, կապում է Երևանին մի «անտանելի» սիրով, դժվարացնում մեր բաժանումը, որքան էլ ընտանիքի, հիմա նաև Երևանում գտնվող Շուշանի իրավունքներն այլ բան են պահանջում։ Մեկ՝ Արմինեի մայրիկը, որ գամված  անկողնուն՝ մեր խնամքի ներքո է, և պատասխանատու եմ անօգնական դարձած մարդու համար, որքան էլ Արմինեն, սիրելի-հարազատ քույր Ռուզանն ու նրա ամուսինը ինձ՝ բազմազբաղ մարդուս, խնայում են։ Երկուս՝ այս խաղադաշտերը և նոր ուսումնական տարվա առթիվ կրթահամալիրի մասնաշենքերում մոբիլ-բաց միջավայրի նորացման-ամբողջացման ընթացող աշխատանքները, որոնք հուլիս-օգոստոսին պիտի արվեն։

Իսկ հիմա՝ «անտանելիի» մասին, որ մեր խոսքի մեջ շատ ենք գործածում։ Ինչ որ տանոմ ես, դեռ տանելի է, հենց անտանելի դարձավ, չես տանի. հո ասելով չէ՞։ Ես այդպես եմ հարաբերվում փակ միջավայրի, հիմար պատերի, սահմանափակումների հետ. դառնում է անտանելի, ու հենց նույն պահին քանդվում է, ինչպես այս պահին Մեդիակենտրոնի և Գեղարվեստի դպրոցի հիմար, փլուզվող պատերը։ Ես դրանք չկարողացա տանել։

Օրագրի մեջբերումը՝  Ջանի Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն»։ Ամեն անգամ, երբ մեջ եմ բերում այս խոսքերը, իսկ դա հաճախ եմ անում, ինձ թվում է՝ ես եմ հեղինակը։

«Ստեղծագործությունը յուրօրինակ մտածելակերպին, այսինքն՝ կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելու կարողությանն է հոմանիշ։  Ստեղծագործական մտածողությունն ակտիվ, պրպտող մտածողությունն է, որը պրոբլեմներ է տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները, կարծելով, թե ամեն ինչ իր պատրաստի պատասխանն ունի, չեն նկատում. փոփոխվող իրադրության մեջ, այնտեղ, ուրիշների աչքին վտանգներ են երևում, այն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում. այն ի վիճակի է իր՝ ոչ ոքից (ո՛չ հորից, ո՛չ պրոֆեսորից, ո՛չ հասարակությունից) կախում չունեցող, ինքնուրույն որոշումներն ընդունելու, հերքում է իր վզին փաթաթվողը, իրերի և հասկացությունների հետ նորովի է աշխատում՝  ոչ մի համակերպվողական նկատառումով իրեն խճճել թույլ չտալով։ Այս բոլոր հատկություններն ստեղծագործական գործընթացում են դրսևորվում։ Եվ այդ գործընացը (լա՛վ լսեք. լսեցե՛ք) ուրախ, խաղային է միշտ, անգամ եթե խոսքը «չոր մաթեմատիկայի» մասին է…» (44-րդ գլուխ)։

Սահուն անցում եմ անում այլ քաղաքականություն։ Ընթերցողներն ինձ խնդրում եմ չապաքաղաքականացնել իմ օրագիրը, նույնն է թե՝ միայն կրթական քաղաքականությունից չխոսել։ Ենթարկվում եմ՝ մի վերապահումով։ Ինչպեսը ես եմ որոշում, որովհետև իմ այս պատումը օրագիր է, օրվա գիրը։

Քաղաքական իրադարձություն թիվ մեկ։ Փաստը՝ Արցախում՝ Մարտակերտում, իր տանը սեբաստացի շրջանավարտ Բորիս Ենիկոլոպովը ՝ մեր Նոր դպրոցի ղեկավար Կարինե Պետրոսյանի որդին ամուսնացել է իր հարևան Մելինեի հետ ու ապրում են Ենիկոլոպովների հայրական տանը։

Քաղաքական «քոմենթ» փաստի առիթով։ «Բորիս Ենիկոլոպով, դու ճիշտ ես, դու Մարտակերտի թագաժառանգն ես։ Ինձ համար Արցախը դու ես՝ քո այսօր մեծարվող ընտանիքով։ Կարինե Պետրոսյանը՝ իմ քույրիկը, քանի՜ տարի բարեխիղճ, համբերատար պատրաստել է այս օրը։ Պաչիկներ և աչքալուսանք»։

Քաղաքական իրադարձություն թիվ երկու։ Փաստը՝ սեբաստացիների հերթական խումբը հերթական ուսումնական նախագծով գրոհել ու հաստատել է իրեն Վրաստանում։

Քաղաքական «քոմենթ» փաստի առիթով։ «Եվրոպական Հայաստանից՝ Բանգլադեշից, ողջունում եմ եվրոպական Վրաստանում մեր ներկայացուցիչներին։ Առաջ, ջնջեք սահմանները, գցեք Հայաստան-Վրաստան երկկողմանի բանուկ նոր կամուրջներ, Հասմիկ Նալբանդյան և ընկերներ»։

Իսկ Դավիթ Բլեյանն ինձնից չի պոկվում, սա էլ իրադարձություն չէ՞, ընթերցող։ Փաստ է, որ ուզում է ինձ էլ տանել անկողին, իսկ ես ուզում եմ վերականգնել իմ ռիթմը՝ քնել 11.30-ի 12-ի արանքում, որ արթնանամ 4-ին, 5-ին. ո՛չ շուտ քնեմ, ո՛չ շուտ արթնանամ, ինչպես այսօր։ 2.30-էլ սկսվի՞ մարդու օրը։ Դավիթն ինձ առաջարկում է… խաղաղությամբ հեքիաթ՝ «Պոչատ աղվեսը» պատմել… Տեսնենք՝ կքնի՞, համ էլ ռոդարիական հնարքներ փորձեմ, խառնեմ-աղցան անեմ նշանավոր «Պոչատ աղվեսից» ու «Ծտից», որ ուղեկցել են քանի՞ սերունդ։

— Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն… Պառավն ասում է՝ դե, գնա ինձ համար…
Ես ձգում եմ, որ մթության մեջ հեքիաթը լսող (ինձ իր մոտ պահելու ձև է, իհարկե) Դավիթն ասի՝ ի՞նչ բեր։

— Աղվեսը լոշիկն առնում է, պոչը թողնում պառավին ու ինքը…

Ինքը՝ չգիտեմ, բայց ես քնում եմ։ Խորը չես ասի այս քնին… Արթնանում եմ, ու այս գիրը հանձնում թղթին, որ ինձ չասեն…

Անտանելի դառնալուց հետո, դրա արդյունքում ստեղծված նոր միջավայր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրհնությունների օրհնություն՝ Երգ երգոց…

Նարեկացու Երգ երգոցի մեկնությունն եմ կարդում, Վարդան Ֆերեշեթյանի աշխարհաբարացմամբ, Սուսան Մարկոսյանի ձեռամբ ստացած։ «Երգ երգոց» նշանակում է օրհնությունների օրհնություն այնպես, ինչպես մենք սովոր ենք խորանի սուրբ սեղանը կոչել սրբությունների Սրբություն,

Ի՜նչ պարզ բանաձև է՝ չկա հանդիսատես…

Երբ հանդիսատես չկա, ու կան միայն մասնակիցներ, կամ, երբ մասնակիցը նաև հանդիսատես է, կամ, երբ մեկ են մասնակիցն ու հանդիսատեսը… այսպես, փոխեփոխ, հարգանքով՝ միմյանց հանդեպ, իրար աջակցելով… մենք հեղինակն ենք

Գտեք ձեր հեքիաթն ու դարձեք անիրական…

Քնարիկ Ներսիսյանի այս հրավերին սպասել եմ, թատրոն-լաբորատորիայի բազմաչարչար-կրկնվող բացում-վերաբացում-գործարկմանը… Երեկ-մյուս օրը մտա՝ կյա՜նք, Քնարիկի հմայքը բազմապատի՜կ, թվում է՝ էլ ո՜ւր, անվե՜րջ, շրջապատված իրենով ոգևորված տղաներով՝ Ավագ դպրոցի Սուրեն, Հայկ, Դավիթ…